«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում
-
8 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ նաև՝ Վարչություն) կազմում գործում է 9 (ինը) տնտեսագետ: Տնտեսագետներից յուրաքանչյուրը ներկա պահին իրականացնում է ֆինանսական վերլուծություններ՝ Վարչության կողմից սկսված 30-40 ուսումնասիրություններով:
Վերլուծությունների ընթացքում տնտեսագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝
- ֆինանսատնտեսական, ֆինանսաբանկային, հաշվապահական, հարկային և ոլորտին առնչվող այլ տեղեկատվության ստուգման, վերլուծությունների իրականացման և հաշվետվությունների կազմման աշխատանքներ,
- մշտադիտարկում ոլորտի ռազմավարության և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև՝ ոլորտին առնչվող այլ գործառույթների նկատմամբ,
- մասնագիտական գիտելիքի շրջանակներում ուսումնասիրության ուղղության, ծավալի և մեթոդների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հանգամանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում Վարչության դատախազներին,
- պաշտոնի անձնագրով նախատեսված այլ գործառույթներ:
Ներկայումս Վարչության տնտեսագետները հաշվետու են Վարչության պետին, ով վերահսկում է տնտեսագետների կողմից կատարված աշխատանքը, այդ թվում՝ նրանց կատարած ֆինանսական վերլուծությունների ճշտությունն ու ամբողջական լինելը: Մինչդեռ, նշված վերլուծությունների ճշտությունն ու ամբողջական լինելը վերահսկելու և ստուգելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան որակավորում և տիրապետել նեղ մասնագիտական գիտելիքների:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչության պետն ունի իրավաբանի որակավորում և չի կարող տիրապետել ֆինանսական վերլուծության հետ կապված նեղ մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև նկատի ունենալով Վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների քանակը և ծավալը՝ Վարչությանն անհրաժեշտ է ավագ տնտեսագետ, որն իր լիազորությունների շրջանակներում կվերահսկի և կստուգի Վարչության տնտեսագետների կողմից իրականացված վերլուծությունների ճշտությունն ու ամբողջականությունը և հաշվետու կլինի Վարչության պետին:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվում է ավելացնել ավագ տնտեսագետի հաստիքը՝ ի հաշիվ Վարչության տնտեսագետների հաստիքների և նոր հաստիքի ավելացման անհրաժեշտություն չի առաջանալու: Միաժամանակ, հաստիքի ավելացման արդյունքում ՀՀ դատախազության ծախսերն ավելանալու են տարեկան 499,200 ՀՀ դրամով:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից։
4.Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի 91-րդ կետով սահմանվում է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետի պաշտոնային դրույքաչափը՝ 9 գործակցով:
Հաշվի առնելով ներկայացվածը՝ առաջարկում ենք ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում և ավելացնել «ավագ տնտեսագետ» հաստիքը՝ 9.5 գործակցով:
5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
27.03.2023 - 11.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2402
Տպել