«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագищ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Նախագծի ընդունման նպատակը․
Նախագծի ընդունման նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ 31+300- կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների (Աղձք, Ագարակ համայնքնեի միջով անցնող հատվածներ) կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում գտնվող որոշ տարածքներ։
2․Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում շարունակվում են Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի (այսուհետ՝ Վերակառուցվող ճանապարհ) վերակառուցման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրով (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր)՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է Ծրագրերի համար պահանջվող ամբողջ հողը ժամանակին ազատել երրորդ անձանց իրավունքներից։
Ծրագրի կարիքների համար անհրաժեշտ տարածքներն արդեն իսկ ճանաչվել են հանրության գերակա շահ և օտարվել են (կամ գտնվում են դատական կարգով օտարման փուլում), բացառությամբ Վերակառուցվող ճանապարհի կմ31+300- կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների (այսուհետ՝ Վերակառուցվող հատված) օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքների:
Հիշյալ տարածքների օտարման գործընթացը մինչօրս հնարավոր չի եղել ապահովել, քանի որ Ծրագրի խորհրդատուի կողմից իրականացված հանութագրման, կադաստրային քարտեզների և դաշտային տվյալների համադրման արդյունքում պարզվել է, որ Ագարակ և Աղձք համայնքների մոտ 20 կադաստրային թաղամասերի սահմաններում գտնվող հողամասերի մասով առկա են ոչ տեխնիկական բնույթի կադաստրային սխալներ, մասնավորապես՝ հողամասերի փաստացի կամ իրավունքի պետական գրանցման վկայականում և կադաստրային քարտեզում նշված դիրքերը և չափերը չեն համապատասխանում միմյանց, առկա են անհամապատասխանություններ հողամասերի սեփականատերերի մասով: Նշված կադաստրային շեղումները հնարավորություն չեն տվել նույնականացնել Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու (օտարման գոտու) սահմաններում գտնվող հողամասերը և ապահովել դրանց օտարումը:
ՀՀ կառավարության 29․04․ 2021թ․ N 698-Ն որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորի գծային չափերի կամ մակերեսների սխալի ուղղումները կատարվում են սեփականատիրոջ կամ իրավատիրոջ դիմումի, հողամասի սահմանները ճշտելու մասին համայնքի ղեկավարի գրության և վերջինիս կողմից հաստատված անշարժ գույքի (հողամասի) միավորների չափագրման փաստաթղթերի կամ իրադրության հատակագծի հիման վրա՝ ուղղվող անշարժ գույքի և ուղղման արդյունքում փոփոխվող սահմանակից հողամասերի բոլոր սեփականատերերի և դրանց նկատմամբ այլ իրավունքներ ունեցող անձանց համաձայնությամբ:
Նշված իրավական կարգավորմանը համապատասխան՝ կադաստրային սխալների ուղղման գործընթացն ապահովելու համար կազմվել է խնդրահարույց հողամասերի իրադրության հատակագիծ և ներկայացվել է Կադաստրի կոմիտեին։ Կադաստրի կոմիտեի հետ իրականացված բազմաթիվ քննարկումների արդյունքում Կադաստրի կոմիտեն հայտնել է, որ կաջակցի կադաստրային քարտեզի ուղղման գործըթացին՝ միայն խնդրահարույց կադաստրային թաղամասերում գտնվող բոլոր հողամասերի մասով վերոհիշյալ որոշմամբ նախատեսված փաստաթղթերի, այդ թվում՝ բոլոր խնդրահարույց հողամասերի սեփականատերերի գրավոր համաձայնությունները ներկայացնելու պարագայում։ Ընդ որում՝ մեկ հողամասի դիրքի ուղղումը հանգեցնում է կադաստրային քարտեզում հարակից հողամասերի հետ համադրման, հետևաբար միայն Ագարակ և Աղձք համայնքների խնդրահարույց 20 կադաստրային թաղամասերում ընդգրկված բոլոր հողամասերի (մոտ 2000 հողամաս) ամբողջությամբ ուղղման պարագայում հնարավոր է ապահովել Վերակառուցվող ճանապարհի վերը նշված հատվածների օտարման գոտու սահմաններում գտնվող հողամասերի մասով կադաստրային քարտեզի ուղղումը:
