Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ 1) ԵՎ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ 2) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

                                                      

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագիծ 1.

 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացման պայմանների և հնարավորությունների ստեղծմամբ:

2015 թվականից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անչափահասների հանրակրթությունը չի ապահովվել:

Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) քրեակատարողական հիմնարկներում հանրակրթություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2  և 251-Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ: Նախարարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 19-ի N 1398-Ա/2 հրամանով հաստատվել է Կազմակերպության կողմից մշակված ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները (այլընտրանքային/հեղինակային/կրթական ծրագիր): Վերոգրյալի արդյունքում Կազմակերպությանը համապատասխան ֆինանսավորումը հատկացվելուց հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից, վերջինս իրականացնում է ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված՝ մինչ 19 տարեկան անձանց հանրակրթությունը:

Ներկայումս «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Սակայն դատապարտյալների շրջանում բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, որ դատապարտյալը, օրինակ, 35 տարեկան է, բայց ունի 2-րդ կամ 5-րդ դասարանի կրթություն:

Ներկայումս 2021 թվականի փետրվար ամսվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում գտնվող թերի միջնակարգ կրթություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց շուրջ 300 է։

2013թ. սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանով սահմանված՝ «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Հայաստանի Հանրապետության դասակարգիչը» առանց տարրական կրթության՝ անձի համար մասնագիտություն կամ մասնագիտացում չի սահմանում: Ուստի անհրաժեշտ է վերոնշյալ տարիքային շեմը փոփոխել և այդ անձանց համար հանրակրթություն իրականացնել, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված անձի կրթության իրավունքը:

«Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնակարգ կրթությունը պարտադիր է: ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ դատապարտյալն ունի հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու իրավունք: Նույնաբովանդակ դրույթ է նախատեսված նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածով:

Եվրոպական բանտային կանոնների համաձայն՝ ազատությունից զրկման ցանկացած վայրում պետք է ապահովվեն ազատությունից զրկված բոլոր անձանց հասանելիությունը կրթական ծրագրերին՝ հնարավորինս ապահովելով դրանց բազմակողմանիությունը և հաշվի առնելով անձի անհատական պահանջմունքներն ու ցանկությունները: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ազատությունից զրկված անչափահասների կրթությանը[1]։

«Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի (Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ից:) 1-ին հոդվածում ամրագրված է. 1. Սույն Կոնվենցիայի նպատակի համար «խտրականություն» հասկացությունը ներառում է ցանկացած տարբերակում, բացառություն, սահմանափակում կամ նախապատվություն՝ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքի, ազգային կամ սոցիալական պատկանելության, տնտեսական դրության կամ ծննդի հիմքով, ինչի նպատակը կամ հետևանքն է կրթության բնագավառում հավասար վերաբերմունքի վերացումը կամ խախտումը, մասնավորապես.

ա) որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը,

բ) որևէ անձի կամ անձանց խմբի կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը,

գ) որևէ անձի կամ անձանց խմբի համար կրթական առանձին համակարգեր կամ ուսումնական հաստատություններ ստեղծելը կամ պահպանելը, բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթներով,

դ) որևէ անձի կամ անձանց խմբի մարդկային արժանապատվությանն անհարիր պայմաններ պարտադրելը:

  1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կրթություն» հասկացությունը վերաբերում է կրթության բոլոր տեսակներին ու մակարդակներին և ներառում է կրթություն ստանալու հնարավորությունը, կրթության ստանդարտն ու որակը, ինչպես նաև կրթություն տալու պայմանները::

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է փաստել, որ «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված անձի պարտադիր հանրակրթություն ստանալու մինչև 19-ը տարին լրացած լինելու տարիքային ցենզն առաջին հերթին հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու «Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի կոնվենցիային: Միևնույն ժամանակ, պետությունը 2015 թվականից առ այսօր ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անչափահասների ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և մի շարք այլ օրենքներով նախատեսված անձի կրթության իրավունքն ապահովելու իր պոզիտիվ պարտականությունը չի իրականացրել:

Ուստի, «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված անձի պարտադիր հանրակրթություն ստանալու մինչև 19-ը տարին լրացած լինելու տարիքային ցենզ սահմանելը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու «Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի կոնվենցիային, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Այս համատեքստում հարկ է նկատել, որ Սովետական Միությունում 20-րդ դարի սկզբին համընդհանուր անգրագիտության վերացման կապակցությամբ տեղի ունեցան հայտնի իրադարձություններ։ Մասնավորապես՝ փորձելով օգնել ոչ գրագետ մեծահասակներին՝ 1919 թվականի դեկտեմբերի 26-ին բոլշևիկներն ընդունեցին «Անգրագիտությունը վերացնելու մասին» որոշում, որն ընդհանուր առմամբ հայտնի էր Լիկբեզ (ликвидации безграмотности բառի հապավում) անվամբ, որով սկսվեց հավակնոտ արշավ 1923-1927թթ.-ներին։ Պատմական հենց այս իրադարձությունը (Լիկբեզը) հիմք հանդիսացավ ուղղիչ աշխատանքային հիմնարկներում (գաղութներում) կրթական գործունեության նոր փուլի։ Արդյունքում 1920 թվականին ստորագրվեց «Կալանքի ընդհանուր վայրերի մասին կանոնակարգը», որով պարտադիր կրթություն սահմանվեց բոլոր 50 տարեկանը չլրացած բանտարկյալների համար։ Այս դրույթը պարունակում էր ոչ միայն դատապարտյալների կրթական գործընթացը կարգավորող նորմերի համակարգի նկարագրություն, այլև նկարագրում էր բանտարկյալների հետ կրթական աշխատանքը: Նշված ժամանակահատվածի վերջին տարիներին պատիժ կրող անձանց կրթության մակարդակի բարձրացումը հանդես էր գալիս ուղղիչ աշխատանքային հաստատության հաջողության մաս։ Նախատեսվում էր կիսագրագետ և ոչ գրագետ (անգրագետ) անձանց համար եռամսյա 12-ժամյա շաբաթական ծանրաբեռնվածություն, իսկ գրագետ անձանց համար՝ վեցամսյա դասընթացներ՝ շաբաթական 12-24-ժամյա ծանրաբեռնվածությամբ։ Այդ գործընթացում առանձին դերակատարում էր ստանում նաև հեռակա ուսուցումը, որի առնչությամբ որոշ հաստատություններում ներդրվում է հեռավար ուսուցման կազմակերպչի պաշտոն[2]: Փոփոխությունների և զարգացումների այդ գործընթացի արդյունքում 10 տարի անց բանտերում կրթությունը դարձավ առավել առարկայական, և արդեն 1930-ական թթ.-ներին բանտային աշխատողները պետք է ուշադրություն դարձնեին պատիժ կրող անձանց հետ կրթական և մշակութային հետևյալ աշխատանքներին.

  • Դպրոցի աշխատանքների քիչ տոկոսը բանտարկյալների շրջանում անգրագիտությունն արմատախիլ անելը և նրանց ինքնակրթության մղելն է։
  • Գրագետ բանտարկյալների հետ դասերը պետք է անցկացվեն ամեն օր՝ առնվազն 1 ժամ, իսկ գրագիտության վատ հմտություններ ունեցողների հետ` առնվազն շաբաթը 2 անգամ։
  • Բոլոր անգրագետ և կիսագրագետ մարդիկ պարտավոր են հաճախել դպրոց, եթե նրանց 50 տարեկանը դեռ չի լրացել։

Մոլդովայի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ ՔԿՀ) իրականացվող կրթական գործընթացը կարելի է բնութագրել անհատականացված։ Ինչպես նախորդի պարագայում, այստեղ ևս կրթության իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ (հոդված 35)։ Հետաքրքիր տարբերություն է այն հանգամանքը, որ քրեակատարողական օրենսգրքով նախատեսվում է պատժի կրման անհատականացում և պլանավորում, որը ենթադրում է պատիժ կրող անձի նկատմամբ անհատական մոտեցումների կիրառում։ Վերջինիս շրջանակում որպես ուղղման միջոց են դիտարկվում դաստիարակչական աշխատանքները, մասնագիտական պատրաստումը և հանրակրթությունը (հոդված 167)։ ՔԿՀ-ներում կրթության նպատակ է դիտարկվում «... նրանց համամարդկային համընդհանուր արժեքներին ծանոթացնելը, օրենքին հնազանդեցումը, սոցիալական օգտակար հմտությունների զարգացումը, ինչպես նաև գիտակցության և մշակութային մակարդակի բարձրացումը» (հոդված 242)։ 2009 թվականին Մոլդովայի քրեակատարողական ծառայության կողմից հաստատվել է «Բանտարկյալի համար քրեական պատժի կատարման պլանավորման անհատական ծրագիր»-ը, որի հիման վրա 2018 թվականին մշակվել է մեծահասակ և անչափահաս դատապարտյալների համար վերասոցիալականացման անհատական պլանների մեթոդաբանություն։ ՔԿՀ–ներում բուն կրթության կազմակերպման տեսանկյունից՝ ընդհանուր միջնակարգ կրթությունը կազմակերպվում է անչափահասների համար՝ համաձայն կրթության, արդարադատության և ֆինանսների նախարարության համատեղ որոշման։ Գործող օրենսդրությունը նախատեսում է միջոցառումներ նաև մեծահասակ բանտարկյալների կողմից միջնակարգ կրթության՝ նրանց կողմից ցանկության պարագայում։

Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունում  կրթության իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ (հոդված 35), իսկ Քրեակատարողական օրենսգրքով սահմանվում են կրթության որոշ ձևեր, որոնց կարող են հասանելիություն ունենալ բանտարկյալները պատժի կրման ընթացքում։ Միևնույն ժամանակ, դեռևս հստակեցված չեն դրանց մեխանիզմներն ու իրականացման ընթացակարգերը։ Կրթության կազմակերպման տեսանկյունից հանրակրթությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված ուսումնական հաստատության կողմից։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար հանրակրթական ծրագրերի (բազային ֆորմալ կրթություն) իրականացումը դրական արդյունք է տալիս վերջիններիս վերասոցիալականացման գործում (ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Եգիպտոս և այլն)։ Մասնագետները հստակ նշում են, որ վերոնշյալ անձանց հանրակրթության իրավունքի ապահովումը գործոնային ազդեցություն է ունենում պետության համար. մի կողմից հանրակրթության միջոցով ապահովվում է դատապարտյալների և կալանավորված անձանց նվազագույն գրագիտության մակարդակը, իսկ մյուս կողմից այդ բազային կրթությունը միջոց է, որ այդ անձը հնարավորություն ունենա աշխատաշուկայի պահանջներին համահունչ այլ կրթական մակարդակում կրթությունը շարունակելու (ֆորմալ և ոչ ֆորմալ)։ Սակայն մասնագիտական կարծիքի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար հանրակրթական ծրագրերի իրականացումն էապես արդյունավետ է լինում, երբ պետությունը, բացի Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր բազային կրթությունից, միջոցներ է ձեռնարկում այդ անձանց կրթական հետագա մակարդակներում կրթությունը (ֆորմալ և ոչ ֆորմալ) շարունակելու և նրանց զբաղվածության խնդիրները լուծելու առումով, ինչի արդյունքում վերոնշյալ անձինք, իրենց նվազագույն գրագիտության մակարդակն ապահովելուց բացի, հնարավորություն են ունենում աշխատաշուկային համահունչ մասնագիտացում ձեռք բերել և որպես անհատ ինքնադրսևորվել, որը պետության համար տնտեսական (ՀՆԱ) առումով նաև դրական ցուցանիշ է ապահովում (դատապարտյալներն ու կալանավորված անձինք ռեսուրս սպառողից այն արտադրող են դառնում)[3]:

1952 թվականին Դանիայում ընդունվել է բանտային կրթության կանոնակարգը, որով  կրթությունը պետք է կազմակերպվեր խմբային կերպով, հնարավորության դեպքում աշխատանքային զբաղվածության ժամերից հետո:  Այն ամրագրում էր նաև կրթության պարտադիր պահանջը  մինչև 30 տարեկան բոլոր պատիժ կրող անձանց համար․ նրանք պետք է մասնակցեն դանիերենի, հիմնական գրագիտության, ինչպես նաև մաթեմատիկայի, քաղաքացիական դաստիարակության դասընթացներին: Ըստ անհրաժեշտության այս ցանկում կարող էին ներառվել նաև այլ առարկայական ուղղություններ։ 1968թ.-ին դանիական արդարադատության նախարարությունը ձևավորեց կրթական հանձնաժողով՝ գնահատելու համար  պատիժ կրող անձանց կրթական գործունեության բովանդակության և կազմակերպման արդյունավետությունը, ներառյալ մասնագիտական ուսուցման և այլ հիմնախնդիրները։ Հանձնաժողովի զեկույցը հրապարակվեց 1973թ.-ին՝ եզրահանգմամբ, որ  պատիժ կրող անձանց կրթությունը չի համապատասխանում երկրում հաստատված և գործող կրթական պահանջներին։ Վերհանված հիմնախնդիրները լուծելու համար կառավարության կողմից նույն հանձնաժողովին առաջարկ արվեց մշակելու ՔԿՀ-ներում և դրանից դուրս կրթության բարեփոխումների պլան։ Վերջինս ստացավ «Skadhauge» պլան անվանումն ի պատիվ կրթության հարցերով քրեակատարողական ծառայության խորհրդականի։ Այս պլանի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ բաց տիպի հիմնարկի բանտարկյալները ցերեկային ժամերին ազատվում էին կրթական գործունեության նպատակով, իսկ փակ տիպի ռեժիմով հիմնարկներում ստեղծվում էին համապատասխան պայմաններ, որոնք պետք է համահունչ լինեին երկրում գործող ընդհանուր կրթության համակարգի որակական պահանջներին։ «Skadhauge» պլանը հետագայում լայն տարածում գտավ նաև ողջ Եվրոպայում։

Նշված փոփոխությունները հանգեցրել են նրան, որ Դանիայում ՔԿՀ-ում կազմակերպվող կրթության և պետական կրթական համակարգի միջև ձևավորվել է  կայուն համագործակցության  ավանդույթ։ Տարիներ շարունակ պատիժ կրող անձիք հանձնում են նույն քննությունները և գնահատվում նույն գնահատման սանդղակով, ինչ բանտից դուրս կրթական ծրագրերում ընդգրկված մյուս մեծահասակները: Այս մոտեցումը հատկապես ամպրապնդվել է Մեծահասակների կրթության մասին օրենքի (2000թ.) ընդունմամբ, որով ՔԿՀ-ներում գտնվող դպրոցների մեծ մասին շնորհվել է «տեղական մեծահասակների կրթության կենտրոնների» կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս պատժից ազատվելուց հետո շարունակել կրթության համայնքային մեծահասակների կրթության կենտրոններում։ 

1998 թվականին Նորվեգիայի կրթության մասին օրենքում փոփոխություններով սահմանվում էր, որ չափահասները, ովքեր չեն ավարտել կամ ունեն թերի միջնակարգ կրթությունը, իրավունք ունեն շարունակելու իրենց ուսումնառությունը սեփական դիմումի համաձայն, իսկ չափահասության տարիքային շեմ դիտարկվում էր 25 տարեկանը, որի արդյունքում պատիժ կրող անձանց մեծամասնությունը (21-40 տարեկան) ստացավ միջնակարգ կրթության ամբողջական իրավունք։  Այս փոփոխություննեևով սահմանվում էր նաև «աշխատավայրում ընդհանուր մասնագիտական կրթություն» ստանալու իրավասությունը, որի արդյունքում։ ՔԿՀ-ներում գործող արհեստանոցները ձեռք բերեցին «կրթական աշխատավայրի» կարգավիճակ. դրանցում ընդգրկումը հավասարազոր էր մասնագիտական կրթության ստանալու կարգավիճակին։ Այդ աշխատավայրերում մեծ քանակությամբ անձանց ներգրավումը խրախուսելու համար ՔԿՀ վարչակազմն ընդգրկված յուրաքանչյուր պատիժ կրող անձի համար պետության կողմից ստանում էր հստակ չափով սահմանված լրացուցիչ գումար։ Միջնակարգ դպրոցների և նման կարգավիճակ ունեցող արհեստանոցների արդյունավետ համագործակցության արդյունքում ՔԿՀ-ներում ստեղծվում էին բոլոր հնարավորություններն ուսուցման արդյունավետ և շարունակական կազմակերպման համար:

Նորվեգիայում կրթության միջոցով պատիժ կրող անձի վերասոցիալականացումը պաշտոնապես հռչակվել է որպես քրեակատարողական ծառայության երկարաժամկետ գերակայություն։ Զարգացման այս փուլում, սակայն, քրեակատարողական համակարգի և դրանից դուրս գտնվող մարմինների մոտ դեռևս հստակ և միասնական պատկերացում չկար ՔԿՀ-ներում կրթության նպատակի, տեսական հիմքերի և իրականացման հնարավոր մոդելների կամ մեխանիզմների վերաբերյալ։ Այդ նպատակով ՔԿՀ-ի և կրթության մարմինների միջև սերտ նախաձեռնվեցին համագործակցային առարկայական քայլեր։ Որպես օրինակ՝ կարևոր սկզբունք համարվեց իրականացվող կրթական ծրագրերը համապատասխանեցնել պատիժ կրող անձանց կարիքներին, ինչպես նաև համագործակցել համայնքի կրթական մարմինների հետ անհրաժեշտ հմտությունները փոխանցելու համար: Նշված փոփոխությունների արդյունքների և ՔԿՀ-ում կրթության արդյունավետության մասին առաջին անգամ 2005 թվականին Նորվեգական կառավարությունն Ազգային ժողովում հանդես եկավ ՔԿՀ-ում կրթության վերաբերյալ հաշվետվությամբ, որում ներկայացվեց ՔԿՀ-ներում իրականացվող կրթության գործընթացի բարելավման և զարգացման ճանապարհային քարտեզ, որը կարող էր դրական ազդեցություն ունենալ նաև մյուս ոլորտների վրա։  Այս հաշվետվությունից արդյունքները նպաստեցին նրան, որ որոշ ժամանակ անց Նորվեգիայում գործող 52 բանտերից 46-ում սկսեցին գործել դպրոցներ, իսկ արդեն 2008 թվականից նորվեգական բոլոր բանտերում նախաձեռվեց կրթության կազմակերպման գործընթաց։  ՔԿՀ-ներում ֆորմալ կրթության համակարգում ներառվեցին տարրական և միջնակարգ դպրոցները, որակավորման բարձրացման դասընթացները, մասնագիտական ​​ուսուցումն ու բարձրագույն կրթությունը։

1980-ական թթ.-ներին Շվեդիայում համընդհանուր ապակենտրոնացման քաղաքականության արդյունքում ազգային գործակալություններից ՔԿՀ-ներում կրթության ֆինանսավորման պատասխանատվությունը տեղափոխվեց տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Կարճ ժամանակ անց՝ 1990թ.-ին կրթության և արդարադատության նախարարությունների համատեղ որոշման համաձայն՝ բանտերում կրթության ֆինանսական և գործնական պատասխանատվությունը ստանձնեց արդարադատության նախարարությունը՝ ի դեմս իր ենթակայությամբ գործող քրեակատարողական ծառայության: «Մեծահասակների կրթության մասին» օրենքում իրականացվեցին փոփոխություններ, որոնցով համայնքային մարմինները դադարում էին պատասխանատվություն ստանձնել իրենց համայնքում գտնվող բանտի կրթական գործունեության համար։ Արդյունքում քրեակատարողական ծառայությունը պատասխանատվություն և պարտավորություն էր ստանձնում ապահովել բանտերում պատիժ կրող անձանց՝ օրենքով նախատեսված կրթության իրավունքի իրացման նպաստավոր պայմաններ՝ վերադառնալով մինչ այդ գործող համակարգի տրամաբանությանը:

Նախագիծ 2.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացման պայմանների և հնարավորությունների ստեղծմամբ:

2015 թվականից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անչափահասների հանրակրթությունը չի ապահովվել:

Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) քրեակատարողական հիմնարկներում հանրակրթություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2  և 251-Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ: Նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի N 1398-Ա/2 հրամանով հաստատվել է Կազմակերպության կողմից մշակած ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները (այլընտրանքային/հեղինակային/կրթական ծրագիր): Վերոգրյալի արդյունքում Կազմակերպությանը համապատասխան ֆինանսավորումը հատկացվելուց հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից, վերջինս իրականացնում է ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթությունը:

Վերոնշյալ առաջարկությունների անհրաժեշտությունը բխում է այն բանից, որ հաշվի առնելով ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց՝ պահման, անվտանգության, նյութակենցաղային, շենքային, ինչպես նաև այդ անձանց սոցիալ-հոգեբանական, կրթամշակութային, վարքային և այլ առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է վերոնշյալ անձանց հանրակրթությունն իրականացնել հատուկ չափորոշիչներով մշակված այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրերի և հատուկ նրանց համար գործող առանձնահատուկ հանրակրթական դպրոցի միջոցով: Օրինակ՝ ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթությունը կարող է իրականացվել բազմահամակազմ կամ թերբեռնված դասարաններում՝ հաշվի առնելով հանրակրթություն ստացող ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահելու փաստը կամ, օրինակ, այն հանգամանքը, որ որոշ քրեակատարողական հիմնարկների տեղակայման (օրինակ՝ ՀՀ ԱՆ «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ և այլն) վայրով պայմանավորված՝ ուսուցիչների ուղևորափոխադրումը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում (այդ քրեակատարողական հիմնարկները հեռու են գտնվում բնակավայրերից և այնտեղ կանոնավոր ուղևորափոխադրումներ չկան) կամ ՔԿՀ-ներում ընդհանրապես ներառական կրթության կազմակերպաիրավական հարցերը կարգավորված չեն կամ հանրակրթություն ստացող դատապարտյալին մեկ ՔԿՀ-ից կամ այլ ՔԿՀ տեղափոխելու պարագայում՝ նրա՝ հանրակրթության կազմակերպաիրավական հարցերը կարգավորված չեն և նմանատիպ մի շարք այլ առանձնահատկություններ (օրինակ՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդված՝ ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը) և այլն:

     2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 Նախագծով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի և «Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի ուժով ապահովել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց (արդեն 19-ը տարին լրացած) կրթության իրավունքի իրացման իրական հնարավորությունը, ինչպես նաև հանրակրթության պատշաճ (արդյունավետ և որակով) իրականացման համար լուծել առկա կազմակերպաիրավական խնդիրները:

      3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով ակնկալվում է ապահովել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց՝ ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված՝ անձի կրթության իրավունքի իրական և արդյունավետ իրացումը:

      4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-L որոշման Հավելված N1-ի ՀՀ արդարադատության նախարարությանն առնչվող բաժնի 15.7-րդ կետի պահանջի կատարումը, որի համաձայն՝ ազատությունից զրկված անձանց համար նախատեսվում է իրականացնել հանրակրթություն՝ անկախ տարիքից:

 

      5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է 127 մլն ծախսի ավելացում:

Մասնավորապես՝ ըստ 2021 թվականի փետրվար ամսվա դրությամբ ունեցած տվյալների՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող թերի միջնակարգ կրթություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց թիվը մոտ 300 է: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում ոչ բոլոր դատապարտյալների և կալանավորված անձանց համար հնարավոր կլինի ապահովել հանրակրթական հիմնական ընդհանուր և (կամ) հանրակրթական առանձնահատուկ ծրագրեր՝ որպես ուղենիշ հիմք է ընդունվում առկա կարիքի մոտ 1/3-ի բավարարում կամ հանրակրթական ծրագրերի իրականացում տարեկան 100 անձի համար (ցուցանիշի համար հիմք են հանդիսացել դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում իրականացված հարցումները, ըստ որի՝ հարցվածների 1/3-ը ցանկություն ունի ներգավվել կրթական որևէ ծրագրում): Միաժամանակ, նկատի ունենալով կրթական ծրագրի շահառուների առանձնահատուկ կարգավիճակը, ինչպես նաև քրեակատարողական համակարգում առկա օրենսդրական կարգավորումները՝ նախատեսվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր առմամբ, ձևավորել մոտ 25 դասարան: Յուրաքանչյուր դասարանում սովորողների թվաքանակը նախատեսվում է սահմանել նվազագույնը՝ 1, առավելագույնը` 5 աշակերտ, սակայն որոշ դեպքերում կարելի է դասեր կազմակերպել ավելի շատ աշակերտների ներգրավմամբ: 1 աշակերտի տարեկան ուսումնառության միջին արժեքը նախատեսվում է սահմանել 1270.0 հազ. դրամ (համապատասխան հաշվարկը կցվում է): Հանրակրթական հիմնական ընդհանուր և (կամ) հանրակրթական առանձնահատուկ ծրագրեր իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից առաջին տարվա կտրվածքով նախատեսվում է 127000,0 հազ. դրամի հատկացում, իսկ հաջորդ տարիներին՝ մոտ 115000,0 հազ. դրամ: Ծախսերի հաշվարկների կատարման համար հիմք են ծառայել ինչպես հանրակրթական դպրոցների համար ներկայումս առկա պետական ֆինանսավորման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները, այնպես էլ մի շարք այլ գործոններ, որոնք օբյեկտիվորեն կապված են քրեակատարողական ոլորտի առանձնահատկությունների հետ և որոնք ծախսերի մեծության վրա կարող են էականորեն ազդեցություն ունենալ՝ մեծացնելով կամ նվազեցնելով դրանք: Քանի որ 2019 թվականից արդեն իսկ ՀՀ արդարադատության նախարության կազմում գործող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է մինչև 19 տարեկան դատապարտյալների և կալանավորված անձանց հանրակրթական ծրագրեր, ապա ծախսակազման գործընթացում նկատի են առնվել գործընթացում ներգրավված մասնագետների կողմից մատնանշված հիմնական այն գործոնները, հնարավորությունները և խոչընդոտները, որոնք էականորեն ազդեցություն են գործում ուսուցման արդյունավետության վրա (օրինակ՝ 1-ին դասարանում 5-ից ավել աշակերտների քանակը կարող է բացասաբար ազդել սովորողի ուսումնառության և դաստիարակության գործընթացի վրա, և հանրակրթական պետական չափորոշիչներին համապատասխան կրթության ապահովման մակարդակը որակապես կարող է տուժել, կամ, շատ դեպքերում, սովորողների համար, կապված մտավոր ու վարքային խնդիրներից, ուսուցանվողի՝ այլոց հետ նույն տարածքում գտնվելու հնարավորությունից ու նպատակահարմարությունից, անհրաժեշտ է կիրառել առանձնահատուկ պայմաններով կրթություն և այլն): Ուսուցումը նախատեսվում է իրականացնել առկա եղանակով, սակայն, անհրաժեշտության դեպքում, կարող է իրականացվել հեռավար:

Հաշվարկի մեջ ապրանքների ու նյութերի ձեռքբերման, ծառայությունների մատուցման համապատասխան արժեքների որոշման համար հիմք են հանդիսացել դրանց ինչպես 2021 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ առկա շուկայական միջին գները, այնպես էլ վիճակագրական հրապարակված տվյալները, նախորդ տարիներին նույն կամ նմանատիպ ապրանքների ու նյութերի ձեռքբերման, ծառայությունների մատուցման համադրելի գները:

Վարչական անձնակազմի աշխատավարձերի հաշվարկի համար հիմք են ծառայել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակրթական ծրագրերում ուղղակի ներգրավվող և պատասխանատու ղեկավար և մասնագիտական անձնակազմի՝ տնօրենի, կրթական ծրագրերի գծով պատասխանատու փոխտնօրենի, հանրակրթության համար պատասխանատու բաժնի ղեկավարի, հաշվապահի ներկայումս գործող հաստիքացուցակներով հաստատված աշխատավարձերի մեծության ¼ չափը, բացառությամբ ուսուցիչների, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվել է ամսական 200,0 հազ. դրամ՝ 1 ամբողջ դրույքային միավորի համար (շաբաթական 22 դասաժամ): Ուսուցիչների աշխատավարձը սահմանելիս նկատի է առնվել քրեակատարողական հիմնարկների՝ բնակավայրերից, հատկապես քաղաքներից տեղակայման հեռավորությունները, և աշխատավարձի այս չափը նպատակ ունի որոշակիորեն փոխհատուցել ուսուցչի ճանապարհավարձը, չնայած հիմնականում նախատեսվում է, որ ուսուցիչները պետք է լինեն տվյալ քրեակատարողական հիմնարկին մոտ գտնվող բնակավայրի բնակիչներ:

Հանրակրթական ծրագրերի իրականացման համար նախատեսվում է ներգրավել ևս 4 մասնագետի, որոնք պետք է վերահսկեն կրթության իրականացման պատշաճ որակը, մշակեն համապատասխան տվյալներ, օժանդակեն ուսուցչական անձնակազմին: Այս մասնագետների 1 հաստիքի համար համար նախատեսվում է 150,0 հազ. դրամ ամսական աշխատավարձ կամ 4 հաստիքի դեպքում՝ ամսական 600,0 հազ. դրամ:

Մեկ աշակերտին տրամադրվող գրենական պիտույքների, դիդակտիկ ու անհրաժեշտ այլ նյութերի միջին արժեքը, բացի տրամադրվող անհրաժեշտ դասագրքերի արժեքից, սահմանվել է մեկ կիսամյակի համար 4,0 հազ. դրամ, ինչը տարվա կտրվածքով կկազմի 8,0 հազ. դրամ: Ուսումնական դասագրքերի և օժանդակ գրականության ձեռքբերման պարագայում նկատի է առնվել, որ աշակերտին անհրաժեշտ դասագրքերի և այլ օժանդակ գրականության տրամադրումը կիրականացվի պետության կողմից՝ անվճար:

Հանրակրթական ծրագրերի իրականացման համար սահմանված կարգով փաստաթղթաշրջանառություն, հաշվառում և, ընդհանրապես, բնականոն գործունեություն ապահովելու նպատակով անհրաժեշտ գրասենյակային ապրանքներ և նյութեր, ձևաթղթեր, մատյաններ ձեռք բերելու համար մեկ կիսամյակի համար հաշվարկել է մեկ դասարանի հաշվով 10,0 հազ.դրամի ծախս կամ ընդհանուրը՝ 250,0 հազ. դրամի ծախս, ինչը մեկ տարվա կտրվածքով կկազմի 500,0 հազ. դրամ:

Տրանսպորտային ծախսերը ներառում են քրեակատարողական հիմնարկներ այցելությունների, գույք և սարքավորումներ տեղափոխելու համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսերը:

Այլ ապրանքների և նյութերի գծով ծախսերը ընդգրկում են նախորդ հոդվածներում չներառված ապրանքների ու նյութերի ծախսերը (օրինակ՝ պաշտպանիչ դիմակներ, ախտահանող միջոցներ, մալուխներ, էլեկտրական երկարացնող լարեր, համակարգչային տեխնիկայի համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր և այլն), որոնք տարվա կտրվածքով կկազմեն 500,0 հազ. դրամ:

Գործուղումների գծով ծախսը ենթադրում է մասնագետների կողմից մարզերում գտնվող քրեակատարողական հիմնարկներ պարբերաբար կատարվող այցելությունների գծով ծախս, իսկ մեկ գործուղումը ներառում է 2 օրվա օրապահիկ՝ ընդհանուրը 6000 դրամ, մեկ օրվա գիշերակաց՝ 5000 դրամ:

Կոմունալ, էներգետիկ, կապի և հեռահաղորդակցության ծախսերը ներառում են հանրակրթությունն իրականացնող կազմակերպության տվյալ տարվա նշված ուղղություններով իրականացվող լրացուցիչ ծախսերը՝ կապված գործունեության ընդլայնման, աշխատակիցների ծանրաբեռնվածության ավելացման ու նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման հանգամանքներով: Այս ծախսերը չեն ներառում քրեակատարողական հիմնարկներում դասերի իրականացման ժամանակ սենյակների ջեռուցման կամ հովացման, սպառված էլեկտրաէներգիայի, ջրի ու ջրահեռացման և նման այլ ծախսեր:

Շենքերի, կառույցների, ինչպես նաև մեքենաների ու սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերը ներառում են հանրակրթությունն իրականացնող կազմակերպության շենքային պայմանների, աշխատասենյակների բարելավման, ինչպես նաև մեքենաների ու սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծախսերը: Այս ծախսերը չեն ներառում քրեակատարողական հիմնարկներում ձևավորվող դասասենյակների ընթացիկ վերանորոգման ու կահավորման ծախսերը, բացի դասերի կազմակերպման համար աշակերտական անհաժեշտ գույքի համար նախատեսված ծախսերից (օրինակ՝ սեղան, աթոռ, գրատախտակ և այլ անհրաժեշտ գույք ձեռք բերելու ծախսեր):

Մասնագիտական և պայմանագրային այլ ծառայությունների գծով ծախսերը նախատեսված են հանրակրթությունն իրականացնող կազմակերպության կողմից ընդհանուր բնույթի ծառայությունների գծով ծախսերի, ինչպես նաև հանրակրթության  ոլորտի փորձագետ-մասնագետների ներգրավման և խորհրդատվության ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար:

Գույքի և սարքավորումնրի ձեռքբերման ծախսերը նախատեսված են 25 դասարանի աշակերտական և հանրակրթությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցների համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը հոգալու համար: Այս ծախսերը վերաբերում են ուսուցման ներդրման միայն առաջին տարվա համար և կրկին անհրաժեշտ կլինեն ձեռքբերվող գույքի ու սարքավորումների՝ լիազոր մարմնի կողմից սահմանած օգտակար ծառայության ժամկետն սպառելուց հետո:

 

[1] Տե՛ս https://rm.coe.int/european-prison-rules-978-92-871-5982-3/16806ab9ae կայքէջում, կանոններ 28.1 և 28.3:

[2] Жирнов В. Общеобразовательное обучение осужденных в местах лишения свободы //Преступление и наказание. - 2006. - № 6, էջ 23:

[3] https://unesdoc.unesco.org/in/documentViewer.xhtml?v=2.1.196&id=p::usmarcdef_0000111660&file=/in/rest/annotationSVC/DownloadWatermarkedAttachment/attach_import_354bdf6a-72e0-4690-96a1-9f867f1822e0%3F_%3D111660engo.pdf&locale=ru&multi=true&ark=/ark:/48223/pf0000111660/PDF/111660engo.pdf#%5B%7B%22num%22%3A403%2C%22gen%22%3A0%7D%2C%7B%22name%22%3A%22XYZ%22%7D%2Cnull%2Cnull%2C0%5D

  • Քննարկվել է

    08.12.2021 - 23.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կրթություն և գիտություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5051

Տպել