ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է՝
1) ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-419-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից, որի համաձայն նշված օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը պետք է ընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց (օրենքն ուժի մեջ է մտնում՝ 2022 թվականի հուլիսի 1-ից) հետո՝ երկու ամսվա ընթացքում:
2) ՀՀ վարչապետի 2022 թվականի փետրվարի 18-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 196-Ա որոշման հավելվածի ցանկի 3-րդ կետի պահանջներից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը:
1) Կանոնադրությամբ Հանձնաժողովի գնահատող անդամ լինելու համար սահմանվում են նոր չափանիշներ (ներկայումս գործում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012 թվականի մարտի 5-ի N 54-Լ հրամանը), այսինքն Կանոնադրության 8-րդ կետի պահանջների համաձայն՝ Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել որակավորման վկայական ունեցող այն գնահատողները, որոնք ունեն նվազագույնը հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ, իսկ 10-րդ կետի պահանջների համաձայն՝ Հանձնաժողովի անդամ չի կարող լինել այն անձը, ով չի բավարարում Կանոնադրության 8-րդ կետում սահմանված պահանջներին՝ դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, դատական կարգով զրկվել է Հանձնաժողովի անդամ նշանակվելու իրավունքից, տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը Հանձնաժողովի անդամ նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը, վերջին հինգ տարում Հանձնաժողովի եզրակացության հիման վրա, կոմիտեի ղեկավարի հրամանով որակավորման վկայականը դադարեցվել և գործողությունը ուժը կորցրած է ճանաչվել:
2) Կանոնադրության 9-րդ կետով սահմանվում են, որ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով օրենքով սահմանված ժամկետում կարող է առաջարկել մեկ գնահատողի թեկնածություն՝ պայմանավորված Հանձնաժողովի կազմը օբյեկտիվ և անաչառ ձևավորվելու հանգամանքով։
3) Կանոնադրությունում նախատեսված են Հանձնաժողովի անդամին վաղաժամկետ ազատման դրույթներ, որոնք կոչված են ապահովելու Հանձնաժողովի գնահատող անդամների՝ կանոնադրությամբ իրենց վերապահված պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև դրանց կատարման թերացման համար ենթարկել պատասխանատվության:
4) Հստակեցված են Հանձնաժողովի նախագահի, քարտուղարի, Հանձնաժողովի գնահատող անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց նկատմամբ կանոնադրությամբ կիրառվող սահմանափակումները:
5) Հաշվետվությունների ուսումնասիրության բազամակողմանիությունն ապահովելու և ուսումնասիրություններում անաչառությունը և օբյեկտիվությունը առավել բարձրացնելու նպատակով Կանոնադրության 19-րդ կետի 5-րդ ենթակետով ավելացվել է անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի նիստերին այլ մասնագետների ներգրավվելու Հանձնաժողովի նախագահի իրավունքը, որոնց կողմից ներկայացված կարծիքը, ինչպես նաև քննարկվող հարցի վերաբերյալ իրականացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները ներառվելու են նիստի արձանագրությունում:
6) Կանոնադրության 23-րդ կետով նախատեսվել է Հանձնաժողովի անդամի յուրաքանչյուր գնահատման աշխատանքի ուսումնասիրության ժամանակ շահերի բախման բացակայության մասին հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ դրույթ, որը առավել կբարձրացնի Հանձնաժողովի աշխատանքի օբյեկտիվությունը:
7) Կանոնադրության 18-րդ կետով սահմանվում է նիստին ներկա Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի կողմից ընդունված որոշման հիման վրա, Հանձնաժողովի որևէ անդամի կամ այլ անձի նախաձեռնությամբ՝ Հանձնաժողովի նիստերի ընթացքի ձայնագրման կամ տեսանկարահանման իրականացումը, որը կապահովի Հանձնաժողովի աշխատանքների թափանցիկությունը, արդյունքում նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:
Նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի Կադաստրի կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումների 13-րդ կետի (13. Անշարժ գույքի շուկայի բարելավում և զարգացում) պահանջներից:
-
Քննարկվել է
06.04.2022 - 21.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 4240
Տպել