ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2025 թվականի N - Լ
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
- անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի,
- անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին աջակցության տրամադրման ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության և ակտերի գրանցման գործակալության պետին՝ ապահովել սույն որոշման N 1 հավելվածի 7-րդ և 10-րդ կետերով պահանջվող տեղեկատվության առցանց եղանակով տրամադրումը։
- Սույն միջոցառման շրջանակներում աջակցությունը կարող է տրամադրվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
______________ ____ -ի N ______ որոշման
ԾՐԱԳԻՐ
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Սույն ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումն է։
- Սույն ծրագրի իմաստով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝
- քաղաքաշինություն և ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները.
- սոցիալական և համայնքային ծառայություններ, այդ թվում՝ միայնակ տարեցներին և խնամքի կարիք ունեցող այլ անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների (խնամքի և սպասարկման) մատուցումը.
- գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական բնակավայրերում մշակաբույսերի աճեցման և ոռոգման հետ կապված, անտառների և կանաչապատ տարածքների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքները.
- մշակութային ժառանգություն և զբոսաշրջության զարգացում, այդ թվում՝ պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման, տուրիստական արահետների կառուցման և բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները.
- կրթություն, այդ թվում՝ ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական, մասնագիտություն չպահանջող աշխատանքները։
- Ծրագրում կարող են ընդգրկվել ««Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ այն անձինք, որոնք Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) աջակցությամբ երկու ամսվա ընթացքում չեն դարձել զբաղված (այսուհետ՝ աշխատանք փնտրող)։
- Ծրագրի տևողությունը 6-12 ամիս է։
- Ծրագիրը ֆինանսավորվում է`
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
- օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում (այսուհետ՝ հարթակ)։ Աշխատանք փնտրողը հարթակի միջոցով ներկայացնում է ծրագրին մասնակցելու դիմում՝ նշելով, թե սույն ծրագրի 2-րդ կետով նախատեսված որ ոլորտում իրականացվելիք աշխատանքներում է նախընտրում ներգրավվել։ Աշխատանք փնտրողը նշում է կատարում նաև ծրագրի շրջանակներում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և գործատուին փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
- Դիմումը լրացնելուց հետո տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հետ և սույն ծրագրի 3-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում դիմումը հարթակի միջոցով փոխանցվում է տարածքային կենտրոնի մասնագետին, որտեղ ցուցադրվում է աշխատանք փնտրողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանից անձի անունը, ազգանունը և հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանքը, սեռը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման հասցեն.
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգից» անձի աշխատանքային տվյալները՝ պաշտոնը, կազմակերպության անվանումը և պաշտոնավարման ժամանակահատվածը.
- Քաղաքացիական կացության և ակտերի գրանցման գործակալության տվյալների շտեմարանից անձի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը, որը ստուգվում է նաև ծրագրի ամբողջ ընթացքում.
- անձի կողմից հարթակ մուտքագրված այլ տեղեկատվություն։
- Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում սույն ծրագրի 2-րդ կետով սահմանված ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության, համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի (այսուհետ՝ գործատու) կողմից հարթակում լրացվում է վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրային առաջարկություն, որտեղ նշվում են`
- ծրագրի իրականացման նպատակը և ոլորտը.
- կատարման ենթակա աշխատանքները և համապատասխան ժամկետները.
- նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը.
- ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը, այդ աշխատանքների կատարման համար պահանջվող հմտությունները և կատարվող աշխատանքների ծավալը (մարդ/օրերի թիվ).
- սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների տեսանելի արդյունքները, որոնք պետք է լինեն հստակ նկարագրված և չափելի:
- Իրականացման առաջնահերթություն է տրվում այն ծրագրային առաջարկություններին, որոնք ապահովում են առավելագույն աշխատանքների ծավալ (մարդ/օրերի թիվ)։
- Գործատուի լրացրած ծրագրային առաջարկը հարթակի միջոցով փոխանցվում է տարածքային կենտրոնի մասնագետին, որին հասանելի է դառնում նաև գործատուի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգից» գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը.
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեեստրի տվյալների շտեմարանից կազմակերպության անվանումը, տեսակը, հիմնադրման ամսաթիվը, գործատուի անունը, ազգանունը և հայրանունը, իրավաբանական հասցեն.
