Add to favourites

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

                                                                                                                                  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ        

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիան և դրան կից 1967 թվականի արձանագրությունը (այսուհետ միասին՝ 1951թ․ կոնվենցիա): Հայաստանը մասնակից է նաև ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությանը վերաբերող մարդու իրավունքների մի շարք փաստաթղթերի: «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2008 թվականին, իսկ 2015 թվականին ենթարկվել է էական փոփոխությունների՝ ուղղված միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Փախստականների պաշտպանության ազգային իրավական դաշտը ներառում է նաև «Օտարերկրացիների մասին» օրենքը, Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը, Քրեակատարողական օրենսգիրքը, Վարչական դատավարության օրենսգիրքը, «Սահմանապահ զորքերի մասին» օրենքը, «Փաստաբանության մասին» օրենքը և մի շարք այլ իրավական ակտեր այնքանով, որքանով դրանց կարգավորումները տարածվում են ապաստան հայցողների և փախստականների վրա։

Հայաստանը պարտավորվել է մշտապես կատարելագործել իր միջազգային պաշտպանության համակարգը, այդ թվում՝ Փախստականների հարցերով համաշխարհային ֆորումի (Global Refugee Forum) և Եվրոպական միության ու Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պարտավորությունների շրջանակներում: CEPA-ի 14(2)(բ) հոդվածով կողմերը պայմանավորվել են համագործակցել միջազգային պաշտպանության ոլորտում ազգային օրենսդրության և պրակտիկայի զարգացման ուղղությամբ՝ 1951թ․ կոնվենցիայի և այլ վերաբերելի միջազգային փաստաթղթերի (ինչպես, օրինակ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան) դրույթների և չվերադարձելիության սկզբունքի երաշխավորման նպատակով։

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված 2021-2026թթ. ծրագրի 4.2 կետում թվարկված առաջնահերթությունների ցանկում ներառված է նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունման մեխանիզմների կատարելագործումը։ Կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի N 801-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգի 19-րդ կետով նույնպես ընդգծված է միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը։

Միջազգային պաշտպանության ոլորտում խնդիրների համապարփակ ուսումնասիրության և համակարգային լուծումների մշակման նպատակով իրականացվել են լայնածավալ հետազոտական աշխատանքներ։ 2013 թվականից ի վեր «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում որակի ապահովման նախաձեռնություն» (QIEE) ծրագրի շրջանակում ապաստանի ոլորտում պետական լիազոր մարմինը և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ), որն իր մանդատի համաձայն աջակցում է Հայաստանի ապաստանի համակարգի բարելավմանը, համատեղ իրականացրել են միջազգային պաշտպանության բնագավառի օրենսդրության և պրակտիկայի մոնիթորինգ և վերլուծություն։ 2022 թվականին մեկնարկել է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող և ՄԱԿ ՓԳՀ-ի ու Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի»  ծրագիրը (Ծրագիր), որի բաղադրիչներից մեկը միջազգային պաշտպանության ոլորտում իրավական կարգավորումների համապարփակ վերանայման հարցում ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից տեխնիկական և փորձագիտական աջակցությունն էր՝ այն փախստականների իրավունքի և մարդու իրավունքների ոլորտի չափանիշներին առավել համապատասխանեցնելու նպատակով։ Ծրագրի շրջանակում օրենսդրության փոփոխությունների մշակմանը խորհրդատվական աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են դատական, վարչական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումների ընթացքում վեր են հանվել միջազգային պաշտպանության ոլորտի օրենսդրական բացերն ու խնդիրները, ներկայացվել են դրանք լուծելուն ուղղված առաջարկություններ։ Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև «Ապաստան հայցողների համար իրավաբանական օգնության հասանելիությունը Հայաստանում» թեմայով հետազոտություն, որի արդյունքում նույնպես առաջարկվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ։ 

Իրականացվել է գործող օրենսդրական կարգավորումների համեմատություն բազմազան աղբյուրների հետ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, միջազգային պաշտպանության մասին ՄԱԿ ՓԳՀ ուղեցույցները և մեկնաբանությունները, Եվրոպական միության հրահանգները և անդամ պետություների փորձը։ Սահմանադրության 81-րդ հոդվածի պահանջին համահունչ՝ օրենսդրական կարգավորումների վերլուծության աշխատանքները ներառել են նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։ ՄԱԿ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե), օրինակ, Հայաստանի վերաբերյալ 2023թ․-ի եզրափակիչ դիտարկումներում, ի թիվս այլնի, անդրադարձել է ապաստան հայցողների և փախստականների իրավունքների ապահովման խնդիրներին։ Փախստականների մեծ հոսքի և մարդասիրական իրավիճակի փոփոխության հետ կապված մարտահրավերները գիտակցելով հանդերձ՝ Կոմիտեն մտահոգություն է հայտնել որոշ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կապակցությամբ, մասնավորապես՝ պատշաճ բնակարանների, առողջապահական ծառայությունների, կրթության և այլ իրավունքների անբավարար հասանելիությամբ, ի թիվս այլոց, ապաստան հայցողների և փախստականների շրջանում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, երեխաների և տարեցների հատուկ կարիքները բավարարելու համար ձեռնարկվող ոչ պատշաճ միջոցներով։[1] ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ իր 2024թ․-ի եզրափակիչ դիտարկումներում ողջունելով Օրենքի 2015 թվականի փոփոխությունները և Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում 2022 թվականի փոփոխությունները, որոնք ուժեղացրել են ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությունը անկանոն մուտքի և կեղծ փաստաթղթերի օգտագործման համար քրեական հետապնդման համատեքստում և ի գիտություն ընդունելով փախստականների պատշաճ բնակարանային, առողջապահական ծառայությունների, կրթության և այլ հիմնական ծառայությունների անբավարար հասանելիության, ինչպես նաև ապաստան հայցողների և փախստականների շրջանում աղքատության բարձր մակարդակի մասին հաղորդումները, խորհուրդ է տվել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, թիվս այլնի, ակտիվացնել ջանքերը փախստականներին և ապաստան հայցողներին պատշաճ բնակարանով, բժշկական սպասարկմամբ, կրթությամբ և այլ հիմնական ծառայություններով ապահովելու, ապաստանի վարույթում պետության կողմից ֆինանսավորվող իրավաբանական օգնության հասանելիությունը, հատկապես՝ առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված ապաստան հայցող երեխաների համար, ապահովելու համար։ Առաջարկություններ են ներկայացվել առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված ապաստան հայցող երեխաների ներկայացուցիչների և խնամակալների ներգրավման ընթացակարգերի արդյունավետությունը բարձրացնելու, ներգաղթով պայմանավորված՝ երեխաներին ազատությունից զրկելու արգելքը երաշխավորելու, ապաստանի ընթացակարգերը երեխայի լավագույն շահին համապատասխանեցնելուն ուղղված ջանքերը շարունակելու ուղղությամբ։[2] ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2017թ․-ի եզրափակիչ դիտարկումներում արձանագրել է ապաստան հայցողներին և փախստականներին անկանոն սահմանահատման համար պատժի չենթարկելու սկզբունքի իրականացումը պրակտիկայում ապահովելու և այդ հիմքով կալանավորումը բացառելու անհրաժեշտությունը։[3]  

Չնայած միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ տարվող համակարգային աշխատանքներին՝ ապաստան հայցողների թվի ավելացմամբ և ծագման երկրների բազմազանությամբ պայմանավորված, մի շարք խնդիրներ մնացել են չլուծված։ Դրանք տարաբնույթ են և պահանջում են համապարփակ լուծումներ՝ մի կողմից ամրապնդելու պաշտպանության և ընթացակարգային երաշխիքները, մյուս կողմից համակարգը դարձնելու առավել արդյունավետ, հարմարվող և դիմակայուն։ Օրենսդրական բացերի և թերի լուծումների հետևանքով միջազգային պաշտպանության մեխանիզմները որոշ դեպքերում լիարժեք չեն գործում՝ պաշտպանությունից կամ իրավական, սոցիալական ապահովումից դուրս թողնելով որոշ խմբերին, ինչպես նաև հնարավորություն չտալով կիրառել մշտապես փոփոխվող մարտահրավերներին արդյունավետ արձագանքող կառուցակարգեր։

Վերոհիշյալ նախագծերի  ընդունումը   պայմանավորված  է  նշված խնդիրներին  լուծում տալու անհրաժեշտությամբ։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Թեև 2015 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո միջազգային պաշտպանության ոլորտում գրանցվել է իրավունքների պաշտպանության և արդյունավետ կառավարման համակարգերի էական բարելավում, տվյալ բնագավառում իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերները ի հայտ են բերել տվյալ ոլորտի օրենսդրական դաշտը համապարփակ բարեփոխելու պահանջարկ։ Միջազգային պաշտպանության բնագավառում արձանագրվել են, մասնավորապես, հետևյալ հիմնական օրենսդրական խնդիրները և առաջարկվել հետևյալ լուծումները.

