Հիշել նախագիծը

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծեր

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով (այսուհետ նաև` Օրենք) սահմանված են ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվությունների տրամադրման նպատակով վճարման ենթակա տեղական տուրքերի դրույքաչափերը, իսկ կառուցապատման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում` ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման կարգն ու ժամկետները, նախատեսված են Կառավարության` 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ (այսուհետ նաև` Որոշում)։ Հարկ է նշել, որ ներկայումս Որոշմամբ նախատեսված են փաստաթղթերի տրամադրման ընթացակարգեր՝ որոշակի ժամկետներում, սակայն օրենսդրությունը հնարավորություն չի տալիս ավելի բարձր վճարներ վճարելու պայմանով այդ փաստաթղթերը ստանալ արագացված ընթացակարգով, ինչպիսի օրինակ առկա է գույքի նկատմամբ իրավունքների գրանցման դեպքում։ Նման ընթացակարգերի տարբերակումը հնարավորություն կտա քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման՝ Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետները դիտարկել արագացված ընթացակարգի շրջանակներում, իսկ սովորական ընթացակարգի դեպքում այդ ժամկետները կդառնան առավել օբյեկտիվ, ի տարբերություն գործող ժամկետների:

Նման տարբերակումը նաև արդյունավետ կարող է լինել համայնքի կողմից իրականացվող գործողությունների և մատուցվող ծառայությունների դիմաց առավել ողջամիտ և արդարացի փոխհատուցումների համակարգ ունենալուն՝ շինարարության աճող տեմպերին և համայնքի աշխատակազմի ծանրաբեռնվածության մեծացմանը զուգահեռ: Նշված համատեքստում հարկ է անդրադառնալ, օրինակ, Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված վիճակագրական տվյալներին։ Այսպես, Երևանի քաղաքապետարանի կողմից՝

2016 թվականին տրամադրվել է թվով 1124 շինարարության թույլտվություն, 666 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 586 ավարտական ակտ.

2017 թվականին տրամադրվել է թվով 1799 շինարարության թույլտվություն, 1008 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 467 ավարտական ակտ.

2018 թվականին տրամադրվել է թվով 1480 շինարարության թույլտվություն, 1788 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 532 ավարտական ակտ.

 2019 թվականին տրամադրվել է թվով 2612 շինարարության թույլտվություն, 1853 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 497 ավարտական ակտ.

 2020 թվականին տրամադրվել է թվով 2964 շինարարության թույլտվություն, 1600 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 374 ավարտական ակտ.

 2021 թվականին տրամադրվել է թվով 3044 շինարարության թույլտվություն, 1863 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 529 ավարտական ակտ[1]։

Վերոնշյալ վիճակագրության վերլուծության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ, օրինակ, Երևան քաղաքում 2016 թվականից ի վեր խիստ նկատելի է  շինարարության թույլտվությունների (հետևաբար, նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման դեպքերի թվի աճը։ Արդյունքում, քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման արագացված կարգ սահմանելու  նպատակի իրագործման համար առավել բարձր  տեղական տուրքի դրույքաչափեր սահմանելիս հնարավոր կլինի նաև ապահովել  աշխատակազմի վարձատրության վերանայման և աշխատակազմի թվի աճի հնարավորությունը: Վերոնշյալի համատեքստում հարկ է նաև նշել, որ տեղական տուրքերի նշված դրույքաչափերը 2016 թվականից ի վեր չեն վերանայվել։

Կարևոր է նաև նշել, որ գործող իրավակարգավորումների պայմաններում իրավասու մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում շինարարության թույլտվության չտրամադրման դեպքում որոշակիորեն սահմանված չեն կառուցապատողի համար առաջ եկող հետևանքները: Առկա խնդրի լուծման նպատակով կատարվել է նաև միջազգային փորձի ուսումնասիրություն: Մասնավորապես, ուսումնասիրվել է դրական ֆիկցիայի մոդելը,որը պատմականորեն ձևավորվել է կողմերին աջակցելու նպատակով այն դեպքերում, երբ վարչական մարմնի կողմից սահմանված ժամկետներում վարչարարություն չի իրականացվում:  Դրական ֆիկցիայի ինստիտուտը պատմականորեն զարգացել է Ֆրանսիայում և Իսպանիայում, սակայն ներկայումս ընդհանուր խնդիր է ԵՄ և ՏՀԶԿ անդամ պետությունների համար: Ընտրված մոդելի տրամաբանությամբ դրական ֆիկցիան իրավական հիմք է անձանց իրավունքների ճանաչման և լիցենզիաների տրամադրման համար այն դեպքերում, երբ սահմանված ժամկետներում վարչարարություն չի իրականացվում[2]:

Այսպես, Ֆրանսիական Հանրապետության Քաղաքաշինության օրենսգրքով նախատեսված են հստակ ժամկետներ, որոնք կիրառելի են շինարարության թույլտվության տրամադրման կանոնակարգի նկատմամբ։ Նշված ժամկետը երկու ամիս է: Բացի այդ, հարկ է նշել, որ օրենսգիրքը նախատեսում է այս ժամկետից բացառություն՝ նախատեսելով մինչև վեց ամիս ժամկետի երկարաձգելու հնարավորություն, օրինակ, այն դեպքերում, երբ ապագա շենքը գտնվելու է պահպանվող գոտում: Ժամկետի երկարաձգումը կարող է պայմանավորված լինել խորհրդատվություն ստանալու անհրաժեշտությամբ։ Հարկ է նշել, որ հիմնական միտումն ուղղված է շինարարության թույլտվության տրամադրման ընթացակարգի արագացմանը։ Այդ նպատակով ընդունվեցին մի շարք օրենսդրական ակտեր՝ ուղղված լայնածավալ կառուցապատումների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման ժամկետների կրճատմանը: Կատարված օրենսդրական փոփոխությունների նպատակն էր կրճատել շինարարության թույլտվության տրամադրման ընթացակարգի տևողությունը, ինչը հսկայական տնտեսական ազդեցություն ունեցավ։ Այսպիսով, նպատակը անհրաժեշտ որոշման տրամադրման վերջնաժամկետը կրճատելը և իրավասու վարչական մարմիններին արագ գործել պարտադրելն է: Այսպես, սահմանված ժամկետի ընթացքում որոշում չկայացնելու դեպքում, շինարարության թույլտվությունը համարվում է տրամադրված: Սակայն իրավասու վարչական մարմինը կարող է վերացնել շինարարության թույլտվություն տալու մասին ֆիկցիոն որոշումը՝ մերժման մասին որոշում կայացնելով՝ ֆիկցիոն որոշումը տրված համարվելու վերջնաժամկետը լրանալուց հետո։ Քաղաքաշինության օրենսգիրքն այս համատեքստում սահմանում է որոշակի պահանջները, քանի որ ֆիկցիոն որոշումը վերացնելը շոշափում է դիմումատուի իրավունքները: Այսպես, օրենսգրքի համաձայն՝ շինարարության թույլտվության վերացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ֆիկցիոն որոշումն անօրինական է և թույլատրվում է դրական ֆիկցիոն որոշումն ընդունված համարվելուց հետո երեք ամսվա ընթացքում: Քաղաքաշինության օրենսգրքով նախատեսում են նաև այն դեպքերը, երբ վարչական մարմնի լռությունը չի կարող համարվել դրական ֆիկցիա, այն է՝ երբ պահաջվում է պշտպանության նախարարության թույլտվությունը, երբ նախագիծը վերաբերում է պատմական հուշարձան հանդիսացող շինություններին, երբ նախագիծը ենթադրում է քանդման հատուկ թույլտվություն և այլն[3]:

Լեհաստանի Հանրապետության «Շինարարության մասին» օրենքը սահմանում է շինարարության որոշ տեսակների համար վարչական համաձայնություն ստանալու հատուկ ռեժիմ: Շինարարության թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնելու փոխարեն ներդրողը կարող է վարչական մարմնին տեղեկացնել նախագծի մասին, որին վարչական մարմինը կարող է վարչական որոշմամբ առարկել ծանուցումն ստանալու պահից 21 օրվա ընթացքում: Եթե վարչական մարմինը սահմանված ժամկետում չի առարկում, լռությունը համարվում է համաձայնություն[4]:

  Ամփոփելով կատարված վերլուծությունը՝ կարող ենք եզրակացնել, որ շինարարության թույլտվությունների տրամադրման գործընթացում դրական ֆիկցիայի ինստիտուտը կիրառվում է նաև ԵՄ անդամ երկրների կողմից և կարևոր երաշխիք է դիտարկվում կառուցապատողների իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից: Հիմք ընդունելով նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները՝ նախագծում առաջարկվել են կառուցապատողների իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով լուծումներ:

