Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» N 245-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ի թիվս այլ չափաբաժինների և դրանց օգտագործման ժամկետների, հաստատվել են հանդերձանքի չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, հիգիենայի պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, ինչպես նաև սննդի օրական չափաբաժինները:

Հարկ է նշել, որ դատապարտյալների հանդերձանքի և հիգիենայի պարագաների չափաբաժինների և դրանց օգտագործման ժամկետների, ինչպես նաև սննդի օրական չափաբաժինների առնչությամբ, նշված Որոշմամբ վերարտադրվել է Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական նվազագույն չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1182-Ն որոշումը:

Մասնավորապես, դա հանգեցրել է նրան, որ դատապարտյալների հանդերձանքը որևէ փոփոխության կամ ձևափոխման չի ենթարկվել և նրանք կրել են խորհրդային տարիներից ձևավորված հանդերձանքը:

1955թ.-ի բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների[1] 17-րդ կետի համաձայն՝

1) Քաղաքացիական հագուստ կրելու իրավունք չունեցող բանտարկյալներին[2]  պետք է հատկացնել տվյալ կլիմային համապատասխանող և իրենց առողջությունը բավարար վիճակում պահելու հնարավորություն տվող համազգեստ: Այն վիրավորող կամ ստորացնող բնույթ չպետք է ունենա:

2) Հագուստը պետք է պահվի մաքուր և կարգին վիճակում: Լվացքն ու մաքուր սպիտակեղենի տրամադրումը պետք է ապահովել հիգիենայի պահանջներին համապատասխան:

3) Բացառիկ դեպքերում, երբ բանտարկյալը թողնում է հիմնարկն իշխանությունների թույլտվությամբ, նրան պետք է թույլ տալ հագնելու սեփական կամ այլ` աչքի չզարնող, հագուստ:

Նշված կարգավորումների համաձայն՝ դատապարտյալները պետք է ունենան սեզոնային հագուստ՝ ամառվա և ձմեռվա համար, այդ հագուստը պետք է չլինի ստորացնող կամ վիրավորող, պետք է ապահովի խտրականության բացառումը, լինի հարմարավետ և ապահովի դատապարտյալի շարժունակությունը: Վերը նշված մոտեցումը կիրառվում է զարգացած երկրների մեծամասնությունում՝ որպես դատապարտյալների հագուստի մոդելավորման, հանդերձանքի լրակազմի մշակման ու ապահովման նախապայման:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություն դատապարտյալների հանդերձանքը և դրա չափաբաժինները վերանայելու համատեքստում:

Բացի այդ, հաշվի առնելով այն, որ դատապարտյալների հանդերձանքն ապահովվում է պետության կողմից՝ դրանց նկարագիրը պետք է լինի հնարավորինս մանրամասն՝ գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելու համար:

Ինչ վերաբերում է դատապարտյալներին տրամադրվող հիգիենայի պարագաներին և սննդին, պետք է նկատել, որ սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինները շատ չնչին փոփոխության էին ենթարկվել, այն էլ ոչ բոլոր դեպքերում հաշվի առնելով դատապարտյալի կարիքները կամ այլ պետություններում դրանց տրամադրման մոտեցումներն ու սննդի չափաբաժինը:

Ներկա դրությամբ, քանի որ քրեակատարողական համակարգի բարեփոխումներն առաջնային ուղղված են դատապարտյալների նյութակենցաղային վիճակը և դրա հետ փոխկապակցված իրավունքները բարելավելուն, ինչպես նաև հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները և այն, որ հիգիենայի չափաբաժինները նախատեսվում է տրամադրել շաբաթական կտրվածքով, ինչը գործնականում պայմանավորված անհրաժեշտություն է, հրատապ է դարձել քննարկվող Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

Բացի այդ, դատապարտյալներին տրամադրվող սննդամթերքի առնչությամբ առաջացել է հստակեցման կարիք բանջարեղենի և մրգի տեսականու, թռչնի մսի, իսկ համեմունքների և այլ սննդամթերքի նաև քանակի վերանայում՝ դատապարտյալներին համակողմանի բալանսավորված սնունդ տրամադրելու նպատակով՝ անկախ սեզոնային առանձնահատկություններից:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ դատապարտյալների սնունդը և հիգիենայի պարագաներն ապահովվում է պետության կողմից՝ դրանց նկարագիրը որոշ դեպքերում պետք է լինի հնարավորինս մանրամասն՝ գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելու համար:

1955թ.-ի բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների[3] 20.1-ին կետի համաձայն՝ բանտային վարչությունը պետք է սովորական ժամին յուրաքանչյուր բանտարկյալի ապահովի նրա առողջությունն ու ուժերը պահպանելու համար բավականաչափ սննդարար, լավորակ, լավ պատրաստված ու մատուցված սնունդով:

Սննդի տեսականու զանազանումը և սեզոնից ելնելով սննդամթերքի տեսակների կամ չափաբաժինների փոփոխությունը պայմանավորված է սննդի կալորիականությամբ, օրգանիզմի համար սննդարար նյութերի բալանսավորված ապահովման անհրաժեշտությամբ, սեզոնային մրգերի և բանջարեղենի տրամադրման անհրաժեշտությամբ, և նման մոտեցումը նախատեսված է զարգացած երկրների մեծամասնությունում: Մասնավորապես, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Դանիայի, Վրաստանի և այլ երկրների դատապարտյալներին լիարժեք սննդով ապահովումը պետության պարտականությունն է, և դատապարտյալները պետք է հնարավորություն ունենան ստանալ տարատեսակ սննդամթերք, որը կապահովի սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, վիտամինների, միկրոտարրերի և այլ սննդարար նյութերի օրական չափաբաժինը, որը չի բացառում նաև սննդի ընտրության հնարավորությունը:

Հիգիենայի պարագաների տրամադրումը պետք է լինի հնարավորինս թիրախային ու հասցեական: 1 կամ 3 ամիսը մեկ հիգիենայի որոշակի պարագաների տրամադրումն արդյունավետ չէ, քանի որ դատապարտյալների տեղափոխման, տրամադրված պարագաների ժամկետից շուտ սպառման (երբեմն նաև ոչ ողջամիտ օգտագործման արդյունքում), կորստի կամ այլ պատճառներով, դատապարտյալը փաստացի չի ունենում իրական հնարավորություն մշտապես օգտվել օրենսդրությամբ իրեն հասանելիք հիգիենայի պարագաներից, ինչն առաջացնում է ոչ միայն իրավունքների իրացման խնդիրներ, այլ նաև նպաստում է ենթամշակութային հարաբերությունների ձևավորման ու դրանց շրջանակներում այդ առարկաների պակասի լրացման:

Հետևաբար շաբաթվա կտրվածքով այդ պարագաների տրամադրումը, ինչպես դա նախատեսված է այլ պետություններում, օրինակ՝ Դանիայում, Նորվեգիայում և այլն, թե՛ կազմակերպչական տեսանկյունից, թե՛ թիրախային այդ պարագաները տրամադրելու համատեքստում համարվում է լավագույն մեթոդներից մեկը: Որոշ երկրներում նախատեսված է հիգիենայի պարագաների տրամադրումը ցպահանջ տարբերակով, սակայն դա ֆինանասկան մեծ բեռ կլինի պետական բյուջեի համար:

  1. Առաջարկվող իրավակարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է վերանայել դատապարտյալների հանդերձանքը և դրա չափաբաժինները՝ տղամարդկանց և կանանց համար ստեղծելով հանդերձանքի նոր լրակազմեր, ինչպես նաև դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինները, իսկ  որոշ դեպքերում նաև տրամադրվող քանակը:

Մասնավորապես, առաջարկվող հանդերձանքի տիպային օրիկաները ներկայացված են Նկարներ 1-ում և 2-ում:

Նկար 1. Դատապարտյալ տղամարդկանց հանդերձանքի տիպային օրինակ

 


    

                                                   

                                                                                                        

 

  1. Հագուստի վերնամասն օձիքով և երեք կոճակներով պոլո կիսաբամբակե պոլո շապիկ է։ Ձմեռվա համար դրանք նախատեսվում են երկարաթև, իսկ ամառվա համար՝ կարճաթև։ Ձախ կրծքավանդակի մասում նախատեսված է գրպանի իմիտացիա՝ «լեզվակ», որի վրա կփակցվի դատապարտյալի անունը և ազգանունը։ Պոլոյի գործվածքի համար նախատեսվում է տրիկոտաժ (հաշվի առնելով, որ բնական տրիկոտաժը շատ փափուկ է, իսկ սինթետիկը՝ շատ դիմացկուն, նախատեսվում է խառը գործվածք՝ կիսաբամբակյա)։ Տվյալ գործվածքը շատ հեշտ է խնամել և չի պահանջում հատուկ լվացման կամ արդուկման պայմաններ, այն պահպանում է իր սկզբնական տեսքը և որակը՝ նույնիսկ բազմակի լվացումներից հետո: Հանդերձանքի բոլոր տեսակների դեպքում՝ կարերի թելի գույնը չպետք է տարբերվի գործվածքների գույնից, որպես ընդունելի տարբերակ այն կարող է տոնով ավելի մուգ լինել, բայց ոչ մի դեպքում ավելի բաց: Հանդերձանքի գույնը նախատեսվում է մոխրագույն կամ մուգ կապույտ:
  2. Տաբատը կիսասպորտային է՝ առաձգական ժապավենով (ձգված ժանյակներով) և իմիտացիոն կայծակաճարմանդ։ Տաբատի գործվածքի համար նախատեսվում է սարժա (саржа), որն օգտագործվում է արտահագուստի արտադրության մեջ, քանի որ այն ունի մաշվածության նկատմամբ բարձր դիմադրություն և ուշ է կեղտոտվում: Սարժա գործվածքն իր բաղադրության շնորհիվ ապահովում է հարմարավետություն արտահագուստը կրելիս, այն ունի օդակլանման բարձր հատկություններ, ներծծում է խոնավությունը և չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։ Տաբատի առջևում կան գրպաններ, իսկ հետնամասում՝ գրպանի իմիտացիա։
  3. Տղամարդկանց ամառային կոշիկներն իրենցից ներկայացնում եմ սլիփոններ (slip-on), որտեղ ներբանը նախատեսվում է սպիտակ ռետինից, իսկ վերին մասը՝ դիմացկուն գործվածքից (վերին մասում՝ աջ և ձախ կողմերում, հարմարության համար կան ռետինե եռանկյուններ՝ հաշվի առնելով այն, որ ոտքերի վերելքները տարբեր կարող են լինել):
  4. Ձմեռվա համար նախատեսվում են բաճկոններ, որոնք կարող են նույնպես պատրաստվել սարժայից՝ ներդիրով ջերմություն ապահովելու համար: Կրծքավանդակի ձախ մասում, գրպանի իմիտացիայի փոխարեն առաջարկվում է օգտագործել կպչուն կտոր դատապարտյալի անունն ու ազգանունը փակցնելու համար։
  5. Դատապարտյալ կանանց համար նախատեսվում է համանման մոտեցում՝ փոխարինելով խալաթները, գլխաշորերը և հանդերձանքի այլ տեսակները, որոնք ներկայումս տրամադրվում են:

Նկար 2. Դատապարտյալ կանանց հանդերձանքի տիպային օրինակ

                         

                                              

 

 

