Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ, ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։
«Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական և արտակարգ դրության արդյունքում ստեղծված պայմաններում պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացման և անասնակերի ապահովման խնդիրների մեղմման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
2019 թվականին պաշտոնական տվյալներով Արցախի Հանրապետությունում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա և Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: Ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախի Հանրապետությունում վարելահողերը կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չի լինի ապահովել դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանման ծավալները։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով, 2021 թվականին կունենանք նաև անասնակերի ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել պարենամթերքի ինքնաբավության մակարդակը և նպաստել անասնակերի արտադրության ծավալների ավելացմանը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, սերմնաբուծության և սերմարտադրությանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացմանը։ Արտաքին մարտահրավերներին դիմակայելու և փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու համար անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսության ոլորտում իրականացնելու պետական աջակցության լրացուցիչ միջոցառումներ։ Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալների ավելացման նպատակով նախատեսվում է պետական աջակցությամբ, մասնավորապես՝ սերմերի գնի մասնակի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, խթանել գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի արտադրության կազմակերպումը։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Կարգավորման նպատակն է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի սերմերի գնի մասնակի (տարբերակված) սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով՝ նպաստել հանրապետությունում, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում և ներկայումս սահմանամերձ դարձած թվով 111 բնակավայրերում ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, արդյունքում գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի արտադրության ծավալների ավելացմանը։
Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, առվույտի և կորնգանի, ինչպես նաև 0.5-20 հա լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված և ախտահանված սերմերի վաճառքի գնի տարբերակված սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում շուրջ 24,3 հազար հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի ցանքատարածությունների ապահովմանը, բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ մինչև 30 %-ով։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ, ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսերը գնահատվում են շուրջ 701,44 մլն դրամ։
-
Քննարկվել է
03.02.2021 - 18.02.2021
-
Տեսակ
Ծրագիր
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7995
Տպել