 

Միջազգային պաշտպանության ձևերը և հիմնական հասկացությունները

  • Ինչպես 1951թ․ կոնվենցիայով, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համահունչ՝ Օրենքը ամրագրում է չվերադարձելիության սկզբունքը, սակայն չի կարգավորում այն անձանց իրավական վիճակի և փաստաթղթավորման հետ կապված հարցերը, որոնք չեն բավարարում փախստականի կարգավիճակին ներկայացվող պահանջներին կամ համապատասխանում են փախստականի կարգավիճակի բացառման հիմքերին, սակայն օգտվում են մարդու իրավունքների միջազգային իրավունքից բխող չվերադարձելիության սկզբունքի պաշտպանությունից և չեն կարող հարկադիր հեռացվել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Առաջարկվող կարգավորումները հստակեցնում են միջազգային պաշտպանության ձևերը՝ ներառելով օտարերկրացիներին, ովքեր չեն համապատասխանում փախստականի կարգավիճակին ներկայացվող պահանջներին, սակայն օգտվում են չվերադարձելիության սկզբունքից (օժանդակ պաշտպանություն), և ովքեր համապատասխանում են փախստականի կարգավիճակի բացառման հիմքերին կամ ապաստան չեն ստանում պետական անվտանգությանը սպառնալու պատճառով, սակայն չեն կարող հարկադիր հեռացվել՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքից բխող չվերադարձելիության սկզբունքին համապատասխան (հանդուրժվողի կարգավիճակ)։
  • Օրենքում առկա է որոշ հիմնական հասկացությունների անհստակություն կամ խրթինություն, մասնավորապես՝ գործածվող հիմնական հասկացությունները («միջազգային պաշտպանություն», «փախստական», «ապաստան», «հիմնավոր երկյուղ», «հետապնդում», «չվերադարձելիություն» և այլն) լիարժեք բացահայտված չեն կամ առավել հստակեցման կարիք ունեն՝ պրակտիկայում դրանց մեկնաբանման և կիրառման դժվարություններից խուսափելու համար։ Օրենքով սահմանված չէ ապաստան հայցողի ծագման երկրում ներքին տեղափոխման այլընտրանքի առկայությունը՝ որպես հետապնդման հիմնավոր երկյուղը բացառող հանգամանք։ Առաջարկվող կարգավորումները պարզաբանում են փախստականի բնորոշման որոշ տարրերը, մասնավորապես՝ բնորոշում են ներքին տեղափոխման այլընտրանքը, որի առկայության դեպքում ապաստան հայցողը չունի հետապնդման հիմնավոր երկյուղ, բացահայտում են 1951թ․ կոնվենցիայի իմաստով «հետապնդում», «հիմնավոր երկյուղ» հասկացությունները, հստակեցնում են չվերադարձելիության սկզբունքի կիրառելիությունը պետական սահմանին և անձին ոչ իր ծագման երկիր վերադարձնելիս, համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով փախստականի կարգավիճակի տրամադրման հիմքում սահմանում են իր քաղաքացիության երկիր կամ իր նախկին մշտական բնակության երկիր վերադառնալու անկարողությունը, այլ ոչ թե այն նշված պատճառներով լքած լինելը։
  • Ապաստանի տրամադրումը մերժելու հիմքերը հստակեցման կարիք ունեն։ Առաջարկվող կարգավորումները որոշակիացնում են ապաստանի մերժման հիմքերը, մասնավորապես՝ բացահայտում են «երրորդ ապահով երկրի» բնորոշման կարևոր հանգամանքները, հստակեցնում են, որ այլ պետությունների կողմից ճանաչված փախստականներին ապաստանի տրամադրումը կարող է մերժվել երրորդ ապահով երկիր հասկացության կիրառելիության դեպքում, ինչպես նաև հստակեցնում են ապաստանի տրամադրման վարույթում 1951թ․ կոնվենցիայով սահմանված՝ չվերադարձելիության սկզբունքից բացառությունների (պետական անվտանգության համար լուրջ վտանգ ներկայացնելը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով այնպիսի առանձնապես լուրջ հանցագործության համար դատապարտված լինելը, որի պատճառով առկա է վտանգ հասարակության համար) իրավական հետևանքները:
  • Չվերադարձելիության սկզբունքը չկիրառելու հիմքերը հստակեցման կարիք ունեն, մասնավորապես, ապաստանը դադարեցնելու հիմքերի ձևակերպումը՝ «ազգային անվտանգություն» և «առանձնապես ծանր հանցագործություն», «ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն» եզրույթների գործածմամբ, խնդրահարույց են և կարող են անհարկի ընդլայնել այն արարքների շրջանակը, որոնց դեպքում կարող են կիրառվել տվյալ նորմերով սահմանված իրավական հետևանքները։ Առաջարկվող կարգավորումներով «ազգային անվտանգություն» եզրույթը փոխարինվել է «պետական անվտանգություն» եզրով, իսկ «առանձնապես ծանր հանցագործություն» եզրը՝ «առանձնապես լուրջ հանցագործություն» եզրով՝ առավել ամբողջական արտացոլելով 1951թ․ կոնվենցիայով և Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումները:
  • «Ընտանիքի անդամ» հասկացության սահմանումը և միասնական ընտանեկան դիմումների քննությանը առնչվող կարգավորումները առավել հստակեցման կարիք ունեն՝ պրակտիկայում միասնական կիրառություն ապահովելու համար՝ համաձայն միջազգային չափանիշների։ Առաջարկվող կարգավորումներով վերացվել է այն պահանջը, համաձայն որի փախստականի ընտանիքի անդամը փախստականի կարգավիճակից օգտվում է բացառապես այն դեպքում, երբ չունի արդյունավետ պաշտպանություն տրամադրող՝ այլ պետության քաղաքացիություն։ Կարգավորման տրամաբանությունը բխում է ընտանքի միասնության պահպանման սկզբունքից՝ հաշվի առնելով երրորդ երկրում փախստականի ընտանքի վերամիավորման և հաստատման բարդությունները։
  • Հատուկ կարիքներով անձանց ցանկում ընդգրկված չեն տարեցները և հնարավոր այլ խոցելիություն ունեցող անձինք։ Առաջարկվող կարգավորումները ներառում են տարեցներին և հատուկ կարիքներով անձանց ցանկը դարձնում ոչ սպառիչ։

