Հիշել նախագիծը

««ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը.

««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է հեղինակային իրավունքի բնագավառի հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունից։

  1. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

Տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ներկայումս աշխարհում ընդլայնվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառների ստեղծագործությունների օգտագործման և տարածման հետ կապված հնարավորությունները, ինչն իր հերթին հանգեցնում է նոր և չկարգավորված իրավահարաբերություննեերի առաջացմանը: Այսօր թվային միջավայրում և գլոբալ ցանցերում ստեղծագործությունների օրինական օգտագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանության  հուսալի և արդյունավետ միջոցներ:

Գործող «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթներ չեն համապատասխանում  ներկայումս միջազգային պրակտիկայում  կիրառվող որոշ մոտեցումներին և ենթակա են վերանայման։ Մասնավորապես, օրենքի ընդունումից հետո մշակվել և ուժի մեջ են մտել երկու նոր միջազգային պայմանագրեր։

          «Տեսալսողական կատարումների մասին» 2012 թվականի Պեկինի   պայմանագիրը նպատակ ունի կատարելագործել կատարողների իրավունքները և նրանց տրամադրել  ավելի արդյունավետ ու միատեսակ պահպանություն:

          2013 թվականին Մարաքեշում ընդունված «Կույրերի, տեսողական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների հասանելիությունը դյուրացնելու մասին» պայմանագիրը նախատեսում է հեղինակային իրավունքի որոշակի սահմանափակումներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց՝ ավելի լիարժեք ու արդյունավետ մասնակցելու և ներգրավվելու հասարակական և մշակութային կյանքին:

Գործող օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են ուսումնական հաստատությունների և գրադարանների կողմից  ստեղծագործությունների վերարտադրմանը, չեն համապատասխանում ներկայիս պահանջներին և այդ կապակցությամբ անհրաժեշտություն կա հստակ սահմանափակումներ մտցնել այդ ստեղծագործությունների իրավունքների նկատմամբ։ ««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված հեղինակային իրավունքի սահմանափակումները նպատակաուղղված են հանրության շրջանում գիտելիքի, մշակութային արժեքների, ստեղծագործությունների էլ ավելի լայն հասանելիության ապահովմանը։ Դրանք հնարավորություն կտան կրթական հաստատություններին և գիտահետազոտական ինստիտուտներին, գրադարաններին ու արխիվներին ոչ առևտրային  հիմունքներով ստեղծագործություններ մատակարարել միմյանց՝ իրենց ընթերցողներին տրամադրելու, ինչպես նաև ստեղծագործությունների օրինակներն ուսանողներին ներքին ապահով ցանցով տրամադրելու համար:

Գործող օրենքով լիարժեք կարգավորված չէ  գույքային իրավունքների կոլեկտիվ  կառավարման համակարգը, որը կատարելագործման կարիք ունի: ««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսվում է մտավոր սեփականության ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների հավատարմագրման գործընթացը և հավատարմագիր ստանալու համար անհրաժեշտ պայմանները: Նախատեսված են դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմներ:

Մասնավորապես՝ կազմակերպությանն անդամակցող իրավատերերին իրավունք է վերապահվել ստուգել տարեկան հաշվետվությունները, ծանոթանալ իրենց հասանելիք հոնորարների հաշվարկման-բաշխման փաստաթղթերին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հրավիրել անկախ աուդիտ։ Կազմակերպության  գործունեության վերահսկողության իրավունք է վերապահվել նաև պետական լիազոր մարմնին:

Մի շարք խնդիրներ կան նաև մալուխային վերահաղորդումների հետ կապված հեղինակային իրավունքին և հարակից իրավունքներին առնչվող հարաբերությունների, ինչպես նաև տեսալսողական կատարումների ամրագրումների արտադրության և օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման հարցերում։

