Under development
«Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
6 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի ընդունման համար հիմք է հանդիսանում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1․1-ին մասի (Սույն օրենքով նախատեսված` պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է Կառավարությունը)։
Որոշման ընդունումը պայմանավորված է պետական և մասնավոր թատրոնների միջև ազատ մրցակցությունը խթանելու, վերջինների գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու և բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու անհրաժեշտությամբ։
Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36-րդ (Ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայրի ապահովում) և 41.1-րդ (Ինքնազբաղ/ անկախ ստեղծագործողների գործունեության խթանում) կետերին և ՀՀ մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության (մասնավոր նպատակ 2․1-ին (Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում) և մասնավոր նպատակ 2․2-ին (Մշակութային և ստեղծարար ոլորտներում ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության խթանում):
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ծրագրի կիրարկմամբ առաջարկվում է կանոնակարգել Հայաստանում մասնավոր թատրոնների և թատերախմբերի գործունեությունը, բարենպաստ և հավասար մրցակցային միջավայր ձևավորելով վերջիններիս համար։
Առաջարկվող ծրագիրն ու կարգավորումները կնպաստեն իրենց ձևով և բովանդակությամբ նոր ստեղծագործական նախաձեռնությունների առաջացմանը, կարժևորվեն ոչ պետական, անկախ թատերախմբերի և մասնավոր թատրոնների դերը հայկական թատերարվեստի հանրահռչակման գործում՝ դրանով իսկ զգալիորեն ավելացնելով հանդիսատեսի թիվը՝ թատերասեր հանրությանը դարձնելով ավելի ակտիվ, ինքնաբավ և անկախ:
Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագրի) շահառուներն են Հայաստանի Հանրապետությունում գործող և պետության կամ համայնքների կողմից չստեղծված նորարարական և փորձարարական թատերական գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները։
Որոշման նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել մասնավոր թատրոններին։ Այդ աջակցությունը կարող է լինել ինչպես ֆինանսական, այնպես էլ թատերական ենթակառուցվածքների՝ ազատ բեմական տարածքների, փորձատեղերի և այլ բաղադրիչների տրամադրման ձևաչափով։
Ծրագրի շահառուները կարող են նաև մասնակցել պետության կողմից իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերի, մրցութային դրամաշնորհների, ներգրավվել պետական միջոցառումներում, դառնալ «Բաժանորդային ծրագրի» մասնակիցներ և այլն:
Պետության կողմից մասնավոր թատրոններին աջակցելու հիմքում ընկած է աշխարհում նմանատիպ թատրոնների գործունեության փորձի (Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի) ուսումնասիրությունը։ Վերոնշյալ բոլոր երկրներում պետությունը փորձում է խթանել թատերարվեստում ժանրերի բազմազանություն, անտրեպրիզային թատրոնները, բաց թատերական հարթակների գործունեությունը, որի գլխավոր նպատակը նոր թատերախմբերի ձևավորումն է, որոնք կարող են ստեղծվել և գործել առանձին նախագծերի շրջանակներում, հաճախ չունենալով հիմնական բեմ։ Միևնույն ժամանակ, արդեն իսկ կայացած ոչ պետական թատերախմբերի հետագա զարգացման համար, պետությունը կարող է մշակել և կիրառել աջակցության տարբեր ձևաչափեր մեխանիզմներ։
Շրջանառվող նախագծով նախատեսվում է մշակել թատրոններին աջակցելու արդյունավետ մեխանիզմներ՝ անկախ նրանց կազմակերպաիրավական ձևերից և ենթակայությունից։
Որոշմամբ կանոնակարգվում են Ծրագրին դիմելու ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Ընդ որում, Ծրագրի շահառուները աջակցություն կարող են ստանալ տարվա ընթացքում 1 անգամ։ Այդ նպատակով նրանք պետք է համապատասխան դիմում ներկայացնեն լիազոր մարմին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։
Պետական աջակցություն ստանալու կարևոր և անհրաժեշտ պայմաններից է թատերական գործունեություն ծավալող կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը, որտեղ հստակ պետք է նշված լինեն թատերախմբի և/կամ մասնավոր թատրոնի խաղացանկը, ոչ ֆինանսական/թիրախային ցուցանիշները՝ տարեկան ներկայացումների, հանդիսատեսի քանակը, թատերական քննադատների վերլուծական հոդվածները, միջազգային փառատոներին մասնակցությունը և այլն։
