«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
- Ներկայումս, ՀՀ էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավումը խթանելու, ներդրողների համար գործունեության որոշակի երաշխիքներ ապահովելու, կարգավորման կանխատեսելիությունը բարձրացնելու, սպառողների սակագների վրա հնարավոր բացասական ազդեցությունները բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերին համահունչ մեղմելու, ինչպես նաև լիցենզավորված անձանց մոտ ծախսերի նվազեցման և գործունեության արդյունավետության խթաններ ստեղծելու նպատակով առանձին դեպքերում անհրաժեշտություն է առաջանում կիրառել հաստատուն (առավելագույն) սակագնային մեխանիզմներ։
- «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է երաշխիքային գումարի ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքերը, այդ թվում` արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը (դրական փորձագիտական եզրակացություններով), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու դեպքում։
Լիցենզավորված անձի կողմից հիշյալ նախագիծը ներկայացնելու պահանջը ամրագրված է հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգով։ Ներկայումս հանձնաժողովը նախաձեռնել է նշված պահանջը վերացնելու գործընթաց՝ նպատակ ունենալով ազատել լիցենզավորված անձանց լրացուցիչ պարտավորություններից և այդ կերպ նպաստել ոլորտը ներդրողների համար առավել գրավիչ դառնալուն։ Մասնավորապես, կայանի նախագծի ներկայացման պահանջի նախատեսումն ի սկզբանե ուղղված է եղել կայանի կառուցման գործընթացը պատշաճ ընթանալու հարցում հավաստիանալուն, ինչն էլ, ըստ էության, լրացուցիչ երաշխիք է համապատասխան գործընթացի պատշաճ ապահովման համար։ Այդուհանդերձ, օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում առկա են կայանի կառուցման շինարարական աշխատանքների կատարման, այդ թվում՝ դրա պատշաճ նախագծի առկայության նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու պետական մարմիններ, և հանձնաժողովի կողմից ևս կայանի նախագծի առկայության կամ դրա պատշաճ կազմման նկատմամբ հսկողության իրականացումն, ըստ էության, լրացուցիչ բնույթ է կրում և լիցենզավորված անձի համար լրացուցիչ ռեսուրսների վատնման կարող է հանգեցնել։
- Լինում են դեպքեր, երբ լիցենզավորված անձի կողմից, ի ապահովումն լիցենզիայով ստանձնած պարտավորությունների կատարման, հանձնաժողով նոր երաշխիք չի ներկայացվում, ներկայացված երաշխիքի գործողության ժամկետը լրանում է կամ դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը պակաս է լինում սահմանվածից, և նման իրավիճակներում օրենքով սահմանված դեպքերում երաշխքային գումարի՝ պետական բյուջե փոխանցման անհրաժեշտության ծագելիս, այդ փոխանցումը երաշխիքի շրջանակում հնարավոր չի լինում ապահովել։ Նման իրավիճակների համար հանձնաժողովի կողմից հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում ամրագրվել է դրույթ, որի համաձայն՝ հիշյալ դեպքերում նախատեսված գումարի՝ ՀՀ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը։ Մինչդեռ, Օրենքում բացակայում է նշված իրավիճակի դեպքում համապատասխան կարգավորում, այդ թվում՝ երաշխիք չներկայացնելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ կիրառվող ներգործության միջոցի մասով։
- Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման բոլոր գործարքներն անխտիր, նախքան դրանց առնչությամբ հանձնաժողովի համապատասխան որոշման կայացումը, ենթակա են գնահատման նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից։ Մինչդեռ, քիչ չեն դեպքերը, երբ նշված գործարքները որևէ կերպ չեն խաչվում ազգային անվտանգության կամ պետական շահերի հետ, (օրինակ՝ հողատարածքի վարձակալության տրամադրում կամ էներգատեղակայանքի դուրսգրում)։ Նման բոլոր դեպքերում հայտերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը կրում է զուտ ձևական բնույթ և, ժամանակատարությունից ելնելով, լրացուցիչ բարդություններ առաջացնում այդ գործարքները կնքող լիցենզավորված անձանց համար։
- Օրենքի 30.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված են լիցենզավորված անձի գործունեության լիցենզիայի դադարեցման դեպքերը, որի «գ» կետի համաձայն՝ լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել նաև այն դեպքում, երբ արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր, և հանձնաժողովը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցումը։ Գործնականում, սակայն, կան նաև դեպքեր, երբ լիցենզիայի կասեցումը հետևանք չէ լիցենզավորված անձի կողմից թույլ տրված խախտման։ Որպես օրինակ կարող է ծառայել Օրենքի 30․1 հոդվածի 1-ին մասով ամրագրած՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվության կասեցման դեպքը։ Նշված իրավիճակում առաջանում է օրենսդրական կարգավորման խնդիր։
- Օրենքը չի նախատեսում կարգավորում, երբ արտադրության լիցենզիա ստանալու, դրանում կառուցման (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար հիմք հանդիսացած անհրաժեշտ իրավունքը դադարելու դեպքում (այդ թվում՝ նշված իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու արդյունքում) հանձնաժողովն իրավասու լինի ուժը կորցրած ճանաչելու տրամադրված լիցենզիան (ներկայումս նման կարգավորում առկա է միայն ջրօգտագործման թույլտվության մասով)։
Առաջարկվող լուծումները
Ելնելով վերոգրյալից՝ մշակվել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է՝
- Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որրով կհստակեցվեն էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց համար առանձին դեպքերում հաստատուն (առավելագույն) սակագնային մեխանիզմների կիրառման հետ կապված հանձնաժողովի իրավասությունները,
- Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երաշխիքային գումարի ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքերից հանել արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը (դրական փորձագիտական եզրակացություններով) հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու դեպքը․
- Օրենքի 26-րդ հոդվածում ամրագրել դրույթ, համաձայն որի` սահմանված դեպքերում հանձնաժողովի կողմից երաշխիքային գումարը (լրիվ կամ մասնակի) պետական բյուջե փոխացելու վերաբերյալ որոշման ընդունման պարագայում, եթե լիցենզավորված անձի կողմից նախկինում հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, ներկայացված երաշխիքի գործողության ժամկետը լրացել է և (կամ) դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը․
- առավել պարզեցնել Օրենքի 27-րդ հոդվածով ամրագրված գործարքների համաձայնեցման գործընթացն ու ժամկետները՝ ՀՀ կառավարություն ի կարծիք ներկայացնելով միայն լիցենզավորված անձանց համապատասխան բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման գործարքները․
- Օրենքում որպես լիցենզիայի գործողության կասեցման հիմք ամրագրել նաև հանձնաժողովի հաստատած կարգին համապատասխան անձի կողմից երաշխիք չներկայացնելու դեպքը․
- նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 30.1 հոդվածի 2-րդ մասի «գ» կետը՝ ամրագրելով, որ լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել այն դեպքում, երբ արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան և մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի կասեցումը չի վերացվել․
- Օրենքում որպես լիցենզիայի գործողության դադարեցման հիմք ամրագրել նաև օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա արտադրության լիցենզիա ստանալու, դրանում կառուցման (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար հիմք հանդիսացած անհրաժեշտ իրավունքը դադարելու, այդ թվում՝ նշված իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքը:
Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունումն էապես կնպաստի հանձնաժողովի իրավասությունների առավել արդյունավետ իրականացմանը և էներգետիկայի ոլորտում գործունեության դյուրինացմանն ու խթանմանը:
Իրավական ակտը մշակող մարմինը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
-
Քննարկվել է
15.03.2021 - 31.03.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 5574
Տպել