Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «68000» թիվը փոխարինել «75000» թվով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 2. Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 40-ժամյա աշխատանքային շաբաթ` 450 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ.

բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 500 դրամ:»:

Հոդված 3. Օրենքի 2.1-ին հոդվածում «բնագավառների աշխատողների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում «հավելավճարները,» բառից հետո լրացնել «լրավճարները,» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:

 

  • Քննարկվել է

    15.07.2022 - 01.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11838

Տպել

Առաջարկներ`

Արսեն Իգիթյան

25.07.2022

Թեպետ ողջունելի է նվազագույն աշխատավարձի քանակական բարձացումը, սակայն գործնականում, նույնիսկ այս բարձրացումից հետո, տեղի է ունենում իրական նվազագույն աշխատավարձի նվազում՝ գնողունակության համարժեքության իմաստով։ Վերլուծելով ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմի հրապարակված գնաճի վերաբերյալ տվյալները 2020, 2021 և 2022 թթ․ համար՝ կարելի է փաստել, որ 2020 թվականից ի վեր (երբ նվազագույն աշխատավարձը սահմանվել էր 68 000 դրամ) մինչև 2022թ․ ամռան ամիսները տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 12% աճ։ Այդպիսով, նվազագույն աշխատավարձը պարզապես ինդեքսավորելու (այլ ոչ թե բարձրացնելու) դեպքում արդեն իսկ անհրաժեշտ կլինի այն սահմանել մոտավորապես 76 000 դրամ։ Պարզ լեզվով ասած՝ 2023թ․-ին 75 000 դրամնն ունենալու է նույնիսկ ավելի ցածր գնողական արժեք, քան 2020 թվականին 68 000 դրամը։ Ուստի, իրական նվազագույն աշխատավարձը գոնե չնչին չափով բարձրաձնելու համար առաջարկվում է այն սահմանել 80 000 դրամ, իսկ դրա բյուջետային հնարավորությունները չունենալու դեպքում, առաջարկվում է սահմանել 76 000 դրամ՝ գնաճը չեզոքացնելու և նվազագույն աշխատավարձ գնողունակությունը գոնե նույնը թողնելու նպատակով։

Լուսինե Հախվերդյան

19.07.2022

Առաջին անհրաժեշտության ապրանքների 50-100 տոկոս թանկացման պարագայում, նվազագույն աշխատավարձը կարելի էր բարձրացնել 30-50 տոկոսով։ Հաշվի առնելով, որ ներկայումս առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են մոտ 50-100 տոկոսով՝ առաջարկում ենք նվազագույն աշխատավարձի վերանայումը իրականացնել նշված հանգամանքների հաշվառմամբ: Բացի այդ, օրինակ 2020 թվականի նկատմամբ 2021 թվականի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացել է մոտ 15 տոկոսով, 2022 թվականի համար դեռևս պաշտոնական տվյալներ հրապարակված չեն, սակայն ենթադրվում է որ ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիների ցուցանիշները, այնինչ նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մոտ 10 տոկոսով (ավելի քիչ, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի բարձրացնման տոկոսը): Վերոգրյալը հիմնավորում է նվազագույն աշխատավարձն ողջամիտ չափերով և ներկա տնտեսական դրության ցուցանիշների բազմակողմանի հաշվառմամբ վերանայելու անհրաժեշտությունը:

Տեսնել ավելին