Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

<> <> 2019 թվականի N _____ Լ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2019 թվականի

_______________ ____ի N    որոշման

 

  Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ

  

  1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ 
  1. <<Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված>> հայեցակարգի (այսուհետ՝հայեցակարգ) նախագիծը մշակվել է Ջրային կոմիտեի կողմից: 
  1. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ 
  1. Սույնհայեցակարգում ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ հատվածում ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգի միջոցառումներն ու դրանց ապահովման մեխանիզմները:
  2. Հայեցակարգը հիմնականում անդրադառնում է՝
  • ոռոգման համակարգում ջրակորուստների հայտնաբերման, նորմավորման, իրական գնահատման և նվազեցման մեխանիզմների ներդրմանը,
  • հիդրոտեխ­նիկական կառուցվածքների պատշաճ պահպանման, նորոգման և վերականգնման, ամրապնդման աշխատանքների իրականացմանը,
  • նոր ջրամբարների կառուցմամբ ջրային ռեսուրսների կուտակման և ամբարման նախադրյալների ստեղծմանը, գոյություն ունեցող ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավմանը,
  • ոռոգման համակարգում շահագործվող պոմպային ագրեգատների և հարակից սարքավորումների արդիականացմանը,
  • ոռոգման ոլորտում ջրի կառավարմանն ու հաշվառմանը, էլ. էներգիայի ծախսի հաշվառման և մեխանիկական ջրարտադրության համակարգերի արդիականացման մեխանիզմներին,
  • մեխանիակական ջրարտադրության համակարգում էլ. էներգիայի ծախսի ժամանակակից հաշվառման համակարգի ներդրմանը, աստիճանական անցմանը մեխանիկականից ինքնահոս ոռոգման համակարգերին, ջրի կառավարման <> համակարգի արդյունավետության բարձրացմանը,
  • գյուղատնտեսական գործունեության կազմակերպման քարտեզի մշակմանը (հաշվի առնելով մարզերի առանձնահատկությունները, գոտիականությունը և բնակլիմայական պայմանները),
  • ոռոգման արդի տեխնոլոգիաների (կաթիլային, անձրևացում, ենթահողային) ներդրմամբ ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման խթանմանը,
  • ոռոգման նպատակով ձկնաբուծարանների հետադարձ ջրերի օգտագործմանը, փակ ջրամատակարարման համակարգերի ներդրմանը,
  • ոռոգվող հողերի ըստ ջրային համակարգի հասանելիության վերաբաշխման և խոշորացման մեխանիզմներին,
  • ՋՕԸ-երի ինստիտուցիոնալ հզորացմանը և կառավարման բարելավմանը,
  • Օրենսդրական բարեփոխումներին: 
  • ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 
  1. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի 139.2 կետի պահանջների:
  2. Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետությունում առկա ոռոգման համակարգերի զարգացմանն ուղղված մեխանիզմներով:
  3. Հայեցակարգի հիմնական նպատակն է ապահովել ջրախնայող՝ արդի տեխնոլոգիաներով հագեցած ոռոգման համակարգերի կայուն կառավարումը: 
  1. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 
  1. Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում են ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը:
  2. Ոլորտը կարգավորվում է ՀՀ ջրային օրենսգրքով, <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին>> ՀՀ օրենքով, <<Սևանա լճի մասին>> ՀՀ օրենքով, <<Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի <<Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու, ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N2121-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի նիստի N33 <<Ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>>, ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N7 <<Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման ռազմավարությանը հավանություն տալու մասին>> արձանագրային որոշումներով, <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 17-ի «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 39-Լ որոշմամբ և այլ իրավական ակտերով:
  3. Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են ոռոգման համակարգի կառավարումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հիմունքները, ինչպես նաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները: Հրատապ է դարձել ոլորտի վերագնահատումը, որպես պետության անվտանգության ռազմավարական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք: 
  1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 
  1. Ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգի ընդունման նպատակն է ոռոգման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ հանրապետությունում ջրային ռեսուրսների անվտանգության մակարդակի բարձրացումը, Սևանա լճի ջրային ռեսուրսների պահպանությունը:
  2. Ջրային ռեսուրսների և ոռոգման համակարգերի կառավարում՝
  • ջրօգտագործողներին կայուն ռեժիմով և ծավալով ջրամատակարարման ապահովում,
  • ջրախնայողության իրականացում,
