Հիշել նախագիծը

«Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրաման

 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  • Անհրաժեշտությունը

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում ներքին զբոսաշրջության զարգացման գործում: Վիճակագրական ուսումնասիրությունները փաստում են, որ ներքին զբոսաշրջային տարեկան այցելությունների 10-15%-ը ապահովում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման բաղադրիչը: 

Մինչև սոցիալական փաթեթի համակարգի ներդրումը, Հայաստանում զբոսաշրջային օպերատորների միջոցով կազմակերպվող ներքին զբոսաշրջային այցելությունների քանակը դեռևս աննշան էր: Զբոսաշրջային օպերատորների և հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց միջև միջազգային չափանիշներին և գործարար սովորույթներին համապատասխանող համագործակցության մշակույթի ձևավորման և զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումներն (սեմինար քննարկումներ վերջիններիս համատեղ մասնակցությամբ` հյուրանոցային ծառայությունների գնագոյացման և զբոսաշրջային օպերատոր-հյուրանոցային ծառայություն մատուցող համագործակցության թեմայով) առավելապես արդյունք են տվել ներգնա զբոսաշրջության ոլորտում: Դա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ նույնիսկ զբոսաշրջային օպերատորների կողմից զգալի ջանքեր գործադրելու պայմաններում թե հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք և թե ներքին զբոսաշրջիկները նախընտրում էին ուղղակի կապ հաստատել` շրջանցելով զբոսաշրջային օպերատոներին, և հատկապես, մարզերում գտնվող հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք` էական փորձի բացակայության պայմաններում` չգիտակցելով զբոսաշրջային օպերատորին համապատասխան միջնորդավճար վճարելու, սակայն դրանով հյուրանոցի զբաղվածությունը մի քանի անգամ բարձարացնելու օգուտը:

Արդյունքում` մինչև սոցիալական փաթեթի համակարգի ներդրումը, բացի օրական տուրեր կազմակերպող մի քանի ընկերություններից, Հայաստանի զբոսաշրջային օպերատորները ներքին զբոսաշրջության ուղղությամբ մասնագիտացած չէին: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել պահպանել նշյալ ձեռքբերումը զբոսաշրջային օպերատորների գործունեությունը առավել թափանցիկ դարձնելու միջոցով։ Բացի այդ՝ զբոսաշրջային օպերատորների՝ սոցիալական փաթեթի շրջանակներում թափանցիկ գործունեությունը կնպաստի առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության պատշաճ կազմակերպմանը։

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության պատշաճ կազմակերմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ.

  • Որոշ զբոսաշրջային օպերատորների կողմից հնարավոր չարաշահումներ (այդ թվում` շահառուների սոցիալական փաթեթի հաշվին առկա գումարների կանխիկացում).
  • Պարտավորությունների կուտակում (զբոսաշրջային օպերատորների կողմից գումարների ոչ նպատակային բաշխում, համապատասխան աշխատավայրերից փոխանցումների ուշացում կամ դադարեցում, բանկերի կողմից փոխանցումների ուշացում կամ այլ խնդիրների առաջացում).
  • Տեղեկացվածության պակաս (դեռևս 2016թ. ընթացքում համապատասխան բրոշյուրներ են տպագրվել մասնավոր հատվածի ներկայացուցչի նախաձեռնությամբ, որոնք բաժանվել են մարզերի շահառուներին, սակայն շահառուները բավականաչափ տեղեկացված չեն սոցիալական փաթեթի համակարգի մասին).
  • ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված N 1-ի 19-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա` որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում:

Պետություն-մասնավոր հատված քննարկումների արդյունքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում պարտքերի կուտակման խնդրի ամենաարդյունավետ և իրատեսական լուծումը սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց նախապես ամբողջական վճարման պայմանի ներդրման հնարավորությունն է: Դա նշանակում է, որ շահառուն ծառայություններից օգտվելուց առաջ պետք է իր հաշվին կուտակի ամսական չափաբաժիններով հատկացվող գումարը: Արդյունքում` զգալիորեն կավելանա ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված N 1-ի 19-րդ կետին համապատասխան կանխիկացնող շահառուների քանակը:

Իսկ դա, ըստ էության, նշանակում է, որ սոցիալական փաթեթի միջոցներն ուղղվում են սոցիալական վճարներին` շեղվելով սոցիալական փաթեթի նպատակից:

