Իրավաբանների հայկական ասոցիացիա
13.04.2018
Վերոնշյալ փոփոխությունների կատարման համատեքստում անհրաժեշտ է սահմանել օժանդակ դիրքորոշման • ներկայացման հիմքերը, այն է՝ չափորոշիչներ, թե ով կարող է հանդես գալ որպես «դատարանի ընկեր» և որ դեպքերում կարող է ներկայացնել օժանդակ դիրքորոշում, • թույլատրելիության հիմքերը, • ներկայացման ընթացակարգը, • մերժման հիմքերը։ Ինչ վերաբերվում է «դատարանի ընկերոջը» ներկայացվող չափորոշիչներին, հարկ նկատել, որ արտասահմանյան երկրների պրակտիկայում լայնորեն տարածված է զտման մեխանիզմների կիրառելիությունը «դատարանի բարեկամների» հետ համագործակցության ժամանակ: Զտող մեխանիզմներ կիրառելիս՝ դատարանը օգտվում է այն բարեկամների աջակցությունից, որոնց գործունեությունը օգտակար կլինի դատարանի համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար պահանջ է հանդիսանում, որպեսզի «դատարանին գործընկերները», օժանդակ դիրքորոշում ներկայացնելիս, հաշվի առնեն արդարադատության պատշաճ կատարման անհրաժեշտությունը: https://academic.oup.com/ejil/issue/26/4: Յուգոսլավիայում ad hoc հիմքերով ստեղծված Միջազգային քրեական դատարանը պահանջում էր, որպեսզի դատարանի բարեկամները բացահայտեն իրենց առնչությունները տվյալ գործի հետ: Ինչ վերաբերվում է օժանդակ դիրքորոշմանը ներկայացվող չափորոշիչներին, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների ինտեր-ամերիկյան դատարանը իր կանոնակարգում օժանդակ դիրքորոշումների վերաբերյալ հետևյալ չափորոշիչներ է սահմանել․ 1. Դրանք չպետք է վերաբերվեն դատարանում քննվող վեճի առարկային, 2. Դրանք պետք է վերաբերվեն վեճի առարկան կարգավորող իրավունքին, 3. Դրանք անհրաժեշտ է դատարանին ներկայացվեն նախքան դատարանի խորհրդատվական սենյակ հեռանալը, 4. Վճռի համապատասխանությունը ստուգելիս օժանդակ դիրքորոշումների ներկայացումը թույլատրվում է, 5. Օժանդակ դիրքորոշումներն իրենց մեջ պետք է ամփոփեն հասարակության պատկերացումները տվյալ հարցի վերաբերյալ: Հարկ է նշել, որ միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ օժանդակ դիրքորոշումների ներկայացման ոլորտների հարցի վերաբերյալ առկա չէ մեկ միասնական պրակտիկա, սակայն առավել տարածված է այն դիրքորոշումը, որ սահմանափակումներ չեն նախատեսվում։ Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարան «դատարանի ընկերների» կողմից ներկայացվող օժանդակ դիրքորոշումները վերաբերելի են Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիայի գրեթե բոլոր հոդվածներին: Պետք է փաստել նաև, որ մի շարք հոդվածներ, որոնք վերաբերվում են մարդու արժանապատվությունը նվաստացնող՝ անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքին, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, մտքի, կրոնի, դավանանքի ազատ արտահայտմանը և խտրականության արգելքին առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների համար: Ամերիկայի Միացյալ Նահանգներում դատական վեճի առարկան էական նշանակություն չունի օժանդակ դիրքորոշումներ ներկայացնելու գործընթացում: Մեծ Բրիտանիայում «դատարանի բարեկամները» մեծամասամբ քաղաքացիական գործերով են նշանակվում: Կանադայում միայն քրեական գործերով են ներկայացվում օժանդակ դիրքորոշումներ։ Ինչ վերաբերվում է օժանդակ դիրքորոշումների ներկայացման թույլատրելիությանը դատարանում, հարկ է նկատել, որ առկա չէ միասնական դիրքորոշում այս հարցի վերաբերյալ։ Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որպեսզի «դատարանի բարեկամների» կողմից առաջարկվող փաստարկները քննվեն դատարանում, դատավարության երկու կողմերը պետք է տան իրենց համաձայնությունը: Եթե կողմերից որևէ մեկը չի տալիս իր համաձայնությունը, դատարանի բարեկամը կարող է բողոքարկել այս որոշումը: Մեծ Բրիտանիայի դատարանը որդեգրել է հակառակ մոտեցում, որի համաձայն՝ այն կարող է դատարանի բարեկամների նշանակումներ կատարել՝ անկախ գործին մասնակցող կողմերի ցանկությունից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ դատարանը պարտավոր է գնահատել «դատարանի բարեկամ» հանդես եկող կազմակերպության կողմից տրամադրված օժանդակ դիրքորոշմամբ ներկայացված տեղեկատվության հավաստիությունը, դրա ձեռք բերման նպատակով իրականացված հետաքննության լրջությունը, համապատասխանությունը և վերաբերելիությունը տվյալ գործի փաստերին (see Saadi v. Italy , cited above, § 143): Ինչ վերաբերվում է օժանդակ դիրքորոշումների ներկայացման ընթացակարգին, այս կապակցությամբ կարելի է որդեգրել Մարդու իրավունքների ինտեր-ամերիկյան դատարանների փորձը՝ ըստ այդմ, դատարանի բարեկամներին, հնարավորություն ընձեռել դատարաններին օժանդակ դիրքորոշումներ ներկայացնել իրենց նախաձեռնությամբ։ Տվյալ պարագայում, դատարանը սեփական նախաձեռնությամբ կարող է որոշել քննարկման առարկա դարձնել դատարանի բարեկամների կողմից ներկայացվող շարադրանքները, թե՝ ոչ: «Դատարանի բարեկամները» իրենց աջակցությունը կարող են ներկայացնել դատարանին ինչպես գրավոր եղանակով, այնպես էլ՝ բանավոր, ինչպես՝ դատաքննության փուլում, այնպես էլ՝ վճռի կատարման և ծախսերի փոխհատուցման փուլերում: «Դատարանի ընկերն» իրավունք ունի դատական նիստերի հանրային լսումներից հետո 15 օրվա ընթացքում ներկայացնել իր օժանդակ ներկայացումը: Եթե տվյալ գործի համար դատարանի կանոնները չեն նախատեսում հանրային լսումներ, ապա օժանդակ ներկայացումները դատարանին պետք է ներկայացվեն ապացույցների ընդունման ժամկետից հետո 15 օրվա ընթացքում: Դատարանի կողմից հաստատված օժանդակ դիրքորոշումները պետք է տրամադրվեն կողմերին, որպեսզի նրանք ծանոթանան դրանց բովանդակությանը: Առկա է նաև մեկ այլ տարբերակ, երբ իրավական բարդ խնդրի բախվելիս՝ դատարանը կարող է «դատարանին բարեկամների» աջակցությանը դիմել ի պաշտոնե (ex officio): Ինչ վերաբերվում է օժանդակ դիրքորոշման մերժման հիմքերին, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների ինտեր-ամերիկյան դատարանը իր կանոնակարգում օժանդակ դիրքորոշումների մերժելու հետևյալ հիմքերն է սահմանել․ 1. Դրանք ներկայացնող կողմը հետաքրքրություն կամ ինչ-որ կապ ունի վեճի առարկայի հետ, 2. Դրանք դատարանին են ներկայացվել ժամանակագրական խախտումներով կամ այնպիսի լեզվով են շարադրվել, որը դատարանի համար չի հանդիսանում աշխատանքային, 3. Դրանք վեճը լուծելիս կիրառելի չեն կամ դրանց բովանդակությունը չի համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, 4. Այն ներկայացնող անձը չի բացահայտում իր անունը, ազգանունը կամ այլ կենսական նշանակություն ունեցող տվյալներ: