Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների լրամշակված նախագծեր
««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Առաջին, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման որոշ հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում:
- Երկրորդ, վերանայել փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և ներքին կառավարման իրականացման կարգը, մասնավորապես, նախատեսել նոր մասնագիտացված մարմին` կարգապահական հանձնաժողովը և ընդլայնել խորհրդի լիազորությունների շրջանակը:
- Երրորդ, հնարավոր շահերի բախումներից խուսափելու նպատակով առաջարկվում է բացառել մեկ մարմնի անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակյա ներգրավումը տարբեր մարմիններում (բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի՝ ի պաշտոնե խորհրդի նախագահ լինելու դեպքի:
- Չորրորդ, փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատաակով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և խորհրդի անդամների` քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջները։
- Հինգերորդ, առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձևավորման առումով: Ներկայիս կարգավորումների պարագայում պալատի նախագահը վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը, ավելին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդի կողմից ընտրվում և վերջինիս լիազորությունները դադարեցվում են պալատի նախագահի ներկայացմամբ: Նշվածի համատեքստում առաջարկվում է որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին խորհուրդը նշանակի ոչ թե պալատի նախագահի ներկայացմամբ, այլ խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունենա առաջադրել իր թեկնածուին, նույն գործընթացը առաջարկվում է կիրառել նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս: Նշվածը պայմանավորված է հանրային պաշտպանի գրասենյակի կարևոր դերակատարմամբ:
- Վեցերորդ, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում: Ներկայումս պալատի նախագահը ի պաշտոնե համարվում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ և նախագահ, իսկ փաստաբանական դպրոցի տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը նախագահի առաջարկությամբ: Այսպիսով, մեծ է պալատի նախագահի ազդեցությունը նաև փաստաբանական դպրոցի ղեկավար կազմի ձևավորման և գործունեության կանխորոշման հետ կապված հարաբերություններում: Սակայն, հաշվի առնելով փաստաբանական դպրոցի գործունեության կարևորությունը, վերջինիս անկախության համար երաշխիքների անհրաժեշտությունը և դրա ձևավորման գործընթացում կոլեգիալության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի փաստաբան անդամներին ընտրի խորհուրդը, որտեղ որպես դպրոցի կառավարման խորհրդի նախագահ ի պաշտոնե չի գործի պալատի նախագահը: Փոխարենը, փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը իր կազմից կընտրի իր նախագահին: Ինչ վերաբերում է փաստաբանական դպրոցի տնօրենին, ապա առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի ցանկացած անդամ հնարավորություն ունենա առաջադրել իր թեկնածուին, որն էլ խորհրդի կողմից կընտրվի տնօրեն:
- Յոթերորդ, վերանայել փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրության վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը` այդ մարմինների հնարավոր ներկայացվածությունն ապահովելու նպատակով:
- Ութերորդ, վերանայել կարգապահական վարույթի ընթացքը կարգավորող դրույթները, ինչպես նաև սուբյեկտներին՝ ձևավորելով կարգապահական հանձնաժողով, սահմանել կարգապահական վարույթի շրջանակներում փաստաբանական գաղտնիքի պահպանման երաշխիքներ:
- Իններորդ, նախատեսել վերապատրաստումներին չմասնակցելու, անդամավճարները չվճարելու կամ անհատույց իրավաբանական օգնության տրամադրման մասին հաշվետվություններ չտրամադրելու հիմքով հարուցվող կարգապահական վարույթների և դրանց քննության պարզեցված կարգ:
- Տասներորդ, վերանայել փաստաբանի որակավորման քննությունների անցկացման կարգը, որպես այլընտրանք նախատեսելով նաև առանց փաստաբանական դպրոց ընդունվելու որակավորման քննություններին մասնակցության հնարավորությունը, որոշակի պահանջների պահպանման դեպքում:
- Տասնմեկերորդ, ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը:
- Տասներկուերորդ, նախատեսել մեխանիզմներ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով:
- Տասներերքերորդ, նախատեսել կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները և շրջանակները, երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը:
-
Քննարկվել է
24.03.2022 - 08.04.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4628
Տպել