Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

----- ------------- 2022 թվականի N ----- -Ն 

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

……-ի N …-Ն որոշման 

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն հավելվածով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • որակավորված անձնական օգնական` անկախ կյանքի կենտրոնների կողմից որակավորված ֆիզիկական անձ, որն իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը և (կամ) աջակցում (օգնում) հաշմանդամություն ունեցող անձին՝ կայացնելու որոշումներ, հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու).
  • որակավորում չունեցող անձնական օգնական` որակավորում չունեցող ֆիզիկական անձ, որն իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը և (կամ) աջակցում (օգնում) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու).
  • անկախ կյանքի կենտրոն` կազմակերպություն, որը հաշմանդամություն ունեցող անձանց մատուցում է նրանց կարիքների գնահատման, անկախ կյանքի հմտությունների ձևավորման, անձնական օգնականի, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման, հոգեբանական և նշված ծառայությունների հետ փոխկապակցված այլ ծառայություններ.
  • խնամքը` հաշմանդամություն ունեցող անձանց` իրենց հարազատ սոցիալական միջավայրում ապրելու և հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ «Սոցիալական աջակցության մասին» օրենքին համապատասխան տրամադրվող օգնությունն է:
  1. Անձնական օգնականի ծառայությունը մատուցվում է պայմանագրի հիման վրա` համաձայն սույն հավելվածի ձև 1-ի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:
  2. Անձնական օգնականի ծառայությունն իրականացվում է պետության կողմից ֆինանսավորմամբ, համաֆինանսավորմամբ, հաշմանդամություն ունեցող անձի (օրինական ներկայացուցչի) միջոցների հաշվին կամ կողմերի համաձայնության դեպքում` անվճար հիմունքներով: 
  1. ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 
  1. Անձնական օգնականի ծառայության հիմնական նպատակներն են.
  • աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների և ազատությունների լիակատար իրականացմանը,
  • աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, իրենց համայնքում ներառվելու, այդ թվում` հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքների իրականացմանը,
  • խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի մատչելիությանը,
  • բացառել հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը համայնքից:
  1. Անձնական օգնականի ծառայության հիմնական սկզբունքներն են.
  • հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների արժանապատվության նկատմամբ հարգանքը,
  • հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների,
  • հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների նկատմամբ հարգանքը և իրազեկ համաձայնությունը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների անձնական տվյալների գաղտնիությունը,
  • անձնական օգնականի բարեխղճությունը,
  • անձնական օգնականի ծառայության համալիրությունը,
  • անձնական օգնականի ծառայության պատշաճությունը,
  • կամայական միջամտության անթույլատրելիությունը:
  1. Անձնական օգնականի ծառայությունը, այդ թվում` անձնական օգնականի ընտրությունն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի, իսկ վերջինիս կամքը և ցանկությունը բացահայտելու անհնարինության դեպքում` օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:
  2. Անձնական օգնականի ծառայությունն իրականացնելիս երաշխավորվում է հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) մասնակցությունը հաշմանդամություն ունեցող անձի հետ կապված ցանկացած որոշման կայացմանը:
  3. Անձնական օգնականի ծառայությունն իրականացնելիս հայտնի դարձած անձնական տվյալները ենթակա են պաշտպանության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան:
  4. Անձնական օգնականի ծառայությունն իրականացվում է համալիր եղանակով` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձի պահանջմունքների և կարիքների ամբողջական բավարարումը:
  5. Անձնական օգնականի ծառայություն իրականացնելիս բացառվում է որևէ անձի կամ մարմնի, այդ թվում` անձնական օգնականի կամայական միջամտությունը հաշմանդամություն ունեցող անձի որոշումների կայացմանը: 
  1. ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ 
  1. Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ (բացառությամբ 15 տարին լրացած անձի կողմից իր ծնողներին, քրոջը, եղբորը, տատին, պապին անձնական օգնություն տրամադրելու դեպքի), ով ունի անձնական օգնականի ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի:
  2. Ցանկացած անձ, ով բավարարում է սույն որոշման 12-րդ կետով, ինչպես նաև անկախ կյանքի կենտրոնների կողմից սահմանված լրացուցիչ պահանջներին, կարող է դիմել այդ կենտրոններին` անձնական օգնականի որակավորում ստանալու համար:
  3. Անձնական օգնական չի կարող լինել այն անձը`
  • ով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար, և դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված չէ,

2) ով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 18-րդ գլխով, 143-148-րդ հոդվածներով և 20-րդ գլխով նախատեսված հանցագործությունների համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,

3) ում նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում,

4) ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

5) ով անկախ կյանքի կենտրոնի կողմից հանվել է որակավորված անձնական օգնականների ցուցակից, և որակավորման դադարեցումից հետո չի անցել երկու տարի: 

  1. ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ 
  1. Անձնական օգնականի ծառայությունը ներառում է.
  • հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, և (կամ)
  • աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու):
  1. Հաշմանդամություն ունեցող անձի խնամքը իր անկախ ապրելու (ներառյալ այլ անձի աջակցությամբ) և համայնքում ներառվելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:
  2. Հաշմանդամություն ունեցող անձի խնամքը ներառում է օգնություն վերջինիս`
  • անձնական հիգիենան պահպանելու,
  • հագուստ կրելու և այն հանելու,
  • սնունդ ընդունելու,
  • բնական կարիքները հոգալու,
  • սեփական առողջությանը հետևելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու,
  • սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու,
  • կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն):
  1. Սույն գլխի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աջակցությունը ենթադրում է, որ անձնական օգնականը.
  • աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին տեղաշարժվելու տանը ևդրսում,
  • ուղեկցում է հաշմանդամություն ունեցող անձին որևէ վայր այցելության ժամանակ (կրթական, մշակութային, սպորտային միջոցառումների, խմբակների մասնակցելու, աշխատանքի վայր այցելելու և այլն),
  • աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին հաղորդակցվելու, այդ թվում` վերջինիս ցանկությամբ կոնկրետ անձանց կամ մարմինների դիմելու, տեղեկություններ ներկայացնելու և ստանալու,
  • նկարագրում է հաշմանդամություն ունեցող անձին շրջակա միջավայրի հիմնական տեսողական, ձայնային և շոշափողական առանձնահատկությունները, աջակցում է որոշելու տարածության մեջ գտնվելու վայրը՝ տարածական կողմնորոշիչների միջոցով:
  1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով սահմանված կարգով անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքների հիման վրա մշակվում է ծառայությունների անհատական ծրագիրը:
  2. Ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) տրամադրվում է անձնական օգնականի ծառայություն:
  3. Ծառայությունների անհատական ծրագիրը պարունակում է, ի թիվս այլնի, հաշմանդամություն ունեցող անձի կարիքների մանրամասն շարադրանքը:
  4. Հիմք ընդունելով ֆունկցիոնալության գնահատման արդյունքները` ծառայությունների անհատական ծրագրում կարող է նշում կատարվել որակավորված անձնական օգնական ունենալու նախապատվության մասին:
  5. Հաշմանդամություն ունեցող անձը (նրա օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի հրաժարվելուանձնական օգնականի ծառայությունից:
  6. Ծառայությունների անհատական ծրագրով` անձնական օգնականի ծառայության համար նախատեսված գումարը վճարվում է հաշմանդամություն ունեցող անձին (նրա օրինական ներկայացուցչին):
  7. Անձնական օգնականն ընտրվում է հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից:
  8. Որակավորված անձնական օգնական ունենալու համար հաշմանդամություն ունեցող անձը (նրա օրինական ներկայացուցիչը) դիմում է անկախ կյանքի կենտրոնին` ներկայացնելով ծառայությունների անհատական ծրագիրը և հաշմանդամություն ունեցող անձի պահանջները:
  9. Սույն որոշման 20-րդ կետով նախատեսված դեպքում որակավորված անձնական օգնականն ընտրվում է անկախ կյանքի կենտրոնի կողմից առաջարկված թեկնածուների ցանկից:
  10. Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա:
  11. Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ՝ ներառելով նաև անձնական օգնականի և (կամ) նրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն ու գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին` այդ թվում որակավորված անձնական օգնականին առաջարկած անկախ կյանքի կենտրոններին:
  12. Սույն գլխով նախատեսված պայմանագիրը ներկայացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
  13. Պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է անկախ կյանքի կենտրոնների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված կարգով: 
