Հիշել նախագիծը

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանադրական դատարանը, իր 04.02.2014թ. ՍԴՈ-1137 որոշմամբ անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի դրույթներին, գտել է, որ դրանում ամրագրված` «իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում։

Իսկ ինչ վերաբերում է նույն ենթակետի` «...կամ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին» դրույթին, ապա այդ դրույթը այնքանով, որքանով կիրառվում է առանց օրենքով սահմանված դատական կամ արտադատական կարգով տվյալ ակտի անվավեր ճանաչման, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 5-րդ, 91-րդ և 108.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրական դատարանը, իր որոշմամբ կարևորելով օրենքում հասկացությունները հստակ և ճշգրիտ ամրագրելու անհրաժեշտությունը, որպեսզի չաղավաղվի իրավակարգավորման բովանդակությունը, նկատի է առնում, որ քննության առարկա օրենքի իրավակարգավորման շրջանակներում կարգավորման առարկան ոչ թե իրավունքի սահմանումը կամ սահմանափակումն է, այլ օրենքով նախատեսված սահմանափակման կիրառումը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այլ նորմատիվ, ինչպես նաև անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ, իսկ անհատական իրավական ակտերով, որպես իրավունքի կիրառման ակտեր, կարող են ընդամենը կիրառվել իրավունքի սահմանափակումները։

Այնուհետև, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի անվավերությանն ու առոչնչությանը, արձանագրում է, որ իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի ստուգումը և գնահատումը ոչ միայն իրավաչափ է, այլ նաև անհրաժեշտ և պարտադիր՝ պայմանավորված այլոց իրավունքներով և ազատություններով, ինչպես նաև առ ոչինչ վարչական ակտի կատարման կամ կիրառման համար օրենքով սահմանված պատասխանատվության չենթարկվելու հանգամանքով։

Իսկ ինչ վերաբերում է իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի անվավերության հիմքերի՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստուգման և գնահատման հարցին, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական լիազոր մարմինը, մերժելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, օրենքի վիճարկվող դրույթների ուժով՝ չի կատարել վարչական ակտի պահանջը՝ անտեսելով այն հանգամանքը, որ ոչ մի իրավասու սուբյեկտ չի վիճարկել պետական գրանցման ենթակա իրավունք կիրառող վարչական ակտը, և այն գտնվում է իրավաբանական ուժի մեջ։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի՝ դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին չհամապատասխանելու հիմքով իրավունքի պետական գրանցման մերժումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ սահմանված դատական կամ արտադատական կարգով վերացվել է պետական գրանցման իրավունք կամ սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտը, այսինքն՝ երբ դադարեցվել է վարչական ակտի իրավաբանական ուժը։

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Կարգավորման նպատակը ՍԴ վերոնշյալ որոշման կատարումն ապահովելն է, և պրակտիկայում անհատական իրավական ակտերի կիրառման հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելը:

  • Քննարկվել է

    03.12.2018 - 18.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կադաստր

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6953

Տպել