Հարկ է նաև նշել, որ ներկայումս «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը կամ դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ: Իսկ նույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական գոտիավորման նախագիծը կամ դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները: Այս առումով կարևոր է նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի  14.3-րդ հոդվածի 32-րդ մասով նախատեսված է, որ արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Նշված նորմը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ներկայումս օրենսդրությամբ սահմանված է համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը կազմելու և դրանք համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու պարտականություն: Ավելին, 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը արգելվում է: Նշվածը նորմերի կատարումն ապահովելու նպատակով ՎԻՎՕ օրենսգրքի նախագծով վարչական պատասխանատվություն է սահմանվել համայնքի ղեկավարի կողմից նշված պարտականությունը չկատարելու համար, իսկ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով հստակ նախատեսվել են այն ժամկետները, երբ համայնքի ղեկավարը պետք է ավագանու հաստատմանը ներկայացնի նշված փաստաթղթերը: Կարևոր է նաև նշել, որ քաղաքաշինության իրականացման ոլորտում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորություների պատշաճ իրականացման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան փոփոխությունների կատարել վարչական պատասխանատվություն սահմանող հոդվածների սանկցիաներում:

Հարկ է նաև նշել, որ կառուցապատման ոլորտում իրականացվելիք բարեփոխումների շրջանակներում կարևորվում է նաև նախագծային փաստաթղթերի օրինակելի ձևերի առկայության վերաբերյալ հասարակության իրազեկման ապահովումը, որի նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել համայնքի պաշտոնական համացանցային կայքում տեղադրվող տեղեկատվության ցանկում: Հետագայում նախատեսվում է նաև փոփոխություններ և լրացումներ կատարել Որոշմամբ սահմանված իրավակարգավորումներում:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախածերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթով առաջարկվում է սահմանել կառուցապատման ոլորոտում անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացի վերաբերյալ նոր իրավակարգավորւոմներ:

Մասնավորապես, Նախագծերով առաջարկվում են հետևյալ կարգավորումները.

2.1. Նախատեսվում է սահմանել կառուցապատման իրականացման համար անհրաժեշտ որոշ փաստաթղթերի (ճարտարապետահատակագծային առաջադրանք չպահանջվելու դեպքում ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտության դեպքում տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ, ճարտարապետահատակագծային առաջադրանք,շինարարության թույլտվություն) տրամադրման արագացված ընթացակարգ։ Այս նպատակով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ)  սահմանվել են կառուցապատման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի արագացված կարգով տրամադրման նպատակով վճարվող տեղական վճարի նոր տեսակներ, ինչպես նաև սահմանվել են քաղաքաշինական գործունեության իրականացման համար տրամադրվող փաստաթղթերը արագացված կարգով տրամադրելու դեպքում տեղական տուրքի դրույքաչափեր: Այսպես.

1) Օրենքի նախագծով սահմանվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքի, իսկ այն դեպքերում, երբ ճարտարապետահատակագծային առաջադրանք չի պահանջվում, սակայն առկա է ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտություն՝ տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների արագացված կարգով տրամադրման համար տեղական վճարներ: Նշենք, որ ներկայումս նշված փաստաթղթերի տրամադրումը անվճար է: Նշված կարգավորումը չի փոփոխվում նաև նախագծով, քանի որ նոր իրավակարգավորումները վերաբերում են նշված փաստաթղթերը արագացված կարգով տրամադրելուն: Կարևոր է նաև նշել, որ փաստաթղթերի արագացված կարգով տրամադրման հնարավորությունը ևս նոր իրավակարգավորում է, որը սահմանվելու է Կառավարության` 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ:

2) Օրենքի նախագծով սահմանվել է իրավակարգավորում, որի համաձայն՝ կառուցապատման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերն օրենսդրությամբ նախատեսված արագացված կարգով ստանալու մասին դիմում ներկայացրած լինելու դեպքում՝ համայնքի վարչական տարածքում քաղաքաշինական գործունեության իրականացման դեպքում  տեղական տուրքը վճարվում է սահմանված դրույքաչափերիկրկնապատիկի չափով, մարզի վարչական կենտրոնում՝ եռապատիկի չափով, իսկ Երևան քաղաքում՝ քառապատիկի չափով: Նշենք, որ փաստաթղթերի արագացված կարգով տրամադրման կարգը սահմանվելու է Կառավարության` 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ:

3) Օրենքի նախագծով սահմանվել են տեղական տուրքի կամ վճարների վերադարձման նոր դեպքեր: Այսպես, իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետներում ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների արագացված կարգով տրամադրման կամ մերժման վերաբերյալ վարչական ակտ չկայացնելու դեպքում վճարված տեղական տուրքը ենթակա է վերադարձման, իսկ շինարարության կամ քանդման թույլտվությունը արագացված կարգով տրամադրման կամ մերժման վերաբերյալ վարչական ակտ չկայացնելու դեպքում ենթակա է վերադարձման վճարված տեղական տուրքի կեսը: Այսպիսով, այն դեպքերում, երբ տեղական վճարը  կամ տուրքը վճարվել են փաստաթղթերն արագացված ընթացակարգով ստանալու համար, սակայն դրանք չեն տրամադրվել սահմանված ժամկետում, ապա, ըստ Օրենքի նախագծի, վճարված գումարի կեսը (արագացված կարգով ստանալու համար ավելի վճարված գումարը) կամ գումարն ամբողջությամբ (ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների դեպքում, քանի որ սովորական ընթացակարգով ստանալու դեպքում առկա չէ տեղական վճար մուծելու պարտականություն) ենթակա է վերադարձման:

2.2. «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, որոնց համաձայն.

1) Համայնքի ղեկավարը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը, իսկ համայնքի ավագանին մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Հարկ է նշել, որ ներկայումս Քաղաքաշինության մասին օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասով նախատեսված է, որ արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Այսպիսով, Օրենքի նախագծով նշված նորմի սահմանման նպատակը համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի վրա կառուցապատման իրականացման գործընթացի շարունակականության ապահովումն է:

2) Եթե ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից Կառավարության սահմանած ժամկետում չի տրամադրվում շինարարության թույլտվություն, ապա շինարարության թույլտվությունը միջին, միջինից բարձր և բարձր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտից հետո համարվում է տրամադրված: Օրենքի նախագծով սահմանվել են նաև նման դեպքերում կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքների իրականացումը սկսելու ժամկետները՝ ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի: Ընդ որում, նշված ժամկետում շինարարության թույտվությունը մերժելու հիմքերի առկայության դեպքերում թույտվության տրամադրումը մերժվում է:  

2.3. «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ ՎԻՎՕ օրենսգրքի նախագիծ) նախատեսվել են հետևյալ իրավակարգավորումները.

1) Ներկայումս համայնքի ղեկավարի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելու կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելու համար որպես վարչական պատասխանատվություն նախատեսված է համայնքի ղեկավարի նկատմամբ նախազգուշացման  կիրառումը: ՎԻՎՕ օրենսգրքի նախագծով որպես նշված արարքի կատարման սանկցիա սահմանվել է տուգանք վարչական տույժի տեսակը: Ավելացվել  է նաև մեկ տարվա ընթացքում նույն արարքը վարչական տույժի միջոցների կիրառումից հետո կատարելու դեպքում կիրառվող տուգանքի չափը:

2) ՎԻՎՕ օրենսգրքի նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 157.6-րդ հոդվածը՝ հստակեցնելով հոդվածի դիսպոզիցիան և սահմանելով որպես սանկցիա կիրառվող տուգանքի սահմանաչափերը:

3) Վարչական պատասխանատվություն է սահմանվել համայնքի ղեկավարի կողմից համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ավագանու հաստատմանը չներկայացնելու համար: Ընդ որում, վարչական պատասխանատվության ենթարկման իրավասությունը վերապահվել է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (մասնավորապես, տեսչական մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին): Նշված իրավակարգավորումը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2.4 «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր կարգավորում, որի համաձայն՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքում պետք է հասանելի լինեն նաև քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից կիրարկման մեջ դրված ճարտարապետաշինարարական օրինակելի նախագծերը:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Մշակված նախագծերի հիմնական նպատակն է նախատեսել նոր իրավակարգավորումներ՝ ուղղված շինարարության ոլորտում առկա պրակտիկ խնդիրների լուծմանը :

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

[1] Տե՛ս https://www.yerevan.am/am/quarterly-statistics/ 18.02.2022 դրությամբ։

[2] Տե՛ս Chevalier E. (2020) Silence in the French Administrative System: A Failed Revolution?. In: Dragos D., Kovač P., Tolsma H. (eds) The Sound of Silence in European Administrative Law. Palgrave Macmillan, Cham, էջ 22, https://doi.org/10.1007/978-3-030-45227-8_4 :

 

[3] Տե՛ս Chevalier E. (2020) Silence in the French Administrative System: A Failed Revolution?. In: Dragos D., Kovač P., Tolsma H. (eds) The Sound of Silence in European Administrative Law. Palgrave Macmillan, Cham, էջ 116, https://doi.org/10.1007/978-3-030-45227-8_4 :

[4] Jurkowska-Gomułka A., Kurczewska K., Kurzępa-Dedo K., Sześciło D. (2020) Administrative Silence: A Polish Perspective. In: Dragos D., Kovač P., Tolsma H. (eds) The Sound of Silence in European Administrative Law. Palgrave Macmillan, Cham, էջ 439-440, https://doi.org/10.1007/978-3-030-45227-8_14 :

  • Քննարկվել է

    25.02.2022 - 12.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3962

Տպել