Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում.

  1. 1‑ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն մասում նշված դեպքերի:

Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին։

Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով։»։

  1. 6-րդ մասում «անգամ բանկ ներկայանալու» բառերը փոխարինել «անգամ բանկ հայտարարություն ներկայացնելու» բառերով, իսկ «ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած կարգով անձամբ բանկ ներկայացնել գրավոր հայտարարություն» բառերով,
  2. 9-րդ մասը «Կենսաթոշակը» բառից հետո լրացնել «կանխիկ եղանակով» բառերով։ 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում`

  1. 1-ին մասի 3-րդ պարբերությունում «վճարվում է» բառից հետո լրացնել «անկանխիկ եղանակով,» բառերով, իսկ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային վճարվում է կանխիկ եղանակով։»,

  1. 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նախկին կենսաթոշակառուի կամ այդ գումարը օրենքով ստանալու իրավունքն ունեցող այլ անձի դիմումի հիման վրա, անկանխիկ եղանակով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային)։»։ 

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «և նրան» բառերը փոխարինել «առանձնահատկությունները և» բառերով: 

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «չստորագրելու (բանկ չներկայանալու)» բառերը փոխարինել «չներկայացնելու» բառով, իսկ 4-րդ մասի 3-րդ  կետում «ստորագրելու (բանկ ներկայանալու)» բառերը փոխարինել «ներկայացնելու» բառով: 

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ կանխիկ» բառերը և «Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» բառերը: 

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերով.

«9. Եթե կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված բացառությունները։

  1. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը։ Եթե մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը չի ներկայացվում սույն մասում նշված դիմումը, ապա կենսաթոշակը շարունակում է վճարվել անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով։
  2. Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա։»: 

Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածում`

  1. 8-րդ մասում «ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով» բառերը փոխարինել «անկանխիկ եղանակով» բառերով, իսկ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նոր նախադասությամբ.

«Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։».

  1. 11-րդ մասում «վճարվում է» բառը փոխարինել «կանխիկ եղանակով վճարվում է» բառերով։

Հոդված 2. Օրենքի 28.1-ին հոդվածի 6.1.-ին մասից հանել «կամ կանխիկ» բառերը և «Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա նպաստի գումարը) վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:» նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերով.

«9. Եթե խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով, հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները։

  1. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը։ Եթե մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը չի ներկայացվում սույն մասում նշված դիմումը, ապա խնամքի նպաստը շարունակում է վճարվել անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով։
  2. Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։»։

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

 

  • Քննարկվել է

    08.10.2019 - 23.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8118

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

21.10.2019

ԿԱՐԾԻՔ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Ընդհանուր առմամբ ողջունելով քննարկվող օրենքների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, կարծում ենք, որ դրանցով չեն փարատվում ՀՀ քաղաքացիներից, հատկապես ՀՀ երկքաղաքացիների վաստակած կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքի իրացման դժվարությունները։ Կարծում էինք, որ ձեռնարկվող փոփոխությունները պետք է համահունչ լինեին ՀՀ վարչապետի 2019 թ․ սեպեմբերի 22-ին Լոս Անջելեսում հայ մեծաքանակ սպյուռքի ներկայացուցիչներին տրված խոստումները՝ համահայակակնության եւ Հայաստանով ապրելու գաղափարների իրագործման առումով։ Այդ տեսակետից մենք գտնում ենք, որ առայժմ շատ դժվարեցված է ՀՀ այն քաղաքացիների իրենց վաստակած կենսաթոշակը նշանակելու եւ վճարելու գործընթացները, որոնք երկքաղաքացի են եւ բնակվում են Հայստանից դուրս։ Այսպես, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետում նշված է, որ «1. Կենսաթոշակ նշանակվում է` 1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.»։ Մեր կարծիքով այս կարգավորումը խիստ դժվարեցնում է ինչ-ինչ հանգամանքներով Հայաստանից դուրս այլ երկրներում բնակվող ՀՀ երկքաղաքացիների սահմանադրական իրավունքների՝ օրենքով սահմանված հավասար ու ոչ խտրական իրավունքների, իրացման ուղղությամբ։ Պետք է նշել, որ Օրենքի «»ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ» գլխի ողջ կարգավորումները առանձին վերցրած ՀՀ երկքաղաքացիների համար հակասում են ՀՀ սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածներին։ Այսպես, Օրենքի 33-րդ հոդվածի իրավանորմերին համապատասխան որպեսզի ՀՀ երկքաղաքացին կարողանա օգտվել իր կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքից, նա ստիպված է իր բնակության վայրից տեղափոխվել եւ ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանում եւ անձամբ ներկայացնի դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր։ Ընդ որում, այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանափակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո երեք ամսով։ Այս կարգավորումը էական խոչընդոտներ է առաջացնում ՀՀ երկքաղաքացիների համար։ Կարծում ենք, որ նրանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացումը հեշտացնելու եւ դրա նկատմամբ անհրաժեշտ հսկողություն ապահովելու նպատակով, նպատակահարմար է օրենքով սահմանված ժամկետը 3 ամսից դարձնել 1 տարի։ Ավելին, առաջարկում ենք այդ գործողությունների կատարումը վերապահել ՀՀ երկքաղաքացիների բնակության վայրի ՀՀ դեսպանատներում եւ/կամ հյուպատոսություններում։ 2. Մեր կարծիքով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությունը էլ ավելի շփոթություն է առաջացնում կենսաթոշակները հանխիկ կամ անականխիկ վճարելու պայմանների մեջ։ Այս կապակցությամբ կարծում ենք, որ սույն կետով պետք է սահմանվի միայն կենսաթոշակի անկախիկ ստանալու պայմաններն ու սուբյեկտները։ 3. Ավելին, կարծում ենք, որ սույն մասում պետք է լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ․ «ՀՀ երկքաղաքացիներին կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով ՀՀ համապատասխան դեսպանատանը եւ հյուպատոսությանը ներկայացված դիմումին համաձայն՝ իրենց բնակության երկրում նշված հայաստանյան բանկի ներկայացուցչությունում եւ/կամ այդ երկրի այն բանկում, որտեղ նա ունի բանկային անվանական հաշիվ։ Այդ դիմումները ամեն տարի թարմացվում են ՀՀ երկքաղաքացիների բնակության վայրի ՀՀ համապատասխան դեսպանատնում եւ/կամ հյուպատոսությունում»։ Այդ փոփոխությամբ էապես կթեթեւանան ՀՀ երկքաղաքացիների խնդիրները եւ նրանք ստիպված չեն լինի իրենց կյանքի արդար վաստակած գումարները ամբողջությամբ ծախսել (ավելին, կատարել այդ կենսաթոշակի տարեկան գումարը 2 եւ անգամ գերազանցող ծախսեր Հայաստան այցելելու համար) ամեն տարի Հայաստան հասնելու ճանապարհածախսի վրա, որպեսզի ստորագրություն տան այն մասին, որ նրանք դեռ ողջ են եւ ցանկանում են ետ ստանալ ժամանակին ՀՀ համապատասխան հիմնադրամին պահ տված իրենց արդար քրտինքով վաստակած գումարները։ 4. Մեր կարծիքով Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող փոփոխությունը նույնպես պետք է համապատասխանեցվի վերահիշյալ կետում մեր ներկայացված առաջարկությանը։ 5. Մեր սույն առաջարկության գաղափարախոսությանը համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ ինչպես ողջ Օրենքում, այնպես էլ՝ ՀՀ կառավարության 2011 թ․ մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման համապատասխան դրույթների մեջ։ Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին