Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն օբյեկտների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կամակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարեվորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու և ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի  1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

    

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանության մասին»  օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝  Ոստիկանությունը պարտավոր է ապահովել, այդ թվում` պայմանագրային հիմունքներով, օբյեկտների եւ գույքի պետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաեւ կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատում է Կառավարությունը:

Դեռևս 2004թ. ապրիլի 29-ին ՀՀ կառավարության կողմից թիվ 1008-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը՝ 2 հավելվածով: 1-ին հավելվածով հաստատված է ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, իսկ 2-րդ հավելվածով՝ կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը: Ընդ որում, կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը իրականացվում է կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին` ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Վերջին ամիսներին կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ  բնակչության  կենսաապահովման առումով և պետության բնականոն կենսագործունեության տեսանկյունից բացառիկ նշանակություն ունեցող, ինչպես նաև բարձր վտանգավորության մի շարք օբյեկտներ դուրս են մնացել որոշմամբ հաստատված ցանկերից, ընդ որում, դրանց մեծ մասն իրենց տեսակով և բնույթով չեն տարբերվում որոշման հավելվածներում ընդգրկված կարևորագույն օբյեկտներից: Դրանց մի մասը ներկայումս պահպանվում են մասնավոր պահնորդական կազմակերպությունների, մի մասը՝ տնօրինող կազմակերպությունների ոչ մասնագիտացված ուժերով, որոշ մասի պահպանությունը մինչև 2019թ. ավարտը կազմակերպվել է Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության կողմից՝ պայմանագրային հիմունքներով, իսկ մի մասը ընդհանրապես չի պահպանվել:

Որոշ կարևորագույն օբյեկտներ թեև ընդգրկված են եղել որոշման 2-րդ հավելվածում՝ կարևորագույն օբյեկտների ցանկում, սակայն դրանց պահպանությունն իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին (կամուրջներ, Ատոմակայան, Թունաքիմիկատների գերեզմանոց, վեց տասնյակից ավելի ջրամբարներ): Բացի այդ, որոշման հավելվածներում ընդգրկված մի շարք կարևորագույն օբյեկտներ էլ գործնականում չեն պահպանվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն, քանի որ կարևորագույն օբյեկտների պահպանությունը հանդիսանում է ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ, դրանց նկատմամբ հանցավոր, ահաբեկչական ոտնձգություններն անմիջական սպառնալիք կարող են ստեղծել ՀՀ պետական, հասարակական, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, բնակչության կենսապահովման, ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության համար, բացի այդ, բարձր վտանգավորության օբյեկտների գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության եւ շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետեւանքների:

Թվարկված խնդիրները լուծելու համար առկա է նաև ՀՀ վարչապետի հանձնարարականը: Մասնավորապես, 20.12.2019թ. № 02/10.5/56856-2019  հանձնարարականով Ոստիկանության կողմից պահպանության ենթակա օբյեկտների ցանկի ընդլայնման հարցին համապարփակ լուծում տալու նպատակով Ոստիկանությանը հանձնարարվել է, համագործակցելով շահագրգիռ կողմերի հետ, սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի 1008-Ն որոշման մեջ փոփոխություն նախատեսող մեկ միասնական նախագիծ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

«Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կամակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու և ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի  1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է մեկ միասնական հավելվածում ներառել պետության կողմից (ի դեմս՝ Ոստիկանության) պահպանության ենթակա շենք-շինությունների, կարևորագույն նշանակության օբյեկտների շրջանակը: Ընդ որում, ներկայացված նախագծի հավելվածում ներառված 332 օբյեկտներից միայն 140-ի պահպանության համար են 2020թ. ՀՀ պետական բյուջեով միջոցներ նախատեսված (3.974.346.500 դրամ): Հավելվածում ներառված մյուս օբյեկտների պահպանության համար ՀՀ պետական բյուջեով միջոցներ նախատեսված չեն: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից դեռևս ՀՀ ֆինանսների նախարարություն չի ներկայացվել  ֆինանսական գնահատական ավելացված օբյեկտների վերաբերյալ, քանի որ որոշ օբյեկտներ քննարկումների արդյունքում նախագծի հավելվածում ավելացել են ավելի ուշ, և դրանց վերաբերյալ դեռևս տեղազննություն չի իրականացվել:

Ներկայացված նախագծի հավելվածում ներառվել են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցած քննակումների արդյունքում համապատասխան մարմինների կողմից ներկայացված օբյեկտները որոնք վերջիններիս կողմից ընտրվել են համապատասխան չափորոշիչներով: Պետական մարմինները, համապատասխան կազմակերպությունները ներկայացրել են չափորոշիչներ, որոնք համակարգվել են Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից և ներկայացվել են նախագծին կից անհրաժեշտ փաստաթղթերի շարքում: 

Լրացվող օբյեկտները՝ պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների ստորաբաժանումների և կազմակերպությունների շենքեր են, արտադրական օբյեկտներ, կամուրջներ, թունելներ, ջրամբարներ, գործարաններ, պայթուցիկ և թունավոր նյութերի պահեստներ, լաբորատորիաներ, բարձրավոլտ էլեկտրակայաններ և այլն,  որոնց անվտանգ գործունեությունն անմիջականորեն կապված է բնակչության կենսաապահովման և պետության բնականոն կենսագործունեության հետ:

          Ըստ որոշման նախագծի՝ հավելվածով նախատեսված պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունն ամբողջությամբ իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պետական պահպանության ենթակա են լինելու նաև այն օբյեկտները, որոնցում իրականացվող գործունեությունների լիցենզավորման կարգերով նախատեսված է պետական պահպանության մասին ուղղակի պահանջ:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների և լիցենզավորված կազմակերպությունների ներկայացուցիչները պետական պահպանության պայմանագրեր են կնքելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, իսկ պետական պահպանության համար նախատեսված վճարները ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

  Պաշտպանված ներքին և արտաքին անվտանգային միջավայրի ձևավորում, ՀՀ պետական, հասարակական, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, բնակչության կենսապահովման, ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորում:

 

 

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կամակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաեվ կարեվորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու և ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի  1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին

 

 

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կամակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաեվ կարեվորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու և ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի  1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՀՀ ոստիկանություն

  • Քննարկվել է

    10.12.2020 - 25.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6826

Տպել

Առաջարկներ`

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ»» ՍՊԸ

10.12.2020

Կարծում ենք, որ Նախագծի Հավելվածի 132-144-րդ կետերում անհրաժեշտ է նշել, որ խոսքը վերաբերում է գազաբաշխիչ կայաններին

Տեսնել ավելին