Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որպես օրենսդրական պահանջ, ամրագրված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-441-Ն) 3-րդ հոդվածով, համաձայն որի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։

   Նախագծի ընդունումը, որպես կրթության բոլոր մակարդակների զարգացման ռազմավարական նպատակներն ու բարեփոխումների ուղղությունները ներկայացնող փաստաթուղթ, ամրագրված է նաև մի շարք միջազգային համագործակցության փաստաթղթերում: Այսպես օրինակ՝

   Համաշխարհային բանկից (ՀԲ) 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցների ներգրավման նպատակով կազմված քաղաքականության աղյուսակի 5-րդ` «Ուսումնառության արդյունքների բարելավում գործողության» համար որպես վերջնարդյունք սահմանվել է՝ «ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի պետական ​​զարգացման ծրագրի մասին» օրենքի նախագծին: Որպես օրենք ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ Կառավարությունը կընդունի Գործողությունների ծրագիրը»,

   2022 թվականի ապրիլի 28-ի՝ ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի արդյունքներով ընդունվելիք գործառնական եզրակացությունների 10-րդ կետի համաձայն՝ «ԵՄ-ն և Հայաստանը կխորացնեն իրենց համագործակցությունը կրթության ոլորտում՝ առաջ մղելու կրթության նոր ռազմավարության վերջնական մշակումն ու իրականացումը»,

   ՀՀ-ԵՄ Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի, երիտասարդության հարցերով («Մարդկանց միջև շփումների») ենթակոմիտեի՝ 2020թ. սեպտեմբերի 30-ին կայացած 6-րդ նիստի գործառնական եզրակացությունների 24-րդ կետի գործողության համաձայն՝ «Ընդունել կրթության ոլորտի ռազմավարությունը՝ իր Գործողությունների ծրագրով, ապագա հնարավոր աջակցության համար»։

2Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

   Կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թվականների համար («Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենք (ՀՕ-246-Ն)):

   2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվեց «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-441-Ն), որով սահմանվել է կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, ներկայացնելով դրանց օրգանական կապը պետական և մասնավոր կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ: Դրանք կյանքի կոչելու նպատակով անհրաժեշտ է հաստատել նաև դրանից բխող գործողությունների ծրագիր, որում կմեկտեղվեն կրթության առանձին ոլորտների համար նախատեսվող գործողություններն ու անմիջական արդյունքները։

   Միաժամանակ, կարիք կա ապահովելու «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի»՝ որպես ոլորտի հիմնական ռազմավարական փաստաթղթի, կապը միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և ամենամյա ծրագրային բյուջեի հետ:

3Կարգավորման նպատակը և բնույթը

   Նախագծով նախատեսվում է սահմանել Օրենքից բխող՝ կրթության մինչև 2030 թվականի զարգացման հստակ գործողությունների ծրագիր՝ կրթության բոլոր մակարդակների համար, իրենց արդյունքային ցուցանիշներով ու վերջնական թիրախներով։

   Նախագծով մինչև 2030 թվականը կրթության բոլոր մակարդակների համար նախատեսվող գործողություններն իրականացվելու են փոխկապակցված՝ հետևյալ երեք ռազմավարական ուղղություններով՝

1) համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում.

2) կրթության արդյունավետության բարձրացում, որը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում՝ հիմնվելով կրթական համակարգի սոցիալական արդարության ապահովման սկզբունքի վրա.

3) կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում և համակարգերում հայկական կրթական համակարգի ամբողջական և բովանդակային ինտեգրման, ինչպես նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման վրա՝ շահեկանորեն նպաստելով ներքին կրթական ռեսուրսների առաջնահերթ զարգացմանն ու փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։

4Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունումը կապահովի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի կիրարկումը։ Եվ կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն` ըստ սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:

   Գործողությունների արդյունավետ իրականացումը կօգնի Հայաստանին հասնել կրթության մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարությամբ ամրագրված վերջնական նպատակին, այն է՝  ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, և կհանրահռչակվի կրթությունը որպես հանրային բարիք՝ ապահովելով կրթության բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ձևավորելով ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը։

5Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Նախագծի մշակմանն աջակցել են ԵՄ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակները։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

   Նախագծի ընդունումը կապված է հետևյալ ռազմավարական փաստաթղթերի հետ`

   նախևառաջ այն բխում է 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-441-Ն օրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից», որպես դրա կիրարկումն ապահովող փաստաթուղթ։   

