Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության անտառային ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված ՀՀ անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 26-րդ հոդվածի համաձայն՝ անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է անտառային պետական ծառայությունը, նույն հոդվածով սահմանվում են ծառայության պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ իր իրավասության շրջանակներում տալ պարտադիր ցուցումներ անտառային օրենսդրության խախտումների վերացման համար, կրելու համազգեստ, կիրառելու հրազեն և հատուկ միջոցներ և այլն,  իսկ նույն օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է անտառային ծառայության պաշտոնատար անձանց  սոցիալական և այլ երաշխիքները, մասնավորապես՝ պարտադիր պետական ապահովագրույթյուն, ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության, զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարով ապահովում և այլն:

         Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

    Հարկ է ընդգծել, որ առ այսօր օրենսդիրը չի ընդունել վերը նշված ծառայության գործունեության կարգը սահմանող օրենք, ավելին՝ պետական կառավարման լիազոր մարմնի համակարգում այդ ծառայությունը չի ստեղծվել, չնայած օրենսդրորեն այն սահմանվել է իր համապատասխան գործառույթներով: Հարկ է նկատել նաև, որ ծառայությունը կարգավորող իրավական նորմերն էլ բարեփոխման անհրաժեշտություն ունեն, քանի որ հակասում են ՀՀ օրենսդրության համապատախան ոլորտները կարգավորող իրավական ակտերին:

        Մասնավորապես, սահմանված է հրազենի կիրառման իրավունք, սակայն սահմանված չէ դրա կիրառման կարգը, պայմանները և սահմանները,  կամ ծառայության անցնելու կարգը, պայմանները, ծառայությունից ազատվելու կարգը և այլն:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով, որով պայմանավորված շրջանառության մեջ է դրվել «Անտառային ծառայության մասին» օրենքի նախագիծը, որպես պետական ծառայության առանձին տեսակ։

         Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել օրենքով և հարակից  օրենքներում նախատեսել համապատասխան կարգավորումներ։

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Հայաստանի Հանրապետության անտառային ծառայության մասին» օրենքի նախագծով՝

  • տարանջատվել է անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները՝ Անտառային ծառայությանը վերապահելով բացառապես անտառների պահպանության գործառույթը, քանի որ վերջինիս հիմնական գործառույթը պետք է լինի անտառների և անտառային հողերի պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, իսկ պաշտպանության գործառույթը Անտառային կոմիտեն իրականացնում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։
  • Օրենսգրքի գործող կարգավորմամբ անտառային ծառայության պաշտոնատար անձինք օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կազմում են արձանագրություններ անտառային օրենսդրության խախտումների մասին, սահմանված կարգով վարում անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ գործեր, մասնակցում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը: Քանի որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է ըստ գործող կարգավորումների հանդիսանում բնապահպանական, այդ թվում՝ անտառների, ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժեր նշանակող իրավասու մարմին, ապա օրենքի նախագծով անտառային ծառայության ծառայողին իրավունք է վերապահվել միայն անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու և մասնակցելու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը, ինչպես նաև անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացումը անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
  • ամրագրվել են անտառային ծառայողների ծառայության պայմանները, կարգը, խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու, սոցիալական երաշխիքները, ծառայության իրականացման հետ կապված այլ կարգավորումներ։
  • ամրագրվել են ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման կարգը, պայմանները և սահմանները, ինչպես նաև հատուկ միջոցների տեսակները:

       Անտառային ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի փոխարեն ստեղծել 400 հաստիքային միավորից կազմված անտառային ծառայություն (անտառային ծառայության պետ, պետի 2 տեղակալներ, 18 անտառտնտեսությունների ստորաբաժանման ղեկավարներ, 245 ավագ տեսուչներ, 134 տեսուչներ)՝ 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։ Ընդ որում, անտառային ծառայողների դրույքաչափերը, որպես պետական ծառայության առանձին տեսակ, կարգավորվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի N 9 հավելվածով (Անտառային ծառայության պետ-5.71, տեղակալ-4.70, ստորաբաժանման ղեկավար- 3․88, ավագ տեսուչ -2․66, տեսուչ -2․28)։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

             Նախագծերը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի անտառային ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների պահպանության գործառույթները, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության անտառային ծառայության մասին» օրենքի նախագծի  ընդունման կապակցությամբ 30 % տոկոս պարգևատրման ֆոնդ նախատեսելու պարագայում Անտառային կոմիտեին անհրաժեշտ կլինի լրացուցիչ   312 մլն դրամ գումար (հաշվարկը կցվում է), իսկ Անտառային ծառայողին ծառայողական զենք ապահովելու համար՝ 30 մլն դրամ գումար (հաշվարկը կցվում է) :

  1. Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի N 1 հավելվածով անտառների պահպանության գործընթացի արդյունավետության բարձրացման, անտառային օրենսդրության խախտումների կանխարգելման և նվազեցման նպատակով նախատեսվում է անտառային կոմիտեի կազմում ստեղծել անտառների պահպանության շուրջօրյա հսկողություն իրականացնող ստորաբաժանում։

  • Քննարկվել է

    09.11.2022 - 30.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3706

Տպել