Ապաստան հայցողների կենսաապահովման պայմանները, իրավունքները, հատուկ կարիքներով անձանց համար երաշխիքները

  • Ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների տրամադրման գործող կարգավորումները ճկուն չեն և հաշվի չեն առնում հատուկ կարիքներով անձանց համար աջակցության տրամադրման առանձնահատկությունները, ինչի հետևանքով գործնականում սոցիալական աջակցությունից կարող են դուրս մնալ խոցելի և կարիքավոր մի շարք խմբեր, փոխարենը՝ սոցիալական աջակցության իրավունքը կարող են չարաշահել այն անձինք, ովքեր գրանցել են կենսապայմանների բարելավում կամ ընդհանրապես սոցիալական աջակցության կարիք չունեն: Առաջարկվող կարգավորումները սահմանում են ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների տրամադրման ճկուն և կարիքահեն ընթացակարգեր, որոնք թույլ կտան գործնականում սոցիալական աջակցությամբ ապահովել խոցելի և կարիքավոր խմբերին, իսկ կենսապայմանների բարելավում գրանցած անձանց կենսաապահովման պայմանները համաչափորեն նվազեցնել կամ դադարեցնել՝ պահպանելով համապատասխան ընթացակարգային երաշխիքները։ Առաջարկվող լրամշակումները նաև հիմք են ստեղծում կենսաապահովման պայմանների տրամադրման գործող եղանակների դիվերսիֆիկացման, մասնավորապես, ընդլայնելով որպես ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն ծառայող տարածքների սահմանումը և այլևս միջազգային չափանիշներին չհամապատասխանող ճանաչված՝ բնաիրային օգնությունը փոխարինելով այլ՝ առավել արժանապատիվ համարվող եղանակներով։ Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել կենսաապահովման պայմանների ապահովման նկատմամբ մոնիթորինգի մեխանիզմ։
  • Ապաստանի տրամադրման վարչական վարույթում անվճար իրավաբանական ներկայացուցչություն նախատեսված չէ, իսկ իրավաբանական օգնության հասանելիությունը ապահովելու կառուցակարգերը բարելավման կարիք ունեն՝ հաշվի առնելով այն խոչընդոտները, որոնց կարող են բախվել ապաստան հայցողները։ Նախատեսվում է անվճար իրավաբանական ներկայացուցչություն ապաստանի տրամադրման վարույթի բոլոր փուլերում, այդ թվում՝ ապաստանի հայցը ներկայացնելիս, ինչպես նաև հստակեցվում են իրավասու մարմինների կողմից իրավաբանական օգնությունը ապահովելու ընթացակարգերը՝ վերացնելու իրավաբանական օգնության արդյունավետ հասանելիության այն խոչընդոտները, որոնց ապաստան հայցողները բախվում են պրակտիկայում։[4]
  • Նախատեսված չէ հատուկ կարիք ունեցող ապաստան հայցողների՝ Սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունքը։ Երաշխավերելու համար պատշաճ կենսամակարդակի իրավունքը և հատուկ կարիքներով անձանց պաշտպանության և աջակցության ոլորտում պետության ստանձնած պարտավորությունների կատարումը՝ առաջարկվող կարգավորումները սահմանում են, որ ի լրումն անձի հիմնական նյութական պահանջմունքների (կացարան, սնունդ, առաջին անհրաժեշտության հիգիենայի և կենցաղային պարագաներ, հագուստ, կոշիկ և այլն) բավարարման և որոշակի ազատ միջոցներ ունենալու նպատակով Օրենքի շրջանակներում լիազոր մարմնի կողմից տրամադրվող օգնությանը, հատուկ կարիք ունեցող ապաստան հայցողները ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ սոցիալական աջակցության այլ համապատասխան ձևերից օտվելու իրավունք, եթե բավարարում են այդ օրենսդրության պահանջները։
  • Հատուկ կարիք ունեցող ապաստան հայցողների համար Օրենքով նախատեսված որոշ ընթացակարգային երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ կառուցակարգեր նախատեսված չեն։ Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների համար նախատեսված չէ անվճար հոգեբանական աջակցություն ստանալու իրավունք՝ ընթացակարգերին նրանց արդյունավետ մասնակցությունը ապահովելու համար։ Նախատեսված չեն երեխաների կողմից ապաստան հայցելու առանձնահատկությունների հաշվառմամբ հատուկ ընթացակարգեր։ Առաջարկվող կարգավորումները հստակեցնում են ապաստանի վարույթում իրավասություն ունեցող պետական մարմինների լիազորությունները հատուկ կարիքների գնահատման, մասնագետների ներգրավման, հատուկ կարիքներով անձանց տեղավորման և խնամքի կազմակերպման, երեխայակենտրոն ընթացակարգերի ապահովման և երեխայի լավագույն շահի գնահատման հարցում։ Առաջարկվող կարգավորումները նաև հստակեցնում են առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված ապաստան հայցող երեխաների ներկայացուցիչներին ներկայացվող պահանջները՝ համաձայն ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի առաջարկության։
  • Բավարար չափով երաշխավորված չէ ապաստան հայցողների և փախստականների կրթության իրավունքը։ Նախագիծը հստակեցնում է իրավասու մարմինների լիազորությունները ապաստան հայցողների և միջազգային պաշտպանություն ստացած անձանց շրջանում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և ուղղորդման ոլորտում։ Առաջարկվող կարգավորումները նաև նախատեսում են նախապատրաստական դասընթացներ, ինչպես նաև նվազ խիստ պահանջեր՝ փաստաթղթերի բացակայության դեպքում ընդունելության համար։     
  • Առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը անչափահաս ապաստան հայցողների վրա չտարածելու բացառությունը հստակ նախատեսված չէ։ Առաջարկվող կարգավորումները համապատասխան լրացում են նախատեսում Քրեական օրենսգրքում։
  • Առկա է անհրաժեշտություն հստակեցնելու առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը բացառող նորմի պրակտիկ կիրառությունը ապահովող ընթացակարգերը։ Առաջարկվող կարգավորումները նախատեսում են քրեական վարույթի կասեցման համապատասխան հիմք՝ քանի դեռ ապաստանի հայցը գտնվում է քննության փուլում։ Այս կարգավորումը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, քանի որ այն դեպքում, երբ պարզվում է, որ քրեական հետապնդման ենթարկվող և կալանավորված անձը համապատասխանում է փախստական ճանաչվելու հիմքերին և ստանում է այդ կարգավիճակը, 1951թ․ կոնվենցիայի 31-րդ հոդվածով նախատեսված պատժի չենթարկելու սկզբունքի անդառնալի խախտումը արդեն իսկ տեղ գտած է լինում։
  • Նախատեսված չէ ապաստան հայցողների՝ անշարժ գույքի ձեռքբերման, տնօրինման, տիրապետման, օգտագործման՝ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կարգավորումներից օգտվելու իրավունքը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Առաջարկվող կարգավորումները նախատեսում են այդ հնարավորությունները՝  ապաստան հայցողների ինքնաբավությունը խթանելու և պետական աջակցությունից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Ապաստանի տրամադրման ընթացակարգերի հասանելիության, արդարության և արդյունավետության երաշխիքները

  • Բավարար չափով երաշխավորված չեն ազատությունից զրկված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները՝ ապաստան հայցելու իրավունքի մասին ծանուցման և իրավաբանական օգնության ապահովման գործուն մեխանիզմների տեսանկյունից։ Համապատասխան իրավական ակտերում առաջարկվող կարգավորումների նպատակն է հստակեցնել իրավասու մարմինների լիազորությունները՝ կապված ապաստան հայցելու իրավունքի մասին ծանուցման հետ, ինչպես նաև ապաստանի ընթացակարգերի վաղ փուլում իրավաբանական օգնության ապահովման մեխանիզմները։ Առաջարկվում է նաև ազատությունից զրկված անձանց դեպքում ապաստանի հայցի ներկայացումը փաստաբանի միջոցով։
  • Հայաստանի Հանրապետության տարածք ապաստան հայցողների մուտքի երաշխիքները հստակցեման կարիք ունեն՝ այդ թվում տեղեկությունների, իրավաբանական օգնության և իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիության առումով՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի[5] և միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի։ Առաջարկվող կարգավորումները նշված բացերը նախատեսում են հասցեագրել՝ սահմանին ապաստանի իրավունքի մասին տեղեկությունների տրամադրման երաշխիքների, իրավաբանական օգնության հասանելիության և թարգմանչական ծառայությունների ապահովման երաշխիքների, մուտքի արգելքի որոշումների դեմ իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի հասանելիության երաշխիքների ամրապնդմամբ։[6] Նախատեսվում են նաև կոնկրետ հիմքերը, որոնց առկայության դեպքում Սահմանապահ զորքերը կարող են որոշում կայացնել ապաստան հայցողներին «Օտարերկրացիների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում մինչև 72 ժամ տևողությամբ պահելու մասին։
  • Ապաստանի դիմումը հաշվառելու ընթացակարգը լրացուցիչ կարգավորման կարիք ունի՝ ապահովելու ընթացակարգերի կանխատեսելիությունը և արդյունավետությունը, այդ թվում՝ հերթերի կառավարման էլեկտրոնային գործիքների ներդրումը, հեռավար թարգմանչական ծառայությունների գործածումը և ապաստան հայցողներին տրամադրվող տեղեկությունների շրջանակը և եղանակը, մասնավորապես ապաստանի հայցից հրաժարվելու, պահանջվող տեղեկությունները չտրամադրելու և չհամագործակցելու իրավական հետևանքների մասին։ Առաջարկվող լրամշակումները հստակ ժամկետային կարգավորման են ենթարկում հաշվառման գործընթացը՝ նախատեսելով նաև նախքան ապաստանի դիմումի հաշվառումը ապաստանի խնդրանք ներկայացրած անձին դրա մասին հավաստող տեղեկանքի տրամադրումը։ Հստակեցվում են նաև երեխաների կողմից ապաստանի դիմումների ներկայացման ընթացակարգային կարգավորումները։
  • Ապաստան հայցողի լսված լինելու իրավունքը ապահովելուն ուղղված կարգավորումները, այդ թվում հարցազրույցի սղագրության կազմման, ծագման երկրի մասին տեղեկությունների տրամադրման, կայացվող որոշումների ամբողջական թարգմանության մասին, լրամշակման կարիք ունեն՝ հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները, ընթացակարգերի առանձնահատկությունները և նախատեսվող լրացուցիչ երաշխիքները, մասնավորապես՝ անվճար իրավաբանական ներկայացուցչությունը և դրա ապահովման գործուն կառուցակարգերը վարչական վարույթի փուլում։ Առաջարկվող կարգավորումները որոշակիորեն թեթևացնում են վարչական բեռը՝ նախատեսելով առավել արդյունավետ կառավարման մեխանիզմներ՝ միաժամանակ չնվազեցնելով ընթացակարգային երաշխիքների շեմը։
  • Ապաստանի արագացված ընթացակարգերը կիրառելու հիմքերը ընդլայնման կարիք ունեն։ Առաջարկվող կարգավորումները այդ հիմքերի շարքում ներառում են նաև ակնհայտ հիմնավոր դիմումները։
  • Ծանուցման ընթացակարգերը հստակեցման և բարելավման կարիք ունեն, մասնավորապես՝ էլեկտրոնային գործիքների կիրառմամբ։ Առաջարկվող կարգավորումները շտկում են ծանուցման ընթացակարգերի մասին տարբեր նորմերի միջև հակասությունները, նախատեսում էլեկտրոնային գործիքների միջոցով արդյունավետ ծանուցումներ, ինչպես նաև ծանուցումներ միայն կամ նաև փաստաբանի միջոցով։
  • Ապաստանի վարույթի կասեցման, կարճման, վերսկսման հիմքերը, ինչպես նաև ապաստանի տրամադրման վարչական վարույթի ժամկետները վերանայման կարիք ունեն։ Պայմանավորված պրակտիկայում առաջացող բարդություններով և դրանցով պայմանավորված անհրաժեշտությամբ՝ առաջարկվող կարգավորումները նախատեսում են վարույթի կասեցման և կարճման լրացուցիչ հիմքեր, ինչպես նաև հստակեցնում են այն ողջամիտ ժամկետները, որոնց ընթացքում վարույթը կարող է վերսկսվել, իսկ չվերսկսվելու դեպքում՝ հետագա բոլոր դիմումները նոր հանգամանք պահանջող հաջորդ դիմում համարելու իրավական հիմքերը։  
  • Ապաստան հայցողների ինքնության ճշտման և փաստաթղթավորման համակարգը կատարելագործման կարիք ունի՝ հաշվի առնոելով ժամանակի պահանջները և տեխնոլոգիական լուծումները։ Նախատեսվում է կենսաչափական տվյալների հավաքագրում, իսկ վկայականի վրա վավերականության ժամկետի մասին նշման բացառում՝ հնարավորություն տալով ժամկետի երկարաձգումը իրականացնել ծրագրային միջամտությամբ՝ ապահովելով վարչական ռեսուրսի խնայում։
  • Պետական մարմինների միջև անձնական տվյալների փոխանցման դեպքերը և նպատակները հստակեցման կարիք ունեն՝ ապահովելու արագ և արդյունավետ փոխգործակցություն՝ անձնական տվյալների պաշտպանության մասին ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Առաջարկվող կարգավորումները հնարավորինս հստակեցնում են համապաստախան դեպքերը և նպատակները՝ իրավական հիմք ստեղծոլով նաև էլեկտրոնային գործիքների կիրառմամբ, այդ թվում՝ ինքնաշխատ հարցումների համար։
  • Ապահովված չէ հիմնավորված որոշումների համար անհրաժեշտ տեղեկությունների հասանելիություն և արդյունավետ պաշտպանություն այն դեպքում, երբ ազգային անվտանգության բնագավառում պետական լիազոր մարմինը տալիս է պետական անվտանգության սպառնալիքի մասին եզրակացություն։ Առաջարկվող կարգավորումները նախատեսում են այդ տեղեկությունների բացահայտման հավասարակշռված մեխանիզմ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատրարանի պրակտիկան և միջազգային փորձը[7], ինչպես նաև բացահայտում են պետական անվտանգությանը լուրջ վտանգ սպառնալու դեպքում համաչափության սկզբունքի առանձնահատկությունները՝ համաձայն 1951թ․-ի կոնվենցիայի նպատակի։[8]
  • Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդման ենթարկվող կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացիների վերաբերյալ ապաստանի տրամադրման վարույթները լրացուցիչ հստակեցումների կարիք ունեն՝ հաշվի առնելով համապատասխան դրույթների կիրառման՝ պրակտիկայում հանդիպող բարդությունները։ Առաջարկվող կարգավորումները նախատեսում են ապաստանի հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնման հնարավորություն և ապաստանի հայցի ներկայացում նոր երևան եկած հանգամանքների պարագայում՝ ապահովելու չվերադարձելիության սկզբունքի պահպանումը, ինչպես նաև նմանատիպ գործերով ձևավորված ներպետական դատական պրակտիկայից բխող պահանջները։
  • Ապաստանի կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտքը չթույլատրելու որոշումների բողոքարկման գործերով, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցողների պահման և պահման պայմանների դեմ ուղղված հայցերով, oտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ներկայացված ապաստանի հայցի հիման վրա հարուցված ապաստանի տրամադրման վարույթի արդյունքում լիազոր մարմնի կայացրած միջամտող կամ զուգորդվող վարչական ակտը և ապաստան հայցողի կենսաապահովման պայմանները տրամադրելու, փոխարինելու, նվազեցնելու կամ դադարեցնելու մասին վարչական ակտը վիճարկելու կամ բարենպաստ վարչական ակտ կայացնելու վերաբերյալ գործերով նախատեսված չեն վարչադատավարական հատուկ ընթացակարգեր, որի հետևանքով այդ գործերը քննության են ենթակա ընդհանուր կանոններով (գործի քննության ողջամիտ ժամկետ, բողոքարկման ընդհանուր կարգ և ժամկետներ, ապացուցման ընդհանուր կանոններ և այլն)։ Առաջարկվող կարգավորումները նախատեսում են վարչադատավարական հատուկ ընթացակարգեր, որոնք թույլ կտան ժամանակին և արդյունավետորեն լուծել տվյալ վեճերը։

