Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  

          Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգի և բողոքների ընդդատության հետ կապված հարցերի համապարփակ  իրավակարգավորմամբ և բխում է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ (ուժը կորցրած է ճանաչվել) հաստատված հավելված 2-ի 5-րդ գլխի 5.4 կետի 5.4.1. ենթակետից, որի համաձայն անհրաժեշտ է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա որոշակիացնել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների բողոքարկման կառուցակարգերը՝ հստակեցնելով բողոքների քննության ընդդատությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 19-րդ կետից, որի համաձայն պետք է նախատեսել քրեակատարողական ծառայողների գործողությունների, անգործության կամ նրանց կողմից ընդունած ակտերի բողոքարկման մեխանիզմներ՝ ընդդատյա դատարանի, բողոքներին ներկայացվող պահանջների, բողոքարկման ժամկետների հստակ ամրագրմամբ»:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

        ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն.

«Պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն օրենքով իրենց վերապահված գործողություններ: Պաշտոնատար անձանց գործողությունների կատարումը կարող է բողոքարկվել դատարան կամ օրենքով նախատեսված այլ մարմին:»:

          ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը նախատեսում է պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը դատական կարգով, սակայն չի հստակեցնում թե բողոքները որ դատարանին պետք է ընդդատյա լինեն, մասնավորապես՝ վարչական, թե առաջին ատյանի ընդհանուր իրավասության: Միաժամանակ, օրենսդրությամբ չի ապահովվում իրավական որոշակիությունը և դատապարտյալի համար իր իրավունքների պաշտպանության կանխատեսելիությունը:

          Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նախկին խմբագրությամբ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդդատության հարցերին վերաբերող 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված էր հետևյալ խմբագրությամբ՝

          «Վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը»:

           Հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 գործով արտահայտած դիրքորոշմանը: Մասնավորապես.

          «Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի գործողությունների և որոշումների դեմ բերված բողոքների դատական ընդդատության հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր»:

          (....) Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հետ կապված իրավահարաբերություններն իրենց բնույթով քրեաիրավական են, հետևաբար ենթակա են լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի կողմից: (....)

          Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի իրավասությանը վերապահված գործողություններն ու որոշումները հանդիսանում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու քրեաիրավական ինստիտուտի գործադրման համար անհրաժեշտ տարրեր, հետևաբար դրանք նույնպես բխում են քրեաիրավական հարաբերություններից, և դրանց դեմ բերված բողոքները ենթակա են քննության քրեաիրավական նորմերի կիրառմամբ: (....):

          Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ այս դեպքում մասնավոր անձը (դատապարտյալը) վիճարկում է վարչական մարմնի՝ իր շահերին առնչվող որոշման կամ գործողության օրինականությունն ու հիմնավորվածությունը, այդուհանդերձ, տվյալ վեճը չի կարող համարվել հանրային իրավահարաբերություններից բխող այնպիսի վեճ, որի լուծումն ընդդատյա է վարչական դատարանին:

          Քրեաիրավական հարաբերությունները նույնպես հանրային իրավահարաբերությունների տեսակ են, սակայն այս դեպքում շահագրգիռ անձի բողոքի քննարկման և լուծման իրավասությունն օրենսդրորեն վերապահված է ընդհանուր իրավասության (քրեական) դատարանին և դուրս է վարչական դատարանի իրավասության շրջանակներից (....):

          ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումների համակարգային վերլուծությունից բխում է՝

  1. Քրեաիրավական հարաբերությունները հանդիսանում են հանրային իրավահարաբերությունների տարատեսակ,
  2. Իրավահարաբերությունների՝ քրեաիրավական բնույթ ունենալու կամ այդպիսին չունենալու հանգամանքից կախված որոշվում է այդ հարաբերություններից բխող և դրանց հետ կապված հարցերի նկատմամբ օրենսդրության համապատասխան նորմերի կիրառման հարցը,
  3. Քրեաիրավական հարաբերությունների և համապատասխանաբար այդ հարաբերություններից բխող գործողությունների, որոշումների, անգործության հետ կապված հարցերը ենթակա են քննության և լուծման քրեաիրավական նորմերի կիրառմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հարցերի լուծման իրավասությունը վերապահված է ընդհանուր իրավասության դատարանին:

          Այսինքն՝ համապատասխան հարաբերության՝ հանրային-իրավական բնույթ ունենալու հանգամանքը չի հանդիսանում դեռևս հիմք այդ հարաբերություններից բխող հարցերի լուծումը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանը վերապահելու համար (անգամ այն պարագայում, երբ համապատասխան որոշումը կայացվել, գործողությունը կամ անգործությունը դրսևորվել է վարչական մարմնի կողմից), և նման հարաբերության քրեաիրավական բնույթ ունենալու, քրեաիրավական ինստիտուտների հետ առնչություն ունենալու հանգամանքը վկայում է այն մասին, որ դրանք պետք է լուծվեն քրեաիրավական նորմերի կիրառմամբ՝ ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

          Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ գործով արտահայտած դիրքորոշման հաշվառմամբ և պատժի կատարման հետ առնչվող հարցերի ընդդատության խնդրի լուծման նպատակով գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում (ընդունվել է 05.12.2013 թվականին) կատարվեց փոփոխություն և ընդդատությանը վերաբերող դրույթը շարադրվեց հետևյալ խմբագրությամբ, մասնավորապես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

          «Վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ սահմանադրական դատարան) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը:»:

          Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից բխում է, որ պատժի կատարման հետ կապված հարցերը չեն կարող ընդդատյա լինել ՀՀ վարչական դատարանին:

          Ուշադրության է արժանի նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածը, որի 2-րդ մասի համաձայն.

          «Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`

          1) (....) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները.

          2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.

          3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով.

          4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.

          5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.

          6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.

          7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.

          8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը»:

          Միջազգային փորձի վերլուծությունը, ինչպե նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ նորմերը (օրինակ 437-րդ, 430-434-րդ և այլ հոդվածներ) իրենց հերթին ևս ուղենիշ են հանդիսանում հանգելու այն եզրակացության, որ նմանատիպ հարցերի քննարկման և լուծման իրավասությունը պետք է վերապահել ընդհանուր իրավասության (քրեական) դատարանին, քանի որ ՀՀ-ում վարչական դատավարության մոդելն ինքնին բացառում է պատժի կատարման հետ կապված հարցերը վարչական դատարանի ընդդատությանը հանձնելու հնարավորությունը։

          Միաժամանակ, ՀՀ օրենսդրության վերլուծությունը վկայում է, որ պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգի հետ կապված հարցերի համապարփակ  իրավական կարգավորումը բացակայում է, ինչն իր հերթին խնդիրներ է առաջացնում վերոնշյալ որոշումների բողոքարկման ընթացակարգում: Մասնավորապես՝ անհրաժեշտ է որոշակիացնել պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի բողոքարկման ինստիտուտը, սահմանելով բողոքարկման կարգը, բողոքին ներկայացվող պահանջները, բողոքարկման ժամկետները, բողոքի քննարկման կարգը և այլն:

 

 

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

          Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

          Ելնելով վերոգրյալից, սույն Նախագիծը համապարփակ կարգավորում է դատապարտյալի կողմից պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի դեմ բողոքարկման իրավունքը և կարգը, բողոքին ներկայացվող պահանջները, բողոքարկման ժամկետները, բողոքի քննարկման կարգը և արդյունքները: Նախագծով կարգավորվում է նաև դատարանում պատիժները կատարող մարմինների և հիմնարկների, պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտերի դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը:  

          Նախագծի ընդունմամբ լուծում կստանա պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցը, ինչպես նաև կապահովվի դատապարտյալների բողոքարկման իրավունքի իրացումը:

          Միաժամանակ, բողոքարկման ընթացակարգի հստակ կարգավորումը կնպաստի քրեակատարողական համակարգի գործունեության բարելավմանը, կխթանի վերջինիս արդյունավետությանը՝ բարձրացնելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմ-դատապարտյալ հարաբերությունների թափանցիկության, վստահելիության, հաշվետվողականության և պատասխանատվության մակարդակը, կպարզեցնի բողոքարկման գործընթացը:

  • Քննարկվել է

    12.04.2019 - 27.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8124

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Թումասյան

14.04.2019

ՀՀ ՔԿՕ-ն բացառապես վերաբերելի է դատապարտյալներին, նրանց իրավունքներին և պարտականություններին, պատժի կրման կարգին ու պայմաններին և այլն, հետևաբար կալանավորված անձանց վերաբերող նորմեր այստեղ նախատեսվել չեն կարող: Այդ նորմաերի ամրագրման համար պետք է փոփոխություն իրականացվի Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում: Իսկ Նախագծի 4-րդ հոդվածից պետք է հանել "Կալանավորված անձը կամ" բառերը:

Տեսնել ավելին