Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սնանկության իրավահարաբերությունները հիմնականում կարգավորված են 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք): Հաշվի առնելով տնտեսական հարաբերություններում սնանկության ինստիտուտի կարևորությունը և ըստ այդմ` դրա արդյունավետ կարգավորման դերն ու նշանակությունը, Օրենքի ընդունումից հետո, այդ թվում նաև՝ 2016 թվականին, կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքում, այնուամենայնիվ, առկա են մնացել իրավակարգավորման թերություններ ու բացեր, որոնք մատնանշվել են, մասնավորապես, Համաշխարհային բանկի կողմից իրականացված հետազոտություններում:

«Գործարարությամբ զբաղվելը-2018» Համաշխարհային բանկի զեկույցի[1] համաձայն 2018 թվականի գնահատված երկրների շարքում «Սնանկության կարգավորում» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 97-րդ տեղը: Ընդ որում, «Սնանկության կարգավորում» ցուցիչի հաշվարկման համար գնահատվող ենթացուցիչներով Հայաստանի Հանրապետության համար պատկերը հետևյալն է՝

  • «Պարտքի մարման համար պահանջվող ժամանակը ենթացուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի ընդհանուր տևողությունը գնահատվել է9 տարի (այս ենթացուցիչով լավագույն արդյունքն է համարվում 4 ամիսը (Իռլանդիա)),
  • «Պարտքի մարման համար պահանջվող ծախսերը ենթացուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի ծախսատարությունը (ներառում է դատական ծախսերը, սնանկության կառավարիչների, աճուրդը անցկացնողների, գնահատողների, մասնագետների վճարները և մյուս բոլոր վճարները և ծախսերը) գնահատվել է գույքի արժեքից 0% (կառավարչի վարձատրություն մինչև 5%, փաստաբանի վարձատրություն մինչև 5%, գույքի գնահատման ծախսեր մինչև 2% և դատական ծախսեր մինչև 2%) (այս ենթացուցիչով լավագույն արդյունքն է համարվում 1% (Նորվեգիա)),
  • Պարտատերերի՝ պահանջի բավարարման աստիճանը ենթացուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթով պարտքի բավարարման աստիճանը գնահատվել է4% (այս ենթացուցիչով լավագույն արդյունքն է համարվում 93.1% (Նորվեգիա),
  • «Սնանկության վարույթի արդյունավետության ինդեքսը ենթացուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի արդյունավետությունը գնահատվել է 16 միավորից 7.5:

Հայաստանի Հանրապետության զբաղեցրած դիրքը և արձանագրած ցուցանիշները արդյունք են «Գործարարությամբ զբաղվելը-2018» Համաշխարհային բանկի զեկույցի «Սնանկության կարգավորում» ցուցիչով ներկայացված որոշ հարցերի վերաբերյալ Օրենքում անհրաժեշտ կարգավորումների բացակայության կամ թերի կարգավորումների առկայության:

Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայում վերհանվել են Օրենքի կիրառման մի շարք խնդիրներ, որոնց լուծումն ունի առանցքային նշանակություն սնանկության ինստիտուտի շարունակական կատարելագործումն ապահովելու նպատակով:

Այսպիսով, Օրենքում առկա թերություններն ու բացերը հանգում են, մասնավորապես, հետևյալին՝

1) Սնանկության կառավարիչներ

  • Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ սնանկության կառավարչին ներկայացվող պարտադիր պահանջները բավարար չեն իրեն վերապահված գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար: Բացի այդ, Օրենքում առկա ստաժավորումը հանդիսանում է ոչ պարտադիր և հետապնդվող նպատակի ապահովման համատեքստում ևս խնդրահարույց է թվում:

ՄԱԿ-ի առևտրային իրավունքի հանձնաժողովի Սնանկության իրավունքի վերաբերյալ օրենսդրական ուղեցույցում[2] սահմանվում է, որ սնանկության վարույթի բարդությունը ցանկալի է դարձնում սնանկության կառավարչի՝ իրավունքի բնագավառում համապատասխան որակավորում (ոչ միայն սնանկության, այլև վերաբերելի ֆինանսական, առևտրային, հարկային իրավունքի) ունենալու հանգամանքը, ինչպես նաև համապատասխան փորձ առևտրային կամ ֆինանսական հարցերում՝ ներառյալ հաշվապահության ոլորտում: Համաշխարհային բանկը, առանձին գնահատման արժանացնելով Օրենքով նախատեսված սնանկության կառավարիչների վերաբերյալ կարգավորումները, «Վերոհիշյալի յաՀայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի մասին» 2014 թվականի զեկույցով, ի թիվս այլնի, առաջարկել է երաշխավորել մասնագիության մեջ նոր անձանց մուտքը և սնանկության կառավարիչների լիցենզավորման համար նախատեսել որակավորման քննություն և ստաժավորում:

  • Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Մասնավորապես, Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: Ընդ որում, կիրառված նկատողություններից չորսը տրվել են Կազմակերպության նկատմամբ սնանկության կառավարիչների ունեցած անդամավճարի հետ կապված պարտավորությունները չկատարելու համար:

          Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարություն պարբերաբար մուտքագրվում են բազմաթիվ դիմում-բողոքներ՝ սնանկության կառավարիչների գործունեության օրինականության բացահայտման խնդրանքով: Համապատասխան դիմումների ուսումնասիրության համար Արդարադատության նախարարությունը չունի բավարար լծակներ դիմումներում բարձրացված հարցերն իրավական առումով ուսումնասիրելու և վերջնական լուծում տալու համար այն պարագայում, երբ սնանկության կառավարիչների որակավորումն իրականացվում է հենց նախարարության կողմից:

Առկա վիճակը հանգեցնում է նաև կառավարիչների հաշվետվողականության նվազեցմանը, ինչի արդյունքում նվազում է վերահսկողության արդյունավետությունը:

  Մինչդեռ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության (օրինակ՝ Լիտվա և Ֆրանսիա)[3]: Օրենքով թեև դատարանն ունի վերահսկողական գործառույթներ սնանկության կառավարչի նկատմամբ, այդուհանդերձ նախատեսված չէ դատարանի իրավունքը՝ ցանկացած պահի պահանջել տեղեկատվություն և փաստաթղթեր սնանկության կառավարչից: Դատարանի կողմից սնանկության կառավարիչների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը որոշ երկրների օրենքներում ուղղակիորեն նախատեսված է[4]:

  • Սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն ոչ Օրենքով, և ոչ էլ Կազմակերպության կանոնադրությամբ: Մինչդեռ, կարգապահական պատասխանատվության հիմքերը և վարույթի հետագա ընթացքը պետք է հստակ նախատեսված լինեն օրենսդրությամբ և հնարավորություն տան անձին կանխատեսելու իր համար հնարավոր անբարենպաստ հետևանքները:
  • Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը գործնականում սահմանել է մուտքի վճար 500,000 ՀՀ դրամի չափով, ինչը կարող է սահմանափակել ոլորտը նոր սնանկության կառավարիչներով համալրելու հնարավորությունը:
  • Սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենքի 30-րդ հոդվածում, ընդ որում` սահմանված վարձատրության տարբեր տոկոսադրույքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցով սնանկության կառավարչի վարձատրությունը հաշվարկելու դեպքում, այդ վարձատրությունն այնքան բարձր է ստացվում, որ սնանկության կառավարիչները չեն ձգտի միջոցներ ձեռնարկել սնանկության վարույթը ֆինանսական առողջացման ավարտելու ուղղությամբ: Օրենքի 30-րդ հոդվածում սահմանված տոկոսադրույքները անփոփոխ են անկախ սնանկության վարույթի տևողությունից, ինչը ևս չի խրախուսում սնանկության կառավարիչներին կրճատելու սնանկության վարույթի տևողությունը:

«Գործարարությամբ զբաղվելը-2018» Համաշխարհային բանկի զեկույցի «Սնանկության կարգավորում» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի ծախսատարությունը (ներառում է դատական ծախսերը, սնանկության կառավարիչների, աճուրդը անցկացնողների, գնահատողների, մասնագետների վճարները և մյուս բոլոր վճարները և ծախսերը) գնահատվել է գույքի արժեքից 11.0%, որից կառավարչի վարձատրությունը՝ մինչև 5%, այն դեպքում երբ, օրիչնակ Ճապոնիայում այդ ցուցանիշը կազմում է 1 %, իսկ ուսումնասիրված բարձր դիրք զբաղեցնող երկրներում սնանկության կառավարիչների վարձատրության ծախսը կազմում է 1-5%:

 