  • ջրաշրջանառության պլանավորում,
  • հիդրոտեխնիկական կառույցների կառավարման արդյունավետության բարձրացում,
  • ջրաչափության հիմնախնդիրների կարգավորում՝ մատակարարված ոռոգման ջրի երկկողմանի (<<Ջրառ>> ՓԲԸ/ջրօգտագործողների ընկերություն և ջրօգտագործողների ընկերություն/ջրօգտագործող) մատչելի, վստահելի, արժանահավատ հաշվառում,
  • ջրի կառավարման ծրագրի արդիականացում, ջրօգտագործողների ճշտված տվյալների մուտքագրում GIS ծրագրի միջոցով և կապ հաշվապահական հաշվառման ծրագրի հետ,
  • տեխնիկական և արտադրական կորուստների կրճատում, նորմավորում,
  • հակահեղեղային միջոցառումների իրականացում,
  • մակերևութային ջրահոսքերի կառավարում՝ ջրամբարաշինության, այդ թվում փոքր և միջին ջրամբարների կառուցման իրականացմամբ,
  • ոռոգելի հողատարածքների ավելացում,
  • մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:
  1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների իրականացում
  • <<Որոտան-Արփա-Սևան>> հիդրոհանգույցի ջրային համակարգով Սպանդարյանի ջրամբարով <<Արփա-Սևան>> թունելով Սևանա լիճ ջրի տեղափոխման համար իրավական դաշտի կարգավորում և ջրի տեղափոխում,
  • <<Որոտան-Արփա-Սևան>> ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում,
  1. Oրենսդրության կատարելագործում՝
  • ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության ռազմավարության մշակում,
  • ջրօգտագործողների ընկերություն և ջրօգտագործող հարաբերությունների, ըստ առանձին գործառույթների և ենթագործառույթների հստակեցման օրենսդրական բարեփոխումներ,
  • գերնորմատիվային ջրապահան­ջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդի տեխնոլոգիաների ներդրման մեխանիզմների կատարելագործում,
  • ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգի մշակում,
  • ձկնաբուծական տնտեսություններին հետադարձ ջրերի օգտագործման համար կարգի մշակում: 
  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ 
  1. Սույն հայեցակարգի 5-րդ գլխում ներառված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ՝
  • վերանայել ջրառ իրականացնող կազմակերպության վաճառվող ոռոգման ջրի սակագները,
  • մշակել տարբերակված (բլոկային) սակագնային համակարգի մեթոդաբանություն,
  • ապահովել ջրօգտագործողների լիարժեք մասնակցությունը ՋՕԸ-երի կառավարմանը,
  • ՋՕԸ-երը համալրել արհեստավարժ մասնագետներով և հզորացնել տեխնիկական միջոցներով, որը կապահովի ՋՕԸ-երի ինստիտուցիոնալ զարգացումը,
  • ապահովել կատարված աշխատանքների և ծախսերի թափանցիկությունը,
  • մատակարարված ոռոգման ջրի հստակ հաշվառում իրականացնելու նպատակով ջրամատակարարման համակարգերում ջրառի կետերը՝ մայր ջրատարներից մինչև ներտնտեսային ցանցի բաժանարար հանգույցները, հագեցնել ժամանակակից ջրաչափական սարքերով, դրանք միացնելով SCADA համակարգին, ինչը հնարավորություն կընձեռնի առցանց հսկողություն իրականացնել ջրի տեղաշարժի, կորուստների և համակարգում առաջացող վթարների արագ արձագանքմանը,
  • <<Որոտան-Արփա>> հիդրոհանգույցի շահագործման ապահովման համար հնարավորություն ընձեռել Որոտան գետի ջրերը Սպանդարյան ջրամբարում կուտակելուց հետո <<Որոտան-Արփա>> թունելով ուղղել Սևանա լիճ,
  • ՋՕԸ-երի կողմից ոռոգման բնագավառում վճարովի ծառայությունների իրականացման (խորհրդատվություն ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման, ըստ հողատեսքերի մշակաբույսերի ընտրության, ոռոգման ռեժիմի, նորմայի ու ձևի ընտրության ուղղությամբ) իրավասությունների և արդի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ ոռոգման ներտնտեսային ցանցի կազմակերպման խրախուսական պայմանների սահմանման համապատասխան օրենսդրական հենքի ստեղծում: 
  • ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
  1. Հայեցակարգի առավելություններն են՝
  • ոռոգման համակարգերի կայուն կառավարմամբ` ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործումն ու պահպանությունը,
  • ոռոգման ոլորտում ներգրավված անձանց իրավաբանական և ֆիզիկական հարաբերությունների օրենսդրորեն ամրագրումը: 
  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 
  1. Հայեցակարգով առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ հաշվառման համակարգի կատարելագործման արդյունքում, երբ կունենանք հաշվառվող ջրի ծավալների և հասույթների մեծացում, ինչպես նաև գանձման տոկոսի բարձրացում, արդյունքում ջրօգտագործողների ընկերություններում կունենանք ֆինանսական կայունության ապահովում: 
  1. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
  1. Հայեցակարգի դրույթները պետք է հիմք հանդիսանան ոռոգման ջրի մատակարարման և դրան հարակից ոլորտներում ներառված անձանց իրավահարաբերությունների օրենսդրորեն կարգավորմանը, որի կիրառությունը կբերի բնագավառում առկա, ինչպես նաև սույն հայեցակարգում ներառված խնդիրների կանոնակարգմանը և ոլորտի արդյունավետ կառավարմանը:
  • Քննարկվել է

    31.10.2019 - 15.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7577

Տպել