Լրամշակման փուլում է
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և Գործողությունների ծրագրի նախագծերի վերաբերյալ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության բնագավառում արձանագրել է շոշափելի առաջընթաց: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այս ոլորտում դեռևս առկա են լուծում պահանջող խնդիրներ, և անհրաժեշտ է գործադրել շարունակական ջանքեր նոր առաջընթաց գրանցելու և առկա ձեռքբերումներն ամրապնդելու համար:
2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 29-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ ամրագրվել է, որ մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զարգացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը:
Մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ ՀՀ կառավարությունն ելնում այն բանից, որ հասարակական կյանքի քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում առկա են հիմնահարցեր, որոնց հանգուցալուծումը պահանջում է գործադիր իշխանության մարմինների համակարգված աշխատանք և օրենսդրական փոփոխություններ: Ուստի, ՀՀ կառավարությունն իր գործունեության կարևորագույն ուղղություն է համարում հետևողական աշխատանքը մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդման, այդ ոլորտում առկա մարտահրավերներին գործնական լուծումներ տալու ուղղությամբ: Համապատասխանաբար, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների այս ծրագրի ընդունումը ամրագրված է 2016 թվականին ընդունված ՀՀ կառավարության գործունեության ծրագրում:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշմամբ հաստատվել էր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիր՝ 2014-2016թթ.-ի համար: Ծրագրով նախատեսված թվով 119 միջոցառումների իրականացումն ավարտվել է 2016 թվականի դեկտեմբերին:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետական մարմինների գործողությունների շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել մշակելու նոր գործողությունների համապարփակ ծրագիր:
Հաշվի առնելով նախորդ գործողությունների ծրագրի իրականացման փորձառությունը՝ նպատակահարմար է ստեղծել նաև համակարգող մարմին, որը կմշտադիտարկի պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից Ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ընթացքը, կկազմակերպի պարբերական` եռամսյակային քննարկումներ, կհամակարգի այդ մարմինների աշխատանքը Ծրագրի կատարման համատեքստում: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել այն անցանկալի իրավիճակից, երբ տարբեր պատասխանատու մարմինների միջև կարող են առաջանալ տարընկալումներ միջոցառման կատարման հետ կապված, ինչը կարող է վտանգել Ծրագրով նախատեսված գործողությունների արդյունավետ կատարումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի կարգավորման նպատակն է առավել համակարգված և արդյունավետ դարձնել հանրապետական գործադիր և օրենքով ստեղծված պետական մարմինների գործողությունները, որոնք հնարավոր կդարձնեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ- 159 կարգադրությամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ ամրագրված նպատակների իրագործումը:
Սույն որոշմամբ սահմանվում են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն 2017-2019 թվականների ընթացքում, ինչպես նաև հստակեցվում է այդ գործողությունների կատարման մշտադիտարկման կարգը: Նախագիծն ունի 2 հավելված` 2017-2019 թթ գործողությունների ծրագիր (Հավելված N1) և համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման կարգ (Հավելված N2):
Գործողությունների ծրագրում ընդգրկված են թվով 95 միջոցառումներ հետևյալ ոլորտներում` քաղաքացիական ու քաղաքական իրավունքների պաշտպանություն (կյանքի իրավունք, խոշտանգումների, դաժան, նվաստացուցիչ ու այլ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք, ազատ արտահայտման, լրատվամիջոցների և հավաքների ազատության իրավունք, մտքի, խղճի և կրոնի ազատություն և այլն), խոցելի խմբերի իրավունքների պաշտպանություն (հաշմանդամների, երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանություն, ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք), զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներ (առողջության պահպանման, կրթության, մշակութային, բարենպաստ շրջակա միջավայրի իրավունք և այլն):
Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլի առանձնահատկություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության առաջնահերթություններով պայմանավորված՝ միջոցառումների ցանկում շեշտադրում է կատարված քաղաքացիների սոցիալական իրավունքների և խոցելի խմբերի (հաշմանդամների, երեխաների ու կանանց) իրավունքների պաշտպանության համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու վրա:
Յուրաքանչյուր ոլորտի համար նախատեսված են հստակ միջոցառումներ, սահմանվել են յուրաքանչյուր միջոցառման ակնկալվող արդյունքն ու կատարման օբյեկտիվ վերստուգելի չափանիշը, միջոցառման կատարման համար պատասխանատու մարմինը և համակատարողները, կատարման վերջնաժամկետները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տվյալ միջոցառման կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրներին:
Սույն նախագծով բարելավվում է նաև Ծրագրի կատարման հաշվետվողականության կառուցակարգը՝ ստեղծելով ինստիտուցիոնալ կոլեգիալ մարմին` համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ), որը կանոնավոր կերպով կհետևի Ծրագրի կատարման ընթացքին:
