ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Մաքսային օրենսգիրք) 58-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը կատարվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքերը, ինչպես նաև դրանց փոփոխման պայմանները և կարգը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ դրանք վճարվում են:

Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված եմ մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորության տրամադրման ժամկետները ու հիմքերը, իսկ 60-րդ հոդվածով սահմանված են մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորությունից օգտվելու համար գանձվող տոկոսները: Ընդ որում,  Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի`

1) 1-ին կետով` տոկոսներ վճարելու պայմանով ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրվում է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 1 ամիս ժամկետով,

2) 2-րդ կետով` առանց տոկոսներ վճարելու ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում Է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով՝  նույն  կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում (մասնավորապես, տարերային աղետի, տեխնոլոգիական աղետի կամ անհաղթահարելի ուժ հանդիսացող այլ հանգամանքների հետևանքով ներմուծման մաքսատուրքեր վճարող անձին վնաս պատճառվելը, անդամ պետությունների՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից Միության մաքսային տարածք տնկանյութ կամ սերմանյութ, բույսերի պաշտպանության միջոցներ, տոհմային անասնաբուծության օբյեկտներ (տոհմային գյուղատնտեսական կենդանիներ, թռչուններ, ձուկ և տոհմային անասնաբուծության այլ օբյեկտներ), տոհմային արտադրանք (նյութեր), կենդանիներին կերակրելու համար օգտագործվող արտադրանք ներմուծելը կամ դրանք նշված կազմակերպությունների համար մատակարարելը),

3) 3-րդ կետով` տոկոսներ վճարելու պայմանով ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրվում է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով, եթե այդ ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվել են արդյունաբերական վերամշակման մեջ օգտագործելու նպատակով, այդ թվում՝ հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց լրամասերի և պահեստամասերի ներմուծումը:

ՀՀ հարկային օրենսգրքով «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկվում ու վճարվում է ԱԱՀ, ակցիզային հարկ` ակցիզային հարկով հարման ենթակա ապրանքերի և բնապահպանական հարկ` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար: Ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկի գումարների վճարման ժամկետները սահմանված են յուրաքանչյուր հարկատեսակի մասով` առանձին հոդվածներով:

Ապրանքների ներմուծման մասով հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքերը, ինչպես նաև դրանց փոփոխման պայմաններ և կարգ հարկային օրենսգրքով սահմանված չեն:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի գումարների վճարման ժամկետների փոփոխման հիմքերը, դրանց փոփոխման պայմաններն և կարգը, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումների (պակասեցումների) մասով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, գումարները կարող են հետաձգվել կամ տարաժամկետ վճարվել Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներով`  մեկ կամ վեց ամիս, նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայությամբ,

2) հարկերի գումարների վճարման ժամկետի հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասով մաքսային մարմնի կողմից պետք է ընդունվի համապատասխան որոշում` Կառավարության սահմանած կարգով,

3) վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու դեպքում պետք է վճարվի տոկոսներ` Մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով` մաքսատուրքի մասով գանձվող տոկոսների չափով:  Ընդ որում, հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից օգտվելու յուրաքանչյուր օրվա համար, սկսած «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից մինչև ներմուծման հարկերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը, վճարվելու են տոկոսներ: Տոկոսները ենթակա են վճարման վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) 1/360-րդի չափով, որը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ, և պետք է վճարվեն ներմուծման հարկերը վճարելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ,

4) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի գծով մաքսային մարմիններին վճարելու դեպքում այդ գումարները ենթակա կլինեն օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման):

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար հաշվարկված հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ (ՀՀ կառավարության 12.08.2021թ. N1323-Լ որոշման խմբագրությամբ) հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 2 նպատակի` Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում, 2.1.4 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է մաքսային գործառնությունների պարզեցմամբ` ապահովել մաքսային հսկողության առավել արագ և դյուրին իրականացումը, որի շրջանակներում նախատեսվում է նախնական հայտարարագրման գործընթացն ավելի գրավիչ դարձնելու նպատակով մաքսային վճարների վճարման հետաձգման մեխանիզմի ներդրում (2.1.4 միջոցառման «գ» ենթակետ):

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը  «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար հաշվարկված հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:

  • Քննարկվել է

    25.01.2022 - 09.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3647

Տպել