Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի մարտի 6-ին ընդունված «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-101-Ն օրենքի ընդունմամբ, որի 8-րդ հոդվածով փոփոխվեցին նաև «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, մասնավորապես, 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահվեց Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին։

Ներկայացված նախագծով սահմանվում են  է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված  մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և հաշվետվությունների ներկայացման գործընթացները։

Ներկայացված նախագծով լրացուցիչ հատկացումները կավելացվեն, մասնավորապես․

ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում չի հատկացվել/,

բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը`  մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը /նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ/,

գ) տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով  /նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ/,

դ) բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով․

 

 

մարզը

վարձավճարի մեծությունը՝ ՀՀ դրամ*

քաղաք

գյուղական համայնք

1

Արագածոտն

23000

16000

2

Արարատ

27000

19000

3

Արմավիր

32000

22000

4

Գեղարքունիք

15000

11000

5

Լոռի

13000

10000

6

Կոտայք

34000

24000

7

Շիրակ

21000

15000

8

Սյունիք

33000

23000

9

Վայոց Ձոր

30000

21000

10

Տավուշ

26000

18000

/նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ /,

* Հաշվարկի համար հիմք են հանդիսացել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված
ՀՀ անշարժ գույքի շուկան 2020 թվականի հուլիս ամսվա ընթացքում վերլուծությունում
2020 թվականի հուլիսին մարզերի քաղաքներում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները /1մ2 մակերեսի հաշվարկով/, դրանք տարանջատվել են միայն սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի մասով, և որպես վարձակալության միջին արժեք հաշվարկվել է միջինը 50 1մ2 բնակարանի վաճառքի գնի մոտ 7 տոկոսի չափով քաղաքային բնակավայրերի համար, իսկ գյուղական բնակավայրերի համար ընտրվել է վերջինիս մոտ 70 տոկոսը։

ե) կոմունալ ծախսերի համար՝  ամսական 10200 դրամ** / նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000/,

** Հաշվարկը կատարվել է 4 ամիսը 15000 դրամով, 6 ամիսը՝ 7000 դրամով /միջինը ամսական 10200 դրամ/

զ) աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով /նախկինում չի հատկացվել/։

Նախագծով սահմանվում է նաև, որ մինչև նախագծի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագեների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց ժամկետների լրանալը, իսկ անժամկետ պայմանագրերը՝ մինչև 2020-2021թ․ ուսումնական տարվա ավարտը, իսկ հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառկման սկիզբ կհամարվի 2021 թվականի հունվարի 1-ը։

 

  • Քննարկվել է

    28.08.2020 - 13.09.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10806

Տպել

Առաջարկներ`

Արտակ Քյուրումյան

31.08.2020

Առաջարկվող նախագիծը վերաբերում է «սահմանամերձ» և«բարձրլեռնային» բնակավայրերի դպրոցներին: ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ հաստատված կարգը վերաբերում է «հեռավոր», «սահմանամերձ», «լեռնային» և «բարձրլեռնային» բնակավայրերին: Եթե ՀՀ ԿԳՄՍՆ-ն կատարի ուսուցչական (մանկավարժական) թափուր հաստիքների վերլուծություն, վստահ եմ, կբացահայտի նաև մի շարք այլ բնակավայրեր (որոնք չեն հանդիսանում «սահմանամերձ» և«բարձրլեռնային»), որոնց դպրոցները չունեն ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ մանկավարժներ: Առաջարկում եմ կատարել օրենսդրական փոփոխություններ և ընդլայնել բնակավայրերի տեսակների շրջանակը:

Արտակ Քյուրումյան

31.08.2020

Առաջարկում եմ միջոցառումն իրականացնել ոչ թե մարզպետարանների միջոցով, ինչպես նախատեսվում է կարգի 12-րդ կետով, այլ ԿԳՄՍՆ կազմում նշանակել այս միջոցառման համար պատասխանատու պաշտոնյա և վերջինիս պարտականությունների շրջանակներում ներառել ֆինանսավորման և գործուղված մասնագետներից բովանդակային հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրման, վերլուծության և այդ վերլուծությունների հիման վրա համակարգի հետագա կատարելագործման աշխատանքը: Մարզպետարանները դառնում են միջնորդ ԿԳՄՍՆ և ԿԳՄՍՆ կողմից գործուղված մասնագետի միջև, որից անհրաժեշտ է խուսափել: ԿԳՄՍՆ-ն պետք է դառնա բոլոր կրթական ծրագրերի և միջոցառումների իրականացման անմիջական պատասխանատուն և այն չպետք է իրականացնի միջնորդների միջոցով:

Արտակ Քյուրումյան

31.08.2020

Կարգը նախատեսում է շտեմարանի ստեղծում առաջարկը խթանելու համար, սակայն պահանջարկի ներկայացման մեխանիզմի մեթոդաբանությունը բավարար բաց, թափանցիկ և հաշվետու չէ, քանի որ կարգի 6-րդ կետի համաձայն, հիմնված է առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրված լինելու հանգամանքի վրա: Քանի որ ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ այս աշխատանքների կատարման արդեն 17 տարվա փորձ է կուտակվել և ԿԳՄՍՆ-ն կարող է բավական մեծ ճշգրտությամբ գնահատել, թե որ մարզի որ համայնքում արդեն երկար տարիներ հնարավոր չէ տեղի մասնագետների օգնությամբ համալրել մանկավարժական թափուր հաստիքները (անցած 17 տարիների ընթացքում այդ հաստիքների համար մրցույթներ հայտարարվել են և չեն համալրվել): Հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունենալու և նախկինում ինչ է տեղի ունեցել, եթե երկու հայտարարությունից հետո թափուր տեղը չի համալրվել և չի հաջողվել մասնագետ գործուղել նաև ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: Առաջարկում եմ ստեղծել այդ թափուր հաստիքների «շտեմարան» և այդ ցանկը մշտապես հրապարակել ԿԳՄՍՆ կայքում, իսկ 7-րդ կետում նախատեսված ընթացակարգն օգտագործել այդ ցանկն ընդլայնելու համար:

Տեսնել ավելին