2) Սնանկության վարույթի արդյունավետություն և ժամկետներ

  • Սնանկության վարույթի հետ կապված առանձին քաղաքացիական գործերի քննությունը ներկայումս իրականացվում է ապակենտրոնացված ձևով, որն անուղղակիորեն ազդում է սնանկության վարույթի ժամկետների և արդյունավետության վրա:
  • Օրենքով սնանկության կառավարչի կողմից իրականացվող մի շարք առանցքային գործողությունների (օրինակ՝ աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) կատարման համար միասնական ժամկետներ նախատեսված չեն, իսկ որոշակի գործողությունների համար սահմանված են այնքան երկար ժամկետներ, որոնք ինքնաբերաբար երկարացնում են վարույթի տևողությունը:
  • Հստակեցման կարիք ունեն սնանկության վարույթի ընթացքում ընդունվող որոշումների բողոքարկման կարգը և ժամկետները:
  • Սնանկության գործի վարման, սնանկության վարույթի վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ապահովման, պարտատերերի ժողովների անցկացման, ինչպես նաև պարտապանի գույքի վաճառքի և սնանկության այլ ընթացակարգերի առավել արագ, արդյունավետ և թափանցիկ կերպով իրականացնելու նպատակով առկա է գործող կարգավորումները վերանայելու անհրաժեշտություն:
  • Օրենքի 56-րդ հոդվածով կարգավորված են պարտապանի գույքի գույքագրման հետ կապված հարցերը, մինչդեռ կառավարչի այս լիազորության իրականացման համար անհրաժեշտ է պարտապանի կողմից հստակ քայլերի, օրինակ՝ հայտարարագրի՝ գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին տեղեկատվության ներկայացում: Պետք է նշել նաև, որ գույքագրման ժամանակ պարտապանի ցանկության բացակայության դեպքում սնանկության կառավարիչը ներկայումս չունի նրա բնակարան կամ այլ շինություն մուտք գործելու, իսկ գույքի իրացումից հետո` գույքը ոչ օրինական հիմքերով տիրապետող անձանց վտարելու իրավական հիմքեր, ինչը որոշ դեպքերում խոչընդոտ է սնանկության կառավարչի կողմից լիարժեք գույքագրում և գույքի վաճառք իրականացնելու համար:
  • Միաժամանակ, սնանկության վարույթի օպերատիվությունն ապահովելու համար տարբեր երկրների օրենքներով սնանկության վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար սահմանված են հստակ ժամկետներ[5]:
  • Այլ դրույթներ
  • Օրենքը չի կարգավորում ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում պարտապանի և երրորդ անձ գրավատուների միաժամանակյա սնանկության դեպքում պարտատիրոջ պահանջի բավարարման հարցը, ինչպես նաև սնանկության վարույթում գույքի իրացման դեպքում գրավի և հաջորդող գրավի ճակատագրերի հարցը այն դեպքում, երբ գույքը գրավադրված է ի ապահովումն սնանկության վարույթի հետ չկապված այլ պարտավորությունների:
  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսվել է սնանկության դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան և սահմանվել է, որ սնանկության դատարանին են ենթակա սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով նախատեսված բոլոր գործերը: Վերոնշյալի հիման վրա անհրաժեշտ է Օրենքում նախատեսել նշված դրույթների ապահովմանն ուղղված համապատասխան իրավակարգավորումներ:
  • Անհրաժեշտ է ապահովել սնանկության վերաբերյալ գործերի մասին տեղեկատվության մատչելիությունը և հրապարակայնությունը, այդ թվում` սնանկության վարույթի ընթացքում կայացվող դատական ակտերի հրապարակման միջոցով` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներին համահունչ:
  • Միաժամանակ գործող օրենսդրության պայմաններում կարող է առկա լինել իրավիճակ, երբ իրավաբանական անձի լուծարումը գրանցվի այն պայմաններում, երբ այդ անձի մասնակցությամբ դեռևս առկա է չավարտված դատական վարույթ, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում լուծարվող իրավաբանական անձանց համար սահմանել պարտականություն՝ լուծարումը գրանցելու դեպքում գրանցումն իրականացնող մարմնին տեղեկություն տրամադրել իր մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի, ինչպես նաև հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը[6].