   Միևնույն ժամանակ այն մշակելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառությունները՝ ներառյալ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կայուն զարգացման 2030 օրակարգը, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակ 4-ը և հարակից նպատակները՝ աղքատության վերացում, գենդերային հավասարություն, արդարություն, արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար, ինչպես նաև մարդու իրավունքների և առանց խտրականության վրա հիմնված մոտեցումներն ու «ոչ ոքի  չանտեսելու» սկզբունքը։

   Ինչպես նաև նախագծի հիմքում Հայաստանի մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես 1-ին՝ «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակը։ Նախագծի փոխկապակցվածությունը պայմանավորված է նրանով, որ մեգանպատակով ակնկալվող՝ գիտելիքի, մշակույթի, գիտակցության ու հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման ու յուրացման համար անհրաժեշտ է ունենալ ոլորտի հեռանկարային զարգացման ռազմավարական փաստաթուղթ, որում հստակ կուրվագծվեն գլխավոր նպատակադրումները և բարեփոխումների ուղղությունները: Ռազմավարական փաստաթուղթ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրն» արդեն ընդունվել է, իսկ ներկայացվող նախագիծը դրա տրամաբանական շարունակությունն ու բաղկացուցիչ մասն է։

    Ինչպես նաև նախագծի ընդունումը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթություն» բաժնի 1.1 կետի հետ, որով նախատեսված էր «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» ընդունումը՝ որպես կրթության բոլոր մակարդակների զարգացման ռազմավարական նպատակներն ու բարեփոխումների ուղղությունները ամրագրող փաստաթուղթ:

7Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում կրթության կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացմամբ Կառավարությունը կհաստատի ծրագրեր, որոնք կներառվեն պետական բյուջեում։ Գործողությունների ծրագրի և դրա իրականացման շրջանակներում հաստատված ծրագրերի ֆինանսավորումը ենթադրում է ոչ միայն պետական բյուջետային միջոցներ, այլև դոնոր կազմակերպությունների ներդրումներ և «պետություն-մասնավոր համագործակցություն»։

8Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

     Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու  անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    08.02.2023 - 23.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5761

Տպել

Առաջարկներ`

«Այբ» կրթական հիմնադրամ

23.02.2023

Կրթության համակարգի զարգացման տեսլական Նկարագրել թե ինչ մեխանիզմներ, չափանիշներ և գործիքակազմ է կիրառվելու նշված ռազմավարական ուղղություններին և արժեքային ու գործառնական սկզբունքներին հասնելու համար։ Չափորոշչի ներդրման գործընթաց Սահմանել մենթոր դպրոցների համակարգային նշանակությունն ու դերակատարությունն այդ գործընթացում, մասնավորապես անդրադառնալով հետևյալ հարցերին՝ Ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանեն մենթոր դպրոցները։ Ինչ ուղղություններով են մենթոր դպրոցները աջակցելու մյուս դպրոցներին։ Ինչ մեխանիզմներ են կիրառվելու մենթոր դպրոցների կողմից։ Ինչպես են ներդրվելու, վերահսկվելու և գնահատվելու այդ մեխանիզմները։

«Այբ» կրթական հիմնադրամ

23.02.2023

Կրթական ծրագրերի (մասնավորապես ԲՏՃՄ) արդյունավետության բարձրացման և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորման անկյունաքարային բաղադրիչներից է ուսումնառության վերջնարդյունքների որակյալ գնահատումը։ Առաջարկներ 1. Համաքննել և համապատասխանեցնել գնահատման գործընթացը, գործիքների բովանդակությունը, ձևաչափը միջազգային հեղինակավոր գնահատման գործընթացներին, գործիքներին և ձևաչափին։ 2. Մասնակցել «PISA», «TIMSS» միջազգային գնահատման ծրագրերին և ստացված տվյալների համադրության և վերլուծության միջոցով դուրս բերել կրթական ծրագրերի իրականացման և գնահատման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ զարգացման թիրախները՝ միջազգային տիրույթում մրցունակ սովորողներ կրթելու համար։ 3. Ներդնել հանրակրթական առարկայական ծրագրերի ուսումնառության վերջնարդյունքներով ուսումնառություն անցած սովորողների գնահատման վավեր, վստահելի և միջազգայնորեն ճանաչելի ընթացիկ և ամփոփիչ գնահատման համակարգ և մեխանիզմներ։ 4. Գնահատման գործընթացում մշակել և ներդնել գնահատման արդյունքներն ամփոփող տեղեկատվության վերհանման գործընթաց, որի հիման վրա հնարավոր է վերլուծել չափորոշչով նախատեսված վերջնարդյունքներին հասնելու փաստը (տեսանելի և թափանցիկ կերպով) և նախանշել գործողություններ հետևյալ ուղղություններով` • Կրթական ռեսուրսների վերանայում • Դասավանդման մոտեցումների վերանայում • Չափորոշիչների վերանայում • Գնահատման գործիքների և մոտեցումների վերանայում Կարծում ենք առնվազն անհրաժեշտ է ստեղծել հարթակ և գործընթաց այս խնդիրների շուրջ մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

