Հիշել նախագիծը

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը (այսուհետ՝ նաև մասնագիտական կրթություն և ուսուցում՝ ՄԿՈՒ) հիմնականում կարգավորվում է «Կրթություն մասին»[1],  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին»[2], «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»[3], «Լիցենզավորման մասին»[4] օրենքներով, Աշխատանքային օրենսգրքով[5] և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերով։     

Կարևորելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (այսուհետ՝ ՆՄՄԿՈւ) դերը սոցիալ-տնտեսական զարգացման, պահանջարկին համապատասխան աշխատաշուկայի համալրման գործում՝ ՀՀ կառավարության 2021թ․ օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը[6] «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնում առանձնացրել է գործունեության մի շարք թիրախային ուղղություններ, այդ թվում՝

  • տարեկան առնվազն 2 ուսումնական հաստատություններում աշխատանքի վրա հիմնված և դուալ ուսուցման ներդրում ու ընդլայնում՝ մասնավոր հատվածի և գործարար համայնքի ակտիվ ներգրավման միջոցով, որը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ աշխատուժի պատրաստմանը,
  • հաստատությունների կառավարման նոր մոդելների փորձարկում և ներդրում՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության վրա և բարձրացնելով համակարգի արդյունավետությունը,
  • մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցելով վարձատրության մեխանիզմների հետ,
  • նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության գրավչության, մատչելիության բարձրացման, ներառականության ապահովման նպատակով ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, ուսումնաարտադրական բազայով (լաբորատորիաներով) ապահովում (տարեկան առնվազն 2 հաստատություն):

Ի կատարումն նշված միջոցառումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի[7] N 1 հավելվածը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսում է «Կրթության մասին», «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ, որի վերջնաժամկետ է սահմանված 2022թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակը (կետ 13․3)։

Օրենսդրական փոփոխություններ ենթադրող միջոցառման գլխավոր նպատակը ՄԿՈՒ ոլորտի զբաղունակության բարելավումն է: ՄԿՈՒ նշանակալի ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Ըստ այդմ՝ ոլորտը պատշաճ իրավական կարգավորումը անհրաժեշտ նախապայման է ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք խնդիրներ լուծելու համար, այդ թվում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացման, գործատուների ներգրավման և սոցիալական գործընկերության ընդլայնման, եվրոպական կրթական տարածքին ինտեգրման և որակավորումների փոխճանաչմանը նպաստելու առումով։ ՄԿՈՒ համակարգի զարգացման ընթացքում գերակա միտում ունի աշխատանքի վրա հիմնված կրթության ներդրման և կիրառման հնարավորությունների ընդլայնումը, ինչը թույլ կտա մի կողմից գործատուներին ներգրավված լինել կրթական գործընթացներում, ուսումնական հաստատությունների հետ համատեղ մասնակցել նորարարական նախագծերին, սեփական տեխնոլոգիաներն ու արտադրանքը, իսկ մյուս կողմից՝ կնպաստի սովորողների մոտ տեսական և գործնական համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, զբաղվածության խթանմանը:

ՄԿՈՒ ոլորտում պետական քաղաքականության ռազմավարական ուղղությունները սահմանվում են նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերով և հայեցակարգային փաստաթղթերով։ Այսպես, ԿԳՄՍ նախարարի 2018թ․ մարտի 15-ի հրամանով հաստատված «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ​​կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը»[8] պարունակում է սոցիալական գործընկերության զարգացմանը և շարունակական խթանմանը վերաբերող ռազմավարական խնդիրներն ու առաջարկում է բոլոր շահառու կողմերի շահերից բխող լուծումներ:

2019 թ․ ընդունվել է  «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգ և 2019-2025թթ. գործողությունների ցանկ»[9], որը ռազմավարական փաստաթուղթ է՝ ՄԿՈՒ ոլորտում քաղաքականության շրջանակի ձևավորմանը և Հայաստանում ԱՀՈՒ նոր ձևերի աստիճանական ներդրմանը։ Փաստաթուղթը սահմանում է մի շարք գործողություններ, որոնք անհրաժեշտ են ԱՀՈՒ-ի հաջող իրականացման և հետագա ընդլայնման համար, ներառյալ (i) քաղաքականության և իրավական դաշտի բարելավումը, (ii) ԱՀՈՒ կազմակերպումը և իրականացումը աշխատավայրում և լսարանում (iii) ԱՀՈՒ-ի որակի ապահովումը, (iv) ԱՀՈՒ ֆինանսավորումը  և ձեռնարկությունների համար խթանները։

ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը[10], որը կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքն է («Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետ)։ Նշված փաստաթղթով ՄԿՈՒ հիմնական ռազմավարական առաջնայնություններ են սահմանված․

  • աշխատանքի վրա հիմնված ուսուցման խթանումը,
  • ՄՈՒՀ մանկավարժական աշխատողների վերապատրաստումը և շարունակական մասնագիտական ​​զարգացումը,
  • Կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը,
  • ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացմանն աջակցությունը,
  • ՄԿՈՒ ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը:

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված  «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը» նույնպես առաջնահերթություն է տալիս ՄԿՈՒ համակարգերի զարգացմանը՝ երկրի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նպատակ ունենալով «բարձրացնել զբաղվածությունը որակյալ և բարձր արտադրողականություն աշխատատեղերի ստեղծման միջոցով»[11]։

Հայաստանը ստանձնել է նաև մի շարք միջազգային պարտավորություններ, որոնք վերաբերելի են նաև մասնագիտական կրթության ոլորտին։ ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգը և, մասնավորապես, կայուն զարգացման նպատակ 4-ը՝ նախատեսում են ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ։

Հայաստանը ստորագրել է նաև «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը[12], որն ուղղված է ապահովելու, որ մարդիկ կիրառեն իրենց տաղանդներն ու հմտությունները, օգտվեն տարիքին համապատասխան, ցկյանս ուսուցումից («Շարունակական կրթություն» (ողջ կյանքի ընթացքում ուսումնառություն), ներառական և որակյալ կրթությունից՝ բարենպաստ և անվտանգ միջավայրում:

Եվրոպական Միություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը[13] նույնպես հատուկ անդրադարձ է կատարում ամբողջ կյանքի ընթացքում կրթությունը խթանելու հարցերին՝ առանցքում պահելով մասնագիտական և բարձրագույն կրթությունը։ Շարունակական կրթության խթանումը դիտվում է աճի և աշխատատեղեր ստեղծելու բանալին է՝ քաղաքացիներին ընձեռելով հասարակության մեջ լիարժեք կերպով ներգրավվելու հնարավորություն։

Չնայած ՄԿՈՒ ոլորտում վերոհիշյալ ռազմավարական և միջազգային փաստաթղթերի առկայությանը, այդուհանդերձ նշված փաստաթղթերի դրույթները գործնականում դեռևս լիարժեք չեն կենսագործվել։ ՄԿՈՒ ոլորտը կարգավորող հիմնական օրենքները, մասնավորապես, «Կրթության մասին» դեռևս 1999 թ․ ընդունված օրենքը, ինչպես նաև՝ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թ․ օրենքը այլևս բավարար չէ զարգացող աշխատաշուկայի պահանջների և առաջադեմ կրթական համակարգերի հնարավորությունների տեսանկյունից։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն է իրականացվում մասնագիտական կրթական 2 ծրագրերով՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն։ Ըստ որակավորումների ազգային շրջանակի դրանք հանդիսանում են 3-րդ և 4[14]-րդ մակարդակներ՝ նախնական մասնագիտական կրթության, և 5-րդ մակարդակ՝ միջին մասնագիտական կրթության դեպքում։

Կրթությունը կազմակերպվում է առնվազն հիմնական կրթության հիմքով, հետևաբար՝ դրանից բարձր ցանկացած մակարդակից կարող է մրցութային հիմունքներով ապահովվել մուտքը կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագիր՝ ընդհանուր հիմունքներով, ինչպես նաև առանց տարիքային սահմանափակման մեկից ավելի կրթություն ստանալու իրավունքով՝ զուգահեռ կամ հաջորդական ուսումնառության ձևով։

ՄԿՈՒ ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում, պարբերաբար ներդրվում են մարդկային կապիտալի զարգացմանը միտված ու մրցունակ քաղաքացի ձևավորող կրթական ծրագրեր, կրթության կազմակերպման ու կառավարման այլընտրանքային ու ծախսարդյունավետ մոդելներ, կրթության որակն ու մատչելիությանը ավելացնող միջոցառումներ, միասնական կրթական տիրույթին միանալու և սովորողների շարժունությունն ապահովելու միջոցառումները և այլն։ Փորձարարական ծրագրերի արդյունքներով ձևավորվել են օրենսդրական կարգավորումները բարելավելու և որակյալ  զարգացում  ապահովող մեխանիզմներ սահմանելու բավականին մեծ տեղեկատվական, փորձարարական բազա և հիմքեր։

          Այս առումով, ՄԿՈՒ ոլորտում առաջընթաց է նկատվում առանձին մասնագիտությունների գծով դուալ  մոտեցմամբ կրթական ծրագրերի իրականցման հարցում։ Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ՄԿՈւ ոլորտի մրցունակ կադրեր պատրաստելու նպատակով՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ (GIZ) համագործակցության շրջանակներում դեռևս 2017թ․-ից մշակվել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման  մո­դելը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017թ. սեպտեմբերի 5-ի թիվ 1026-Ա/2 հրամանի համաձայն՝ փորձարարական կարգով ներդրվել էր 4 ՄՈՒՀ-ում, իսկ ապա՝ ընդհանուր առմամբ 13 ՄՈՒՀ-ում՝ 15 կրթական ծրագրով՝ տեղեկատվական տեխնոլոգիա, տուրիզմ, գինեգործություն, տրանսպորտ և լոգիստիկա ոլորտներում, ճշգրիտ ճարտարագիտություն։

 

Այնուամենայնիվ, Հայաստանի կրթական համակարգը և, հատկապես, ՄԿՈՒ համակարգը բախվում են կրթության որակի, մատչելիության, արդյունավետության հետ կապված զգալի մարտահրավերների, որոնք պահանջում են արմատական ​​լուծումներ:

Մասնագիտական ​​կրթության որակի առումով ամենաակնառու խնդիրն է մնում մասնագիտական ​​հմտությունների անհամապատասխանությունն աշխատաշուկայի պահանջարկին, ինչպես նաև կրթություն և աշխատաշուկա, սոցիալական գործընկեներ թույլ կապը։ Հետազոտությունների համաձայն ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41%-ն է համարում, որ ձեռք բերված տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43%-ն է կարծում, որ ձեռք բերված գործնական հմտությունները համապատասխանում են աշխատանքի պահանջներին[15]: Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը թիրախ է սահմանում շրջանավարտների 90%-ի ըստ մասնագիտության զբաղվածության ապահովումը[16]:

Մեկ այլ հետազոտության[17] տվյալներով` ուսանողների 86%-ը նշում է, որ ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեություն իրականացնելու համար կարիք կունենա լրացուցիչ վերապատրաստման: Գործատուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով` 78%-ը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է վերջինիս աշխատանքային փորձի և գործնական կարողությունների պակասի հետ: Մյուս կողմից, դասախոսների մեծ մասը շարունակում են աշխատել ակադեմիական մոտեցմամբ և լիարժեք չեն պատկերացնում այն աշխատաշուկան և զբաղմունքները, որի համար կրթում են կադրերին։ Արդյունքում՝ երիտասարդների 33%-ն իր աշխատանքի համար կա¢մ գերկրթված է, կա¢մ թերկրթված [18]։

Հասարակության խոցելի խմբերի (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց) մասնագիտական ​​և հատկապես բարձրագույն կրթության հասանելիությունը և մատչելիությունը Հայաստանում այսօր լուրջ խնդիր է: Համաձայն տնային տնտեսությունների համապարփակ հետազոտության՝ 2018 թվականին բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 82.8%-ը եղել է ոչ աղքատ, 17.2%-ը՝ աղքատ (առանց ծայրահեղ աղքատների), իսկ 0%-ը՝ ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններից[19]։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՄԿՈՒ կամ բարձրագույն կրթության միջև ընտրությունը պայմանավորված է ոչ այնքան դիմորդի նախասիրություններով, համապատասխան աշխատանք գտնելու հեռանկարներով, որքան սոցիալական հնարավորություններով։ Վերոնշյալ հանգամանքների բերումով աշխատաշուկան աղավաղված է։

Կրթության կառավարման ներկայիս համակարգը բախվում է նաև արդյունավետության հետ կապված խնդիրների՝ ելնելով կառավարման կարողությունների պակասից, հատկապես` ռազմավարական պլանավորման և ծրագրերի կառավարման ոլորտներում: Կրթության ոլորտի ցածր արդյունավետության մյուս պատճառն էլ ռեսուրսների անարդյունավետ օգտագործումն է՝ արդյունքի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմների բացակայության և ոլորտի հաստատությունների չկարգավորված բաշխման կառուցվածքի հետևանքով։

ՀՀ պետական ​​բյուջեից ֆինանսավորվում են ուսումնական հաստատությունների ընթացիկ վարչական և զուտ կրթական ծախսերը, որտեղ ամենամեծ մասնաբաժինը աշխատավարձի հատկացումներն են (նախատեսված ծախսերի ավելի քան 80%-ը): Այնուամենայնիվ, կրթության մասնաբաժինը պետական ​​հատկացումներում մնում է բավականին ցածր: Հաստատություններին տրամադրվող ֆինանսավորումը բավարար չէ ներկայիս կրթական չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն ապահովելու համար, հատկապես տեխնոլոգիապես բարդ և նյութական լարված մասնագիտությունների դեպքում:

Վերջին 5 տարում կրթության ոլորտի ծախսերը ՀՀ պետական ​​բյուջեից ՀՆԱ-ի կազմում տատանվել են 2.0-2.4 տոկոսի սահմաններում՝ նվազման միտումով։ Համեմատության համար նշենք, որ ՏՀԶԿ երկրներում կրթության ծախսերը միջինում կազմում են ՀՆԱ-ի 5,0%-ը, մինչդեռ ԵՄ 23 երկրներում միջինը 4,5% է: Մասնագիտական ​​կրթության մակարդակով պետական ​​ֆինանսավորման շրջանակներում կիրառվող ծախսերի չափորոշիչները հաշվարկվել են դեռևս 1990-ականներին, որից հետո, բացառությամբ որոշ դեպքերի, դրանք ընդհանուր առմամբ չեն վերանայվել։ Այս առումով, գործող ստանդարտները հիմնականում չեն արտացոլում ներգրավված ծախսերի իրական մակարդակը:

ՄԿՈՒ, հատկապես ԱՀՈՒ-ի զարգացումը ենթադրում է, որ ինստիտուցիոնալ ֆինանսավորման և կառավարման մեխանիզմները պետք է էականորեն փոխվեն՝ անցնելով մասնավոր կապիտալի կառավարման մոդելներին և դիվերսիֆիկացված ֆինանսավորման՝ պետական-մասնավոր համաֆինանսավորման, ՄԿՈՒ հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության խթանման և այլ միջոցներով։

ՄԿՈՒ ոլորտում առկա իրավիճակը և հիմնական մարտահրավերները վերլուծելիս կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

  • ՄԿՈՒ արդյունավետ կազմակերպման համար գործող օրենքներում սահմանված կառուցակարգերն ու ընթացակարգերը բավարար չեն նոր իրողությունները կարգավորելու համար։ Շատ հաճախ ենթաօրենսդրական ակտերը չեն արտահայտում այն լուծումները, որոնք սահմանվել են կամ նպատակադրվել են օրենքի  տրամաբանության տակ, ավելին՝ երբեմն հակասում են ծրագրերի ու միջոցառումների կրթության վրա ազդեցության, ֆինանսական ծախսատարության և վերջնարդյունքների կանխատեսման ռիսկերի տեսանկյունից,
  • ապահովված չեն բավարար օրենսդրական հիմքեր և գործուն մեխանիզմներ՝ կրթության պետական կառավարման, կրթական գործընթացի կազմակերպման ու գնահատման համակարգերի նկատմամբ մոնիտորինգի, վերահսկողության, հետևաբար նաև՝ դրանց արդյունքի գնահատման ու որակի կառավարման համար,
  • կրթության մատչելիությունը, որակը և արդյունավետությունը մնում են ՄԿՈՒ համակարգի հիմնական մարտահրավերները։ Մատչելիության առումով խնդիր կա գործող ՄԿՈՒ հաստատությունների օպտիմալ բաշխման և նրանց կողմից իրականացվող մասնագիտությունների օպտիմալ բաշխման հետ: ՄԿՈՒ հաստատությունների դասակարգումը պետք է իրականացվի ըստ նրանց ազգային կամ տեղական նշանակության՝ միաժամանակ ակնկալելով հետագա տարբերակված քաղաքականություն ազգային նշանակության ՄԿՈՒ հաստատությունների նկատմամբ:
  • ՄԿՈՒ որակյալ կրթություն կազմակերպելու և աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար էական է գործատուների հետ սերտ համագործակցությունը, որը մնում է անբավարար: Մասնավորապես, 2012 թվականին ձևավորված ոլորտային հանձնաժողովներն ունեն սահմանափակ դեր և շրջանակ[20]։

ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց արմատական լուծումը անհնարին է առանց առանցքային և համապարփակ օրենսդրական փոփոխությունների։ Արդյունքում հնարավոր չի եղել սահմանափակվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով և նպատակահարմար է համարվել մշակել նոր օրենքի նախագիծ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» մասին։ Օրենքի նախագծում արտացոլված են որակյալ մասնագիտական կրթության կազմակերպման հարցում ժամանակակից մոտեցումներն, սկզբունքներն ու միտումները՝ ուղղված կրթության բովանդակության և կառուցակարգերի արդիականացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ու նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը՝ Եվրոպայում այդ համակարգի զարգացման միտումներին համապատասխան:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները ներառում են հետևյալ առանցքային ուղղությունները

  • ՄԿՈՒ օրենքում են օգտագործվող հասկացությունների և դրանց սահմանումների ներդաշնակեցում

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը պարունակում է օգտագործվող հասկացությունների ցանկ, որոնք մի կողմից՝ սահմանումների առումով տարբերվում են «Կրթության մասին» օրենքում առկա նույնական սահմանումներից, մյուս կողմից՝ տարբերվում են դրանց միջազգայնորեն ընդունված եզրութաբանությունից։ Նախագծով ոչ միայն օգտագործվող սահմանումները ճշգրտվել և ներդաշնակեցվել են, այլև՝ տրվել են ՄԿՈՒ համակարգում լայնորեն կիրառող մի շարք այլ  հասկացությունների սահմանումներ, ինչպիսիք են՝ ԱՀՈՒ, սոցիալական գործընկերություն, մասնագիտական ուսուցման հրահանգիչ, վարպետ, ուսումնական մոդուլ և այլն։

Վերացվել է գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ «քոլեջ» և «ուսումնարան», որը գործնական որևէ խնդիր չէր լուծում։ Փոխարենը, մասնագիտական կրթության համակարգում սահմանվել է ուսումնական հաստատության միայն «քոլեջ» տեսակը՝ տարբերակելով վերջիններիս կողմից ըստ լիցենզիայի իրականացվող կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական և միջին մասնագիտական։  

 

  • ԱՀՈՒ համակարգի կատարելագործում

Չնայած աշխատանքի վրա հիմնված ուսուցման ՄԿՈՒ տրամադրմանը, ՄԿՈՒ ոլորտը կարգավորող իրավական ակտերում բացակայում է ԱՀՈՒ-ի միջազգայնորեն ընդունված սահմանում: Աշխատանքի վայրում ուսուցման կազմակերպումը վերաբերում է միայն ուսանողական պրակտիկային, որը միակ գործող ՄԿՈՒ ձևաչափն է Հայաստանում։ Մինչդեռ, աշխատանքի վրա հիմնված և դրա տեսակներից՝ դուալ ուսուցման համակարգի ընդլայնումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման, շրջանավարտների զբաղվածության ապահովման, գործատուների ներգրավման կարևորագույն նախադրյալ է։ Դուալ ԱՀՈՒ-ն ապահովում է պետության և ուսումնական հաստատությունների ռեսուրսների միավորում և նպաստում է որակյալ կադրերի պատրաստման համար առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Աշխատանքային օրենսգրքում դուալ ՄԿՈՒ-ի վերաբերյալ կանոնակարգումներ չկան, մասնավորապես, բացակայում են ուսանողի աշխատանքային կարգավիճակի սահմանումը և ընկերություններում գործնական կրթություն կազմակերպելու պայմանները: Ուսանողները պետք է էապես ներգրավված լինեն ընկերության աշխատանքային գործընթացում որպես աշխատակից: Նախագծերի փաթեթով դուալ ԱՀՈՒ-ի արդյունավետ իրականացման համար սահմանվել են ներգրավված գործընկերների (ուսանողների, ընկերությունների և ՄԿՈՒ հաստատությունների) իրավունքներն ու պարտականությունները, կարգավորվել են վճարման, աշխատաժամանակի, ապահովագրություն, ռիսկերի բաշխման և աշխատանքային իրավահարաբերություններից բխող այլ հարցեր։

Գործատուի մոտ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպումը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, շրջանավարտների՝ իրենց մասնագիտությամբ զբաղունակությանը, ՄԿՈՒ ոլորտի գրավչության բարձրացմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը: Նման գործընթացը երաշխավորում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը բացառապես աշխատաշուկայի կողմից մասնագետներին ներկայացվող պահանջներին համապատասխան, ինչը կարևոր է նրանց մասնագիտական գործունեության, առաջխաղացման, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

 

  • Կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելի ներդրում՝ սոցիալական գործընկերության պատասխանատվություն.

Կրթության արդյունքի պատասխանատուն միայն պետությունը չէ. Կրթության արդյունքի  սպառողը  պետք է կիսի պատասխանատվությունը,  լինի պատվիրատու և մասնակից։

           Ներկայիս շուկայական տնտեսության պայմաններում պետության մասնավոր հատվածի զարգացումը չի կարող մենաշնորհ մնալ պատվիրատու և ներդրող կադրերի պատրաստման գործում, իսկ կրթական հաստատությունը՝ որպես բյուջե սպառող: Ձեռնարկությունների մեծ մասը կորցրել է նախորդ տարիներին իրենց բնորոշ կրթական հաստատություններին սարքավորումներով և գործիքներով ապահովելու հետաքրքրվածությունը: Նախկինում գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունների ձևերն էական փոփոխություններ են կրել: Իրականանում է անցում պետության կողմից համապարփակ կառավարումից սոցիալական գործընկերության, այսինքն՝ յուրաքանչյուրը պատասխանատու է համապատասխան մասնագիտական կրթության պլանավորման, իրականացման և վերջնարդյունքի գնահատման ու ճանաչման համար։ Դա փոխադարձ վստահություն և հեռանկարային համագործակցություն ձևավորելու լավագույն երաշխիքն է։

Հետևաբար՝ անհրաժեշտ էր սահմանել սոցիալական գործընկերության նոր եզրույթ, համաձայն որի համագործակցության հիմքում ընդհանուր նպատակներն ու շահեկան համագործակցությունն է։ Նախագծով գործընկերության կողմերին տրվել են գործառույթներ, իրավունքներ, պարտականություններ։ Ամրապնդվել են ՄԿՈՒ կազմակերպման փուլերում սոցիալական գործընկերների և գործատուների ներգրավման մեխանիզմները՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից մինչև պետական ամփոփիչ ստուգմանը մասնակցություն, սոցիալական գործընկերոջ ակտիվ ներգրավվածությունը ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդներում, հստակեցվել են ՄԿՈՒ շահագրգիռ կողմերի դերն ու պարտականությունները, նախատեսվել է դուալ ՄԿՈՒ ոլորտը համակարգելու համար պատասխանատու մարմին։

  • ՄԿՈՒ ոլորտում անցում ՈԱՇ-ին, ՈՈՇ-ին և կրեդիտային համակարգի

Նախագծով արմատապես վերանայվել են ՄԿՈՒ կրթական ծրագրերի  իրականացման մեթոդաբանական հիմքերը, որակի ապահովման ու վերահսկողության կառուցակարգերը՝ նախատեսելով նաև ՄԿՈՒ ոլորտում անցում որակավորումների ազգային շրջանակի և որակավորումների ոլորտային շրջանակի։

Կրեդիտային համակարգի բացակայությունը էականորեն խոչընդոտում է կրթական ծրագրերի հաջորդականությանը և սովորողի ձեռք բերած իրական արդյունքների ճանաչմանն ու կրեդիտների փոխանցմանը։ Նախագծով նախատեսվել է ՄԿՈՒ-ում կրեդիտային համակարգի ներդրում և դրա կիրառման կարգավորումներ՝ ապահովելով կրեդիտների համադրելիությունը, փոխանցելիությունը,  ուսանողների սահուն շարժունությունը, ուսումնառությունը հաջորդ մակարդակի կրթական ծրագրով շարունակելու հնարավորությունը։

  • ՄԿՈՒ հաստատությունների կառավարման բարելավում

Նախագծով վերափոխվել է ՄՈՒՀ-երի կառավարման համակարգը և կառուցվածքը՝ ապահովելով կառավարման խորհրդի ձևավորման ներկայացուցչական կազմ, կատարելագործվել են տնօրենի ընտրության մեխանիզմները՝ նախապայմաններ ստեղծելով թափանցիկ ընթացակարգերի միջոցով փորձառու և ուսումնական հաստատության զարգացման տեսլական ունեցող թեկնածուների ընտրության համար, նախատեսվել է տնօրենի հաշվետվողականության և անվստահության գործընթաց՝ իր ծրագրի իրականացման մոնիտորինգի արդյունքներով։

ՄՈՒՀ-երի կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավորապես՝

  • վերանայվել է կառավարման խորհուրդների կազմը՝ դրանցում առանձնահատուկ տեղ հատկացնելով ՄՈՒՀ-ի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններից, մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կառույցներից (հասարակական միավորումներ, կազմակերպություններ) անդամակցությանը
  • հստակեցվել են ՄՈՒՀ-ի տնօրենին և ՄՈՒՀ-ի կառավարման խորհրդի անդամին ներկայացվող պահանջները, նրանց լիազորությունների դադարեցումը և դադարումը
  • ներդրվել է ՄԿՈՒ տնօրենի զարգացման ծրագրի և տարեկան ծրագրի կատարման հաշվետվություն ներկայացնելու մեխանիզմ, որոնցում հաշվի են առնված հաստատությունների զարգացման ծրագրերի ու բիզնես պլանների իրականացումը, ինչը թույլ է տալիս գնահատել հաստատությունների կատարողականը (մասնավորապես՝ ոչ ֆիսկալ ցուցանիշների համար)։ Ընդ որում, նախատեսված է ՄՈՒՀ կառավարման խորհրդի կողմից տնօրենին անվստահություն հայտնելու գործընթացի հնարավորություն՝ ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի և զարգացման ծրագրի կատարման Տնօրենի տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի կողմից երկու անգամ անընդմեջ չընդունվելու դեպքում։
  • հանվել է ՄՈՒՀ-ի տնօրենի հավաստագրման համար նախատեսված պարտադիր վերապատրաստման պահանջը՝ փոխարենը նախատեսելով, որ տնօրենը առնվազն երեք տարին մեկ անգամ պետական միջոցների հաշվին անցնում է պարտադիր վերապատրասում՝ լիազոր մարմնի գնահատած կարիքներին համապատասխան սահմանված ծրագրով։

 

  • Մասնագիտական կրթական ծրագրերին դրանց ներկայացվող ընդհանուր պահանջների վերանայում

Նախագծով հստակեցվել են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կազմվող և հաստատվող կրթական ծրագրին ներկայացվող պահանջները։ Կրթական ծրագրի գործնականում արդյունավետ իրականացումը երաշխավորելու համար սահմանվել է նաև, որ ՄՈՒՀ-ը կազմում է համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի կազմակերպման նախահաշիվը՝ ըստ լիազոր մարմնի սահմանած չափանիշների։ Դա թույլ է տալիս ի սկզբանե հաշվարկել, գնահատել ու կանխատեսել կրթական ծրագրի իրականացման հետ կապված անհրաժեշտ ռեսուրսները՝ դրանով իսկ ապահովելով ծրագրի որակյալ ընթացքը, ինչպես նաև մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ռեսուրսների ներգրավումը։

Վերանայվել են կրթական ծրագրերի կազմակերպման մոդելները՝ նախատեսելով առկա, հեռավար և դրսեկության ձևերի մեթոդաբանական համադրությամբ կրթական ծրագրի իրականացման հնարավորություն, որն ապահովում է ժամանակակից պահանջներին համապատասխան կթական ծրագրի ճկուն կազմակերպում ՄՈՒՀ-ի կողմից։

 

  • Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորումների լիցենզավորում

 

Նախագծով նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։

Տարբերակման հիմքում ընկած են այն նախապայմանները, որոնք ազդում են լիցենզավորման վրա։ Այսպես, կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար գնահատման առարկա են հիմնականում  կրթական գործունեություն իրականացնելու համար ենթակառուցվածքների առկայությունը՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային և գրադարանային պայմանների, ՄՈՒՀ-ի հինգ տարվա ռազմավարական ծրագիր։

Մինչդեռ որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայմանները փոխկապված են որակավորման առանձնահատկության հետ և նախատեսում են ըստ որակավորումների ուղղվածության համապատասխան գույքի և սարքավորումների, ԱՀՈՒ ապահովող գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։

 

  • ՄԿՈՒ-ի ֆինանսավորման համակարգի վերանայում և ձեռնարկատիրական գործունեության խթանում

Ելնելով մինչև 2030 թվականը Կրթության զարգացման պետական ​​ծրագրով սահմանված նպատակներից՝ ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման սխեմաների բարելավման նպատակով անհրաժեշտ է  ներդնել պետական ​​բյուջեից և մասնավոր հատվածից համաֆինանսավորման մեխանիզմներ, ինչպես նաև խթանել ՄԿՈՒ հաստատությունների ձեռնարկատիրական գործունեություն՝ առնվազն դուալ ԱՀՈՒ-ի պարագայում: Դա հնարավորություն կտա ՄԿՈՒ հաստատություններին եկամուտ ստանալ արտադրված ծառայությունների և ապրանքների առևտրայնացումից:

Ըստ այդմ, Նախագծով բարեփոխվել է ՄՈՒՀ-երի ֆինանսավորման մեխանիզմը՝ հիմքում նախատեսելով կրթական ծրագրի ապահովման արժեքը, նախատեսվել է նպատակային ֆինանսավորման մեխանիզմը, ինչպես նաև հստակեցվել են պետական բյուջեից  լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունները և մեխանիզմները։ Պետք է մշակվի մեկ ուսանողի համար ՄԿՈՒ ծախսերի բանաձև, որը հնարավորություն կտա հաշվարկել և նախատեսել ՄԿՈՒ-ի տրամադրման ծախսերը և այդպիսով բարձրացնել մասնավոր հատվածի կողմից պետական ​​ֆինանսավորման և համաֆինանսավորման արդյունավետությունը: Տարանջատվել են ուսանողների առաջադիմության՝ կրթաթոշակ  և սոցիալական հիմքով փոխհատուցումները՝ նպաստները։

Նախագծով կանոնակարգվել են նաև ՄՈՒՀ-ի ֆինանսավորման աղբյուրները և զարգացվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորություններն ու կառուցակարգերը, որոնք գործող օրենսդրության պայմաններում գործնականում չէին կենսագործվում։ Ուսումնական հաստատությունները պետք է ապահովեն սովորողի գործելու և կենսակերպ ձևավորելու հնարավորությունները՝ միաժամանակ հնարավորություն ունենան ստեղծելու լրացուցիչ միջոցներ։   Օրինակ՝  ՄԿՈՒ հաստատությունները կարող են ունենալ իրենց մասնագիտությունների գծով ծառայությունների մատուցելու, ապրանքների արտադրությունն ու վաճառքն ընդլայնելու հնարավորություններ,  տարբեր  նպատակներով ստեղծել բազմաշահակից աշխատանքային ծրագրեր։ Ձեռնարկատիրական գործունեության խթանումը ՄՈՒՀ-երի նյութական ապահովման, աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման և արդյունավետ գործունության կարևորագույն երաշխիք է։

 

  • ՄՈՒՀ-երի վարչական և մանկավարժական անձնակազմի համալրման, կատարելագործման, գնահատման, խրախուսման, պատասխանատվության  և կարիերայի ապահովման մեխանիզմների բարեփոխում՝ նախատեսելով վերապատրաստում, ատեստավորում, տարակարգի ու կոչումների շնորհում

 

Նախագծով հստակեցվել և մանրամասնեցվել են ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների ընտրության կառուցակարգերը՝ նախատեսելով մրցույթային կարգ և խստացված պահանջներ մանկավարժական աշխատողի պաշտոնի թեկնածուների համար։ Միաժամանակ հստակեցվել են մանկավարժական աշխատողների ատեստավորման չափանիշները, ընթացակարգերը՝ որպես զբաղեցված պաշտոնին համապատասխանության ստուգման մեխանիզմ։ Նախատեսվել է, որ մանկավարժական աշխատողը ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում։ Ատեստավորումը անհրաժեշտ պայման է մանկավարժական աշխատողի կողմից որակավորման տարակարգի շնորհման գործընթացին մասնակցելու համար։ Տարակարգերը սահմանվում են մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների և դրանց ապահովման չափանիշների հիման վրա։ Ընդ որում, տարակարգի շնորհումը առաջ է բերում նաև ֆինանսական առավելություններ մանկավարժական աշխատողի համար՝ հավելավճարի ձևով։ Խթանելու համար մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման գործընթացը, նախագծով նախատեսվում է, որ որակավորման տարակարգը շնորհվում է երեք տարի ժամկետով։ 

Ինչպես ատեստավորման, այնպես էլ՝  որակավորման տարակարգի շնորհման  համար նախատեսվում է փաստաթղթային եղանակ և գործընթացների օբյեկտիվություն ու թափանցիկություն ապահովող կառուցակարգ։

 

  • ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունների կարգավորում

Նախագծով օրենքի մակարդակ են բարձրացվել ՄՈՒՀ ուսանողների իրավունքների ու պարտականությունների հարցերը, սահմանվել է ՄՈՒՀ-ի պարտավորությունը ապահովել ուսումնառության անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, ուսանողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ։

Նախագծով լեգիտիմացվել է ուսանողական տարբեր կառույցների և միավորումների՝ ուսանողական ինքնակառավարման մարմինների գոյությունն ու գործունեությունը՝ որպես ուսանողական նախաձեռնություններին աջակցող և նպաստող կառույցներ։ Նման ձևաչափով ուսանողական ինքնակառավարումը հնարավորություն է ընձեռում ուսանողներին համախմբվել ուսանողական ակտիվության շրջանակներում՝ միաժամանակ հանդիսանալով որպես առավել արդյունավետ  այլընտրանք ՄՈՒՀ-ի կառավարման խորհրդում փոքրաթիվ ներկայացվածության միջոցով իրենց շահերը ներկայացնելու գործնականում ոչ արդյունավետ մեխանիզմից։

 

  • Մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հավասար հնարավորությունների ապահովում՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով

 

Նախագծով համընդհանուր ներառական կրթությունը հռչակվում է որպես յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք՝ կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման միջոցով։

Ըստ այդմ՝ պետական քաղաքականության սկզբունքն են սահմանված մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունները և ներառականությունը՝  յուրաքանչյուր ուսանողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան։ Որպես պետական քաղաքականության խնդիր և ուսանողի իրավունք է նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան խելամիտ հարմարեցումների միջոցով կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ապահովումը՝ պետական բյուջեից ֆինանսավորմամբ։

Սահմանված է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի հիման վրա։

  1. Կարգավորման առարկան

Նախագծերի փաթեթով  կարգավորում են ՄԿՈՒ համակարգի գործունեության, ոլորտի կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները։

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը սահմանում է ՄԿՈՒ համակարգի նպատակներն ու խնդիրները, ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն ու սոցիալական երաշխիքները, անձի նախասիրություններին, հնարավորություններին ու աշխատաշուկայի կարիքներին և զարգացման միտումներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի իրացման նպատակով մասնագիտական կրթության ծրագրերի, դրանք իրականացնող կազմակերպությունների գործունեության կազմակերպական-իրավական հիմքերը, արդյունքների ճանաչումն ու փոխճանաչումը։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը: Իրավական դաշտը կապահովի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ՝ ապահովելով գործատուների իրական մասնակցությունը կրթական գործընթացի բոլոր փուլերին՝ դրանով իսկ երաշխավորելով կրթական վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի կարիքներին։

Ի լրումն այն խնդիրներին, որոնք պետք է լուծվեն օրենսդրական փոփոխությունների մակարդակով, հետագայում պետք է մշակվեն նաև ՄԿՈՒ համակարգի կենսագործումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցությամբ։

Նախագծերի փաթեթի նախապատրաստմանը նախորդել է դեռևս 2020թ․ ընթացքում իրականացված և հրապարակված համալիր ուսումնասիրություն՝ ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսուցման ներդրման և կազմակերպման առկա վիճակի, ոլորտում առկա օրենսդրական, կառավարչական, մեթոդական խոչընդոտների վերաբերյալ։ Ուսումնասիրության արդյունքների և առաջարկների փաթեթը շրջանառվել է և 2021 թ․-ից ի վեր կազմակերպվել են ՄԿՈՒ ոլորտի շահառուների (ՄՈՒՀ-եր, ոլորտում քաղաքականություն իրականացնող պետական մարմիններ և պաշտոնատար անձինք, կրթության ոլորտի փորձագետներ և այլն) հետ ավելի քան 15 տարբեր ձևաչափի քննարկումներ, որպեսզի համակողմանիորեն վեր հանվեն ոլորտում առկա խնդիրները և ապահովվի օրենսդրական բարեփոխումների առաջարկների համապատասխանությունը ոլորտի կարիքներին։

Նախագծերի փաթեթի մշակմանը աջակցել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները և լուծումները բխում են Կառավարության 2021-2026թթ. ծրագրով և դրանից բխող գործունեության միջոցառումների ծրագրով ՄԿՈՒ ոլորտի համար սահմանված  թիրախային ուղղություններից և միջոցառումներից, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտում ընդունված մի շարք ռազմավարական փաստաթղթերով նախատեսված ՄԿՈՒ ոլորտի զարգացման տեսլականից։ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները համահունչ են, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով, Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրով, Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգով և 2019-2025թթ. գործողությունների ցանկով, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգով սահմանված միջոցառումներին և ապահովում են դրանց իմպլեմենտացիան։ Նախագծերի փաթեթը միտված է կենսագործելու նաև կիրթ և կարողունակ քաղաքացի դաստիարակելու Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությամբ հռչակված[21] նպատակները։

 

[1] Ընդունվել է ԱԺ կողմից 1999 թ․ ապրիլի 14-ին, ՀՕ-297 օրենք, ՀՀՊՏ 1999.05.14/12(78)

[2] Ընդունվել է ԱԺ կողմից 2005 թ․ հուլիսի 8-ին, ՀՕ-164-Ն օրենք, ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1022

[3] Ընդունվել է ԱԺ կողմից 2001 թ․ հոկտեմբերի 23-ին, ՀՕ-248 օրենք, ՀՀՊՏ 2001.12.03/37(169)    

Հոդ.908

[4] Ընդունվել է ԱԺ կողմից 2001 թ․ մայիսի 30-ին, ՀՕ-193 օրենք, ՀՀՊՏ 2001.08.08/26(158) Հոդ.581

[5] Ընդունվել է ԱԺ կողմից 2004 թ․ նոյեմբերի 9-ին, ՀՕ-124-Ն, ՀՀՊՏ 2004.12.21/69(368) Հոդ.1385

[6] https://www.gov.am/files/docs/4586.pdf

[7] 18 նոյեմբերի 2021 թվականի N 1902 – Լ, Հավելված 1, https://www.gov.am/files/docs/4685.pdf

[8] ՀՀ ԿԳ նախարարի 2018թ. մարտի 15-ի N 233-Ա/2 հրամանի հավելված

[9] Մշակվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աշխատանքի

վրա հիմնված ուսումնառության» գծով աշխատանքային խմբում և հաստատվել է 2019 թ․ հունիս 25-ին։ https://escs.am/am/news/5575:

[10] Draft 351: National Assembly of RA (parliament.am)

[11]https://www.gov.am/files/docs/1322.pdf, էջ 8։

[12] https://armenia.un.org/sites/default/files/2022-02/United%20Nations%20Sustainable%20Development%20Cooperation%20Framework%202021-2025.pdf

[13] https://www.mfa.am/filemanager/eu/CEPA_ARM_1.pdf, հոդվածներ 93-95։

[14] Նախնական մասնագիտական կրթության դեպքում, եթե ներառում է նաև միջնակարգ կրթության 3-րդ աստիճանը, ապա համարվում է 4-րդ մակարդակ։ Հայաստանում հիմնականում այս տարբերակն է կիրառվում։

[15] Աղբյուրը՝ «ԱՇԽԱՏԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման, Հավելված N 1, նպատակ 1։ 

[16] Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիր, կետ 82, ենթակետ 17։

[17] ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ, 2019, «ՀՀ աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի վերլուծություն և գնահատում ծրագրի թեմայով աշխատանքների կատարման հաշվետվություն»

[18] ILO, 2014, Labor market transition for young women and men in Armenia․

[19] Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիր, կետ 16։

[20] Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիր, կետ 28։

[21] https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf

  • Քննարկվել է

    14.10.2022 - 29.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5797

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.10.2022

17. Առաջարկում ենք փոփոխություններ և լրացումներ կատարել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում՝ սահմանելով, որ ֆունկցիոնալության միջին, ծանր և խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ պետական բյուջեից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.10.2022

16. Նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասի «ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու» բառերը փոխել «բարելավման» բառով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.10.2022

15. Նախագծիի 30-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու դեպքում» բառերից հետո լրացնել «կրթությունը ստանալ ընդհանուր հիմունքներով, պահանջել և» բառերը և պարբերությունից հեռացնել «սահմանված» բառը։

Տեսնել ավելին