  • նախատեսվել են սնանկության դատարանին սնանկության գործերի ենթակայությունը սահմանող դրույթներ.
  • սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակներում և սահմանվել են դրանց քննության կարգը և ժամկետները՝ որպես կանոն նախատեսելով պարզեցված վարույթի ընթացակարգով քննությունը.
  • սահմանազատվել և հստակեցվել են կամավոր և հարկադիր սնանկության վարույթների հարուցման ընթացակարգերը.
  • սահմանվել է սնանկության վարույթի ընթացքում առանձին ակտի ձևով կայացվող որոշումների` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին դրույթ.
  • հստակեցվել են սնանկության վարույթի ընթացքում որոշումների կայացման և բողաքարկման կարգը և ժամկետները.
  • հանվել է սնանկության կառավարչի թեկնածություն առաջարկելիս դատարանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջը.
  • կարգավորվել են սնանկության վարույթի կարճման կամ դիմումի մերժման դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցերը.
  • կառավարիչներին հաշվառելու, համակարգչային ծրագրի միջոցով ընտրելու գործառույթները վերապահվել է Արդարադատության նախարարությանը՝ ի լրումն կառավարիչների որակավորումն իրականացնելու վերջինիս լիազորության.
  • բացառվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առանց Արդարադատության նախարարության հետ համաձայնեցման նվազագույն աշխատավարձի տասնապատիկը գերազանցող անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը.
  • սահմանվել են կարգապահական վարույթի հարուցման և իրականացման կարգը և այլ մանրամասները՝ ժամկետները, առիթներն ու հիմքերը.
  • որոշակիորեն նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները, սահմանվել են հավելավճարներ սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու դեպքում և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը.
  • հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները.
  • սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ.
  • հստակեցվել է սնանկության կառավարչի գործողությունների և անգործության բողոքարկման կարգը.
  • սահմանվել են սնանկության կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու և կասեցնելու հիմքերը և կարգը.
  • կարգավորվել են սնանկության վարույթում գույքը իրացվելու պարագայում գրավի (հաջորդող գրավի) իրավունքի պահպանման հարցերը (երրորդ անձ գրավատուի գույքի կամ պարտապանի՝ որպես որպես երրորդ անձ գրավատու հանդես է գալու դեպքերում).
  • կարգավորվել են սնանկ ճանաչված պարտապանի և սնանկ ճանաչված երրորդ անձ գրավատուի գրավի առարկա գույքի վաճառքի հետ կապված հարցերը.
  • երրորդ անձ գրավատուի, երաշխիք տված անձի և երաշխավորի համար ապահովվել են պարտապանի իրավունքներին հավասար իրավունքներ.
  • կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն.
  • սահմանվել են պարտատիրոջ հանդեպ երաշխավորի և երաշխիք տված անձի կողմից պարտատերերի պահանջների բավարարմանը, ինչպես նաև պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրմանն ուղղված կառուցակարգեր` կառավարչին օժտելով համապատասխան լիազորություններով.
  • սահմանվել է սնանկ ճանաչված անձի ֆինանսական վիճակի վերլուծության ժամանակ կեղծ կամ կանխամտածված սնանկության հիմքերին անդրադառնալու պահանջ.
  • նախատեսվել են սնանկության գործի, այդ թվում՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարման, ինչպես նաև գույքի վաճառքը ինտերնետային կայքի միջոցով կազմակերպելուն վերաբերող կարգավորումներ.
  • հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը.
  • սահմանվել է ըստ պարտատերերի դասերի ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունն իրականացնելու նոր կարգ.
  • սահմանվել է վաճառքի ենթակա, ինչպես նաև իրացված անշարժ գույքից դրանց տիրապետող անձանց վտարելու պահանջ ներկայացնելու` կառավարչի իրավունքը.
  • սահմանվել է իրավաբանական անձի լուծարման գրանցման դեպքում այդ անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի, ինչպես նաև հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության մասին տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը:

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենս­դրու­թ­յան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կող­մից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ներդնել սնակության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել Օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ:

 

 

[1] http://www.doingbusiness.org/rankings

[2] UNICITRAL, Legislative guide on insolvency law, 2005, էջ 175

http://www.uncitral.org/pdf/english/texts/insolven/05-80722_Ebook.pdf

[3]  French Insolvency law, Survey of Reforms in practice,2016

[4] Գերմանիայի Սնանկության մասին ստատուտի 58-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը վերահսկողություն է իրականացնում սնանկության կառավարչի նկատմամբ: Դատարանը կարող է ցանկացած պահի սնանկության կառավարչից պահանջել տեղեկատվություն կամ հաշվետվություն սնանկության վարույթի ընթացիկ վիճակի, իր կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին: Ընդ որում, Դատարանի որոշումները չկատարելու դեպքում սնանկության կառավարչի նկատմամբ կարող է տուգանք կիրառվել:

[5] Իտալիայում 2016 թվականից սկսած սնանկության ոլորտի բարեփոխումների առանցքային կետերից է սնանկության վարույթում կատարվող գործողությունների համար հստակ ժամկետների նախատեսումը Insolvency and enforcement reforms in Italy, IMF working paper, July, 2016

[6] Նախագծով առաջարկվող կարգավորումների զգալի մասին դրական գնահատական է տվել «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» (EBRD)` 2018թ. օգոստոսի 20-ին Արդարադատության նախարարություն ներկայացված իր զեկույցում:

  • Քննարկվել է

    15.02.2019 - 02.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սնանկություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16028

Տպել

Առաջարկներ`

<<ՍԳԿԿ>> ԻԿԿ

01.03.2019

<<ՍԳԿԿ>> ԻԿԿ Նախագծի 67-րդ հոդվածով, որը իրենից ներկայացնում է անցումային դրույթներ սահմանվել են օրենքի առանձին դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետներ, մասնավորապես 9-րդ մասով սահմանվել է՝ «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բավարարված պահանջներով վճարման ենթակա կառավարչի վարձատրությունը ենթակա է վճարման մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով։» Գտնում եմ, որ նման իրավակարգավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածին, համաձայն որի՝ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:», քանի որ նախագծի 37-րդ հոդվածով նվազեցվել է կառավարչի վարձատրության չափը և այն միանշանակ հանդիսանում է անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ: Նման պայմաններում՝ սահմանադրական նորմի պահանջը չխախտելու նպատակով, առաջարկում եմ նշված դրույթը ձևակերպել հետևյալ կերպ՝ «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության վարույթներով կառավարչի վարձատրությունը ենթակա է վճարման մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով։», քանի որ պահանջները բավարարվելու հետ միաժամանակ, հաշվարկվում է նաև կառավարչի վարձատրությունը և բնականաբար, մինչև օրենքի ուժի մեջ մտնելը բավարարված պահանջներով կառավարչին վճարման ենթակա վարձատրությունը պետք է հաշվարկվի մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով: Այսինքն՝ նախագծի այդ դրույթը կրում է զուտ ձևական բնույթ, իսկ սնանկության գործով կառավարիչը նշանակվելիս ակնկալում է որոշակի վարձատրություն, որը գոյանում է այդ վարույթի շրջանակներում բոլոր պահանջների բավարարման արդյունքում և դրա նվազեցումը վատթարացնում է վերջինիս իրավական վիճակը:

<<ՍԳԿԿ>> ԻԿԿ

27.02.2019

<<ՍԳԿԿ>> ԻԿԿ Մեր կողմից արդեն իսկ ներկայացվել է ընդհանրացված կարծիք քննարկվող օրենքի վերաբերյալ և առանձին անդրադարձ է կատարվել նաև նախագծի 20-րդ և 23-րդ հոդվածներին, սակայն նշված հոդվածներին ցանկանում ենք անդրադառնալ «Արտբյուջետային հաշիվ» երևույթի իմաստով: Հայաստանի Հանրապետությունում նոր կառավարության հաստատվելու առաջին իսկ օրերից, կառավարության հիմնական և առանցքային նպատակներից մեկը հանդիսացել է արտաբյուջետային հաշիվների գործողության դադարեցումը, ինչը նպատակ է ունեցել համախմբելու բոլոր պետական միջոցները և դրանք ուղղելու երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծմանը: Բոլորովին վերջերս, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ արտաբյուջետային հաշիվների գործողությունը դադարեցնելու նախագծերի փաթեթը շրջանառվում է և կառավարության առաջիկա նիստերից մեկում այն կընդունվի և կուղարկվի ԱԺ, այսինքն նախատեսվում է, որ շուտով ՀՀ կառավարության որոշմամբ պետական գերատեսչությունների բոլոր արտաբյուջետային հաշիվները կդադարեն գործել: Ի դեպ նշենք, որ նախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել այդ մասին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո: ՀՀ ֆինանսների նախարարը նաև պարզաբանել է, թե ինչ նպատակով է դա արվում, մեջբերում եմ. «Կան մարմիններ, որոնք ունեն արտաբյուջեներ, կային մարմիններ, որոնք չունեն: Հիմա նպատակն է, որպեսզի ունենանք միասնական մոտեցում: Շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փաթեթ, որով կդադարեցվի արտաբյուջետային հաշիվներով շրջանառությունը, ինչը նշանակում է, որ մենք գնում ենք եղած միջոցների համախմբման, ոչ միայն ֆինանսական, այլև այլ ռեսուրսների»: Նման պայմաններում, նախագծի հեղինակները գործող օրենքներում և իրավական ակտերում «Արտբյուջետային հաշիվ» երևույթը վերացնելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու փոխարեն, հեղինակել են մի օրենքի նախագիծ, որը իրենից ենթադրում է նոր արտբյուջետային հաշիվների ստեղծում և ֆինանսական հոսքերի ապահովում դեպի այդ հաշիվները, ինչ անթույլատրելի է:

Էդուարդ Կարապետյան

27.02.2019

Նախագծի 55 հոդվածում Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետում «պարտապանի համապատասխան աշխատակիցները» բառերը փոխարինել «պարտապանը կամ նրա լիազորված անձը և/կամ աշխատակիցը» բառերով:

Տեսնել ավելին