Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ՝ միտված կանոնների գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների բարելավմանը, նոր կարգավորումների սահմանմանը:

 

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետով ամրագրված «Խմելու ջուր» հասկացությունը սահմանված է այլ գերատեսչությունների կողմից հաստատված (սահմանված) իրավական ակտերին կատարված հղումներով, ինչը տվյալ իրավական ակտերի ուժը կորցնելիս կամ դրանք լրամշակելիս հանգեցնում է կանոնների և այդ իրավական ակտերի միջև անհամապատասխանությունների։

Որոշ դեպքերում դիմող անձանց կողմից ջրամատակարարվող տարածքների նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը բացակայում են, սակայն առկա է լինում այդ տարածքը վերջիններիս կողմից փաստացի տնօրինելու կամ օգտագործելու վերաբերյալ տեղեկանք՝ տրամադրված իրավասու մարմնի կողմից, ուստի, հաշվի առնելով հարցի սոցիալական նշանակությունը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել կանոնների 15-րդ և 22․1-րդ կետերով սահմանված՝ նոր բաժանորդ դառնալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկում։

Պլանային ընդհատման մասին բաժանորդին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 70-րդ կետում ամրագրված է, որ մատակարարը պարտավոր է պլանային ընդհատման մասին, դրա իրականացման օրվանից առնվազն 3 օր առաջ, իր պաշտոնական կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն` մինչև ընդհատման նախորդ օրը ներառելով դրանում կատարված փոփոխությունները։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ պլանային ընդհատումների արդյունքում սովորաբար ջրազրկվում են հազարավոր բաժանորդներ, իսկ մեկ օր առաջ փոփոխություններ կատարելու հնարավորությունը ջրազրկվող բաժանորդների քանակի կտրուկ ավելացման դեպքում (ինչի իրավունքը մատակարարը փաստացի ունի) կհանգեցնի ավելացվող բաժանորդների ջրազրկման մասին տոկոսային առումով ցածր իրազեկվածության, հետևաբար նաև ջրազրկված ժամանակահատվածին նախապատրաստվելու հնարավորության նվազման։

Վթարային կամ ֆորս մաժորի հետևանքով ընդհատման մասին բաժանորդին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 71-րդ կետում այլ եղանակներին զուգահեռ որպես նվազագույն պահանջ ամրագրված է նաև, որ մատակարարը պարտավոր է ընդհատման մասին հնարավորինս սեղմ ժամկետում իր պաշտոնական կայքում հրապարակել տեղեկատվություն։ Ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ակնհայտ է դարձել, որ մեծամասամբ ջրամատակարարումը վերականգնվում է նախքան ջրազրկված տարածքների ճշգրտելը և դրանց մասին կայքում տեղեկատվության հրապարակելը, ուստի կարճատև ու փոքր տարածք ընդգրկող ընդհատումների դեպքում (որոնք ընդհանուր ընդհատումներում մեծ տոկոս են կազմում) աննպատակահարմար է դառնում նման կարգավորման՝ որպես պարտադիր պահանջ սահմանված ունենալը, իսկ նախապես դրանց տևողության ճշգրիտ կանխատեսելն ու տարանջատելը գործնականում անհնար է։

Ելնելով ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրով ամրագրված այն մոտեցումից, որ առանց առևտրային հաշվառքի սարքի բաժանորդին մատակարարված ջրաքանակը համարվում է կորուստ՝ կանոնների 89-րդ կետով ամրագրվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակի հաշվառումը պետք է իրականացվի առևտրային հաշվառքի սարքի միջոցով։ Միաժամանակ, ելնելով կանոնների 89-րդ կետով ամրագրված պահանջից, կանոնների 90-րդ կետով սահմանվել է, որ առանց առևտրային հաշվառքի սարքի բաժանորդին մատակարարված ջրի քանակի հաշվարկմանն առնչվող՝ կանոնների 42-րդ կետը գործում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ բազմաթիվ են դեպքերը, երբ առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող բաժանորդները խոչընդոտում են մատակարարի նախաձեռնությամբ առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն, իսկ մատակարարն այդ դեպքում չունի ջրամատակարարումը դադարեցնելու իրավունք, ինչն էլ իր հերթին խոչընդոտ է հանդիսանում խնդիրն ամբողջությամբ լուծելու հարցում։

