Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

« ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներից (այսուհետ` Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից և ուժի մեջ  մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից:

Նախագծի մշակման պահանջը սահմանված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1292-Լ որոշման 2-րդ հավելվածի 1.4 կետով:

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       2019թ-ի դրությամբ տարեցների սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում (այսուհետ՝ տուն-ինտերնատ) խնամվում են շուրջ 851 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 568-ը հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձիք են, 283-ը այլ խնդիրներով:

        Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ են մատուցում ՀՀ ԱՍՀՆ ենթակայության Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը, նույն կազմակերպության ցերեկային կենտրոնը, Խարբերդի մասնագիտացված մանկատունը, Սպիտակի համայնքային խնամքի տունը, «Ջերմիկ անկյուն» խմբային տունը, ինչպես նաև «Փրկություն» ՀԿ-ի ցերեկային կենտրոնը և «Իմ ուղին» ՀԿ-ի ցերեկային կենտրոնը, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի ցերեկային կենտրոնը:

       Չնայած վերը նշված ծառայություններին, շահառուների խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները դեռևս հեռու են իրավունքահեն լինելուց:

        Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն իրականացնելու պետական աջակցությունը սահմանափակվում է խնամքի մեծ հաստատություններում նրանց տեղավորելով, որտեղ անբավարար է նաև աշխատող/շահառու հարաբերակցության ցուցանիշը: Հաստատությունների աշխատակազմում քիչ են համապատասխան կրթություն կամ վերապատրաստում անձանց այնպիսի մասնագետները, որոնք քաջատեղյակ են հաշմանդամություն ունեցող, հատկապես հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց վերաբերող միջազգայնորեն ընդունված առաջադեմ մոտեցումներին կամ իրենց գործնական աշխատանքի առանձնահատկություններին: Ուշադրությունից դուրս են նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի, համայնքում ապրելու, անձնական և ընտանեկան կյանքի, սեփականության, ընտանիքի և մի շարք այլ իրավունքներ:

Այսպիսով, չնայած պետության կողմից իրականացվում են որոշակի աշխատանքներ, սակայն դրանք իրենց ծավալներով և բնույթով լիարժեքորեն չեն նպաստում հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց սոցիալական ներառմանը, նրանց անկախ կյանքի ապահովմանը: Դրան միանում է նաև հասարակության վերաբերմունքը՝ կարծրատիպերի և խարանի դրսևորումներով, որն ավելի է խորացնում այս անձանց մեկուսացումը:

       Հարկ է նկատել, որ Կոնվենցիայի վավերացմամբ պետությունը ստանձնել է միջազգային պարտավորություն դրա դրույթների իրականացման համար և պարբերաբար զեկույց է ներկայացնում ՄԱԿ-ի կոմիտեին կատարված և չկատարված աշխատանքների մասին, որի գնահատականը կարևոր է երկրի վարկանիշի համար: Կոնվենցիայի կատարման Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում (կետ 32) Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել երկրում ապաինստիտուցիոնալացման դանդաղ առաջընթացի, ինչպես նաև համայնքում անկախ ապրելուն ուղղված ծառայությունները կամ աջակցությունը սահմանափակ լինելու առնչությամբ: Միաժամանակ, Կոմիտեն հանձնարարում է արագացնել ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես, նախաձեռնել համապատասխան իրավական միջոցներ, հատկացնել ռեսուրսներ համայնքային ծառայությունները զարգացնելու նպատակով, որոնք պայմաններ կստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու համար: 

  • Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է՝ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը, խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող 851 անձի համար այլընտրանքային՝ համայնքահեն ծառայությունների մատուցումը, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ, կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունը: Նախագծով սահմանված են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, համայնքում ապրելու և հասկարության մեջ ներառվելու իրավունքն իրացնելուն:

Միջոցառումների ծրագիրը նախադրյալներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության և լիարժեքորեն օգտվելու մարդու հիմնարար ազատություններից և իրավունքներից: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձիք, երեխաները, կանայք և աղջիկները պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներառվելու համայնքային կյանք, ապրեն ընտանիքի և հասարակական կյանքի լիարժեք անդամ լինելու զգացումը, մասնակցեն մշակույթի, սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման առաջընթացին:

Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց, զուգընթաց ստեղծելով համայնքահեն ծառայություններ՝ համայնքային փոքր տներ, սատարող բնակարաններ, անձնական օգնական, տնային խնամք, զբաղվածության ապահովման ցերեկային կենտրոններ: Գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսվում են նաև իրազեկման աշխատանքներ, կադրերի վերապատրաստում և այլն:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3. Ակնկալվող արդյունքը

Այլընտրանքային համայնքահեն ծառայությունների ստեղծում (համայնքային փոքր տներ, սատարող բնակարաններ, անձնական օգնական, տնային խնամք, զբաղվածության ապահովման ցերեկային կենտրոններ), շուջօրյա խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացում, հաշմանդամություն ունեցող անձանց մուտքի կանխարգելում շուրջօրյա խնամքի մեծ հաստատություններ: Արդյունքային ցուցանիշները սահմանված են որոշման նախագծի N 1 հավելվածի VII բաժնում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

« ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

          Նախագծի ընդունման դեպքում պետք է վերանայվեն հետևյալ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝

  1. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշում։
  2. ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետության կողմից երաշխավորված՝ պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների ու սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների ցանկերը և սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը սահմանելու մասին» N 1112-Ն որոշում։
  3. ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-ն և N 815-ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշում։
  4. ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշում։
  5. ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1533-Ն որոշում։

 ՏԵՂԵԿԱՆՔ

« ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱ¬ՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

2020-2024 թվականներին միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կնախատեսվեն յուրաքանչյուր տարվա բյուջեի հայտի նախագծում:

 

 

  • Քննարկվել է

    13.03.2020 - 30.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9034

Տպել

Առաջարկներ`

Vardan Vardanyan

13.03.2020

Շնորհակալություն, նախագիծը իրավաչափ է, բայց ուզում եմ անել դիտարկումներ մասնավորապես այն մասին, որ դպրոցներում, մանկապարտեզներում և մյուս ուսումնական հաստատություններում շատ_շատ են բողոքներն այն մասին, որ մասնավորապես հոգեկան խանգարում ունեցող երեխաները խաթարում են առողջ երեխաների առօրյան, անառողջ մթնոլորտ ստեղծում ուսումնական հաստատություններում։ Ուստի նախագծի հեղինակին իմ և բազմաթիվ ինձ հարազատ քաղաքացիների անունից խնդրում եմ նշում կատարել նաև այն մասին, թե վերոնշյալ ձեր քայլերի ընթացքում ինչպես, ինչ ռեսուրսներով է ապահովվելու ՀՀ առողջ, հաշմանդամություն չունեցող, հոգեկան խնդիրներով չտառապող երեխաների և մյուս քաղաքացիների առօրյան։ Հարգանքով՝ Վարդան Վարդանյան

Տեսնել ավելին