Հիշել նախագիծը

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 675-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 675-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1 Անհրաժեշտությունը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։

Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։

Ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել միայն այն արտադրանքը, որը ներառված է վերոնշյալ միասնական ցանկում։ Ազգային օրենսդրությունը գործում է մինչև ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգի ընդունումը, ներառյալ անցումային դրույթների գործողության ժամկետը։

Այս համատեքստում մշակվել է սույն նախագիծը, որի գործողությունը տարածվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող, ծխախոտահումք չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող արտադրանքի վրա։

 Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող (այսուհետ՝ ՆՊԱ) էլեկտրոնային (էլեկտրականությամբ կամ մարտկոցային) եղանակով աշխատող արտադրանքը, որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լցանյութի գոլորշացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։

Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ չեն սահմանված և ԵԱՏՄ և ազգային տեխնիկական օրենսդրությամբ։ Այդ արտադրանքը մարդու առողջության համար կարող է վտանգ ներկայացնել, ուստի ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված ցանկում կատարվել են փոփոխություններ և 67-րդ տողով տվյալ արտադրանքը ավելացվել է, որպես տեխնիկական կանոնակարգման ենթակա օբյեկտ։ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակված վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է սույն նախագիծը։

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Քանի որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ամրագրված է, որ անդամ պետությունը կարող է սահմանել պարտադիր պահանջներ (տեխնիկական կանոնակարգեր) միայն այն արտադրանքի նկատմամբ, որը ներառված է ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված ցանկում, ուստի այդ ցանկում նոր արտադրատեսակով (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) ավելացման արդյունքում մշակվել է ազգային նոր տեխնիկական կանոնակարգ։

4Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն իրավական ակտի նախագծի նպատակը նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ) կանոնակարգումն է, շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման և համապատասխանության գնահատման նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումն է, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը:

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

6Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը և համապատասխան տեխնիկական կանոնակարգի առկայությունը, ինչպես նաև մարդու առողջության համար վտանգի ռիսկերի նվազեցումը:

7 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։

  • Քննարկվել է

    03.01.2022 - 20.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5623

Տպել

Առաջարկներ`

Hovhannes Manvelyan

19.01.2022

Որպես բժիշկ ուրախ եմ, որ վերջապես Հայաստանում ևս ծխելու վնասակար սովորության մասին օրենսդրական թարմացումներ են կատարվում։ Ծխելու խնդիրը իրոք շատ արդիական և կարևոր է մեր երկրի համար։ Իմ բազմամյա պրակտիկայում նկատել եմ, որ ծխողների մեծամասնությունը փորձում է հրաժարվել սիգարետից ու ձախողվում է։ Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել Մեծ Բրիտանիայում տարածում գտած մոտեցումը, այն է՝ ծխելը թողնելու ճանապարհին պացիենտին ուղղորդել դեպի այլընտրանքային նիկոտինի մատակարարման եղանակ։ Cancer Research UK-ի և UK Centre of Disease Prevention and Control-ի կողմից կատարված հետազոտությունները (հղումները՝ ստորև)ցույց են տալիս, որ այլընտրանքի միջոցով սիգարետից հրաժարվելը ավելի արդյունավետ է, քան առանց անցումային այդ փուլի։ Բացի այդ, ներկայումս առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են էլեկտրոնային եղանակով նիկոտին մատակարարող սարքերի՝ սովորական սիգարետի համեմատ առողջության համար ավելի քիչ ռիսկեր պարունակելու մասին։ Բոլոր այլընտրանքները՝ էլեկտրոնային սիգարետ, ծխախոտը տաքացնող համակարգ, ունեն մեկ ընդհանրություն․որ ի տարբերություն սովորական սիգարետի չեն արտազատում ծուխ, որը հիվանդացության հիմնական պատճառն է։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, Պարկինսոնի հիվանդացությունով հիվանդների մոտ նիկոտինի կտրուկ արգելափակումը սաստիկ վատացնում է նյարդաբանական դեֆիցիտը, բերելով նորանոր բարդությունների: Միևնույն ժամանակ, ծայրահեղ կարևոր է ճիշտ հաղորդակցությունը, որի համատեքստում սարքերը ծառայում են որպես ծխելը թողնելու անցումային փուլ ու նախատեսված են միմիայն ծխողների համար։ https://www.cancerresearchuk.org/about-us/we-develop-policy/our-policy-on-preventing-cancer/our-policy-on-tobacco-control-and-cancer/our-policy-on-e-cigarettes https://www.cdc.gov/tobacco/data_statistics/sgr/2020-smoking-cessation/fact-sheets/adult-smoking-cessation-e-cigarettes-use/index.html Հարգանքով պրոֆ. Հովհաննես Մանվելյան ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի վարիչ

Վիգեն Հակոբյան

19.01.2022

Ի հավելումն այն վտանգին, որ ծխելը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է հանդիսանում, այն նաև բազմաթիվ երկրներում բնակելի շրջանների հրդեհների կամ հրդեհների հետևանքով մահացության հիմնական պատճառն է: Իրականում, ծխախոտի հրդեհները գերազանցում են հրդեհների մյուս տեսակներին, ինչը կազմում է հրդեհից մահացածների մոտավորապես 10 տոկոսը: ԱՄՆ-ում ծխողների թվի նվազումից հետո հրդեհների թիվը նույնպես նվազել է՝ վկայելով նրանց միջև հստակ պատճառահետևանքային կապի մասին։ Հետևաբար, ավելի խելամիտ է այրվող ծխախոտի նկատմամբ ավելի խիստ վերաբերմունք ցուցաբերել: Երբ հաշվի ենք առնում երկրորդային ծխի և շրջակա ծխողների վրա դրա ազդեցությունը, ծխախոտի արտադրանքները, որոնք այրվում են, ավելի վտանգավոր են շրջակա միջավայրի համար քան բոլոր մյուս այլընտրանքները՝ էլեկտրոնային սիգարետները, ծխախոտի տաքացման համակարգերը եւ այլ

Կարեն Քոչարյան

19.01.2022

Շատ լավ նախաձեռնություն է՝ վերջապես ծխախոտի ցանկացած փոխարինիչի համար անվտանգության տեխնիկական կանոնակարգ սահմանելը։ Եթե արտադրանքը կա շուկայում, պետք է ենթարկվի գոնե նվազագույն պահանջներին։ Զարմանալի է, որ չգտա տաքացվող ծխախոտի վերաբերյալ ոչ մի նորմ՝ չնայած Հայաստանի շուկայում այդ այլընտրանքը նույնպես գոյություն ունի։ Ուստի կարևոր եմ համարում ներառել այս փաստաթղթի մեջ նաև տաքացվող ծխախոտին վերաբերվող բաժին։ Հատկապես անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ եթե սիգարետի դեպքում գործ ունենք միայն գլանակների հետ, այս դեպքում օգտագործման մեխանիզմը և արտադրանքը տարբերվում է սիգարետից՝ կա էլեկտրոնային սարք, որը նույնպես պիտի անպայման կարգավորվի ըստ կանոնակարգի։

Տեսնել ավելին