Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

     Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրից բխող մեծ թվով բնակելի և հասարակական նշանակության (կրթական՝ նախադպրոցական և դպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական և այլն) հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար  առաջիկա տարիներին բազմակի օգտագործման նախագծերի  կիրառման  պահանջով:

 

2. Ընթացիկ իրավիճակը

     Տարբեր նշանակության քաղաքաշինական օբյեկտների, մասնավորապես, նախադպրոցական և դպրոցական  մասնաշենքերի և շինությունների  հիմնական մասի համար պահանջվում են նմանատիպ հզորություններով, կարողություններով համալրված ուսումնական, մարզական կամ վարչական արդի կոնստրուկտիվ լուծումներով մասնաշենքեր:

     Մեծաքանակ պահանջարկի պարագայում, մասնակի փոփոխությունների (ոչ կոնստրուկտիվ լուծումների մասով) նախատեսմամբ, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառումը համարվում է տնտեսապես շահավետ և նպատակահարմար:

     Այսինքն, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված օրինակելի նախագծային փաստաթղթերի հիմնական լրակազմի մասով խնդիրները գրեթե բացակայում են և հետագա գործընթացները դիտարկվում են միայն տեղակապման միջոցառումների շրջանակներում, ինչը գործնականում կնախատեսի ծախսերի և ժամանակի խնայողություն:

      Ծախսերի հաշվարկման և խնայողության վերաբերյալ

     Քանի որ հաստատված օրինակելի նախագծերում, տեղակապման խնդիրները վերաբերում են հիմնականում կառույցների 0-ական փուլին՝ ապա հարկ է նշել, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի 15.02.2008թ N 19-Ն հրամանով կարգավորվում են նաև վերջիններիս  համար անհրաժեշտ նախագծային փոփոխությունների (առանց վերգետնյա հատվածի) ծախսերը՝ ըստ հաստատված (20%) նորմատիվի, որը պետք է կիրառվի նախագծային աշխատանքների ամբողջ արժեքի նկատմամբ: Օրինակ, եթե օրինակելի նախագծի արժեքը կազմել է 10,000.0հազ.դրամ, ապա վերջինիս տեղակապման ծախսերը (յուրաքանչյուր տարածքի համար) կկազմեն 10,000.0x20%= 2000.0հազ.դրամ: Իսկ թվով 6 դպրոցների մասով տեղակապման ծախսերը կկազմեն 6x2000.0հազ.դրամ=12000.0հազ.դրամ:

     Բազմակի օգտագործման նախագծերի չկիրառման պարագայում՝ կառուցվող 1 կրթական օբյեկտի (կամ մասնաշենքի) համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման արժեքը տատանվում է 5000.0հազ.դրամից մինչև 25000.0հազ.դրամ:

     Շինարարական աշխատանքների մոտավոր ծախսերը կարող են հաշվարկվել ՀՀ քաղաքաշինության նախարարի 03.04.2009թ N35-Ն հրամանով հաստատված խոշորացված ցուցանիշների կիրառմամբ, խորհրդատվական ծառայություններինը՝ տեխնիկական և հեղինակային հսկողությունների ծախսերը՝ ՀՀ կառավարության 23.06.2011թ  N879-Ն հրամանի համաձայն:

     Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառում և ծրագրի իրագործման ժամկետի կրճատում

     Կառուցվող (միջին ծավալի 1500-5000քմ) 1 շինարարական օբյեկտի նախագծման տևողությունը կազմում է մինչև 8-10 ամիս, կամ շուրջ 300-350 օրացուցային օր: Հաստատված օրինակելի Նախագծերի տեղակապման (0-ական նիշ) պարագայում  անհրաժեշտ ժամանակահատվածը չի գերազանցի նախագծի մշակման ընդհանուր տևողության 30%-ը:   

     Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 12-ի N814-Ն որոշմամբ հաստատվել է  «Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը»:

     Միաժամանակ հարկ է նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

     Նախագծով նախատեսվում է օրենքով կարգավորել  կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը:

     Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով,

2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է «Քաղաքաշինության մասին» օրենքում համապատասխան լրացումների գործընթաց, որոնցով նախատեսվում է կառուցապատողներին վերապահել իրավունք քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով հաստատված բազմակի օգտագործման նախագծերի կիրառման և դրանցով հիմնավորված շինարարական ծրագրերի մեկնարկի, իրականացման և ֆինանսավորման համար՝ մինչև այդ նախագծերի տեղակապման ավարտը, բայց ոչ ուշ՝ քան հաստատված օրինակելի նախագծերի մշակման համար սահմանված ընդհանուր  տևողության ժամկետի 30%-ը:

 

3.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում

- ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հատուկ պահանջների ապահովումը և համապատասխան իրավունքների վերապահումը կառուցապատողներին:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ   ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում:

2. Հասարակության մասնակցությունը

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

 

 

  • Քննարկվել է

    15.11.2021 - 30.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4194

Տպել