Բացի վերը նշված խնդիրներից` հարկ է ավելացնել նաև, որ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները ներկայումս իրացվում են ավելի քան 70 զբոսաշրջային օպերատորների կողմից. զբոսաշրջային օպերատորների հաշվառումը շարունակական գործընթաց է: Հետզհետե ավելի է բարդանում զբոսաշրջային օպերատորների նկատմամբ վերահսկողության իրականացումը, իսկ վերջիններիս կողմից ներկայացվող եռամսյակային տեղեկատվությունները վերլուծելը և ամփոփելը ժամանակի կորուստ է առաջացնում:

Ներկայումս բավական չեն նաև զբոսաշրջային օպերատորների կողմից հնարավոր չարաշահումները բացահայտելու համար ռեսուրսները:

     Առկա են բազմաթիվ խնդիրներ հյուրանոցային ծառայություն մատուցող անձ և զբոսաշրջային օպերատոր համագործակցության շրջանակներում (կուտակված պարտքեր, հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից հայտարարված մանրածախ գնից առավել ցածր գնով վերջնական սպառողին ծառայությունների մատուցում և այլն):

  • Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Համաձայն «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված 2-ի Ձև 4ի` սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գրանցված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պարբերաբար իրականացվում է Զբոսաշրջային օպերատորների կայքի «Սոցիալական փաթեթ» բաժնի մշտադիտարկում:  

Եթե 2012 թվականին Զբոսաշրջային օպերատորները կարող էին սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում շահառուներին առաջարկել և իրացնել զբոսաշրջային փաթեթներ, ապա 2013 թվականից արդեն հնարավորություն է ընձեռվել, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, շահառուներին առաջարկել նաև առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Բացի այդ, 2013 թվականից հնարավորություն տրվեց նաև Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորներին մատուցել ծառայություններ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման շրջանակներում:

2013թ.-ից արդեն սոցիալական փաթեթի տրամադրման համար շահառուի անունով սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերից մեկում բացվում է հաշվեհամար, որին սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է ամսեամիս սահմանված չափով: Ի տարբերություն նախորդ տարվա` 2013թ.-ից սոցիալական փաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն` պահպանվում և կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանով (այսուհետ` հրաման) հաստատվում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման (այսուհետ` հաշվառում) կարգը, համաձայն որի, զբոսաշրջային օպերատորները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հայտ` համաձայն հրամանի հավելվածի Ձև 3-ի (ՀՀ գրանցում ունենալու դեպքում) և Ձև 4-ի (ԼՂՀ գրանցում ունենալու դեպքում) և հայտին կից մի շարք փաստաթղթեր:

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն զբոսաշրջային օպերատորները, որոնք պետական գրանցում ստացել են հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան 3 տարի առաջ, համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին, հայտը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մասնակցել են առնվազն միջազգային 2 կամ տեղական և միջազգային մեկական զբոսաշրջային ցուցահանդեսի, և Արցախի Հանրապետությունում գրանցված այն զբոսաշրջային օպերատորները, որոնք պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ, համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին:

  • Կարգավորման նպատակը և բնույթը

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային փաթեթների և առանձին հյուրանոցային ծառայությունների ամրագրման և հաշվետվական էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակն է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչը դարձնել առավել թափանցիկ և վերահսկելի` չխոչընդոտելով մասնավոր հատվածի բնականոն գործունեությանը, նվազագույնի հասցնել հնարավոր չարաշահումների ռիսկը: Համակարգի ներդրումը նպատակ ունի պարզեցնել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների, ծառայություններ մատուցող այլ անձանց (այդ թվում` հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց) գործառույթները` շահառուների համար առավել մատչելի դարձնելով ծառայությունների մատուցումը:

  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից:     

  • Ակնկալվող արդյունքը

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային փաթեթների, տուրերի և առանձին հյուրանոցային ծառայությունների ամրագրման և հաշվետվական էլեկտրոնային համակարգի ներդրմամբ հնարավորություն կստեղծվի կանխել հնարավոր չարաշահումները:

Բացի այդ, համակարգը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ ունենալ վերլուծական տեղեկատվություն տվյալ պահին կնքված, իրացված, վաղաժամկետ դադարած պայմանագրերի, շահառուների քանակի, նախընտրելի ուղղությունների և այլնի վերաբերյալ:  

Այս դեպքում կարիք չի լինի նաև զբոսաշրջային օպերատորների կողմից եռամսյակային հաշվետվությունների ներկայացման, քանի որ համակարգում առկա կլինի ամենօրյա տեղեկատվություն:

Համակարգի միջոցով հնարավորություն կստեղծվի նաև կանխել հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց և զբոսաշրջային օպերատորների համագործակցության ընթացքում առաջացած խնդիրները:  

 

7 «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում։

 

  • Քննարկվել է

    21.10.2021 - 07.11.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5180

Տպել