Ըստ նախագծի 2-րդ Հավելվածի՝ Համակարգող խորհուրդը բաղկացած է Ծրագրի կատարման համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչներից, Խորհուրդը գլխավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Նախագծով սահմանվում են հանրապետական գործադիր իշխանության և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից տրամադրվող կիսամյակային հաշվետվություններին ներկայացվող հստակ պահանջներ: Բացի այդ, նշված մարմիններն իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ներկայացվող կիսամյակային հաշվետվությունները:
Ավելին, գործողությունների կատարման ընթացքն առավելագույնս թափանցիկ դարձնելու նպատակով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո Համակարգող խորհուրդը կկազմակերպի հանրային քննարկում, որին կարող են հրավիրվել Համակարգող խորհրդի կազմում չընդգրկված պետական կառույցների ներկայացուցոիչները, Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա տեղակալը, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախագծով սահմանվում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը սահմանված կարգով և ժամկետում կիրականացնի հանրային քննարկումների կազմակերպումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից` պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ:
ՀՀ կառավարության հանձնարարականով նոր գործողությունների ծրագրում ներառելու համար իրենց առաջարկություններն են ներկայացրել հանրապետական գործադիր և օրենքով ստեղծված պետական մարմինները, մարզպետարանները, իրավապահ մարմինները:
Իր առաջարկությունների փաթեթն է ներկայացրել նաև Մարդու իրավունքների պաշտպանը:
Առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը դեռևս 2016 թվականի օգոստոս ամսից տարածել էր հայտարարություն՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հնարավորություն ընձեռնելով ներկայացնել իրենց առաջարկությունները: Արդյունքում, հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվել են 100-ից ավել առաջարկություններ:
Գործողությունների ծրագիրը մշակելու նպատակով 2016 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարդատության նախարարության կողմից կազմակերպվել են շուրջ տաս` ընդլայնված, ինչպես նաև թեմատիկ/սեկտորալ քննարկումներ: Դրանց ընթացքում տվյալ ոլորտի պատասխանատու պետական մարմինների մասնակցությամբ քննարկվել և համաձայնեցվել են ծրագրում նախատեսված յուրաքանչյուր միջոցառում, դրա իրագործելիությունը, ակնկալվող արդյունքը, ժամկետները և պատասխանատու մարմինները: Քննարկումների ընթացքում առաջարկության հեղինակ հասարակական կազմակերպություններն արտահայտել են իրենց դիրքորոշումը միջոցառումների վերաբերյալ, ներկայացրել հիմնավորումներ: Կատարված աշխատանքների արդյունքում մշակել են փոխընդունելի ձևակերպումներ՝ հաշվի առնելով գործողությունների իրատեսական և իրագործելի լինելը: Գրեթե բոլոր գործողությունների մասով ձեռք է բերվել ընդհանուր դիրքորոշում` դրանց կատարման բովանդակության, ժամկետների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ:
Իրավական ակտի մշակմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների հիմնադրամը: Քննարկումներին կազմակերպական աջակցել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.
1) կստեղծվի մեկ ամբողջական` ամփոփ փաստաղթուղթ, որը կներառի Ծրագրի կատարման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների միջոցառումները, ակնկալվող արդյունքը, վերստուգելի չափանիշները և դրանց կատարման ժամանակացույցը.
2) կստեղծվի գործողությունների կատարման համակարգման և մշտադիտարկման ինստիտուցիոնալ համակարգ, որը հնարավորություն կտա ոչ միայն սահմանված ժամկետների վերջում գնահատել կատարված աշխատանքները, այլ նաև մինչև վերջնաժամկետների ավարտը քննարկել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծումներ.
3) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա աշխատակազմը կկարողանան ակտիվ մասնակցություն ունենալ գործողությունների մշտադիտարկման գործընթացին, հայտնել իրենց մտահոգությունները, ներկայացնել իրենց առաջարկությունները:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների մասերում էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների մասերում էական ավելացում կամ նվազում չի լինի: Սույն նախագծով նախատեսված գործողությունների և միջոցառումների իրականացումը ենթադրում է որոշակի ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որոնք կտրամադրվեն ինչպես ՀՀ պետական բյուջեից, այնպես էլ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, մասնավորապես, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ ՄԶԳ, ԵԽ և ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության միջոցներից:
Ծրագրի կատարման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմինները ՀՀ պետական բյուջեից միջոցներ ակնկալելու դեպքում սահմանված կարգով հայտ կներկայացնեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և վերջինիս հետ կքննարկեն որևէ միջոցառման ֆինանսավորման հնարավորության հարցը` համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
Սույն նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել գործող իրավական ակտերում, ինչպես նաև ընդունել նոր իրավական ակտեր: Սակայն դրանց հստակ թիվը և ցանկը նշել, այս փուլում, հնարավոր չէ, քանի որ մի շարք այդպիսի փոփոխություններին պետք է նախորդեն համապատասխան ուսումնասիրություններ և վերլուծություններ, որոնք նախատեսված են միջոցառումների ծրագրում (հավելված N 1): Միայն յուրաքանչյուր գործողության շրջանակներում համապատասխան ուսումնասիրություն և վերլուծություն կատարելուց հետո հնարավոր կլինի հստակեցնել այն իրավական ակտերը, որոնցում կառաջարկվեն փոփոխություններ և լրացումներ:
-
Քննարկվել է
06.03.2017 - 24.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9587
Տպել