23.02.2023

Որոշման նախագծի հավելված 1-ի՝ «Նպատակ 1. Հանրակրթության ոլորտում բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացում և հզորացում, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացում» 1․2 ենթաբաժնում ներառված չեն մանկավարժական աշխատողների վերապատրաստումների և ատեստավորման որակի ապահովման վերահսկման ու գնահատման մեխանիզմների, ինչպես նաև վերապատրաստող կառույցների աշխատանքներում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման և դրանց կարգավորումների, ներառյալ` ֆինանսավորման մեխանիզմի բարելավմանը վերաբերելի դրույթները։ Առաջարկություն Վերապատրաստումների վերահսկման և գնահատման համակարգի բարելավում • Բարելավել ուսուցիչների վերապատրաստումների որակի վերահսկման և գնահատման համակարգը՝ ներառյալ ԿԶՆԱԿ-ի, Կրթության տեսչական մարմնի, ԿՏԱԿ-ի, դպրոցի տնօրենների և ուսուցիչների դերակատարությունների հստակեցում՝ դպրոցին դիտարկելով որպես վերապատրաստման որակի երաշխավորող ինչը կապահովի վերապատրաստվող ուսուցիչների աշխատանքի շարունակական գնահատումը և վերապատրաստման որակի և արդյունքների վերաբերյալ առավել ամբողջական պատկերի ստացումը։ • Վերապատրաստումների որակի վերահսկման և գնահատման համակարգի մեթոդաբանության ցուցանիշների (indicator) մեջ ներառել ոչ միայն վերապատրաստումների ընթացքում ուսուցչի ակտիվ մասնակցության ցուցանիշները, այլ նաև նրա հետագա ակտիվությունը, հետևողական քայլերը, իր աշակերտների կրթական արդյունքների բարելավումը։ • Վերապատրաստման և ատեստավորման գործընթացների արտաքին գնահատում՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ։ • Միջոցառումներում ներառել հետազոտական աշխատանքների արդյունքի գնահատման մեխանիզմների բարելավման դրույթներ, այդ թվում, հետազոտական աշխատանքի հանդեպ ներկայացվող պահանջների միջոցով հետազոտական աշխատանքների գնահատում, հետազոտական աշխատանքների հրապարակում, հետազոտական աշխատանքների հանրայնացում և դրանց շուրջ մասնագիտական քննարկումների իրականացում վերապատրաստումների շրջանակներում։ Վերապատրաստող կառույցների կարողությունների զարգացում • Իրականացնել հատուկ դասընթացներ, պրակտիկաների միջոցով վերապատրաստողների պատրաստում, ինչպես նաև արդեն գործող վերապատրաստողների մասնագիտական շարունակական զարգացում՝ փորձի փոխանակման, հետազոտական, վերլուծական աշխատանքների, ինչպես նաև մենթորության խրախուսման միջոցով։ Բարեվարքություն և կոռուպցիոն ռիսկեր • Ներառել ուսուցիչներ վերապատրաստող հաստատությունների և վերապատրաստողներին ներկայացվող պահանջներում բարեվարքության չափորոշիչներ, մշակել դրանց ստուգման ու և վերահսկողության գործիքակազմեր։ • Ուսուցիչների վերապատրաստման արդյունքների կամ կրեդիտների հաշվարկման համակարգում ներառել բարեվարքությանը վերաբերելի չափորոշիչներ։ • Կանխարգելել ուսուցիչներ վերապատրաստող հաստատությունների ընտրության գործընթացներում կոռուպցիոն ռիսկերը, ներառյալ՝ տնօրենների կողմից ուղղորդումների բացառում, ուսուցիչների շրջանում իրականացնել իրազեկման միջոցառումներ վերապատրաստող կառույցների ընտրության կարգի վերաբերյալ, իրականացնել վերապատրաստումների գրանցման առցանց համակարգի համատարած կիրառում, վերապատրաստման պայմանների և թեմաների նախապես հրապարակում կամ շրջանառում, ներդնել վերապատրաստող կառույցների առցանց գնահատման (review) մեխանիզմ։ • Կիրառել վերապատրաստող կառույցների ընտրության գործընթացում շահերի բախման իրավիճակների մասին հայտարարություններ կամ հայտարագրեր։ Վերապատրաստող կառույցներում տնօրենների որպես վերապատրաստող հանդես գալու դեպքերում ներդնել