Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N1864-Ն որոշումը:

2025-2026 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի նախագծվել են՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով, բուհերում նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները:

Մասնավորապես, համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրերին և այլ մասնագիտությունների:

Ազգային փոքրամասնությունների համայնքներին հասանելի, ներառական և որակյալ կրթական գործընթացի շարունակականության ապահովման նպատակով Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բարձրագույն կրթության բակալավրի կրթական աստիճանով (այդ թվում՝ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) յուրաքանչյուր տարի առկա ուսուցման մինչև 7 անվճար տեղ հատկացնել՝ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների ընդունելության համար, որն էլ արտացոլվել է նախագծում: 2025-2026 ուստարում ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչները զբաղեցրել են իրենց 7 անվճար տեղը:

Ինչպես նախորդ՝ 2024-2025 ուստարվա, այնպես էլ 2025-2026 ուստարվա համար Երևանի պետական համալսարանի «Ֆիզիկա» (47 տեղ), «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» (15 տեղ) և «Ռադիոֆիզիկա»(47տեղ) կրթական ծրագրերին տրամադրվել է վերոնշյալ տեղերը՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառված՝ «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» և «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերին, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի` «Տեղեկատվական անվտանգություն» (թվանիշ՝ 061901.00.6), «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» (թվանիշ՝ 071603.00.6) մասնագիտություններին շրջանակներում հատկացվել է 31 տեղ:

Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ մասնագիտությունների ցանկում բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով նախորդ ուսումնական տարիների համար հիմնականում չեն հատկացվել պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղեր կամ հատկացվել են 1-2 տեղ: Մրցույթն անցկացվել է հիմնականում միայն վճարովի համակարգում ընդունելության համար (օրինակ՝ 2024-2025 ուսումնական տարվա համար տնտեսագիտություն մասնագիտությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Հ.Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանում անվճար տեղեր չեն հատկացվել):

Ինչպես նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարում, այնպես էլ 2025-2026 ուսումնական տարվա համար Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Քիմիա» կրթական ծրագրերի անվճար տեղերը բաշխվել են «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերին (12-ական տեղ): Համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությունը համալրվել է նոր կրթական ծրագրով՝ «Արհեստ-արվեստ» 1 անվճար տեղով:

«Oպերատորություն» և «Ռեժիսուրա» մասնագիտություններին տրամադրվել են 1-ական, «Հատուկ մանկավարժություն» մասնագիտության նոր՝ «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրին՝ 2, իսկ «Էրգոթերապիա» կրթական ծրագրին՝ 1 անվճար տեղեր:

««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով ամրագրված սկզբունքներն ու նախանշված թիրախները հաշվի առնելով՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով անվճար տեղեր չեն հատկացվել (ՎՊՀ, ԳՊՀ, ՇՊՀ ), մասնավորապես՝ նշված տեղերը (ՀԱՊՀ-ի Գյումրու մասնաճյուղի, ՇՊՀ-ի, ՀՃՇԱՀ-ի «Տնտեսագիտություն», «Սերվիս») բաշխվել են նույն բուհի ԲՏՃՄ մասնագիտություններին:

2025-2026 ուսումնական տարվանից սկսած բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով ընդունելություն գրեթե չի կազմակերպվի՝ պայմանվորված նաև ըստ բուհերի ուղղվածության (այդ թվում գիտական կազմակերպությունների հետ), նրանցում ուսուցանվող մասնագիտությունների խոշորացման ու կոնսոլիդացիայի գործընթացի մեկնարկի հետ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2025-2026 ուստարվա համար այս տարի ևս նախատեսվել է 114 տեղ, գյուղատնտեսական մասնագիտություններին՝ «Ագրոէկոնոմիկա» ու «Ագրոբիզնես» մասնագիտություններին 3-ական տեղ, ընդ որում՝ առավել տեղեր հատկացնելով «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությանը (22 տեղ), «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրերին ընդհանուր հատկացնելով 20 տեղ:

Ընդհանուր առմամբ 2025-2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3118 տեղ, որից 2138-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2096 տեղերից 1264-ը (ընդհանուր տեղերի թվի 61%-ը), իսկ 2025-2026 ուստարվա համար՝ 2102 տեղերից 1269-ը՝ (որը կազմում է ընդհանուր տեղերի թվի շուրջ 61%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին:

Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային այս տարի կհատկացվի 506 տեղ, նախորդ տարվա 598-ի փոխարեն (92-ով պակաս):

Պաշտպանության նախարարությունը 2024-2025 ուստարվա՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսված էր 160, իսկ այս տարի՝ 273 տեղ (2023-2025 թվականների ՄԺԾԾ-ով նախատեսված 350 տեղի փոխարեն):

2025-2026 ուսումնական տարվա համար ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանավարտների համար (7 տեղ):

2025-2026 ուստարվա համար Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացվել է 20 տեղ։

2025-2026 ուստարվա համար, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել են նպատակային ուսուցման համար անվճար տեղեր, մասնավորապես՝ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան՝ 6, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ 10, Մ.Հերացու անվան պետական համալսարան՝ 47 (2025-2026 ուստարվա համար Առողջապահության նախարարությունից առաջարկվել է Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի դիմորդների համար տրամադրել 5-ական և Կոտայքի մարզի դիմորդներին` 2 տեղ), Կոմիտասի անվան կոնսերվատորիա՝ 1 տեղ և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ 10 տեղ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը նպատակ ունի աջակցել համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին՝ հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մրցութային հիմունքներով անվճար մասնագիտական կրթություն ստանալու անձի իրավունքը: Ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝ պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկն ապահովելն ու ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը:

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև՝

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները, դիմելիությունը՝ ըստ բուհերի, ինչպես նաև բուհերի մասնագիտական առանձնահատկությունները, նախորդ տարիների ընդունելության արդյունքները, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար բուհին տրամադրված լիցենզիայով սահմանված տեղերը։

Հաշվի առնելով նաև 2024-2025 ընդունելության մրցույթի արդյունքները՝ հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2025-2026 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 10 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Դրանք կբաշխվեն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների (կրթական ծրագրերի)՝ նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

3. ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծի ընդունմամբ կհաստատվեն 2025-2026 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղերն ու վճարովի տեղերի ընդհանուր քանակը և կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի համապատասխան դրույթներով սահմանված ժամկետներում բուհերի 2025-2026 ուստարվա դիմորդների մասնագիտությունների ու ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը (2025թ.-ի ապրիլի 15-ից):

5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված՝ աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրման, բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրերի պատրաստման, բնագիտական ուղղություններով բարձրագույն կրթության որակի զարգացման ռազմավարական նպատակներից:

  • Discussed

    18.02.2025 - 05.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1173

Print

Suggestions

Արփինե Հովհաննիսյան

03.03.2025

Ողջունելի նախագիծ է։ Առաջարկում եմ նաև վերանայել բուհերի ուսման վարձերը մարզերում։ Բուհերը դատարկվում են։ Ուսանողները նախընտրում են կրթություն ստանալ մայրաքաղաքում։ Մարզերը գնալով «ծերանում» են։ Եթե ուսման վարձերը զգալի տարբերվեն, գուցե մի որոշ մաս կրթություն կստանա բնակավայրում։ Կարելի է նաև այլ նախագիծ իրականացնել մարզերի համար։ Շնորհակալություն։

Սիրանուշ Ղազարյան

25.02.2025

Առաջարկում եմ ընդունելության մրցույթի ժամանակ հաշվի առնել նաև ուսումնառության ընթացքում տվյալ առարկաներից օլիմպիադաների հանրապետական և միջազգային փուլերում գրանցած բարձր արդյունքները։

Արմինե Ալեքսանյան

25.02.2025

Շատ ողջունելի նախագիծ է, բայց կուզեի հեռակա ուսուցման համակարգում գործեին այն բոլոր զեղչի տեսակները, որոնք գործում են առկա ուսուցման համակարգում:

See more