««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է, իսկ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում:
Միաժամանակ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով: Մինչդեռ, սահմանադրական իրավակարգավորումներում առկա չէ Հանրապետության նախագահի՝ միջազգային պայմանագրերի կնքման կարգ սահմանելու լիազորություն:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է՝ Հանրապետության նախագահի լիազորությունը Կառավարության առաջարկությամբ կնքել միջազգային պայմանագրեր՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Հետևապես, Հանրապետության նախագահի կողմից միջազգային պայմանագրերի կնքման կարգը կարող է սահմանվել բացառապես օրենքով:
Հարկ է նկատել նաև, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կողմից բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը փոխարինվել է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ հաշվեքննության իրականացմամբ: Այնինչ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն իրականացնելու իրավասությունը:
Ամբողջ վերոշարադրյալը վկայում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
- վերացվել է Հանրապետության նախագահի կողմից միջազգային պայմանագրի կնքման կարգ սահմանելու լիազորությունը.
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կողմից սահմանված կարգով վերահսկողության իրականացումը փոխարինվել է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից սահմանված կարգով հաշվեքննության իրականացմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
-
Քննարկվել է
24.07.2017 - 09.08.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն, Միջազգային հարաբերություններ, Ֆինանսական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9422
Տպել