  1. ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԵՎ ԱՅՆ ՍՏԱՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. Հաշմանդամություն ունեցող անձը (նրա օրինական ներկայացուցիչը) անձնական օգնականի ծառայության առնչությամբ ունի հետևյալ իրավունքները`
  • ստանալու տեղեկություններ անձնական օգնականի ծառայություն ստանալուիրավունքի, դրա իրականացման պայմանների և կարգի վերաբերյալ,
  • պահանջելու և ստանալուանձնական օգնականի ծառայություն՝ օրենքով սահմանված դեպքում,
  • ստանալու պատշաճ, իր կյանքի և առողջության համար անվտանգ, իր կարիքներին համապատասխանող ծառայություն,
  • մասնակցելու անձնական օգնականի ծառայության վերաբերյալ որոշումների կայացմանը,
  • վերապատրաստելու անձնական օգնականին (ներառյալ որակավորված անձնական օգնականը) ծառայությունների մատուցումից առաջ կամ ընթացքում,
  • համաձայնություն տալու կամ հրաժարվելու ինչպես անձնական օգնականի ծառայությունից, այնպես էլ այդ ծառայության իրականացման ընթացքում կատարվող գործողություններից,
  • կատարելու փոփոխություններ անձնական օգնականի հետ կնքած պայմանագրում կամ հրաժարվել դրա կատարումից,
  • բողոքարկելու անձնական ծառայության հետ կապված պետական մարմինների (պաշտոնատար անձանց) որոշումները, գործողություններն ու անգործությունը:
  1. Հաշմանդամություն ունեցող անձը (նրա օրինական ներկայացուցիչը) անձնական օգնականի հետ հարաբերություններում պարտավոր է`
  • ներկայացնելանձնական օգնականի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ և հավաստի տվյալներ,
  • նպաստել անձնական օգնականի պարտականությունների պատշաճ կատարմանը և չխոչընդոտելդրանց,
  • անձնական օգնականի ծառայության համար հատկացված միջոցները և ծառայությունն օգտագործել նպատակային,
  • հարգել անձնական օգնականի արժանապատվությունը և իրավունքները,
  • պայմանագրով նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել անձնական օգնականի աշխատանքի համար:
  1. Անձնական օգնականը պարտավոր է`
  • բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները,
  • հարգանքով և հոգատարությամբ վերաբերվել հաշմանդամություն ունեցող անձին և նրա կայացրած որոշումներին,
  • անձնական օգնականի ծառայության մեջ ներառվող գործողությունները և դրանց կատարման նախընտրելի ձևերը համաձայնեցնել հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) հետ,
  • նպաստել հաշմանդամություն ունեցող անձի` անկախ կյանք վարելու և համայնքում ներառվելու իրավունքների իրացմանը,
  • բացառել նրա մեկուսացումը համայնքից,
  • իր պարտականությունների պատշաճ կատարման համար համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և անկախ կյանքի կենտրոնների հետ,
  • չսահմանափակել և չխոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձին` իրականացնելու օրենքով նախատեսված իր իրավունքները` բացառությամբ վերջինիս կյանքին անմիջական վտանգ սպառնալու դեպքերի,
  • հաշմանդամություն ունեցող անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի առաջացման կամ դրա հավանականության դեպքում դիմել համապատասխան մարմիններին,
  • միջոցներ ձեռնարկել անձնական օգնականի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համար,
  • չհրապարակել և չօգտագործելծառայությունների մատուցման ընթացքում հայտնի դարձած անձնական տվյալները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
  • այլ անձանց անձնական օգնականի դերը համատեղությամբ ստանձնելու ցանկության դեպքում ստանալ հաշմանդամություն ունեցող անձի համաձայնությունը:
  1. Որակավորված անձնական օգնականը, ի թիվս վերոնշյալ պարտականությունների, պարտավոր է մասնակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով սահմանված տարեկան պարտադիր վերապատրաստումներին:

Ձև N 1 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

քաղ./գյուղ                                                                                          օր/ամիս/տարի

 

_________________________________ն (օրինական ներկայացուցիչը)` (անձնագիր՝ ______________, տրված ___________թ., _____-ի կողմից, բնակվող____________________), (այսուհետ` պատվիրատու), մի կողմից և _______________________-ն (անձնագիր՝ ______________, տրված ___________թ., _____-ի կողմից, բնակվող____________________), (այսուհետ` կատարող), (եռակողմ պայմանագրի դեպքում` կողմի տվյալները) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին: 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն պայմանագրի համաձայն պատվիրատուն պատվիրում, իսկ կատարողը պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված պայմաններով և Կառավարության--------- որոշմանը համապատասխան մատուցել անձնական օգնականի ծառայություններ:

1.2. Պայմանագրի առարկան ներառում է օգնություն կատարողի կողմից պատվիրատուին`

  • անձնական հիգիենան պահպանելու,
  • հագուստ կրելու և այն հանելու,
  • սնունդ ընդունելու,
  • բնական կարիքները հոգալու,
  • սեփական առողջությանը հետևելու` այդ թվում դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու,
  • սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու,
  • կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն),
  • աջակցելու հաշմանդամություն ունեցող անձին տեղաշարժվելու տանը և դրսում,
  • ուղեկցելու հաշմանդամություն ունեցող անձին որևէ վայր այցելության ժամանակ (կրթական, մշակութային, սպորտային միջոցառումների, խմբակների մասնակցելու, աշխատանքի վայր այցելելու և այլն),
  • աջակցելու հաշմանդամություն ունեցող անձին հաղորդակցվելու, այդ թվում` վերջինիս ցանկությամբ կոնկրետ անձանց կամ մարմինների դիմելու, տեղեկություններ ներկայացնելու և ստանալու,
  • նկարագրելու հաշմանդամություն ունեցող անձին շրջակա միջավայրի հիմնական տեսողական, ձայնային և շոշափողական առանձնահատկությունները, աջակցելու որոշելու տարածության մեջ գտնվելու վայրը՝ տարածական կողմնորոշիչների միջոցով: 
  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Կատարողն իրավունք ունի`

2.1.1. պատվիրատուին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև անկախ կյանքի կենտրոնին ներկայացնելու ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ.

2.1.2. Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված կարգը երկու անգամ խախտելու դեպքում՝ հրաժարվել սույն պայմանագրի կատարումից:

2.2. Կատարողը պարտավոր է`

2.2.1. անձամբ և բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները,

2.2.2. հարգանքով և հոգատարությամբ վերաբերվել հաշմանդամություն ունեցող անձին և նրա կայացրած որոշումներին,

2.2.3. անձնական օգնականի ծառայության մեջ ներառվող գործողությունները և դրանց կատարման նախընտրելի ձևերը համաձայնեցնել հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) հետ,

2.2.4. նպաստել հաշմանդամություն ունեցող անձի` անկախ կյանք վարելու և համայնքում ներառվելու իրավունքների իրացմանը,

2.2.5. բացառել նրա մեկուսացումը համայնքից,

2.2.6. իր պարտականությունների պատշաճ կատարման համար համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և անկախ կյանքի կենտրոնների հետ,

2.2.7. չսահմանափակել և չխոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձին` իրականացնելու օրենքով նախատեսված իր իրավունքները` բացառությամբ վերջինիս կյանքին անմիջական վտանգ սպառնալու դեպքերի,

2.2.8. հաշմանդամություն ունեցող անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի առաջացման կամ դրա հավանականության դեպքում դիմել համապատասխան մարմիններին,

2.2.9. ծառայությունները մատուցել պատվիրատուի հետ համաձայնեցրած ժամանակացույցին և ֆինանսական միջոցներին համապատասխան.

2.2.10. միջոցներ ձեռնարկել անձնական օգնականի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համար,

2.2.11. չհրապարակել և չօգտագործել ծառայությունների

մատուցման ընթացքում հայտնի դարձած անձնական տվյալները` բացառությամբ օրենքով

նախատեսված դեպքերի,

2.2.12. այլ անձանց անձնական օգնականի դերը համատեղությամբ ստանձնելու ցանկության դեպքում ստանալ հաշմանդամություն ունեցող անձի համաձայնությունը:

2.2.12. եռամսյակային հաշվետվություն ներկայացնել ակնախ կյանքի կենտրոնին իր կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ:

2.3. Պատվիրատուն իրավունք ունի`

2.3.1. վերապատրաստելու անձնական օգնականին ծառայությունների մատուցումից առաջ կամ ընթացքում,

2.3.2. համաձայնություն տալու կամ հրաժարվելու ծառայության իրականացման ընթացքում կատարվող գործողություններից,

2.3.3. կատարողից պահանջելու վերացնել հայտնաբերված թերությունները,

2.3.4. կատարելու փոփոխություններ սույն պայմանագրում կամ հրաժարվել դրա կատարումից:

2.4. Պատվիրատուն պարտավոր է`

2.4.1. ներկայացնել անձնական օգնական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ և հավաստի տվյալներ,

2.4.2. սույն պայմանագրով սահմանված կարգով ծառայության մատուցման արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` դրա մասին հայտնել կատարողին.

