Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1) Անձի՝ հավասարության պայմաններում հանրային ծառայության անցնելու իրավունքը երաշխավորված է տարբեր միջազգային ակտերով, ինչպես օրինակ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 25-րդ հոդվածով:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն թիվ 25 մեկնաբանությամբ, անդրադառանալով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 25-րդ հոդվածին, նշել է, որ պետությունը անձի՝ հավասարության պայմաններում հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացումն ապահովելու համար պետք է սահմանի հանրային ծառայության անցնելու պայմանների, ընթացակարգերի, առաջխաղացման, լիազորությունների կասեցման և դադարեցման օբյեկտիվ և խելամիտ չափանիշներ: Հանրային ծառայության անցնելու մատչելիությունն ապահովելու միջոցներ ևս պետք է ձեռնարկվեն[1]:
Հանրային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածով ամրագրվեց վարչական պաշտոն հասկացությունը: Այսպես, վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական վարչական պաշտոններն են, ի թիվս այլնի, նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնները:
Հանրային ծառայության մասին օրենքով որպես վարչական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջներ սահմանվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և բարձրագույն կրթություն ունենալը, իսկ այլ պահանջների սահմանումը թողնվել է պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող օրենքներին:
Հարկ է նկատել, որ այդ օրենքները, մասնավորապես, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին և Քրեակատարողական ծառայության մասին օրենքներն ընդունվել են Հանրային ծառայության մասին օրենքի ընդունումից առաջ և այդ օրենքներով նախատեսված վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջները մնացել են անփոփոխ:
Ավելին, վերոնշյալ օրենքները բացառում են վարչական պաշտոնի զբաղեցումը այն անձանց կողմից, ովքեր չեն հանդիսանում պետական ծառայողներ՝ այդպիսով կասեցնելով համապատասխան փորձառություն ունեցող մասնագետների, դատավորի և փաստաբանի մուտքը այդ ծառայություններ:
Այսպես, Քրեակատարողական ծառայության մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, բացառությամբ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի, կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:
Վերոնշյալ կարգավորումներից բխում է, որ քրեակատարողական ծառայության պետ կամ պետի տեղակալ, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարող կամ նրա տեղակալ կարող են նշանակվել միայն քրեակատարողական ծառայող կամ հարկադիր կատարման ծառայությունում ծառայող հանդիսացող անձինք: Ընդ որում, հարկ է նկատել, որ Արդարադատության նախարարությանը ենթակա մյուս մարմնի՝ Պրոբացիայի ծառայության դեպքում, ծառայության ղեկավարին և նրա տեղակալին ներկայացվող պահանջները բացակայում են: Ավելին, Պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալի և նրա լիազորությունների վերաբերյալ դրույթներ ևս առկա չեն այդ օրենքում:
Հատկանշական է, որ պետական այլ ծառայության տեսակներում, օրինակ, Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում (վարչական պաշտոն) նշանակվելու համար «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն չի պահանջվում դատական ծառայությունում փորձառություն, այլ հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն:
Բացի այդ, որակյալ կադրերին համապատասխան մարմիններում և դատական ծառայությունում ընդգրկելու համար վերջին տարիներին ընդունված օրենքներով, օրինակ, «Դատախազության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսվել է, օրինակ, իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և որոշակի տարիների մասնագիտական փորձառություն ունեցող անձանց այդ մարմիններում ներգրավվելու հնարավորություն:
Բացի այդ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ մի շարք երկրներում, ինչպես օրինակ, Վրաստանում, Լիտվայում, Էստոնիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում նշված պետական ծառայությունների ղեկավարներին և տեղակալներին ներկայացվող պահանջներում նույն մարմնում աշխատանքային փորձառություն ունենալու պահանջը պարտադիր բնույթ չի կրում:
2) «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 30 տարին լրացած անձինք:
Նման կարգավորման պայմաններում էականորեն սահմանափակվում է այն անձանց՝ խորհրդականի հայեցողական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, որոնք թեև ունեն բարձրագույն կրթություն, սակայն չեն բավարարում տարիքային և աշխատանքային փորձի պահանջին:
3) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի՝ կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները: Մասնավորապես, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի, հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի համար` հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
