Հիշել նախագիծը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն անհրաժեշտ է հետևյալ պատճառներով.

Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրը (այսուհետ՝ գործակալություն) միասնական պետական գրանցամատյանում գրառում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ և չի վարում բաժնետիրական ընկերությունների ռեեստր։ Նման պրակտիկայի արդյունքում իրավաբանական անձանց վերաբերյալ գործակալության կողմից վարվող միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվությունը  թերի է, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ ինչպես իրավապահ մարմիններին, այնպես էլ տեղեկատվություն ստանալու նպատակով գործակալություն դիմած անձանց տրամադրվող տեղեկատվութունն ամբողջական չի լինում։ Որպես իրավաբանական անձինք, թե՛ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, թե՛ բաժնետիրական ընկերությունները հավասար հանրային հետաքրքրություն են ներկայացնում։ Հարկ է նկատել, որ իրենց ֆինանսական գործունեության ծավալով բաժնետիրական ընկերությունները հաճախ առավել բարձր հանրային հետաքրքրություն ունեն, քանի որ մասնակցում են տարբեր հանրային գործընթացների, այդ թվում՝ պետական գնումների, մատուցում են հանրության համար կարևոր նշանակություն ունեցող ծառայություններ: Ուստի, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի առավել թափանցիկ և հասանելի, հանրությունը պետք է ունենա հնարավորություն ստանալու տեղեկություն բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ, իրականացնելու  հանրային վերահսկողություն պետություն-մասնավոր համագործակցության, պետական գնումների գործընթացի, տնտեսական մրցակցության նկատմամբ: Այսպիսով, բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը համապատասխանեցնելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը՝ կընդլայնվի հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքների շրջանակն, ինչն էլ իր հերթին կխթանի  ընկերությունների առավել հաշվետու և բարեվարք վարքագիծը, կնպաստի մասնավոր ոլորտում առողջ մրցակցությունն ու թափանցիկ գործելաոճը:

Բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ապահովումը անհրաժեշտ է նաև իրավախախտումների կանխարգելման և բացահայտման տեսանկյունից: Բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների գրանցումը միասնական գրանցամատյանում և դրանց հասանելիությունը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարը, բացահայտել անօրինական ազդեցությունները տարբեր բաժնետիրական ընկերությունների վրա և ընդհանուր առմամբ համակարգը դարձնել ավելի թափանցիկ:

Այս տրամաբանությունն ընդգծվել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) 2018 թվականի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի չորրորդ փուլի զեկույցում, որի համաձայն՝ «Հայաստանը, ըստ ամենայնի, ընդլայնում է կոռուպցիոն և ֆինանսական այլ հանցագործությունների մասին հնարավոր տեղեկատվության աղբյուրները։ Միևնույն ժամանակ, կոռուպցիոն դեպքերի հետ աշխատող քննիչների և դատախազների համար ֆինանսական տեղեկատվության հասանելիության մասով դեռևս կան որոշ չհիմնավորված սահմանափակումներ, ավելին՝ նրանց համար ուղղակի հասանելի չեն պետական տվյալների բազաները։[1]»:

Հայաստանում սահմանված չէ իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն ներկայացնելու ընդհանուր պահանջ, թեև առկա են որոշ կարգավորումներ՝ կապված պետական գնումների և փողերի լվացման/ահաբեկչության ֆինանսավորման հետ: Մասնավորապես, «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ հաղթող ճանաչված մասնակցի իրական սեփականատերերի մասին ծանուցումը պետք է տեղադրված լինի պետական գնումների կայքում՝ պայմանագիր կնքելու մասին հայտարարության հետ միասին (հոդված 28, 2-րդ մաս, 2-րդկետի «բ» ենթակետ): Այնուամենայնիվ, ստուգման մեխանիզմներ առկա չեն օրենքում կամ գործնականում: Բացի այդ, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքով կարգավորվում է իրական շահառուների կողմից տեղեկատվության ներկայացումը (66-րդ հոդված) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով ընկերություններից պահանջվում է որոշ գործարքների մասով իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն ներկայացնել պետական գրանցման գործակալություն:

 Վերոնշյալ բացերը լրացնելու նպատակով ՏՀԶԿ-ի նշված զեկույցի 20-րդ հանձնարարականի 7-րդ կետը ներկայացնում է հետևյալ առաջարկությունները՝ Ապահովել իրական սեփականատերերի մասին տեղեկատվության աստիճանական և արդյունավետ ներկայացումը. ա) պահանջել իրավաբանական անձանց իրական սեփականատերերի մասին տեղեկատվության ներկայացում. բ) ստեղծել կենտրոնական ռեգիստր՝ շահառու սեփականատերերի համար. գ) տեղեկատվությունը հրապարել առցանց՝ բաց տվյալների ձեւաչափով՝ տվյալների և անձնական կյանքի պաշտպանության տեղական և միջազգայնորեն ընդունված երաշխիքներին համապատասխան. դ) ապահովել չբացահայտման տարհամոզիչ պատժամիջոցներ օրենքում եւ գործնականում:

Դեռևս 2015 թվականի մայիսի 20-ին Եվրոպական Խորհրդարանը և Եվրոպայի խորհրուդը ընդունել են Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ՝ 2015/849 թվակիր դիրեկտիվը[2], համաձայն որի՝ Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ և պահպանել  իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականտերերի վերաբերյալ համաչափ, հստակ և թարմ տեղեկատվություն։ Անդամ երկրները նաև պարտավոր են ապահովել իրական սեփականատերերի գրանցման կենտրոնական ռեգիստրի առկայությունը։

Մի շարք պետություներ իրենց օրենսդրությամբ կարգավորել են իրական սեփականատերերի  բացահայտման հետ կապված հարցերը: Մասնավորապես՝ Սլովակիայում 2015 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել պետական գնումները կարգավորող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը[3], որի համաձայն պետական գնումներին մասնակցելու և որպես մրցույթում հաղթող՝ պայմանագիր կնքելու համար ընկերությունները պարտավոր են հասարակությանը հասանելի գրանցամատյանում գրանցել իրենց իրական սեփականատերերին (ultimate beneficial owners): Մեծ Բրիտանիայում գրանցված բոլոր իրավաբանական անձինք 2016 թվականի ապրիլից պարտավոր են պահպանել իրենց իրական սեփականատերերի ռեգիստր[4]։ Իսկ արդեն 2016 թվականի հունիսի 30-ից այս տեղեկատվությունը վերջիններս պարտավոր են ներկայացնել ընդհանուր ռեգիստրում գրանցելու համար։ Մեծ Բրիտանիայում կատարված այս օրենսդրական փոփոխությունը ևս, ուղղված է փողերի լվացման, կոռուպցիայի, մասնավորապես՝ պետական գնումների և անշարժ գույքի շուկայի ոլորտում թափանցիկության ապահովմանը։

Վերոգրյալից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությունը աստիճանաբար ընդունվում է միջազգային հանրության կողմից՝ հաստատելով վերջինիս որոշիչ դերը կոռուպցիայի, փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում: Ուստի իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված կառուցակարգերի ներդրումը  Հայաստանի Հանրապետությունում ևս կարևոր քայլ է:  Այս առումով, նախագծով առաջարկվող կարգավորումները ուղղված են ապահովելու գործակալության, և հետևաբար նաև հանրության հասանելիությունը բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությանը։

Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը ապահովվում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Ավստրիայում, Կոլումբիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Գերմանիայում, Հունաստանում, Հոնկոնգում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Իսրայելում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սինգապուրում, Թուրքիայում[5]:

Հարկ է նկատել, որ Հայաստանը հանդիսանում է նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր, որով Հայաստանը, ի թիվս այլնի, պարտավորվել է միջոցառումներ ձեռնարկել իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և զարգացման ուղղությամբ։ 

Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը (ՖԱԹՖ)[6], իսկ հետագայում Գլոբալ ֆորումն իրենց չափանիշներում ներառել են բաժնետիրական սեփականության պահանջները, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության գնահատումների անցկացումը: Մասնավորապես՝ Գլոբալ ֆորումի շրջանակներում ստանձնած պարտավորությունների գնահատման ժամանակ, գնահատվելու է նաև բաժնետոմսերի իրավատերերի վերաբերյալ տվյալներին հարկային մարմինների հասանելիությունը, ինչն անհրաժեշտ է ստանձնած միջազգային պարտավորությունները պատշաճ կատարելու համար[7]:

ՖԱԹՖ 24-րդ հանձնարարականի մեկնաբանությունների համաձայն՝ բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տարրական տեղեկատվությունը պետք է հասանելի լինի իրավասու, այդ թվում՝ իրավապահ մարմիններին: Մասնավորապես՝ երկրները պետք է ապահովեն ընկերությունների մասին տեղեկատվության ստացումն ու մուտքագրումը իրավաբանական անձանց ռեեստր: Ընկերության մասին տեղեկատվությունը պետք է ներառի հետևյալ տվյալները ՝ ընկերության անվանումը, գրանցման փաստի հաստատումը, իրավական ձևը և կարգավիճակը, իրավաբանական հասցեն, հիմնական իրավահաստատող փաստաթղթերը (օրինակ՝ հիմնադիր պայմանագիրը և կանոնադրությունը), տնօրենների ցուցակը: Տեղեկատվությունը ներառում է նաև իրավատերերի վերաբերյալ տվյալներ, որոնք պետք է հասանելի դարձվեն իրավապահ մարմիններին սեղմ ժամկետներում:

 Երկրները պետք է ապահովեն, որ իրավապահ և այլ մարմինների ներկայացուցիչները ունենան բոլոր անհրաժեշտ լիազորություններն իրավաբանական անձանց հիմնական տեղեկատվության և իրական շահառուների սեփականության վերաբերյալ տեղեկությունների հասանելիության համար: Ինչպես նաև պետք է ապահովեն միջազգային համագործակցություն իրավաբանական անձանց հիմնական տեղեկատվության եւ շահառուների սեփականության մասին տեղեկատվության վերաբերյալ[8]:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը համապատասխանեցնելուն, բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրին փոխանցելուն, և դրա արդյունքում այդ տեղեկատվությունը հանրությանն առավել հասանելի դարձնելուն։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք 

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

5.Ակնկալվող արդյունքը 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունմամբ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից տրվող տեղեկատվությունը կբովանդակի տեղեկություններ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի մասին: Բաժնետերերի և իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների գրանցումը միասնական գրանցամատյանում և դրանց հասանելիությունը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարը և ընդհանուր առմամբ համակարգը կդարձնի ավելի թափանցիկ:

  

[1] https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf

[2] Տե՛ս http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX:32015L0849

[3] Տե՛ս http://www.iflr.com/Article/3513647/Slovak-Republic-Procurement-and-beneficial-owners.html

[4] Տե՛ս  https://www.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/512333/bis-16-161-beneficial-ownership-transparency.pdf

[5] https://www.dlapiperintelligence.com/goingglobal/corporate/index.html?t=26-public-disclosure-of-identity

[6] http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer-fsrb/MONEYVAL(2015)34_5thR_MER_Armenia.pdf

[7] https://www.oecd.org/tax/transparency/global-forum-handbook-2016.pdf

[8]https://eurasiangroup.org/files/uploads/files/FATF_documents/FATF_Guidances/Rukovodstvo_FATF_Prozrachnost_i_BS.pdf

  • Քննարկվել է

    10.09.2019 - 25.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10140

Տպել