«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
12 - Կողմ
-
3 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ> ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
<Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն> բաց բաժնետիրական ընկերության 2023-2027 թվականների ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի <Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> N1902-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մասով միջոցառումների ծրագրի 6.1 կետի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի <Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի 29-րդ կետի և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1746-Ա որոշման պահանջների կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
<Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն> բաց բաժնետիրական ընկերության մասնագիտական ռեսուրսի և կանոնադրական կարողությունների վերաբերյալ
Կենտրոնի մասնագիտական ռեսուրսն ընդգրկում է քաղաքաշինության ոլորտում որակավորում ունեցող մասնագետներ, որոնք տարիներ շարունակ աշխատել և համագործակցել են քաղաքաշինության բնագավառի տարբեր մասնագիտական կառույցների և մասնագետների հետ՝ Շինարարների միություն, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան, նախագծային կազմակերպություններ, ֆիզիկական և իրավաբանական անձինք, տարբեր ոլորտային գերատեսչություններ և այլն: Կենտրոնն իր իրավասությունների շրջանակներում, ներկայումս իրականացնում է բնագավառում պետական ծրագրերի համար նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքներ, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի ինժեներական հետազննություններ, գիտահետազոտական ու փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ, որոնք առավել վերահսկելի են Կոմիտեի կողմից՝ չբացառելով մասնագիտական այլ անհրաժեշտ ռեսուրսի ներգրավումը:
Սակայն Կենտրոնի շենքային ներկայիս պայմանները, մասնագիտական և տեխնիկական ռեսուրսով ապահովվածությունը բավարար մակարդակում չեն, ինչի արդյունքում Կենտրոնի գործունեությունը կրում է <լոկալ> բնույթ և վերջինս ամբողջ ներուժով չի ընդգրկված քաղաքաշինության բնագավառի գերծանրաբեռնված և ծավալուն գործընթացներում:
Վավերագրություն Կենտրոնի մասին
Հանրապետությունում շինարարական քաղաքականությունը տեխնիկապես հիմնավոր և արդյունավետ վարելու նպատակով դեռևս 1930 թվականին Խորհրդային Հայաստանում, որպես կառուցվածքների Անդրկովկասյան ինստիտուտի մասնաճյուղ, հիմնադրվեց «Կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտը»(«ԱԻՍ»), որը զբաղվել է տեղական շինանյութերի (պեմզա, տուֆ խարամներ և այլն) հետազոտմամբ, դրանցով թեթև բետոնե կոնստրուկցիաների մշակմամբ, ինչպես նաև սեյսմակայուն շինարարության որոշ հարցերով: «ԱԻՍ»-ի և ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հայսեյսմիկ շինարարության բյուրոյի միավորմամբ 1943 թվականին Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի կազմում ստեղծվեց «Շինանյութերի ու կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտը»(«ԱԻՍՄ»): Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ 1957 թվականին «ԱԻՍՄ»-ն անցել է Հայկական ՍՍՀ շինարարության նախարարության ենթակայության տակ, իսկ 1957 թվականին ընդգրկվել է ՀՍՍՀ Պետշինի կազմում: Ինստիտուտի արգասաբեր գործունեության արդյունքում հետագայում նրա գիտական ստորաբաժանումների հենքի վրա են ստեղծվել մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի, Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմալոգիայի, Քարի և սիլիկատների ինստիտուտները: Հետագայում ընդլայնվել է ինստիտուտի գործունեության շրջանակը՝ ներառելով նաև ճարտարապետության, շինարարական տնտեսագիտության, շինարարական ֆիզիկայի, փորձարարական նախագծման և քաղաքաշինության բնագավառին առնչվող գրեթե բոլոր գիտական ու գիտափորձարարական ուղղությունները: 1974 թվականին «ԱԻՍՄ»-ը վերակազմավորվել է «Շինարարության և ճարտարապետության Հայկական գիտահետազոտական ինստիտուտ»-ի («ՀայՇինՃարտ ԳՀԻ»): ՀՀ Կառավարության 1991 թվականի մարտի 11-ի N 199 որոշմամբ ինստիտուտը վերակազմավորվել է որպես «Սեյսմակայուն շինարարության Հայկական գիտահետազոտական ինստիտուտ»(«Հայսեյսմշին ԳՀԻ») և տրվել է սեյսմակայուն շինարարության հանրապետական գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ:
1995 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ ինստիտուտը վերակազմավորվել է որպես «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերություն («Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ), իսկ 2004 թվականի դեկտեմբերից, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ՝ ԲԲ ընկերություն: Ընկերության բաժնետերերի 2015 թվականի հունվարի 19-ի ընդհանուր ժողովի որոշմամբ այն վերանվանվել է «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության:
Իր գործունեության առաջին իսկ տարիներից ինստիտուտն ապահովել է հանրապետության շինարարական ոլորտի տեխնիկական առաջընթացը, մի շարք կարևորագույն ուղղություններով «բնական լցանյութերով թեթև բետոնների ու կոնստրուկցիաների արտադրություն և այլն» նախկին ԽՍՀՄ-ում ճանաչվել է գլխավորող կազմակերպություն և լրջագույն աշխատանքներ կատարել նաև միութենական մասշտաբով: Մշակել ու ներդրել է բազմազան շինանյութեր, կառուցվածքների առանձին տարրեր, շենքերի ամբողջական նոր կոնստրուկտիվ լուծումներ, նախագծել է փորձարարական շենքեր ու ամբողջական թաղամասեր, լուծել տարածքների կառուցապատման խնդիրներ: Զգալի ավանդ ունի բետոնի և երկաթբետոնի տեսության և հաշվարկման ինժեներական մեթոդների մշակման, բնական և տեխնածին աղետներից ու շահագործման ոչ լիարժեք պայմաններից տուժած կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման, դրանց հետևանքների վերացման մեթոդների ու միջոցառումների մշակման, շինարարության ոլորտը կարգավորող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործում: Անգնահատելի է ինստիտուտի ավանդը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների հետազոտման, վերլուծության և արդյունքում սեյսմակայուն շինարարության նախագծման ազգային նորմերի մշակման ու ներդրման, երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտում վերականգնողական աշխատանքների ու նոր շինարարության իրականացման համար անհրաժեշտ մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և այլ հարցերում:
Ինստիտուտն ունի գիտատեխնիկական գործունեության հարուստ տարեգրություն, անցել է փառավոր ուղի և նախկին միութենական շինարարական գիտության ոլորտում ճանաչվել է առաջատար: Ստեղծել է շինարարական գիտության հայկական դպրոցը, որը կազմում էր հանրապետական, միութենական և համաշխարհային համբավ ունեցող գիտնականների մի ամբողջ համաստեղություն:
Նշված ուղղությունների մշակման և զարգացման բնագավառում հայկական շինարարական դպրոցի հիմնադիրներ են հանդիսացել ականավոր գիտնականներ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ Արմենակ Գևորգի Նազարովը և Միխաիլ Զախարի Սիմոնովը: Գործունեության ընթացքում ինստիտուտի կողմից մշակվել և ներդրվել են տասնյակ սեյսմակայուն շենքերի և կառուցվածքների տիպարային և բազմակի օգտագործման նախագծեր, բազմակի շինանայութերի և շինվածքների բաղադրակազմեր, շենքերի սեյսմամեկուսացման և ուժեղացման մեթոդիկաներ:
Ինստիտուտը հանդիսացել է բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հիմնական մշակող, մասնավորապես Սպիտակի 1988թ. աղետալի երկրաշարժից հետո հիմնական դերակատարություն է ունեցել սեյսմակայուն շինարարության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նոր համակարգի արագ ստեղծման և ներդրման գործում:
Ինստիտուտը հանդիսացել է շինարարական գիտության մասնագետների պատրաստման իսկական դարբնոց, բնագավառի համար նախապատրաստելով հարյուրավոր գիտական կադրեր, այդ թվում մի քանի տասնյակ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ:
1995 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ, 20% անվարձահատույց սեփականաշնորհմամբ, ինստիտուտը վերակազմավորվեց որպես բաժնետիրական ընկերություն:
Դրանից հետո օտարվեցին ինստիտուտի գիտաարտադրական և լաբորատոր մասնաշենքերը, հողատարածքները, իսկ լաբորատոր շենքերից մեկը չնչին վարձավճարով հանձնվեց ոստիկանությանը:
Այդ պահից սկսվեց ինստիտուտի կազմալուծման գործընթացը և այն աստիճանաբար դադարեց որևէ լուրջ դերակատարություն ունենալ շինարարական համալիրի գիտատեխնիկական գործունեության բնագավառում:
Հաշվի առնելով, վերը նշված փաստերը և վերլուծելով հանրապետության շինարարական համալիրի վերջին 25 տարիների գործունեությունը, կարելի է միանշանակ արձանագրել, որ բնագավառում դանդաղել են գիտատեխնիկական առաջընթացը, շենքերի և կառուցվածքների նոր կոնստրուկտիվ լուծումների մշակումները, սակավ են առաջարկությունները նոր արդյունավետ շինանյութերի և շինվածքների ստեղծման ուղղությամբ, կտրուկ նվազել է սեյսմակայուն շինարարության ոլորտի գիտական մշակումների քանակը, անհրաժեշտ զարգացում չի ստանում բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը, գիտական և ինժեներատեխնիկական աշխատողների կադրային բազան վերացման շեմին է:
Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, իսկ դրա 80 տոկոսից ավելին իրական սեյսմիկ վտանգը կազմում է 8 և ավելի բալ, լայն տարածվածություն ունեն արտաքին երկրաբանական երևույթները (սողանքներ, սելավներ և այլն), դրանցից ամենամեծ վտանգ են ներկայացնում սողանքները, որոնք զբաղեցնում են ընդհանուր մակերեսի 4,1 տոկոսը և տարեկան այս երևույթից երկրի սոցիալ-տնտեսական կառույցներին հասցվող ուղղակի վնասը կազմում է շուրջ 43 մլն. ԱՄՆ դոլար:
Վերը նշված եզրահանգումների և փաստերի վերլուծությունը բերում է այն միանշանակ որոշման, որ ստեղծված իրավիճակի հետագա շարունակությունը անընդունելի է, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Սեփականաշնորհման արդյունքում մասնատման, պետական հոգածությունից զրկվելու և վերջին տարիների ընթացքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չունենալով արդիականացնել լաբորատոր սարքավորումների փորձարարական բազան և ժամանակակից պահանջներին համապատասխան խթանել բնագավառի արդյունավետ զարգացումը, ներկայումս Կենտրոնը գտնվում է ֆիզիկապես, բարոյապես և ֆինանսապես քայքայված վիճակում: Անառարկելի է, որ Կենտրոնի լուծարումն անդառնալի կորուստ կլինի հանրապետության շինարարական ոլորտի համար։
Միաժամանակ, որպես վերջին տարիներին արձանագրված և խնդրին առնչվող նախադեպ (որպես հաջողված փորձ) հարկ է նշել , որ Կենտրոնն իր փոքր ներուժով ներգրավվել և դարձել է հեղինակ ՀՀ 2021-2022թթ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված և Կոմիտեի պատվիրատվությամբ իարկանացվող մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (ՀՀՇՆ 34-01-2022 <Նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ>, ՀՀՇՆ 13-03-2022 <Կրող և պատող կոնստրուկցիաներ>, ՀՀՇՆ 40-01.03-2022 <Կոյուղի.Արտաքին ցանցեր և կառուցվածքներ> շինարարական նորմերի) մշակման, անբավարար և վթարային վիճակում գտնվող շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների, քաղաքաշինական օբյեկտների մասով մասնագիտական եզրակացությունների տրամադրման գործընթացների:
Ներկայումս՝ ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1746-Ա որոշման պահանջների չկատարման պայմաններում՝ մասնավոր և պետական բաժնեմասերի չտարանջատման հետևանքով՝ առաջացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք տեղիք են տվել մասնավոր բաժնետոմսերի սեփականատերերի դժգոհությունների, դատական գործընթացների՝ ունեն տարիների վաղեմություն, գույքային են և պահանջում են շուտափույթ լուծում:
Խնդիրների մի մասին իրազեկված է նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկով Նախագծի փաթեթին կից ներկայացվել են նաև մի շարք փաստաթղթեր, որոնք կապված են Ընկերության ֆինանսական գործունեության հետ (աուդիտի արդյունքներ, բաժանիչ հաշվեկշիռ, հայցադիմում և այլն):
Ուստի, առկա կազմակերպաիրավական կարգավիճակում գտնվող ընկերության, առանց պետական բաժնեմասի տարանջատման և գույքային խնդիրների լուծման, որևէ առաջընթացի և զարգացման մասին եզրահանգումները գնահատվում են որպես ոչ իրատեսական:
3. Առաջարկվող լուծումները
Առողջացման ծրագրի շրջանակներում՝ առաջնահերթ խնդիրների լուծում.
1) Կենտրոնի պետական և մասնավոր բաժնեմասերի առանձնացման գործընթացի ապահովում (գույքային կամ դրամական փոխհատուցմամբ)
2) 100% պետական բաժնեմասով Կենտրոնի իրավական –կազմակերպական ձևի փոփոխություն,
3) Կենտրոնի կանոնադրական և կառուցվածքային փոփոխություններ
4) Ֆինանսական միջոցների ներգրավմամբ՝ Կենտրոնի շենքային պայմանների բարելավում,
5) Կենտրոնի համալրում մասնագիտակն և տեխնիկական ռեսուրսով ՝ վերջիններիս պարբերաբար համալրումն ու վերապատրաստման կազմակերպումը
3.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, կետ 2.7. <Շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրման, տեղական հումքով շինանյութերի և շինարարության որակի հսկման մեթոդների մշակման ու իրագործման նպատակով ձևավորել գիտահետազոտական և փորձարարական բազա, պատրաստել (վերապատրաստել) գիտական կադրեր, որը հնարավորություն կտա ապահովելու նորարարական տեխնոլոգիաներին արագ արձագանքման, կիրառության և ներդրման… >
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 6.1-րդ կետ՝ <Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն> ԲԲԸ արդիականացման (առողջացման) ծրագրի մշակման պատվիրակում, ծրագրի մշակման աշխատանքների ընթացիկ համակարգում, ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացում (օրենսդրության վերանայում, Կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ապահովում, կանոնադրական նոր պահանջների ձևավորում, մասնագիտական կադրերի ընտրություն, ներգրավում) >
- ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշման Հավելվածի 87-րդ կետ` <Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն) հանրապետությունում միակ գիտահետազոտական կազմակերպությունն է, որի գործունեությունը պետք է նպատակաուղղել շինարարական ոլորտի գիտատեխնիկական առաջընթացի ապահովմանը: Վերջին տարիների ընթացքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Կենտրոնը հնարավորություն չի ունեցել արդիականացնել լաբորատոր սարքավորումների փորձարարական բազան և ապահովել բնագավառի արդյունավետ զարգացումը ժամանակակից պահանջներին համապատասխան:>:
Միաժամանակ հարկ է նշել, որ <Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն> բաց բաժնետիրական ընկերության 2023-2027 թվականների ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կարող են նախատեսվել փոփոխություններ, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Կենտրոնի աշխատակիցների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Քաղաքաշինության բնագավառի գիտական ներուժի համալրում, գիտական և փորձարարական աշխատանքների կազմակերպում, ոլորտի զարգացում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:
-
Քննարկվել է
02.02.2023 - 17.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2530
Տպել