Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծեր

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները չվերանալու, հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում արտակարգ դրության ռեժիմի պահպանությունը անհրաժեշտություն էր Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը կանխելու համար:

Այդուհանդերձ, վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած համաճարակի պայմաններում, նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, ինչով պայմանավորված այլևս վերանում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա: Հետևաբար, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում:

Ամբողջ վերոգրյալը վկայում է ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) նախատեսվում է.

  • Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին[1]:
  • Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից՝ համապատասխան վարչատարածքային միավորում՝ կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների գտնվելու վայրում, և Կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ (ներառյալ՝ մեկ կամ ավելի մարզեր և Երևան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում:

Այսպես, նախատեսվում է կարանտին սահմանելու երկու ընթացակարգ՝ կախված հիվանդության տարածվածության և ծանրության աստիճանից, որով պայմանավորված հնարավոր կլինի կիրառել տարբեր բնույթի միջոցառումներ և սահմանափակումներ:

  • Մասնավորապես, այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից հնարավոր կլինի կիրառել հետևյալ միջոցառումները՝
  1. համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.
  2. պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.
  3. անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.
  4. օբսերվացիա.
  5. ինքնամեկուսացում.
  6. մեկուսացում:
  • Ի լրումն նշված միջոցառումների, այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի Կառավարության կողմից, պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով, հնարավոր կլինի կիրառել նաև հետևյալ, ավելի խիստ, միջոցառումները՝
  1. հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.
  2. իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.
  3. ապրանքների փոխադրման սահմանափակումներ.
  4. կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.
  5. սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում:

 

  • Միաժամանակ, ամրագրվել է Սահմանադրությունից բխող երաշխիքների լայն համակարգ, ինչպես օրինակ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման դեպքերում անձն իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ինքնամեկուսացման կամ մեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում՝ մեկուսացված անձի  համար ապահովվում է բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:

 

  • Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է հատուկ վարույթ, որի շրջանակներում հնարավոր կլինի կարճ ժամկետներում քննել կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը վերացնելու պարագայում նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում:

 

 

 

 

[1] Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում (հասցեներում):

  • Քննարկվել է

    27.08.2020 - 11.09.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11276

Տպել

Առաջարկներ`

Vahan Hovsepyan

29.08.2020

Համաձայն ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի մարդու և քազաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել օրենքով սահմանված կարգով՝ միայն ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ։ Ուստի առաջարկում եմ հանել համապատասխան կետերը օրենքների նախագծերից՝ դրանց ՀՀ Սահմանադրությանը հակասելու պատճառով։

Դավիթ Սանդուխչյան

29.08.2020

Քրեական օրենսգրքի 277.2 հոդվածը համարում եմ անհեթեթ, քանի որ գրեթե անհնար ապացուցել թե արդյոք վարակը անցել է մեղադրյալի կողմից, թե վարակը տեղի է ունեցել մինչև մեկուսացման (ինքնամեկուսացման) կանոնները կամ անձնական պաշտպանության միջոցները խախտմամբ կրող անձի հետ շփումը։ Հոդվածի հանցակազը անհեթեթ է իսկ ապացուցելու հիմքերը անհասկանալի։

Դավիթ Սանդուխչյան

29.08.2020

2. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17.4 հոդվածի 2-րդա մասի վերջին սահմանափակումը, այն է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից» արգելելու միջոցները որևէ կերպ չեն կարող դիտվել որպես ՀՀ տարածքում բնակչության պաշտպանության միջոց։ Առաջարկում եմ այն հանել։

Տեսնել ավելին