- գործատուի կողմից հարթակ մուտքագրված այլ տեղեկատվություն։
- Տարածքային կենտրոնի մասնագետի կողմից գործատուի ծրագրային առաջարկը հաստատվելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով համադրում է սույն ծրագրի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նշված պահանջները և աշխատանք փնտրողի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը, որի արդյունքում գործատուի օգտահաշվում ցուցադրվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում))։
- Գործատուի ծրագրային առաջարկը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը գործատուի հետ կնքում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։ Պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
- Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ցուցակում ընդգրկված անձանց հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր, որի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը՝ այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, առցանց ներկայացնում է տարածքային կենտրոն: Տարածքային կենտրոնի մասնագետն աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (աշխատանքային պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) մուտքագրում է հարթակ։
- Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան, ընդ որում, սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում նշում է կատարում հարթակում և տեղեկացնում տարածքային կենտրոնի մասնագետին:
- Ծրագրի շրջանակներում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար գործատուին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար տրամադրվում է գումար 6000 դրամի չափով՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։
- Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատած օրերի և նրանց վճարված աշխատավարձի չափի վերաբերյալ։
- Տարածքային կենտրոնի մասնագետը սույն ծրագրի 16-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հավաստիանում է ներկայացված տեղեկատվության ճշգրիտ լինելու մեջ, և ինն աշխատանքային օրվա ընթացքում սույն ծրագրի 15-րդ կետում նշված աջակցությունը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
- Գործատուն ծրագրի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարթակ է մուտքագրում տեղեկատվություն համապատասխան կատարված աշխատանքների արդյունքների մասին:
- Տարածքային կենտրոնի մասնագետն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում տարածքային կենտրոնի տնօրենին։
- Ծրագիրը դադարեցվում է և այդ մասին տարածքային կենտրոնի մասնագետի կողմից տեղեկատվությունը նշվում է հարթակում՝
- սույն ծրագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում աշխատանքները չսկսվելու դեպքում.
- սույն ծրագրի 17-րդ կետով նախատեսված համադրման արդյունքում տեղեկատվության անհամապատասխանության բացահայտման դեպքում.
- եթե ծրագրի մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ նախորդ ամսվա համար նախատեսված աշխատանքները չեն իրականացվել.
- եթե լուծվել է ծրագրում ընդգրկված անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
______________ ____ -ի N ______ որոշման
ԾՐԱԳԻՐ
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Սույն ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացումը, աշխատանքի տեղավորման և կայուն զբաղվածության ապահովման հնարավորությունների ստեղծումն է։
- Ծրագրում կարող են ընդգրկվել ««Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ աշխատանք փնտրող անձինք (այսուհետ՝ աշխատանք փնտրող)։
- Ծրագիրը ֆինանսավորվում է`
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
- օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում (այսուհետ՝ հարթակ)։ Աշխատանք փնտրողը հարթակի միջոցով ներկայացնում է ծրագրին մասնակցելու դիմում՝ նշում կատարելով նաև ծրագրի շրջանակներում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և գործատուին փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
- Դիմումը լրացնելուց հետո տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հետ և սույն ծրագրի 3-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում դիմումը հարթակի միջոցով փոխանցվում է տարածքային կենտրոնի մասնագետին, որին հասանելի է դառնում սույն որոշման N1 հավելվածի 7-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը։
- Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների) գրանցվում է հարթակում և նշում է կատարում ծրագրի շրջանակներում աջակություն տրամադրելու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և ներկայացնում է դիմում՝ նշելով թափուր հաստիքի անվանումը, աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների պահանջները:
- Գործատուի դիմումը հարթակի միջոցով փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) մասնագետին, որին հասանելի է դառնում սույն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը։
- Տարածքային կենտրոնի մասնագետի կողմից գործատուի դիմումը հաստատվելուց հետո հարթակն ինքնաշխատ եղանակով համադրում է սույն ծրագրի 6-րդ կետով նշված պահանջները և աշխատանք փնտրողի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը, որի արդյունքում գործատուի օգտահաշվում ցուցադրվում է միջոցառման մեջ ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում))։
- Գործատուի դիմումը հաստատվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ՝ շահառու) և հարթակի միջոցով այդ մասին տեղեկացնում տարածքային կենտրոնին, իսկ ցուցակում ընդգրկված անձանց մերժման դեպքում՝ նշում է մերժման պատճառը։
- Սույն ծրագրի 9-րդ կետով նախատեսված տեղեկացումն ստանալուց հետո տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։ Պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
- Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն վեց ամիս ժամկետով։
- Ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար վեց ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման չափը հաշվարկվում է` փոխհատուցման ենթակա ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:
- Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատած օրերի և նրանց վճարված աշխատավարձի չափի վերաբերյալ։
- Տարածքային կենտրոնի մասնագետը սույն ծրագրի 13-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հավաստիանում է ներկայացված տեղեկատվության ճշգրիտ լինելու մեջ, և ինն աշխատանքային օրվա ընթացքում սույն ծրագրի 12-րդ կետում նշված աջակցությունը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
- Շահառուի ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում։
- Ծրագրի շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ենթակա են ամբողջությամբ վերադարձման գործատուի կողմից՝ աշխատանքային պայմանագիրը մինչև սույն ծրագրի 11-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը գործատուի կողմից լուծելու դեպքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» պարբերությամբ, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծվելու դեպքերի, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն սույն ծրագրի 11-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։
- Ծրագրի շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները, առանց շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի գումարի, ենթակա են վերադարձման շահառուի կողմից, եթե շահառուն լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև սույն ծրագրի 11-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
- Ծրագրի շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման գործատուի և շահառուի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը մինչև սույն ծրագրի 11-րդ կետով նախատեսված ժամկետի լրանալը լուծվել է կողմերի համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդված)։
- Ծրագրի շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները ենթակա չեն վերադարձման, եթե շահառուն սույն ծրագրի 11-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո 12 ամսվա ընթացքում լուծում է աշխատանքային պայմանագիրը և մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ՝ այդ մասին տեղեկացնելով տարածքային կենտրոնին:
- Ծառայությունն ամիսը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ։