Justice Group
10.05.2019
10․05․2019 Դատախազության այսպիսի վարչական միջամտությունը կարող է վնասել քննչական կոմիտեի անկախ գործունեությանը և վերջինիս կախվածության մեջ դնել դատախազությունից։
3 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ տարեցտարի նվազում է դատախազների միջնորդությունների քննության արդյունքում կարգապահական պատասխանատվության ենթարկված քննիչների թիվը: Այսպես՝ 2018 թվականի ընթացքում դատախազի կողմից քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործով վարույթից հեռացվել է 145 քննիչ: Նույն ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազի կողմից «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ներկայացվել է 317 միջնորդություն՝ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ, որից 232-ը վերաբերել է հետաքննության մարմնի ներկայացուցչի, 85-ը՝ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների քննիչի (այսուհետ՝ քննիչ) նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելուն:
Հետաքննության մարմնի ներկայացուցչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու 232 միջնորդություններից 119-ի կամ 51,2%-ի դեպքում հիշյալ սուբյեկտները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 102-ի կամ 43,9%-ի դեպքում նշված սուբյեկտները չեն ենթարկվել կարգապահական պատասխանատվության, սակայն բանավոր նախազգուշացվել են, ներկայացված միջնորդություններից 8-ի կամ 3,4%-ի քննարկման արդյունքները 2019թ. հունվարի 1-ի դրությամբ դեռևս պարզ չեն եղել:
Քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին 85 միջնորդություններից 8-ով կամ 9,4%-ով հարուցվել է կարգապահական վարույթ, քննիչը ենթարկվել է կարգապահական տույժի, 74-ով կամ 87,0%-ով քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել՝ այն պատճառաբանությամբ, որ կատարված նախնական ուսումնասիրությամբ քննիչի գործողություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Միջնորդություններից 3-ի կամ 3,6%-ի քննարկման արդյունքները 2019թ. հունվարի 1-ի դրությամբ դեռևս պարզ չեն եղել:
2017թ. ընթացքում դատախազի կողմից քրեական գործով վարույթից հեռացվել է 157 քննիչ: Նույն ժամանակահատվածում դատախազի կողմից ներկայացվել է 204 միջնորդություն՝ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ, որից 92-ը վերաբերել է հետաքննության մարմնի ներկայացուցչին, 112-ը՝ քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությանը:
Հետաքննության մարմնի ներկայացուցչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու 92 միջնորդություններից 74-ի կամ 80,4%-ի դեպքում հիշյալ սուբյեկտները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 9-ի կամ 9,8%-ի դեպքում նշված սուբյեկտները չեն ենթարկվել կարգապահական պատասխանատվության, սակայն բանավոր նախազգուշացվել են, ներկայացված միջնորդություններից 9-ի կամ 9,8%-ի քննարկման արդյունքները 2018թ. հունվարի 1-ի դրությամբ դեռևս պարզ չեն եղել:
Քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին 112 միջնորդություններից 19-ով կամ 17%-ով հարուցվել է կարգապահական վարույթ, քննիչը ենթարկվել է կարգապահական տույժի, 87-ով կամ 77,7%-ով քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել՝ այն պատճառաբանությամբ, որ կատարված նախնական ուսումնասիրությամբ քննիչի գործողություններում խախտումներ չեն հայտնաբերվել:
Փաստորեն, 2017թ. համեմատ, 2018թ. նույնպես կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ավելի քիչ դատավարական սուբյեկտ, քան ծառայողական քննություն անցկացնելու մասին դատախազի միջնորդություններն են եղել այն դեպքում, երբ ներկայացված վիճակագրական պատկերը չի համապատասխանում օբյեկտիվ վիճակին և քննիչների մոտ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ՝ նպաստելով վերջիններիս կողմից նոր խախտումների կատարմանը:
Այսպես՝ 2018 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազների ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել են քրեական գործերով քրեադատավարական և նյութական իրավունքի կոպիտ խախտումներ թույլ տալու, քրեական գործի հարուցման հարցը լուծելու փուլում հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հավաստող փաստական տվյալների վերհանման նպատակով բազմակողմանի և լրիվ քննություն չկատարելու, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակ թվով դատավարական և քննչական գործողություններ չկատարելու, նյութերը խիստ թերի նախապատրաստելու, առերևույթ կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդումները քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործողության մեջ դնելու քրեադատավարական պարտականությունները չկատարելու, տևական ժամանակ հանցագործության դեպքը ոստիկանության համապատասխան ստորաբաժանման գրանցամատյաններում չհաշվառելու, քրեադատավարական օրենքով նախատեսված լիազորություններից չբխող որոշումներ կայացնելու, քրեական գործով վարույթը բացառող դատավարական արգելքների առկայության պայմաններում անհիմն քրեական գործեր հարուցելու կամ ընդհակառակը՝ քրեական գործ հարուցելու օրինական առիթի և բավարար հիմքերի առկայության պայմաններում քրեական գործ չհարուցելու, կայացված որոշումները քրեադատավարական օրենքով նախատեսված ժամկետներում դատախազություն չուղարկելու, քննչական անհետաձգելի գործողություններ չկատարելու, փորձագետների հարուցած միջնորդությունները ժամանակին բավարարելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ տրամադրելու ուղղությամբ գործողություններ չկատարելու, թերի, մակերեսային նախաքննություն կատարելու, գործերի նախաքննության ժամկետները անհիմն ձգձգելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները անհիմն և ոչ իրավաչափ ձևով սահմանափակելու, առանց ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցակազմի այս կամ այն հատկանիշը ամբողջական բացահայտելու անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներ կայացնելու, մեղադրյալների պաշտպանության իրավունքի խախտումներ թույլ տալու, «էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ընդունված ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ որոշումներ կայացնելու, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը տուժողին անհապաղ չուղարկելու, քրեական գործի նյութերը պահանջելու պայմաններում անհապաղ դատախազին չտրամադրելու պատճառներով:
Դատախազի միջնորդության արդյունքում քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ պատասխանատվության ենթարկված քննիչների քիչ քանակը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեում ներդրված այն պրակտիկայով, որ քննչական կոմիտեի ծառայողի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ դատախազի ներկայացրած միջնորդությունը քննչական կոմիտեում դառնում է նախնական ուսումնասիրության առարկա, այլ ոչ կարգապահական վարույթի հարուցման հիմք: Անհրաժեշտ է նշել, որ քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին դատախազի միջնորդությունն արդեն իսկ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու անվերապահ հիմք է, այլ կերպ՝ դատախազի միջնորդության հիման վրա նախնական ուսումնասիրություն կատարելը չի բխում ո՛չ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝«Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը և արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին:»:
Հոդվածում վկայակոչված «խախտում թույլ տված» եզրույթից հետևում է, որ օրենսդիրը քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին միջնորդություն ներկայացնելու համար հիմք հանդիսացած դատախազի փաստարկներն արդեն իսկ գնահատում է որպես կատարված փաստ, հետևաբար այդ փաստերի նախնական ուսումնասիրություն կատարելու (պարզելու համար՝ արդյոք դրանք խախտում են, թե՝ ոչ,) անհրաժեշտություն չկա:
Վերոգրյալ արձանագրումը բխում է նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման՝ դատախազի բացառիկ լիազորության տրամաբանությունում: Այսպես.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում նրանք թույլ են տվել օրենքի խախտում:»:
Դատավարական օրենքի վկայակոչված դրույթից հետևում է, որ քրեական գործով նախաքննության ընթացքում դատախազն ունի բացառիկ լիազորություն՝ գնահատելու, թե քրեական գործի քննության ընթացքում արդյոք քննիչը թույլ է տվել օրենքի խախտում և այդ հարցին դրական պատասխան տալու պարագայում դատախազն ունի բացառիկ լիազորություն՝ հեռացնել քննիչին տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց:
Փաստորեն, խնդրո առարկա հարցի կապակցությամբ ներկայումս ձևավորված պրակտիկայում ստեղծվում է իրավիճակ, երբ դատախազը, իրացնելով իր բացառիկ լիազորությունը, քննիչի գործողությունները գնահատում է որպես օրենքի խախտում, հեռացնում է քննիչին տվյալ քրեական գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, ներկայացնում է համապատասխան միջնորդություն քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ, սակայն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը, որին քննչական կոմիտեի ներքին իրավական ակտերի հիման վրա վերապահվել է ծառայողական ուսումնասիրություն կատարելու լիազորություն, քննիչի գործողություններում խախտում չի հայտնաբերում՝ դրանով իսկ «գնահատելով» դատախազի գործողությունները որպես ոչ իրավաչափ, և օրենքի խախտում թույլ տալու հիմքով քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացված քննիչը համարվում է օրենքի խախտում թույլ չտված: Մինչդեռ, ակնհայտ է, որ ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը դատախազի գործողությունները գնահատելու լիազորություն ունենալ չի կարող:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի վկայակոչված 3-րդ մասը սահմանում է, որ խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասը դատախազի միջնորդության հիման վրա պարտավոր է սկսել քննիչի նկատմամբ ծառայողական քննությունը: Այլ կերպ՝ վերոգրյալ տրամաբանության շրջանակներում օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ քննիչի կողմից օրենքի խախտում թույլ տալու մասին դատախազի գնահատականը ստուգման ենթակա չէ, և այդ խախտումների կապակցությամբ ծառայողական քննություն անցկացնելը պարտադիր է:
Ստեղծված իրավիճակին նպաստում է, անշուշտ, նաև այն եզրութաբանական անհստակությունը, որը առկա է «Քննչական կոմիտեի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում: Այսպես՝ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում «ծառայողական քննություն» եզրույթը նախատեսված չէ, հիշյալ օրենքում օգտագործվում է «կարգապահական վարույթ» եզրույթը և այդ հանգամանքն օգտագործելով՝ ՀՀ քննչական կոմիտեն ծառայողական քննություն անցկացնելու մասին միջնորդության հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու պարտականությունը մեկնաբանում է զուտ որպես նախնական ուսումնասիրություն կատարելու պարտականություն: Մինչդեռ, ակնհայտ է, որ ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է նախնական ուսումնասիրություն սկսել քննիչի գործողությունների անիրավաչափության վերաբերյալ օրինական աղբյուրից տեղեկություն ստանալու ցանկացած դեպքում, հետևաբար «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի վկայակոչված 3-րդ մասում հատկապես շեշտադրված՝ «պարտավոր է սկսել ծառայողական քննությունը» եզրույթը վերաբերում է ոչ թե նախնական ուսումնասիրություն կատարելուն, այլ՝ կարգապահական վարույթ հարուցելուն և իրականացնելուն, այլապես «պարտավոր է» եզրույթի հատկապես շեշտադրման անհրաժեշտությունը չէր լինի, քանի որ այսպես, թե այնպես քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը քննիչի կողմից խախտում թույլ տալու մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, զանգվածային լրատվության միջոցների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները պարտավոր է դարձնել քննարկման առարկա, այլ խոսքով՝ այդ հաղորդումների կապակցությամբ պարտավոր է կատարել նախնական ուսումնասիրություն:
Մյուս կողմից, «Դատախազության մասին» 2017 թվականի օրենքը սովորույթի ուժով շարունակել է օգտագործել նախորդ՝ 2007 թվականի օրենքում ևս կիրառվող «ծառայողական քննության միջնորդություն» հասկացությունը, ինչը դեռևս նախորդ օրենքի գործողության ժամանակահատվածում համահունչ է եղել նախկինում քրեական գործերի հիմնական մասով նախաքննություն իրականացնող կառույցի՝ ՀՀ ոստիկանությունում ծառայողների նկատմամբ ծառայողական քննության իրականացման կառուցակարգին: Այսպես՝ ինչպես «Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, այնպես էլ «Հատուկ քննչական ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքները չեն նախատեսում կարգապահական վարույթ հասկացությունը, այլ նախատեսում են ծառայողական քննություն հասկացությունը:
Այսպիսով, վերոգրյալ վերլուծությունից ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարգապահական խախտման փաստի առթիվ ծառայողական քննության միջնորդություն է ներկայացնում քննչական կոմիտեին, ներկայացված միջնորդությունը պարտադիր հիմք է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և օրենսդրությամբ սահմանված բոլոր երաշխիքների պահպանմամբ անկախ հանձնաժողովի կողմից օբյեկտիվ վարույթ իրականացնելու և քննիչի մեղավորության առկայության կամ բացակայության մասին դատողություններ անելու համար:
Հետևաբար, իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Դատախազության մասին» օրենքում և «Քննչական կոմիտեի մասին» օրենքում առկա անհստակությունները վերացնելու, միասնական օրենսդրական եզրութաբանություն ապահովելու, ըստ այդմ՝ կարգապահական խախտում կատարած քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ խախտման փաստի առթիվ օբյեկտիվ կարգապահական վարույթ իրականացնելու և, ըստ անհրաժեշտության, կարգապահական տույժի միջոցներ կիրառելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
««Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 25-րդ հոդվածի 3-դ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ-ում մինչդատական քրեական վարույթ իրականացնում է ոչ միայն քննչական կոմիտեն, այլ նաև հետաքննություն և նախաքննություն իրականացնող մյուս մարմինները, որոնց համապատասխան իրավական ակտերում օգտագործվում է «ծառայողական քննություն» հասկացությունը («Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքներ և այլն), որը բովանդակային առումով նույնն է, ինչ «կարգապահական վարույթ» հասկացությունը «Քննչական կոմիտեի մասին» օրենքի իմաստով, «Դատախազության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայողական քննություն իրականացնելու միջնորդություն» եզրույթը ևս պահպանվել է:
««Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում ընդլայնել քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնող սուբյեկտների շրջանակը՝ դրանում ընդգրկելով նաև Գլխավոր դատախազին և հսկողություն իրականացնող դատախազին՝ «Դատախազության մասին» օրենքի 25-րդ հոդվածի հետ համապատասխանություն ապահովելու նպատակով:
Բացի այդ, առաջարկվում է «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 31-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Կարգապահական խախտման փաստի առթիվ Գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պարտադիր հիմք է»՝ առկա տարընկալումներն ու անհստակությունները բացառելու նպատակով:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի քննչական կոմիտեի ծառայողի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ դատախազի ներկայացրած կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննարկման կառուցակարգերը՝ նպաստելով առավել օբյեկտիվ, հրապարակային և արդյունավետ կարգի ներդրմանը, ինչը կվերացնի քննիչների շրջանում գործնականում առկա անպատժելիության մթնոլորտը՝ նպաստելով մինչդատական քրեական վարույթի առավել արդյունավետ իրականացմանը:
Քննարկվել է
03.05.2019 - 19.05.2019
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Արդարադատություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5763
Տպել10.05.2019
10․05․2019 Դատախազության այսպիսի վարչական միջամտությունը կարող է վնասել քննչական կոմիտեի անկախ գործունեությանը և վերջինիս կախվածության մեջ դնել դատախազությունից։