ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարությունը`
1) ապահովում է արխիվային գործի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը,
2) սահմանում է ՀՀ արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, պետական և համայնքային արխիվների կողմից համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կազմակերպման միասնական կանոններ և նորմեր:
Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ կառավարության 04.04.2019 թվականի N397-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանվել է պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը, որի 9. Մաքսային գործի բնագավառ և հարկային ծառայություն բաժնի 9.2. Հարկային ծառայություն ենթաբաժնի 394-րդ կետով Հարկային գործեր (հարկային գործում առկա բոլոր փաստաթղթերը) փաստաթղթերի տեսակի համար պահպանության ժամկետը սահմանված է 5 տարին` բացառությամբ հարկային և սոցիալական վճարների գծով պարտավորություններ ունեցող գործերի:
Համաձայն ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին N702-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի 13-րդ և 14-րդ կետերի` պետական եկամուտների կոմիտեի գործառույթներից են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` իրեն վերապահված գործերով հետաքննության ու նախաքննության և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթների իրականացումը: Նշված վարույթների շրջանակներում հարկային գործերը օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավվում են քննիչների կամ վարույթն իրականացնող մարմնի (ստորաբաժանման) կողմից և հետևապես անկախ կառավարության կողմից սահմանված չափանիշներին բավարարելու հանգամանքից (լրացել է 5 տարին և առկա չէ հարկային և սոցիալական վճարների գծով պարտավորություններ)` նշված վարույթներում գտնվող հարկային գործերը չեն կարող արխիվացվել մինչև դրանց ավարտը:
Ներկայացված փոփոխությամբ կանոնակարգվում են պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման հարցը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ ՊԵԿ նախագահի 04.03.2021թ.-ի թիվ 226-Ա հրամանով հաստատվել է ՀՀ ՊԵԿ գործունեությամբ առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկ»-ը, որով կանոնակարգվում են ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից գործերի անվանակարգերի կազմման, պետական եկամուտների մարմինների գործունեությամբ առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների որոշման, դրանց փորձաքննությամբ արժեքավորման գործընթացները։
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 14.03.2017թ.-ի թիվ 85-Ա հրամանի հավելվածի 9-րդ բաժնով սահմանվել է փաստաթղթերի պահպանմանը վերաբերող գործավարությունը:
Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 24.01.2020թ.-ի թիվ 60-Ա հրամանի 3-րդ հավելվածի 27-րդ կետի` հարկային գործերը սպասարկման գործառույթ իրականացնող բաժնում պահպանվում են հինգ տարի ժամկետով, ապա ՀՀ կառավարության 13.07.2017 թ.-ի թիվ 884-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման» կարգի համաձայն ենթարկվում փորձաքննությամբ արժեքավորման, որի արդյունքում կազմվում է ակտ այն փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին, որոնք ենթակա չեն պահպանման: Նշված ակտը հավանության է արժանանում ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից, այնուհետև՝ հաստատվում սպասարկման գործառույթ իրականացնող բաժնի պետի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից:
Հիմք ընդունելով վերոգրյալը հարկային մարմնում արխիվացվում են այն հարկային գործերը, որոնցում առկա փաստաթղթերի համար պահպանության ժամկետը սահմանված 5 տարին լրացել է և միաժամանակ առկա չէ հարկային և սոցիալական վճարների գծով պարտավորություններ, և ըստ էության անորոշ է մնում պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման խնդիրը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N397-ն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով լուծվում է նաև պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման հարցը:
- Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման խնդրի կանոնակարգումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում պետական եկամուտների կոմիտեի կհստակեցվեն վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման գործընթացը:
-
Քննարկվել է
24.05.2022 - 08.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3477
Տպել