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է հստակեցնել առկա կարգավորումնները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավմանը։ Մասնավորապես․

 

  1. Նախագծի 1-ին կետով նախատեսվող՝ կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետով ամրագրված «Խմելու ջուր» հասկացությունը առանց այլ գերատեսչությունների կողմից հաստատված (սահմանված) իրավական ակտերին հղումներ տալու սահմանելը հետապնդում է այդ իրավական ակտերի ուժը կորցնելիս կամ դրանք լրամշակելիս Կանոնների և այդ իրավական ակտերի միջև առաջացող անհամապատասխանություններից խուսափելու նպատակ։ Նոր սահմանումն իր բնույթով ամբողջությամբ ընդգրկում է ներկայումս գործող սահմանման ողջ բովանդակային նշանակությունը։
  2. Նախագծի 2-րդ և 3-րդ կետերով առաջարկվում է փոփոխություններ կատարել կանոնների 15-րդ և 22.1-րդ կետերով նախատեսված՝ նոր բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում՝ նախագծի 4-րդ կետով կանոններում լրացվող 22.1.1 կետում ամրագրելով ֆիզիկական անձանց կողմից նաև ջրամատակարարվող տարածքը փաստացի օգտագործելու կամ տնօրինելու մասին տեղեկանք կամ պայմանագիր ներկայացնելու հնարավորությունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում սահմանափակելով միայն տարածքի նկատմամբ իրավունքի առկայությամբ։
  3. Նախագծի 5-րդ կետով նախատեսվող՝ ջրամատակարարման ընդհատման մասին բաժանորդին իրազեկելուն առնչվող կանոնների 70-րդ և 71-րդ կետերում կատարվող փոփոխությունների նպատակը բաժանորդին իրազեկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելն է։ Մասնավորապես՝
  • Պլանային ընդհատումների մասին բաժանորդին իրազեկելուն առնչվող կանոնների 70-րդ կետում կատարվելիք փոփոխությամբ նախատեսվում է պլանային ընդհատման մասին, դրա իրականացման օրվանից առնվազն 3 օր առաջ, մատակարարի պաշտոնական կայքում հրապարակված նախնական տեղեկատվությունը հետայսու դարձնել վերջնական` հանելով մինչև ընդհատման նախորդ օրը դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը։ Հարկ է նշել, որ ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ակնհայտ է դարձել, որ տարվա ընթացքում գրանցվող պլանային ընդհատումները չեն գերազանցում բոլոր ընդհատումների 1-ից 1,5 %-ը (օրինակ՝ 2021 թվականին գրանցված 3036 հատ ընդհատումներից ընդամենը 43 հատն (1,4%) է պլանային), ինչը մատակարարին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ և ամբողջական պլանավորել ընդհատումը՝ բացառելով դրանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը։
  • Վթարային կամ ֆորս մաժորի հետևանքով ընդհատման մասին բաժանորդին իրազեկելուն առնչվող կանոնների 71-րդ կետում կատարվելիք փոփոխություններով նախատեսվում է հանել ընդհատման մասին մատակարարի կայքում տեղեկատվություն հրապարակելու պարտադիր պահանջը։ Ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ակնհայտ է դարձել, որ կանոնների 71-րդ կետով ամրագրված ընդհատումները մեծամասամբ վերականգնվում է նախքան ջրազրկված տարածքների ճշգրտելը և դրանց մասին կայքում տեղեկատվության հրապարակելը, ուստի կարճատև ու փոքր տարածք ընդգրկող ընդհատումների դեպքում (որոնք ընդհանուր ընդհատումներում մեծ տոկոս են կազմում) անիմաստ է դառնում նման կարգավորման որպես պարտադիր պահանջ սահմանված լինելը, իսկ նախապես դրանց տևողության ճշգրիտ կանխատեսելն ու տարանջատելը պարզապես անհնար է։ Մատակարարի շահերից է բխում (դրա մասին է վկայում նաև նախորդ տարիներին գրանցված փաստերի ուսումնասիրությունը) և մատակարարը մշտապես մոտիվացված է եղել բոլոր ընդգրկուն և երկարատև ընդհատումների դեպքում կիրառել բաժանորդներին իրազեկելու համար քիչ ծախս և ժամանակ պահանջող ու բաժանորդների մեծամասնությանը հասանելի պաշտոնական կայքի միջոցով իրազեկման եղանակը։ Այստեղ հաշվի է առնվել նաև հանձնաժողովի կարգավորման դաշտում գտնվող մյուս ոլորտներում նմանատիպ ընդհատումների համար գործող կարգավորումները՝ դրանց մատակարարների պաշտոնական կայքերում հրապարակելու պարտադիր պահանջ սահմանված չլինելու առումով։ Բաժանորդների իրազեկվածության հետ կապված կանոնների 71-րդ կետը բարելավվել է նաև այն առումով, որ այն այսուհետ վերաբերելու է բոլոր, այդ թվում պլանային ընդհատումների մասին մատակարարից հարցում կատարած բաժանորդներին իրազեկելուն։
  1. Նախագծի 5-րդ 6-րդ կետերով նախատեսվող լրացումներն իրականացվում են ելնելով վարձակալության պայմանագրով ամրագրված այն փաստից, որ առանց առևտրային հաշվառքի սարքի բաժանորդին մատակարարված ջրաքանակը համարվում է կորուստ։ Նախատեսվում է կանոնների 74-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով, որն իրավունք է ընձեռելու մատակարարին առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն բաժանորդի խոչընդոտելու դեպքում դադարեցնել նրան ծառայությունների մատուցումը: Նախատեսվում է կանոնները լրացնել նաև 74.2 կետով, որով կարգավորվում է կանոնների 74-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով ծառայությունների մատուցումը դադարեցված լինելու դեպքում բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու փաստի մասին մատակարարին իրազեկելիս ծառայությունների մատուցումը վերսկսելու գործընթացը: Նախագծի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսվող լրացումների նպատակն այն է, որ նախագծի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսվող լրացումների ընձեռած հնարավորությունը մատակարարի կողմից գործնականում իրացնելու համար առաջացրել է լրացուցիչ ողջամիտ ժամկետի անհրաժեշտություն։ Հաշվի առնելով առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող բաժանորդների քանակը, մատակարարի հետ շարունակական քննարկումների արդյունքում, որպես խնդրի լուծման ողջամիտ վերջնաժամկետ, նախատեսվում է կանոնների 89-րդ կետով ամրագրել 2026 թվականի հունվարի 1-ը։ Միաժամանակ կանոնների 90-րդ կետով նախատեսվում է կանոնների 42-րդ կետի հետ ուժը կորցրած ճանաչել նաև կանոնների 26-րդ և 42.1 կետերը, 74-րդ կետի 3-րդ ենթակետը և 74.2 կետը (կանոնների այս կետերը առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող բաժանորդ չլինելու դեպքում կորցնելու են իրենց գործնական նշանակությունը)՝ դրանց ուժը կորցնելու ժամկետը համապատասխանեցնելով կանոնների 89-րդ կետով ամրագրվելիք վերոնշյալ ժամկետին։