Նշված գործընթացն ապահովելու համար Ագարակ, Աղձք համայնքների ղեկավարի, ներկայացուցիչների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ հողամասերի մեծ մասի սեփականատերերը գտնվում են ՀՀ–ից դուրս, առկա են ժառանգության հետ կապված խնդիրներ, չգրանցված հողամասեր, ինչը նշանակում է, որ նույնիսկ կադաստրային քարտեզի սխալների ուղղման գործընթացը նախաձեռնելու պարագայում հնարավոր չի լինելու հնարավորինս կարճ ժամկետում ապահովել Ագարակ և Աղձք համայնքների խնդրահարույց 20 կադաստրային թաղամասերում ընդգրկված բոլոր հողամասերի (մոտ 2000 հողամաս) կադաստրային սխալների ուղղման գործընթացը։ Այլ կերպ ասած, նույնիսկ կադաստրային սխալների ուղղման գործընթացը նախաձեռնելու պայմաններում, որը, ընդ որում, պահանջում է լրացուցիչ ռեսուրս, ֆինանս, ժամանակ, հնարավոր չի լինելու ապահովել բոլոր խնդրահարույց հողամասերի կադաստրային քարտեզի ուղղումը, ինչը ողջ գործընթացի նախաձեռնումը դարձնում է ապարդյուն։
Մինչդեռ՝ Ծրագրի շրջանակներում՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը, շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2022 թվականի 3-րդ եռամսյակում և շինարարական աշխատանքները նախանշված ժամկետում իրականացնելու նախապայմաններից մեկը Վերակառուցվող ճանապարհի Վերակառուցվող հատվածների օտարման գոտու սահմաններում գտնվող հողամասերի հնարավորինս սեղմ ժամկետում օտարումը և շինարարին հանձնումն է։
Նշենք նաև, որ Ծրագրի բնականոն, հաջող ընթացքը խաթարող հիմնական հանգամանքներից մեկը շինհրապատակը կապալառուին հանձնելու ժամկետների ձգձգումներն են, որոնք անմիջականորեն ձգձգում են շինարարական աշխատանքների մեկնարկը՝ պետության համար առաջացնելով բացասական ֆինանսական, իրավական հետևանքներ։
Չնայած Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու սահմաններում գտնվող հողամասերն ազդվում են մասնակի, սակայն վերոնշյալ բացասական հետևանքները կանխելու, վարկային համաձայնագրով ստանձնած պետության պարտավորությունների կատարումը և Ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար՝ առաջարկվում է Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու (օտարման գոտու) սահմաններում փաստացի գտնվող, ինչպես նաև կադաստրային քարտեզով վերհանված, նույնականացված հողամասերն օտարել ամբողջությամբ, ինչը թույլ կտա ճշգրիտ նույնականացնել և օտարել այն հատվածները, որոնք փաստացի գտնվում են վերը նշված հատվածների օտարման գոտու սահմաններում և բացառել ազդակիր հողամասերի սեփականատերերի բողոքները, դատական վեճերը՝ ապահովելով Ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերի՝ հնարավորինս սեղմ ժամկետում օտարումը:
Առաջարկվող կարգավորումից բացառությում է նախատեսվում համայնքային սեփականության հողամասերի համար։ Մասնավորապես՝ Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու (օտարման գոտու) սահմաններում առկա են նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, որոնք ունեն բավականին մեծ մակերես (10 000 քմ․ և ավելի), ուստի լրացուցիչ հողօտարումից խուսափելու համար առաջարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում օտարել միայն այն հատվածները, որոնք փաստացի գտնվում են Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու (օտարման գոտու) սահմաններում։
Օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 25-ն է։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 3-րդ բաժնի 3․2 կետի համաձայն՝ ճանապարհաշինության բնագավառում ՀՀ կառավարության ռազմավարական խնդիրներից են՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 (Աշտարակ – Թալին, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագիծը 2022 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունման արդյունքում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2-ի շրջանակներում Վերակառուցվող հատվածների կառուցման համար անհրաժեշտ տարածքները օրենքով սահմանված կարգով՝ համարժեք փոխհատուցմամբ կօտարվեն Հայաստանի Հանրապետությանը, ինչը թույլ կտա Ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերն ազատել 3-րդ անձանց իրավունքներից՝ ապահովելով Ծրագրի բնականոն ընթացքը:
-
Քննարկվել է
26.04.2022 - 11.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3213
Տպել