Նման կարգավորման պայմաններում էականորեն սահմանափակվում է այն անձանց՝ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքը, որոնք թեև ունեն բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, սակայն չունեն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում առնվազն երկու տարվա ստաժ:
Ընդ որում, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում առնվազն երկու տարվա ստաժի պահանջ չի ներկայացվում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի այլ պաշտոնների համար:
4) Դատարանների և դատավորների ծանրաբեռնվածության վտանգը, Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացության համաձայն՝ կարող է հաղթահարվել, երբ դատավորներին աջակցում են որակավորված օգնականները[2]:
Ընդ որում, դատավորի որակավորված օգնականի համար պարտադիր է ոչ թե աշխատանքային փորձառությունը, այլ բարձրագույն իրավաբանական կրթություն ունենալը և/կամ համապատասխան որակավորում անցնելը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դատավորի օգնականի համար սահմանված են աշխատանքային փորձառության բավականին խիստ պահանջներ:
Այսպես, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված են դատական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների անձնագրերում ներառվող պահանջները: Ընդ որում, Բարձրագույն դատական խորհրդի 28.08.2018 թվականի թիվ ԲԴԽ-31 որոշման թիվ 1 հավելվածով հաստատվել է Դատական դեպարտամենտում ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը, որի համաձայն դատավորի օգնականները և դատարանի աշխատակազմի գրասենյակի գլխավոր մասնագետները ընդգրկված են դատական ծառայության գլխավոր պաշտոնի 2-րդ ենթախմբում, իսկ դատարանի աշխատակազմի գրասենյակի առաջատար մասնագետները՝ դատական դատական ծառայության առաջատար պաշտոնի 1-ին և 2-րդ ենթախմբերում:
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով վերոնշյալ դատական ծառայողների համար սահմանված պաշտոնների անձնագրերը պետք է ներառեն, ի թիվս այլնի, դատական ծառայությունում աշխատանքային փորձառություն, գիտական աստիճան, մասնագիտական աշխատանքային ստաժ, պետական պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում որոշակի աշխատանքային ստաժ ունենալու պահանջներ:
Արդյունքում, դատավորի օգնականների և դատարանի աշխատակազմի գրասենյակի գլխավոր և առաջատար մասնագետների համար սահմանված պահանջները խոչընդոտում են դատական ծառայությունում որակյալ այն կադրերի ներգրավմանը, որոնք չունեն աշխատանքային փորձառություն: Ընդ որում, դատավորի օգնականի կամ դատարանի աշխատակազմի մասնագետի համար պաշտոնի անձնագրում սահմանված պարտականությունների ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ դրանց կատարման համար աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր չէ:
Ամբողջ վերոշարադրյալը վկայում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին», Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին, Քրեակատարողական ծառայության մասին, «Պրոբացիայի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
Առաջարկվող կարգավորման բնույթը
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝
- հանվում է գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի համար կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում առնվազն երկու տարվա ստաժի պահանջը և այս պաշտոնում նշանակվելու հնարավորություն է ընձեռվում այն անձանց, ովքեր ունեն տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- փոփոխվել է խոհրդականի հայեցողական պաշտոն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները,
- փոփոխվել են դատականծառայության գլխավոր պաշտոնի 2-րդ ենթախմբի և առաջատար պաշտոնի անձնագրում ներառվող պահանջները,
- նախատեսվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Քրեակատարողական ծառայության ղեկավարների և տեղակալների պաշտոններում հետևյալ անձանց նշանակելու հնարավորություն՝
- իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ունեցող անձանց.
- պաշտոնավարած նախկին դատավորին.
- փաստաբանական փորձառություն ունեցող անձին,
- Պրոբացիայի ծառայության ղեկավարի և տեղակալի համար սահմանվել են նշանակման պահանջներ, սահմանվել են տեղակալի լիազորությունները:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ընդլայնել գլխավոր քարտուղարի, խոհրդականի հայեցողական պաշտոն, դատական ծառայության գլխավոր պաշտոնի 2-րդ ենթախմբի և առաջատար պաշտոն, ինչպես նաև առանձին պետական վարչական պաշտոնների ստանձնման հնարավորություն ունեցող անձանց շրջանակը:
[1] UN Human Rights Committee (HRC), CCPR General Comment No. 25: Article 25 (Participation in Public Affairs and the Right to Vote), The Right to Participate in Public Affairs, Voting Rights and the Right of Equal Access to Public Service, 12 July 1996, CCPR/C/21/Rev.1/Add.7, available at: https://www.refworld.org/docid/453883fc22.html [accessed 13 August 2019]
[2] https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-PI(2017)008-e
-
Քննարկվել է
19.09.2019 - 05.10.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7009
Տպել