Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

 «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 17.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 17.1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողին ծառայության այլ վայր փոխադրելը

 

  1. 1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության այլ վայր կարող է փոխադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով՝ հաշվի առնելով հանրապետական հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը, որը տրվում է ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի կամ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմնի ղեկավարի գրավոր առաջարկության հիման վրա:
  2. Սույն հոդվածի 1-րդ մասում նախատեսված առաջարկությունը կամ դիմումը հանրապետական հանձնաժողով կարող է ներկայացվել ելնելով ՝
  • այլընտրանքային աշխատանքային ծառայողի ընտանեկան պայմաններից.
  • կազմակերպչական-հաստիքային անհրաժեշտությունից.
  • այլընտրանքային աշխատանքային ծառայողի առողջական վիճակից:

 

  1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողին ծառայության այլ վայր փոխադրելու կարգի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 8.1. և 17-րդ հոդվածներով սահմանված կանոնները` այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis)  կիրառելի են փոխադրելու կարգի նկատմամբ:»:

 

  Հոդված 3. Անցումային դրույթներ

  1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում Կառավարությունը Օրենքի 17.1 հոդվածի 1-ին մասին համապատասխան սահմանում է լիազորված պետական կառավարման մարմին։

                                                                        

 

                                                                     ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

                  «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով ծառայության ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրվելու հնարավորություն, միաժամանակ չի սահմանում այն հիմքերը, որոնց դեպքում համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է որոշում կայացնել այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող քաղաքացուն ծառայության այլ վայր փոխադրելու մասին:

Այս առումով հարկ է ընդգծել, որ ի տարբերություն օրենքում առկա թերի իրավակարգավորմանը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով հստակորեն սահմանված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները կարող են սահմանված կարգով ծառայության այլ վայր տեղափոխվել, ինչը հնարավորություն է տալիս իրավակիրառողին նշված հիմքերի առկայության դեպքում կայացնել համապատասխան որոշում:

 Ասվածի համատեքստում պետք է նշել, որ «…օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630):

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առաջարկվում է  այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու երկու հիմք, այն է ՝

  1. այլընտրանքային աշխատանքային ծառայողի ընտանեկան պայմաններից ելնելով.
  2. կազմակերպչական-հաստիքային անհրաժեշտությունից ելնելով:

        Օրենքում նշված հիմքերի նախատեսումը կանխատեսելի կդարձնի ծառայության ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրվելու հետ կապված իրավահարաբերությունները և հնարավորություն կտա իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարին՝  այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի, կամ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմնի ղեկավարի առաջարկության հիման վրա կայացնել համապատասխան որոշում:

         Այնուամենայնիվ, Օրենքի 17-րդ հոդվածում 3-րդ մասում առկա իրավակարգավորումների թերի լինելը միայն նշվածով չի սահմանափակվում: Խնդիրն այն է, որ նշված հոդվածի 3-րդ մասում չի սահմանվում նաև, թե որոնք են այն իրավասու մարմինները, որոնց առաջարկության հիման վրա իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է կայացնել համապատասխան որոշում: Նշված խնդրի լուծման նպատակով Նախագծում առաջարկվում է՝ իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարին, համապատասխան առաջարկություն ներկայացնելու իրավունք տրամադրել այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարին, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.07.2013թ.-ի N796-Ն որոշմամբ սահմանված՝ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմնի ղեկավարին:             

 

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով նախատեսվում է փոփխություններ և լրացումներ կատարել «այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝

  1. առաջարկվում է այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրվելու հնարավորություն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողի ընտանեկան պայմաններից ելնելով, ինչպես նաև կազմակերպչական-հաստիքային անհրաժեշտությունից ելնելով,
  2. իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարին այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու առաջարկություն ներկայացնելու իրավունք տրամադրել այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարին, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.07.2013թ.-ի N796-Ն որոշմամբ սահմանված՝ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմնի ղեկավարին:

              

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հստակորեն կսահմանվեն այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու հիմքերը, ինչպես նաև իրավասու այն մարմինները, որոնց առաջարկության հիման վրա իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը կկայացնի համապատասխան որոշում:

 

 

