Լրամշակման փուլում է
<<ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը.
Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված և աղյուսակ N 3-ում առկա անճշտություններն ուղղելու, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում Եվրասիան տնտեսական միասնական շուկայում ցեմենտ արտադրանքի շուկայահանման պահանջների համապատասխանության անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 13-րդ կետով ներկայացվում է պահանջ, համաձայն որի ցեմենտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակով սահմանված նորմերին, սակայն N 3 աղյուսակով սահմանված նորմերը վերաբերում են ոչ թե «ցեմենտ» արտադրանքին, այլ «կլինկեր» արտադրանքին: Կլինկերում չի կարող SO3-ի պարունակությունը լինել 1.5÷3.5 %, քանի որ այն տատանվում է 0.2÷0.3 % (այլապես այն կանվանվեր գիպս), իսկ քլոր-իոնի (Cl-) զանգվածային մասը 0.1 % (կլինկերում այն գրեթե 0 է):
Ցեմենտների շուկայահանման գործընթացը կարգավորելու համար նախագծով նախատեսվում է նաև հայտատու հասկացության սահմանում, համաձայն որի որպես հայտատու կարող է հանդես գալ ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, այլ նաև Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ցեմենտ արտադրող իրավաբանական անձը, որը սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով կարող է դիմել համապատասխանության գնահատման մարմնին: Այս մոտեցումը ձևավորված է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ս.թ. մայիսի 28-ի N 20 կարգադրությամբ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս ցեմենտի արտադրությունը, շուկայահանումը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: «Ցեմենտ» արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների մոտ գնահատման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը: Այս համատեքստում պետք նշել նաև ԵԱՏՀ Խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի N 20 կարգադրությունը, համաձայն որի թույլատրվում է ԵԱՏՄ անդամ պետության ցեմենտ արտադրողներին արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնելու համար հանդես գալ մյուս անդամ պետություններում որպես հայտատու: Այս պահանջը ՀՀ օրենսդրությամբ ևս սահմանելու (համապատասխանեցնելու) նպատակով Նախագծով նախատեսվել է «հայտատու հասկացությունը և կատարվել է համապատասխան լրացում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն իրավական ակտի նախագծի նպատակը ցեմենտ արտադրողների և հավաստում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների համար տեխնիկական խոչընդոտ հանդիսացող և խմբագրական բնույթ կրող անհամապատասխանությունների վերացումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա անհամապատասխանությունների վերացում, ԵԱՏՄ տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտով հաստատված պահանջի համապատասխանեցում։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-
Քննարկվել է
29.07.2019 - 25.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6764
Տպել