Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2021-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՄԻԳՐԱՑԻՈՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐՄԱՆ  ԵՎ  ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  2021-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 

2016 թ.-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգ»-ին, որը իմիգրանտների ինտեգրման պետական քաղաքականությունն ուրվագծող առաջին փաստաթուղթն էր: Թեև 2016 թ.-ին ՀՀ կառավարության հավանությունը ստացած հայեցակարգը կարևոր էր՝ որպես ոլորտի քաղաքականության կարգավորման առաջին փաստաթուղթ, այնուամենայնիվ, այն ունի էական բացեր: Մասնավորապես՝ հայեցակարգի թիրախավորումից դուրս էին մնացել օտարերկրացիները,  Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան տեղափոխված փաստացի փախստականի իրավիճակում գտնվող անձանց ստվար խումբը և այլ խմբեր:

Չնայած նրան, որ 2000-ականներից ի վեր բավականին զգալի էր նաև դեպի Հայաստան քաղաքացիների վերադարձի միտումը, այնուամենայնիվ, գոյություն ունեցող ինտեգրման քաղաքականությունը չէր անդրադառնում նրանց վերաինտեգրման խնդիրներին: Վերադարձողների վերաինտեգրման կարիքներին ուղղված քայլերը հիմնականում իրականացվում էին միջազգային և հասարակական կազմակերպությունների ջանքերով ծրագրային (և ոչ քաղաքականության) մակարդակում:

Նույնը կարելի  է  ասել  նաև  ներքին տեղահանված անձանց մասին: Չնայած  նրանց  մեծ թվին (72.000  անձ,  ովքեր  տեղահանվել   են  սահմանային գոտում Ադրբեջանի կողմից իրականացված զինված գործողությունների հետևանքով)՝ ինտեգրման  ոլորտի քաղաքականության մեջ սահմանված չեն գործողություններ՝ ուղղված նրանց խնդիրներին:  

 Հաշվի առնելով նշյալ բացերը՝ 2019 թ.-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության  միգրացիոն  քաղաքականության՝ ինտեգրման  և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2021-2031 թվականների  ռազմավարության մշակումը՝ ուղենշելու իմիգրանտների և վերադարձողների ինտեգրման և վերաինտեգրման ոլորտում համապարփակ հանրային քաղաքականության հիմնական մոտեցումներն ու անելիքները:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Սույն ռազմավարությունը ՀՀ պետական միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման ոլորտների կառավարումը համապարփակ ներկայացնող փաստաթուղթ է, որի նպատակն է քաղաքականության ռազմավարական ուղղությունների հետազոտահեն ձևակերպումը՝ հաշվի առնելով միգրացիոն հոսքերի առկա և ակնկալվող իրավիճակը, թիրախ խմբերի կարիքները, ՀՀ զարգացման  գերակայությունները և միջազգային պարտավորությունները[1]:

 Ռազմավարությունը կոչված է.

ա) ներկայացնելու ՀՀ կառավարության տեսլականը և գերակայությունները իմիգրանտների, վերադարձողների և ներքին տեղահանված անձանց ինտեգրման և վերաինտեգրման գործում,

բ) ուղենշելու ինտեգրման և վերաինտեգրման ոլորտում պետության ստանձնած պարտավորությունները և պետական քաղաքականության հիմնական ուղղությունները,

գ) սահմանելու այն խնդիրները, որոնց պետք է ուղղված լինեն ինտեգրման և վերաինտեգրման աջակցության գործողությունները,

դ) ձևակերպելու ռազմավարություն կիրարկող պատասխանատու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների համագործակցության սկզբունքները և ձևաչափը:

Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետությունում  միգրանտների  ինտեգրման  և  վերաինտեգրման  առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները,  ոլորտի միջազգային առաջադեմ փորձը, որոնց հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը,  և  դրան   համապատասխան  ինտեգրման  և վերաինտեգրման քաղաքականության  ռազմավարական նպատակներն ու ուղղությունները: Ռազմավարության հիման վրա մշակվելու են  դրանից  բխող  գործողությունների ծրագրեր:

Գործողությունների ծրագրերով սահմանվելու են ռազմավարական նպատակներից և ուղղություններից բխող որոշակի գործողություններ՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, ելակետային իրավիճակի, կատարման վերջնաժամկետի, ստուգման միջոցի, ակնկալվող արդյունքների և յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նախատեսմամբ:

Ներկայացվող փաստաթղթով սահմանվում  են  ինտեգրման և վերաինտեգրման  քաղաքականության  ութ  ռազմավարական նպատակներ, որոնք բխում են թիրախ խմբերի կարիքներից, քաղաքականության սկզբունքներից և սույն ռազմավարությամբ սահմանված ինտեգրման և վերաինտեգրման ձևակերպումից ու չափումներից:

  Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝

  • Ինտեգրման և վերաինտեգրման կազմակերպման համակարգային բարեփոխումներ
  • Կացարանի և բարենպաստ կենցաղային պայմանների հասանելիություն
  • Իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցություն
  • Կրթության և առողջապահության հասանելիության ապահովում
  • Զբաղվածություն և տնտեսական ներգրավվածության աջակցություն
  • Մշակութային ինտեգրում և վերաինտեգրում (ներառյալ լեզվին և առօրեական պրակտիկաներին տիրապետում)
  • Հասարակությունում ընդունման միջավայրի ստեղծում
  • Ինտեգրման և վերաինտեգրման գործում ներգրավված կառույցների հզորացում և աշխատակիցների կարողությունների զարգացում:

Ռազմավարական նպատակներից յուրաքանչյուրն ունի համապատասխան ուղղությունների  իր խումբը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման  և  ենթակառուցվածքների նախարարության  միգրացիոն ծառայության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 

Ռազմավարության  ընդունմամբ ակնկալվում  է  որ  առաջիկա  տասնամյակի  համար սահմանված կլինեն պետության  ռազմավարական  նպատակները  ինտեգրման  և վերաինտեգրման ոլորտում,  նախանշելով այդ  նպատակներին  հասնելու  ուղղությունները։

[1] Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, ՄԱԿ-ի միգրացիայի հարցով գլոբալ համաձայնագրի, ՄԱԿ-ի փախստականների հարցով գլոբալ համաձայնագրի, 1951թ. Ժնևյան կոնվենցիայի շրջանակներում ստանձնած միջազգային պարտավորությունների հետ, ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա:

  • Քննարկվել է

    20.02.2020 - 07.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7755

Տպել