ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է բազմազավակ ընտանիք հասկացությունը, կարգավիճակը և Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակը, սկզբունքները, տեսակներն ու ֆինանսավորման աղբյուրները:   

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բազմազավակ ընտանիք` Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիք, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը ստանալու համար դիմելու պահին ծնել և (կամ) որդեգրել են և խնամում են չորս և ավելի  երեխա: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները.

2) բազմազավակ ծնողներ (ծնող)` օրենքով սահմանված կարգով ամուսնության մեջ գտնվող մայր և հայր, որոնք ծնել և (կամ) որդեգրել են և խնամում են չորս և ավելի երեխա կամ չորս և ավելի  երեխա ծնած կամ որդեգրած և խնամող ընտանիքի միակ ծնող.

3) բազմազավակ ծնողին հավասարեցված անձ` առանց ծնողների մնացած (ծնողների (կամ միակ ծնողի) մահվան, ծնողական իրավունքից զրկելու, անգործունակ ճանաչվելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու, oրենքով սահմանված կարգով մահացած, անհայտ բացակայող ճանաչվելու, անհայտ լինելու, տևական ժամանակով առողջապահական կազմակերպությունում կամ ազատազրկման վայրերում գտնվելու, երեխաների նկատմամբ ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում) չորս և ավելի երեխա խնամող այլ անձ.

4) բազմազավակ ընտանիքի երեխա` բազմազավակ ծնողի կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձի խնամքի տակ գտնվող, միևնույն բնակության վայրում հաշվառված և փաստացի բնակվող երեխա (ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայող` մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը և միջին կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորող` մինչև ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քան 23 տարին լրանալը).

5) բազմազավակ ընտանիքի անդամ` բազմազավակ ծնողը (ծնողները) կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձը և բազմազավակ ընտանիքի երեխաները:

  Հոդված 3.  Բազմազավակ ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

  1. Բազմազավակ ընտանիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 4Բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակը

1.Բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակն է`

  • բավարարել բազմազավակ ընտանիքների առաջնահերթ պահանջմունքները` սույն օրենքով սահմանված աջակցության տեսակներին և գնահատված կարիքներին համապատասխան,
  • նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը,
  • կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը,
  • բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
  • Քննարկվել է

    05.09.2017 - 22.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

05.09.2017 12:27

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20034

Տպել