շահերի բախման և դրանց կառավարման մեխանիզմներ Վերապատրաստումների ֆինանսավորում • Վերապատրաստող կառույցների ներկայիս ֆինանսավորման մոդելի փոխարեն ներդնել այլընտրանքային մեխանիզմների և խրախուսման համակարգ: • Ուսուցիչների վերապատրաստումների որակի վերահսկման և գնահատման համակարգի փոփոխությունների հիման վրա ընդլայնել վերապատրաստման գործընթացի ֆինանսավորման մեխանիզմների ճկունությունը և ծավալները, ներառյալ ուսուցիչներին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու իրենց մասնագիտական զարգացմանն ուղղված նախագծեր և ստանալ ֆինանսավորում։ Վերապատրաստումների բովանդակություն • Վերանայել վերապատրաստման մոդուլների բովանդակությունը՝ ներդնելով նորարարական մոտեցումների, թեմատիկ դասերի պլանավորում։ Բացի ՏՀՏ գործիքներից, ներառել համընդհանուր ներառականության (ուսուցչի օգնականների գործառույթներ, անհատական ուսումնական ծրագրերի կազմում), տարիքային հոգեբանության, աշակերտներին մոտիվացնելու ունակությունների, ճգնաժամային իրավիճակներում կրթության իրականացման, ճգնաժամային իրավիճակների կառավարման, մասնագիտական ճգնաժամերի հաղթահարման գործիքների կիրառմամբ, ինչպես նաև մանկավարժական աշխատողների բարեվարքությանը վերաբերող մոդուլների, հարցաշարերի և առաջադրանքների մշակում։ • Վերանայել վերապատրաստումների մոդուլների ձևաչափերը, այդ թվում՝ առկա ձևաչափով դասընթացները համակցել վերապատրաստումներից հետո գործնական-նախագծային, հետազոտական, վերլուծական աշխատանքներով, փորձի փոխանակման, փոխադարձ դասալսումների, մասնագիտական քննարկումների գործողություններով՝ մասնագիտական աջակցության, մենթորության և քոուչինգային տեխնոլոգիաների կիրառմամբ։ • Կիրառել վերապատրաստումների տարբերակված մոդելը՝ ըստ ուսուցիչների փորձի և շարունակական կրթության փորձառության, այդ թվում ուսուցիչների վերապատրաստումների տարաբաժանում՝ սկսնակ (մինչև 5 տարվա ստաժով) ուսուցիչների վերապատրաստում, ուսուցիչների ընթացիկ վերապատրաստում, առաջադեմ ուսուցիչների վերապատրաստում։ Ուսուցիչների յուրաքանչյուր խմբի համար մշակել կրթական ծրագրեր, մոդուլներ, հնարավորություն տալով մասնակցելու կրթական ծրագրերին ըստ կարիքի։ Օրինակ, առաջադեմ ուսուցիչները կարող են մասնակցել սկսնակների որոշ մոդուլների, ըստ կարիքի և հակառակը։ Ծրագրի գործողությունների պլանի նախադպրոցական կրթության, հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության հաստատությունների մինչև 2030 թվականի զարգացման միջոցառումներում բացակայում են վերջիններիս գործունեության պահովման գործընթացներում շահերի բախման և կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ու կարգավորմանը միտված գործողությունները։ Մասնավորապես, Նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման, հաստատությունների ղեկավարների հավաստագրման գործընթացներում։ Հանրակրթական հաստատությունների ուսումնական նյութերի, դասագրքերի, մշակման և հրատարակման, սովորողների սննդի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացներում։ Բարձրագույն կրթության հաստատություններում կոռուպցիեոն ռիսկերի և շահերի բախման վերաբերյալ միջոցառումները կարող են լրացվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հրապարակված «Ակադեմիական բարեվարքությունը Հայաստանի բուհերում» և «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում» հետազոտությունների առաջարկություններով։ Ելնելով վերոնշյալից ԹԻՀԿ-ն առաջարկում է լրամշակել նախագիծը և կազմակերպել փորձագիտական քննարկում նախագիծը հեղինակող մասնագետների և ոլորտային փորձագետների հետ։

Տեսնել ավելին