  • Քննարկվել է

    07.04.2020 - 22.04.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7599

Տպել

Առաջարկներ`

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

21.04.2020

1. Սույն նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է. «Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության այլ վայր կարող է փոխադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով՝ հաշվի առնելով հանրապետական հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը, որը տրվում է ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի կամ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմնի ղեկավարի գրավոր առաջարկության հիման վրա»։ 2. Նախագծի 1-ին հոդվածը խնդրահարույց է, քանի որ հասկանալի չէ թե ինչո՞ւ այլընtրանքային ծառայողը ինքը չի կարող դիմել համապատասխան մարմնին՝ ծառայության վայրի կազմակերպման ղեկավարին կամ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող մարմնի ղեկավարին, իրեն ծառայության այլ վայր տեղափոխելու նպատակով։ 3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողին ծառայության այլ վայր տեղափոխման դիմելու հնարավորությամբ է օժտված ծառայության վայրի կազմակերպման ղեկավարը կամ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող մարմնի ղեկավարը։ 4. Այսինքն, ըստ էության, այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող անձը կարող է տեղափոխվել մեկ այլ ծառայության վայր իր կամքին հակառակ և(կամ) անկախ իր կամքից, առանց հաշվի առնելու անձի հանգամանքները։ 5. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: 6. Այսպիսով՝ հարկ է նշել համաչափության սկզբունքի կիրառման կարևորության մասին, քանի որ հետապնդվող օրինական նպատակին հասնելու համար կիրառվող միջոցների համաչափության պահպանման կարևորությունը մեծ է։ 7. Փաստորեն ստացվում է, որ նախագիծն ընդունվելու դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, կարող է վնասվել անձի իրավունքներն ու ազատությունները։ 8. Ուստի, նման ռիսկերից խուսափելու համար, գտնում ենք, որ այլ վայր տեղափոխելու համար սահմանված դեպքերը պետք է լիարժեքորեն հիմնավորվեն, ինչպես նաև գտնում ենք, որ նախագծին հարկավոր է անել լրացում, և ամրագրել՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին իր սեփական նախաձեռնությամբ այլ վայր տեղափոխելու իրողությունն ևս։ 9. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված առաջարկությունը կամ դիմումը հանրապետական հանձնաժողով կարող է ներկայացվել ելնելով՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողի ընտանեկան պայմաններից, կազմակերպչական-հաստիքային անհրաժեշտությունից և այլընտրանքային աշխատանքային ծառայողի առողջական վիճակից։ 10. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը ճիշտ է և ողջունելի, քանի որ նշյալ փոփոխությունով հնարավոր կարգավորում կտրվի այլընտրանքային աշխատանքային ծառայողի ծառայության մեկ այլ վայր տեղափոխվելու խնդրին։ 11. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծով, նշված է երեք պատճառ, որը կարող է հիմք հանդիսանալ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող անձին, ծառայության մեկ այլ վայր տեղափոխելու համար, դրանք են՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողի ընտանեկան պայմանները, կազմակերպչական-հաստիքային անհրաժեշտությունը և այլընտրանքային աշխատանքային ծառայողի առողջական վիճակը: 12. Այստեղ առաջարկում ենք հավելել ևս 2 պատճառ, որը կարող է հիմք հանդիսանալ անձին ծառայության մեկ այլ վայր տեղափոխելու համար, դրանք են՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողի մասնագիտական հմտությունների առկայությունը և/կամ/ կրթությունը և ընտանեկան կարգավիճակը(ամուսնություն/երեխաներ)։ 13. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք այսպիսի սահմանում, քանի որ այդպիսով ծառայողին ծառայության այլ վայր տեղափոխման դիմելու հնարավորությամբ օժտված ծառայության վայրի կազմակերպման ղեկավարը կամ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող մարմնի ղեկավարը այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող անձի համար կարող է հանգեցնել նրա իրավունքների պահպանմանը։ 14. Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ 15. Գտնում ենք, որ Օրենքում նշված հիմքերի նախատեսումը կանխատեսելի կդարձնի ծառայության ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրվելու հետ կապված իրավահարաբերությունները և հնարավորություն կտա իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարին՝ այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի, կամ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմնի ղեկավարի առաջարկության հիման վրա կայացնել համապատասխան իրավաչափ որոշում: 16. Տվյալ նախագծով սահմանված փոփոխման ենթակա 2-րդ հոդվածը բովանդակային առումով ընդունելի է և ողջունելի, քանի որ նախատեսում է իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարին այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու առաջարկություն ներկայացնելու իրավունք տրամադրել այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարին, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.07.2013թ.-ի N796-Ն որոշմամբ սահմանված՝ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմնի ղեկավարին: 17. Նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի հստակորեն սահմանել իրավասու այն մարմիններին և(կամ) պաշտոնատար անձանց, որոնց առաջարկության հիման վրա իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը կկայացնի համապատասխան իրավաչափ որոշում: «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձագետ Գևորգ Մուղումյան

Hasmik Mikayelyan

19.04.2020

Առաջարկություն ՀՀ այլընտրանքային ծառայության մասին 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել 17.1 հետևայալ բովանդակությամբ որ . 1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության այլ վայր կարող է փոխադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով՝ հաշվի առնելով հանրապետական հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը, որը տրվում է ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի կամ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմնի ղեկավարի գրավոր առաջարկության հիման վրա: Այստեղ հարց է առաջանում, ինչո՞ւ այլընրանքային ծառայողը ինքը չի կարող դիմում ներկայացնել իր ծառայության վայրը փոխադրելու մասին՝ ծառայության վայրի կազմակերպման ղեկավարին կամ ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող մարմնի ղեկավարին: Հաջորդ կետով սահմավում է . 2. Սույն հոդվածի 1-րդ մասում նախատեսված առաջարկությունը կամ դիմումը հանրապետական հանձնաժողով կարող է ներկայացվել ելնելով ՝ • այլընտրանքային աշխատանքային ծառայողի ընտանեկան պայմաններից. • կազմակերպչական-հաստիքային անհրաժեշտությունից. • այլընտրանքային աշխատանքային ծառայողի առողջական վիճակից: Այստեղ առաջարկում եմ ավելացնել նաև այընտրանքային աշխատողի մասնագիտական կարողություններից, կամ կրթական աստիճանից ելնելով:

Տեսնել ավելին