Այլ կարգավորումներ

  • Նախատեսված չեն փախստականների համար ընտանիքի վերամիավորման պարզեցված ընթացակարգեր այն դեպքում, երբ առկա են անհաղթահարելի խոչընդոտներ։ Հաշվի առնելով ընտանիքի միասնության պահպանման հիմնարար սկզբունքի հրամայականը՝ առաջարկվող կարգավորումները նախատեսում են էլեկտրոնային եղանակով դիմումների ընդունում, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթերի տրամադրում ընտանիքի անդամներին։
  • Հստակեցված չէ այն օտարերկրացիների կարգավիճակը, ում նկատմամբ կիրառելի են արտաքսումն արգելող դրույթները։ Առաջարկվող կարգավորումները նախատեսում են նշված անձանց կացության կարգավիճակի տրամադրում, ինչպես նաև ազատում նրանց պետական տուրքից։
  • Նախատեսված չեն օտարերկրացու արտաքսումն արգելող մարդասիրական հիմքեր։ Հաշվի առնելով միջազգային փորձը և պրակտիկ իրավիճակներից բխող անհրաժեշտությունը՝ առաջարկվող կարգավորումները հայեցողական լիազորություն են նախատեսում մարդասիրական հիմունքներով արտաքսման արգելք կիրառելու այն դեպքում, երբ առկա է կյանքին վտանգ սպառնացող կամ ծանր հիվանդություն, և վերադարձը ծագման երկիր կարող է իրական վտանգ ստեղծել օտարերկրացու համար՝ էականորեն նվազեցնելով կյանքի տևողությունը կամ հանգեցնելով առողջական վիճակի լուրջ, արագ և անդառնալի անկման, ուժեղ ցավերի, ներառյալ՝ երբ համապատասխան բժշկական օգնությունը հասանելի չէ ծագման երկրում։[9]  
  • Առկա օրենսդրական կարգավորումները հնարավորություն չեն տալիս կարճատև վավերականությամբ ճամփորդական փաստաթղթեր տրամադրել այն օտարեկրացիներին, ովքեր բացառիկ հանգամանքներով պայմանավորված ճամփորդելու կարիք ունեն, սակայն չունեն համապաստախն փաստաթղթեր և դրանք իրենց ծագման երկրից ձեռք բերելու հնարավորություն։ Առաջարկվող կարգավորումները իրավական հիմք են նախատեսում այդպիսի փաստաթղթերի տրամադրման համար ապաստան հայցողներին, ինչպես նաև ապաստանի մերժում ստացած փախստականներին՝ երրորդ ապահով երկիր մեկնումը հնարավոր դարձնելու նպատակով։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել ապաստանի ոլորտում օրենսդրական դաշտը։ Մասնավորապես՝ առաջարկվող բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ունենալ, ի թիվս այլնի, միջազգային պաշտպանության հստակ ձևեր, որոնք ներառում են ոչ միայն փախստականներին ապաստան տրամադրելը, այլև չվերադարձելիության սկզբունքից օգտվող օտարերկրացիների պաշտպանությունը, «փախստական» հասկացության տարրերի առավել հստակ բնորոշում, ապաստանի մերժման հստակ և կանխատեսելի հիմքեր, ապաստան հայցողների սոցիալական աջակցության արդարացի ընթացակարգեր, իրավաբանական օգնություն ստանալու ապաստան հայցողների իրավունքի ապահովման երաշխիքներ, առավել թափանցիկ, հեշտացված և կանխատեսելի ընթացակարգեր և պատճառաբանված որոշումներ, անձնական տվյալների օգտագործման հստակ կանոններ, սահմանին ապաստան հայցողների, քրեական հետապնդման ենթարկվող և հանձման ենթակա օտարերկրացիների, երեխաների իրավունքների երաշխիքներ։

Առաջարկվող փոփոխությունները միտված են նաև ապաստանի վերաբերյալ օրենսդրությունը Եվրոպական միության իրավական համակարգին առավելագույնը մոտարկելուն։ Մասնավորապես՝ նախագծերով առաջ քաշված մի շարք բարեփոխումների հիմքում ընկած են ապաստանի ոլորտում Եվրոպական միության հրահանգներով[10] սահմանված դրույթները, որոնք ձևավորվել են միջազգային լավագույն փորձի ամփոփման արդյունքում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերը բխում են  Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 4-րդ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.2-րդ «Միգրացիա» գլխի «Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունման մեխանիզմների կատարելագործում» կետից։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 ՀՀ ներքին գործերի  նախարարություն

 

 

  • Duration

    15.01.2025 05.02.2025
  • Type

    Law

  • Area

    Social welfare, Penitentiary, Legal assistance, Criminal legislation, Criminal procedure, Passports and visas

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 100

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.