 

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ:

 

 

5. Ակնկալվող արդյունքը

Մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների շարունակական բարելավվումն է:

  • Քննարկվել է

    01.09.2022 - 17.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3555

Տպել

Առաջարկներ`

Համատիրությունների զարգացման ասոցիացիա

02.09.2022

Շրջանառության մեջ է դրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման նախագիծը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների իրականացումը մատակարարների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների մոտ մշտապես առաջացնում են հակասություններ կանոնների ոչ հստակության պատճառով, առաջարկում ենք՝ Կանոնների 1-ին գլխի, 2-րդ մասի, 11-րդ կետի .... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը,... բառակապակցությունը փոխարինել՝ ... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը... բառակապակցությամբ: Շենքի արտաքին պատից հետո բազմաբնակարան շենքի սեփականատերերը չունեն ընդհանուր սեփականություն, իսկ առաջին դիտահորերը գտնվում են այլ սեփականատերերի տիրապետման ներքո: Հին տարբերակում առկա է իրավական նորմերի հակասություն, որը բերում է իրավական նորմի չկիրառման: Անհրաժեշտ է քննարկում և կարգավորում... Հարգանքով Ա. Գրիգորյան ՀԶԱ նախագահ 02.09.2022թ.

Տեսնել ավելին