2.4.3. նպաստել անձնական օգնականի պարտականությունների պատշաճ կատարմանը և չխոչընդոտել դրանց,

2.4.4. անձնական օգնականի ծառայության համար հատկացված միջոցները և ծառայությունն օգտագործել նպատակային,

2.4.5. պայմանագրով նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել անձնական օգնականի աշխատանքի համար:

2.5. Պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության, անկախ կյանի կենտրոնը (եռակողմ պայմանագրի դեպքում) իրավունք ունի`

2.5.1. աջակցելու անձնական օգնականին,

2.5.2. պատվիրատուին մատուցելու նրանց կարիքների գնահատման, անկախ կյանքի հմտությունների ձևավորման, անձնական օգնականի, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման, հոգեբանական և նշված ծառայությունների հետ փոխկապակցված այլ ծառայություններ:

2.6. Պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության, անկախ կյանի կենտրոնը (եռակողմ պայմանագրի դեպքում) պարտավոր է`

2.6.1. վերահսկողություն իրականացնել պայմանագրի կատարման նկատմամբ,

2.6.2. տնային այցերի, առանձնազրույցների կամ այլ միջոցների գործադրմամբ հավաստիանալ մատուցվող ծառայության պատշաճության մեջ,

2.6.3. անձնական օգնականի ծառայության պատշաճ կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել կատարողին: 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

3.1. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարը կազմում է --------------------- դրամ:

3.2. Վճարումը կատարվում է մինչև սույն պայմանագրով նախատեսված աշխատանքների ամբողջովին կատարման ամսվան հաջորդող ամսի 15-ը՝ կողմերի միջև համաձայնեցված կարգով: 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.2. Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտման կամ ոչ պատշաճ կարգով կատարման արդյունքում պատվիրատուին կամ դիմողին պատճառված վնասները ենթակա են հատուցման կատարողի կողմից` լրիվ ծավալով:

4.3. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասն օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով` անկախ կյանքի կենտրոնի ներգրավմամբ, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

5.1. Սույն պայմանագրով և սույն պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

6.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

6.2. Սույն պայմանագիրը կնքվում է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

6.3. Սույն պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

6.4. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու հետևանքով՝ պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ շաբաթ առաջ:

6.5. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով: 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պատվիրատու

Կատարող

 

 

Հասցե`

Հասցե`

Հեռ.`

Հեռ.`

Էլ. փոստ`

Էլ. փոստ`

 

 

 

ՀՎՀՀ՝

 

 

(անուն, ազգանուն)

(անուն, ազգանուն)

 

 

(ստորագրություն)

(ստորագրություն)

 

  • Քննարկվել է

    23.02.2022 - 10.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8760

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.03.2022

Պայմանագրի 3.2.կետը շարադրել հետեւյալ խմագրությամբ «Վճարումը կատարվում է մինչև սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների ամբողջ ծավալի մատուցումը՝ կատարման ամսվան հաջորդող ամսի 15-ը՝ կողմերի միջև համաձայնեցված կարգով: Ծառայությունների մատուցման ծավալի ամբողջականությունը կազմում է սույն պայմանագրով նախատեսված ամսական կտրվածքով ծառայությունների մատուցումը՝ ըստ անհրաժեշտության։»

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.03.2022

Պայմանագրի 3.1. կետում, նշել, թե արդյոք վճարը ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը եւ այլ վճարները։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.03.2022

Կարգի 34-րդ կետի տասնմեկերորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «այլ անձանց անձնական օգնականի դերը համատեղությամբ ստանձնելու ցանկության դեպքում ստանալ հաշմանդամություն ունեցող անձի համաձայնությունը, եթե Պայմանագրով նախատեսված է այդ համաձայնություն ստանալու պարտադիրության պայմանի վերաբերյալ նշում:»

Տեսնել ավելին