Կարևորելով մեզանում մասնավոր թատերախմբերի զարգացումը, ամրագրվում է, որ Ծրագրի շահառուները յուրաքանչյուր տարի 1 անգամ կարող են դիմել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 1168 «Արվեստների ծրագրի» «թատերական նախագծեր անվանակարգի մրցութային դրամաշնորհին։
Հանձնաժողովը, որը նախագահելու է մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, իր աշխատանքները կազմակերպելու է տարեկան 1 անգամ։ Ուսումնասիրելով աջակցության դիմած հայտատուների ծրագրերը, Հանձնաժողովը՝ ձայների մեծամասնությամբ հավանության արժանացած հայտերը ներկայացնում է Նախարարի հաստատմանը։
Որոշման նախագծով սահմանվում է, որ աջակցության Ծրագրի առավելագույն ժամկետը՝ կկազմի 3 տարի։ Նախատեսվում է Ծրագիրն իրականացնել 2025 թվականին։ Ընդ որում 2025 թվականին Ծրագրի ֆինանսավորումը կարող է իրականացվել ՀՀ ԿԳՄՍՆ-ին հատկացված միջոցների շրջանակներում՝ չառաջացնելով բյուջետային ծախսերի ավելացում, իսկ 2026 թվականին այդ ծախսերը կներառվեն Նախարարության Միջնաժամկետ ծախսային ծրագրում։
Ծրագրի Վերոնշյալ ժամկետը լրանալուց հետո Ծրագրի շահառուները կարող են օգտվել միայն 1168 «Արվեստների ծրագրի» «թատերական նախագծեր անվանակարգի մրցութային դրամաշնորհից և մասնակցել պետության կողմից իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերի ու ներգրավվել պետական միջոցառումներում։
Ծրագրի շահառուները կարող են աջակցություն ստանալ ոչ միայն թատերական ներկայացումներ, փառատոներ կամ նմանատիպ այլ նախագծեր իրականացնելու համար։ Ծրագրով նախատեսված է նաև փորձասենյակների կամ ներկայացումների համար տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման ձևաչափ, որը պետք է իրականացվի ՀՀ կառավարության որոշման հիման վրա՝ շահառուի և պետության միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ Բեմահարթակների կամ փորձերի համար պետության կողմից տրամադրվող հարթակների պարագայում՝ անկախ օգտագործման իրավական կարգավիճակից, տարածքները կարող են տրամադրվել մինչև 3 տարի ժամկետով։
Ծրագրի կարևոր սկզբունքներից է Նախարարության կողմից Ծրագրի շահառուներին՝ հանդիսատեսի թվաքանակի հաշվարկով ֆինանսական աջակցության տրամադրումը։ Այս սկզբունքը միտված է ապահովելու թատերարվեստի հասանելիությունը սոցիալապես անապահով ընտանիքների և առանձին թիրախային խմբերի համար։
Ծրագիրը սահմանում է նաև շահառու կազմակերպության պարտավորությունները։ Վերջինս, իր կողմից ձևավորած ֆինանսական եկամուտների (տոմսերի վաճառք, հովանավորչական գումարներ, միանվագ նվիրատվություններ) հաշվին պետք է հոգա թատերախմբի անդամների վարձատրության, ներկայացումների բեմադրման, հյուրախաղերի, տարածքի պահպանության ծախսերը։
Նախարարության կողմից ստեղծվելու է Ծրագրի շահառուների էլեկտրոնային շտեմարան, որը մշտապես համալրվելու է, ինչպես նաև իրականացվելու պարբերական մոնիթորինգ՝ տարեկան կտրվածքով՝ բանավոր և գրավոր հարցումների, եռամսյակային հաշվետվությունների, դիտումների միջոցով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կձևավորվի բարենպաստ միջավայր թատերարվեստում ժամանակակից և նորարական ստեղծագործական ձևերի և ուղղությունների ներդրման ու զարգացման համար։
Այն նաև կնպաստի հանրության շրջանում թատերարվեստում առկա նոր գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիության բարձրացմանն ու տարածմանը։ Միաժամանակ, Ծրագրի իրագործումը հնարավորություն կընձեռի ապահովել Հայաստանում թատերական բիզնեսի ներկա վիճակի մոնիտորինգը և անկախ հանրային գնահատման ընդունակ և հեղինակավոր ինստիտուտի ձևավորումը։
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36-րդ (Ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայրի ապահովում) և 41.1-րդ (Ինքնազբաղ/ անկախ ստեղծագործողների գործունեության խթանում) կետերից և ՀՀ մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության (մասնավոր նպատակ 2․1-ից (Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում) և մասնավոր նպատակ 2․2-ից (Մշակութային և ստեղծարար ոլորտներում ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության խթանում):
-
Discussed
16.12.2024 - 03.01.2025
-
Type
Decision
-
Area
Contemporary art
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 970
Print