Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ի N 486-Ն ԵՎ N 493-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության ոորշման նախագիծ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ի N 486-Ն ԵՎ N 493-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը պայմանավորված է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգի ներդրման անհրաժեշտության բացակայությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներով ամբողջականացվեցին օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվության իրավական հիմքերը ենթաօրենսդրական մակարդակում: Դրանից հետո իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք հանգամանքներ առաջ բերեցին օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման պահանջը կասեցնելու օբյեկտիվ անհրաժեշտություն:
Հիմք ընդունելով վերը նշված անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշմամբ կասեցվեց ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումների գործողությունը մինչև 2018թ. հունվարի 1-ը:
2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1682-Ն որոշմամբ ևս մեկ տարով` մինչև 2019թ. հունվարի 1-ը, երկարացվեց օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետը:
Օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետի երկարացման համար հիմք հանդիսացան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված՝ Հայաստանում օտարերկրացի աշխատողների ներգրավման գործընթացի և արդյունքների բազմակողմանի վերլուծության արդյունքները, որն իրականացվեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող պաշտոնական տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա:
Մասնավորապես, Հայաստանում օտարերկրացի վարձու աշխատողների թվաքանակը 4586 անձ է, որը կազմում է ընդհանուր զբաղվածների թվաքանակի ընդամենը 0.8%-ը: Ինչպես վկայում են միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, այն երկրներում, որտեղ գործում են օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կարգավորումները, նշված ցուցանիշները անհամեմատ բարձր են, օրինակ՝ Լիտվայում այն կազմում է 9.2%, Գերմանիայում` 19.4%, Ֆրանսիայում` 24.6%, Էստոնիայում` 33.4%, Շվեյցարիայում` 47.6%:
Մյուս կողմից, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների ուսումնասիրության համաձայն, օտարերկրացի քաղաքացիների հետ վերջին տարիներին տարեկան միջինում շուրջ 1500 աշխատանքային պայմանագրեր են կնքվել, որն ունի աճի միտում: Սակայն հարկ է փաստել, որ 2016 թվականին աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի կիրառման ժամանակահատվածում (մոտ 2 ամիս) գործատուները դիմել են 26 օտարերկրացի քաղաքացու համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով: Եթե այս ցուցանիշը տարածենք տարվա կտրվածքով, ապա այդ թիվը կարող է կազմել շուրջ 200, ինչը վկայում է այն մասին, որ աշխատող օտարերկրացիների զգալի մասը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ՝ ունենալով այլ հիմքով կացության կարգավիճակ:
Հատկանշական է նաև, որ Հայաստանում օտարերկրացի վարձու աշխատողների գերակշիռ մասը` շուրջ 63%-ն ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ: Տնտեսության կայուն զարգացման առումով էապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող օտարերկրացիների ներգրավման անհրաժեշտությունն առանց լրացուցիչ խոչընդոտների, եթե հաշվի առնենք նաև երկրում ձևավորված ցածր աշխատավարձերի պայմաններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման օբյեկտիվ դժվարությունները: Ավելին, բարձր որակավորում ունեցող մասնագետներն աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում (բարձր որակավորում ունեցող որոշակի ոլորտների մասնագիտություններ ունեցող օտարերկրացի մասնագետներին իրավունք է վերապահված աշխատել ՀՀ-ում առանց աշխատանքի թույլտվության` համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 493-Ն որոշման), ազատված են աշխատանքի թույլտվությունից: Որոշ երկրներ վարում են նաև «ուղեղների ներգրավման» քաղաքականություն, այս շրջանակներում իրականացնում են նպատակաուղղված կոնկրետ ծրագրեր, օրինակ` Եվրամիության «Կապույտ քարտ»-ը, բրիտանական «Բարձրակարգ մասնագետների ծրագիրը» և այլն:
Վերլուծության արդյունքների համաձայն՝ Հայաստանում օտարերկրացի վարձու աշխատողները հիմնականում ներգրավված են ծառայությունների, շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում և առավելապես իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն:
Աշխատաշուկայի կարգավորման տեսանկյունից հատկանշական է նաև երկրում պահպանվող գործազրկության բարձր (2018թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 20.6%) և զբաղվածության ցածր (2018թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 44.6%) մակարդակները: Այս իմաստով կարևոր է, որ թափուր աշխատատեղերն առաջնահերթ և առավելագույնս զբաղեցվեն ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ գործազուրկների կողմից: Սակայն մյուս կողմից՝ օտարերկրացի աշխատողների մուտքը Հայաստան կարող է ունենալ դրական ազդեցություն աշխատաշուկայի զարգացման, ինչպես նաև բնակչության մեխանիկական աճի ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ.
- աշխատաշուկայում կան կրկնվող թափուր աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ չեն համալրվում աշխատուժի ներքին առաջարկով,
- օտարերկրացիները գալիս են ընտանիքների հետ միասին, ինչն արտաքին միգրացիայի բացասական հաշվեկշռի վրա կունենա դրական ազդեցություն:
Ամփոփելով իրականացված վերլուծության արդյունքները՝ մասնավորապես կարելի է փաստել՝
- Հայաստանում օտարերկրացի վարձու աշխատողների թվաքանակը ընդհանուր զբաղվածների թվաքանակի մեջ կազմում է փոքր տոկոս, իսկ տեսակարար կշիռը՝ անհամեմատ ցածր է այն երկրների ցուցանիշի համեմատ, որտեղ գործում են օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կարգավորումներ և քվոտավորման մեխանիզմներ,
- օտարերկրացի վարձու աշխատողների գերակշիռ մասն ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ և Հայաստանում իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն՝ միաժամանակ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ազատված լինելով աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից,
- նախորդ տարիների համեմատ օտարերկրացի վարձու աշխատողների թվաքանակը Հայաստանում ունի որոշակի աճի միտում, սակայն ոչ այնքան, որ ունենա էական ազդեցություն աշխատաշուկայի առաջարկի վրա,
- աշխատաշուկայի իրավիճակը ներկա փուլում չի կարող գրավիչ համարվել օտարերկրացի աշխատուժի համար՝ նկատի ունենալով գործազրկության բարձր մակարդակը, աշխատավարձերի ցածր մակարդակը, թափուր աշխատատեղերի սակավը:
- 3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումները և անդրադառնալ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման համակարգի ներդրմանը միայն հետևյալ միջոցառումների իրականացումից հետո օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանալու պարագայում՝
- ձևավորել Հայաստանում աշխատող օտարերկրացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվական համակարգ,
- ուսումնասիրել թափուր աշխատատեղերը երկար ժամանակ աշխատուժի ներքին առաջարկով չհամալրելու պատճառները,
- գնահատել օտարերկրացի աշխատողներով թափուր աշխատատեղերը համալրելու պահանջարկը` ըստ ոլորտների և մասնագիտությունների,
- գնահատել Հայաստանի տնտեսության վրա օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման համակարգի ներդրման դրական և բացասական ազդեցությունները:
- 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
5. Ակնկալվող արդյունքը
Առկա օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով՝ ուժը կորցրած ճանաչել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի իրավական հիմքերը և անդրադառնալ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգի ներդրմանը միայն ՀՀ աշխատաշուկայի խորքային վերլուծության արդյունքում` օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանալու պարագայում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ի N 486-Ն ԵՎ N 493-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ի N 486-Ն ԵՎ N 493-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
-
Քննարկվել է
03.08.2018 - 20.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 8577
Տպել