  1. Կանանց հանդերձանքի դեպքում փոխվում է միայն տաբատի ոճը, նախընտրելի դիզայնն ազդրի հատվածից կլյոշն է, քանի որ այն ապահովելու է և՛ հարմարավետություն, և՛ կանացիություն։ Հանդերձանքի այլ տեսակների նկարագրությունը նույնն է ինչ դատապարտյալ տղամարդկանց դեպքում:
  2. Առաջարկվող նախագծով որևէ փոփոխության չեն ենթարկվել ներքնազգեստի, գուլպաների, զուգագուլպաների, հողափաթերի և մաշիկների նկարագրությունները և չափաբաժինները, իսկ մանկական պարագաները ներկայացվել են ոչ թե հատով, այլ լրակազմով՝ որպեսզի ապահովվի երեխայի թե՛ վերնահագուստը, թե՛ տաբատը:

Դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինները, որոշ դեպքերում նաև տրամադրվող քանակը՝ դատապարտյալներին բալանսավորված սննդամթերք ապահովելու և հիգիենայի պարագաները համահավասարաչափ տրամադրելու համար Նախագծով առաջարկվում է՝

  • դատապարտյալներին հիգիենայի պարագաները տրամադրել շաբաթական կտրվածքով՝ համապատասխան փաթեթի տեսքով, որը ներառելու է 2 հատ ձեռքի օճառ, 1-ական շամպուն, լոգանքի գել և զուգարանի թուղթ, սափրվելու պարագաների և ատամի խնամքի պարագաների 1-ական լրակազմ,
  • մսի, թռչնի մսի և ձկան տրամադրումը բաշխել այնպես, որ ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր դատապարտյալը հնարավորություն ունենա օգտագործել միս, թռչնի միս կամ ձուկ՝ համապատասխանաբար ամսվա ընթացքում 8, 15 և 8 օր համամասնությամբ, ինչը կապահովի դատապարտյալի սպիտակուցներով հագեցած սննդի անհրաժեշտությունը,
  • հավի ձուն տրամադրել երկու օրը մեկ հաճախականությամբ, իսկ պանիրը՝ ամեն օր, ինչը սննդարարության տեսանկյունից առավել արդյունավետ է,
  • հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դատապարտյալին տրամադրվող մրգերի օրական չափաբաժինը կրկնապատկվում է, ինչը հնարավորություն է ընձեռելու սեզոնային մրգերի միջոցով լրացնել վիտամինների և միկրոտարրերի պակասը,
  • դատապարտյալին տրամադրել սուրճ կամ լուծվող սուրճ, կարմիր կամ սև պղպեղ, որոնք մինչ այժմ չեն տրամադրվել, ինչպես նաև տոմատի մածուկի փոխարեն կարող է տրամադրվել մանանեխ կամ այլ սոուսներ, ինչը ներկայումս նույնպես նախատեսված չէ, սակայն սննդի համար անհրաժեշտ է լինելու,
  • ավելացնել յոդացված կերակրի աղի քանակը, որից 5 գրամը կիրառվելու է սննդի պատրաստման ընթացքում, իսկ 15 գրամը տրամադրվելու է դատապարտյալին՝ առձեռն, և նա է որոշելու դրա օգտագործման հնարավորությունը, եթե նրա համար սննդամթերքը լինի անալի,
  • նույնական տրամաբանությամբ կատարել նաև այլ փոփոխություններ, որոնք միտված են բարելավել դատապարտյալների սննդի համակողմանիությունը, սննդի որակն ու քանակը կամ տրամադրվող հիգիենայի պարագաներից օգտվելու արդյունավետությունը:
  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է

  • ներդնել դատապարտյալների հանդերձանքի նոր լրակազմ, որն առավել հարմարավետ է և պրակտիկ, բխում է դատապարտյալների կարիքներից ու համապատասխանում է սեզոնային առանձնահատկություններին,
  • դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինների վերանայում,
  • հիգիենայի պարագաների շաբաթական փաթեթներով տրամադրում, սննդի տեսականու և կալորիականության համահավասար ապահովում՝ անկախ սեզոնային առանձնահատկություններից՝ հաշվի առնելով, որ սննդամթերքի քանակը որոշ դեպքերում տարբերվելու է ելնելով հուլիսի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո տրամադրվելու փաստից:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