Այս կապակցությամբ արդիական պահանջ է դարձել հեղինակային իրավունքի օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ներկայացմամբ: Քանի որ, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծով ներկայացված են նոր մոտեցումներ, որոնց կիրառման արդյունքում փոփխվել, լրացվել և նոր խմբագրությամբ են շարադրվել մի շարք նորմեր, որոնք նախատեսված են նաև Օրենսգրքում, հետևապես՝ անհրաժեշտություն է  առաջացել համապատասխան փոփոխությունները նախատեսել նաև Օրենսգրքում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է մտավոր սեփականության իրավունքների, մասնավորապես հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հուսալի և արդյունավետ պաշտպանության ապահովմանը, ինչը ենթադրում է համապատասխան օրենսդրության   հստակեցում և իրավակիրարկման ոլորտի խնդիրների վերացում։ Մյուս կողմից իրականացվող քաղաքականությունը ենթադրում է, որ այդ իրավունքների տրամադրումն ու կիրարկումը պետք է համապատասխանի նաև հանրության շահերին և բացառի չարաշահման հնարավորությունները։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծերի նպատակը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է՝  բնագավառի ներկա միջազգային զարգացումներին համարժեք մոտեցումների սահմանման ու մեխանիզմների կիրառման իրավական հիմքեր ստեղծելու միջոցով։ Նխագծերը նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին տեղեկատվություն.

««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

  1. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության առկայության մասին.

««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունելու  «Ստեղծագործությունների  հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, հնչյունագրերի կամ տեսագրությունների միջոցով հանրությանը հաղորդելու, վարձույթով  տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության, կատարումներն ու հնչյունագրերն օգտագործելու համար նվազագույն դրույքաչափերը սահմանելու և ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 506 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

  1. Առաջարկվող լուծումը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունումը կապահովի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի և արդյունավետ կարգավորել հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հետ կապված հարաբերությունները։ Բացի դրանից, նախագծերի ընդունումը բավարար իրավական հիմքեր կստեղծի բնագավառի միջազգային ինտեգրման գործընթացների համար։

 

  • Քննարկվել է

    02.04.2021 - 19.04.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6655

Տպել

Առաջարկներ`

Ռաֆայել Ավետիսյան

17.04.2021

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն։ Ըստ սահմանադրական կարգավորման՝ “Ստեղծագործական ազատություն” հասկացությունը ներառում է երկու եզրույթ՝ “ստեղծագործություն” և “ազատություն”։ Ըստ որում, “ստեղծագործություն” եզրույթն առաջին հերթին բացատրվում է որպես մարդկային գործունեություն, որն ուղղված է որակապես նորի, նախկինում երբեք չեղածի ստեղծմանն ու կերտմանը։ “Ազատություն”-ը ժողովրդի, առանձին մարդկանց բնական վիճակն է, որը բնորոշվում է իրենց հայեցողությամբ գործելու հնարավորությամբ։ Իրավաբանական նեղ առումով՝ ազատությունը մարդու և քաղաքացու՝ սահմանադրական իրավունքների և պարտականությունների վրա հիմնված կոնկրետ գործողություններ կատարելու կամ չկատարելու սուբյեկտիվ հնարավորությունն է։ Անվիճելի է, որ ստեղծագործության ազատության սահմանադրական երաշխիքը ենթադրում է նաև ստեղծագործության արդյունքների պատշաճ, իրական պաշտպանություն։ Ստեղծագործության արդյունքի նկատմամաբ նրա հեղինակը ձեռք է բերում մտավոր սեփականության իրավունք, որը երաշխավորված պաշտպանվում է պետության կողմից։ Ստեղծագործական գործունեության այս կամ այն տեսակի առանձնահատկությունը ընմբեռնելու համար անհարժեշտ է առավել մանրամասն անրադառնալ դրանց բովանդակությունը կազմող բաղադրիչներին և դրանց կատարած դերին։ Ըստ “Հեղինակային իրավունքի և հարակից իրավուքների մասին” ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի՝ հեղինակային իրավունքի օբյեկտներ համարվում են ճարտարապետական ստեղծագործությունները, այդ թվում` քաղաքաշինական և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները, իսկ 13-րդ կետով հեղինակային իրավունքի օբյեկտներ համարվում են աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, ճարտարապետությանը և այլ բնագավառներին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները, եռաչափ ներկայացումները և այլն։ Պարզելու համար, թե նշված օբյեկտները հանդիսանում են արդյոք հեղինակային իրավունքի օբյեկտ, թե ոչ, անհրաժեշտ է անրադառնալ քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրական ակտերին։ Այսպես․ “Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները։ Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական- նախագծային փաստաթղթեր: Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:Ըստ նույն օրենքի 2-րդ մասի՝ քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները: Նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինա-կան գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով: Վկայակոչված իրավակարգավորումներից բխում է, որ քաղաքաշինական փաստաթղթեր մշակող քաղաքաշինական գործունեության սուբյեկտը, իր գործողությունները իրականացնելիս (քաղաքաշինական գործունեության օբյեկտի նախագծման աշխատանքներ), պարտավոր է պահապանել նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջները և տեխնիկական լուծումների կենսագործման ժամանակ օգտվել իրավական այնպիսի աղբյուներից, որոնք չեն հանդիսանում հեղինակային իրավունքի օբյեկտ։ Միաժամանակ, քաղաքաշինական փաստաթղթերով տրված լուծումները հանդիսանում են մտավոր գործունեության արդյունք։ Հետևաբար կատարված արդյունքը չափելի է, տեսանելի է և բահանջում վերացական մեկնաբանություններ։ Արդյունքում հնարավոր է տարանջատել փաստաթղթերում առակ գործունեության այն մասը, որը հանդիսանում է ստեղծագործական մաս։ Ինչ վերաբերում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին (կամ տարածական պլանավորմանը), ապա վիճելի է նրա հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսանալու հանգամանքը, քանի որ տարածական պլանավորման փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության կարգավորման նպատակով հաստատվում են կառավարման մարմնի կողմից ընդունված իրավական ակտի միջոցով՝ հանդիսանալով նրա անբաժանելի մաս կազմող հավելված։ Ավելին՝ Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքում առկա չէ որևէ իրավակարգավորում, որով բնութագրվում է ճարտարապետական նախագծի էությունը, ինչպես նաև նկարագրված չէ “ճարտարապետական էսքիզ” հասկացությունը։ Ոսւտի առաջարկում եմ “Հեղինակային իրավունքի և հարակից իրավուքների մասին” ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետը խմբագրել՝ սահմանելով, որ հեղինակային իրավունքի օբյեկտ են հանդիսանում քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված քաղաքաշինական գործունեության օբյեկտի կերպարին վերաբերող ճարտարապետական ստեղծագործական լուծումները։ Ինչ վերաբերում է նույն օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետին, ապա նշված օբյեկտները բավարար չափով որոշակիացված չեն, ուստի, քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտի համար պարզ չէ, թե արդյոք իր կողմից կատարված աշխատանքը կամ աշխատանքները կարող են համարվել հեղինակային իրավունքի օբյեկտ։ Առավել ևս, որ օրենսդրությամբ նույնպես չի բնութագրվում “քաղաքաշինական ստեղծագործություն” բառակապակցությունը։

Վանիկ Մարգարյան

13.04.2021

Առաջարկում եմ ավելացնել կարգավորում առ այն, որ բացառիկ իրավունքների իրավատերը իրավունք ունի նաև դատական կարգով պահանջել իրավախախտողից սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հազարապատիկի չափով (չափը կարող է վերանայվել) փոխհատուցում, որի չափը որոշում է դատարանը` հաշվի առնելով խախտման բնույթը, հետևանքները և իրավախախտողի նյութական վիճակը: Նշված փոխհատուցման վճարման դեպքում խախտման հետևանքով պատճառված վնասները, ներառյալ` բաց թողնված օգուտը, հատուցվում են նշված փոխհատուցմամբ չծածկված մասով: Նման կարգավորում առկա է միջազգային պրակտիկայում, մասնավորապես ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 1301, Լիտվայի Հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենքի 83 հոդվածներո և մի շարք այլ երկրների օրենսդդրությամբ: Կարծում եմ, որ Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանվածության խիստ ցածր մակարդակը նաև հետևանք է իրավունքների խախտման դեմ պայքարի գործուն մեխանիզմների բացակայության, քանի որ վնասի չափի հաշվարկումը պրակտիկայում լուրջ խնդիրներ է առաջացնում:

Տեսնել ավելին