  1. Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջանում, և նախատեսվում է պետական բյուջեից ծախսերի ավելացում հետևյալ հաշվարկով. Դատապարտյալների հանդերձանքի համար ՄԺԾԾ-ով 2025 թվականի համար համաձայնեցվել է 71.939.000 ՀՀ դրամ, սակայն 2025 թվականի տարեկան բյուջեով անհրաժեշտ է լինելու         132.268.800 ՀՀ դրամ: Այդ գումարը հաշվարկվել է հետևյալ ելակետային տվյալներից՝ մեկ դատապարտյալի հանդերձանքի համար անհրաժեշտ գումարն է՝ տաբատ՝ 7800 ՀՀ դրամ, երկարաթև պոլո՝ 5640 ՀՀ դրամ, կարճաթև պոլո՝ 4800 ՀՀ դրամ, բաճկոն՝ 18600 ՀՀ դրամ, կեպի՝ 3000 ՀՀ դրամ, ձմեռվա կոշիկ՝ 13200 ՀՀ դրամ, ամառվա կոշիկ՝ 8400 ՀՀ դրամ: Ընդհանուր մեկ դատապարտյալի հանդերձանքի համար անհրաժեշտ է 79680 ՀՀ դրամ: Տարեկան պահանջվող գումարը նախատեսվել է և համապատասխան հաշվարկը ներկայացվել է դատապարտյալ 1600 տղամարդու և 60 կնոջ համար:

Արդյունքում անհրաժեշտ է լրացուցիչ 60.329.800 ՀՀ դրամ՝ ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունն իրականացնելու համար:

Միաժամանակ, Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջանում, և նախատեսվում է պետական բյուջեից ծախսերի ավելացում հետևյալ հաշվարկով. դատապարտյալներին տրամադրվող հիգիենայի պարագաների հաշվարկը ներկայացվում է աղյուսակ 1-ում, իսկ դատապարտյալներին տրամադրվող և սույն նախագծող փոփոխվող սննդամթերքի հաշվարկը՝ աղյուսակ 2-ում:

Աղյուսակ 1. Դատապարտյալներին հատկացվող հիգիենայի պարագաների որակի բարելավում (առաջարկվող հիգիենայի պարագաները և չափաբաժինները)

ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2025թ. տարեկան բյուջեով անհրաժեշտ է՝                   102.638.400 ՀՀ դրամ

ՄԺԾԾ-ով 2025թ. համար համաձայնեցվել է՝        53.968.800 ՀՀ դրամ

Անհրաժեշտ է լրացուցիչ՝                                    48.669.600 ՀՀ դրամ

 

 

 

 

Աղյուսակ 2. Դատապարտյալներին տրամադրվող սննդի որակի բարելավում

 

Աղյուսակ 2. Դատապարտյալներին տրամադրվող սննդի որակի բարելավում (սննդամթերքի փոփոխվող չափաբաժինների համեմատական)

Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից և 2-ից՝ ՄԺԾԾ-ով 2025 թվականի համար համաձայնեցվել է 53.968.800 ՀՀ դրամ հիգիենայի պարագաների համար և 1.470.950.000 ՀՀ դրամ սննդամթերքի համար, սակայն անհրաժեշտ է համապատասխանաբար՝ 102.638.400 ՀՀ դրամ և 1.803.100.000 ՀՀ դրամ գումար: Արդյունքում ընդհանուր առմամբ անհրաժեշտ է լրացուցիչ 380.819.600 ՀՀ դրամ (համապատասխանաբար՝ 48.669.600  ՀՀ դրամ և 332.150.000 ՀՀ դրամ գումար)՝ ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունն իրականացնելու համար:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:

 

[1] https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=18499

[2] Միջազգային տերմինաբանությամբ «բանտարկյալ» սահմանումը ներառում է ազատությունից զրկված բոլոր անձանց, ներառյալ՝ խափանման միջոցները, պատիժները, հարկադրանքի այլ ձևերը:

[3] https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=18499

  • Duration

    29.08.2024 13.09.2024
  • Type

    Decision

  • Area

    Justice, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 289

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.