Add to favourites
Under development
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Agree
-
25 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծում պարբերաբար կիրառվում են հետևյալ արտահայտությունները՝ «մերժել առաջին դիմումը», «մերժել երկարաձգումը», «զրկել», «ուժը կորցրած ճանաչել», «անվավեր ճանաչել»։ Նշված արտահայտությունները իմաստային առումով իրար բավականին նման են, և դրանց հաճախակի կիրառումը շփոթություն ու խառնաշփոթ է առաջացնում։ Առաջարկում ենք հստակեցնել տերմինաբանությունը՝ անհրաժեշտության դեպքում «Օտարերկրացիների մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ օրենքում օգտագործվող հասկացություններում դրանց մեկնաբանությունները ներառելով։ Միաժամանակ հարկ է նշել, որ թվարկված արտահայտություններին վերաբերելի հիմքերն ավելորդ կրկնվում են տարբեր հոդվածներում, հետևաբար առաջարկում ենք նաև Նախագծում խուսափել ավելորդ կրկնություններից։ Ավելին, Նախագծում առկա կարգավորումներից բխում է, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի մի շարք հոդվածներում կրկնողաբար թվարկվում են կացության կարգավիճակի տրամադրման մերժման, ուժը կորցրած, անվավեր ճանաչվելու, զրկելու հիմքերը։ Կրկին՝ շփոթություններից խուսափելու համար առաջարկում ենք մեկ հոդվածում թվարկել բոլոր հիմքերը։ | ||
2 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 10-րդ հոդվածում սահմանվում է, որ «կացության կարգավիճակից զրկված օտարերկրացին, ինչպես նաև այն օտարերկրացին, որի կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում է կայացվել, պարտավոր է կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշման մեջ նշված ժամկետում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից»։ Առաջարկում ենք գործընթացի թափանցիկությունն ու կամայականությունների արգելքն ապահովելու նպատակով օրենքով սահմանել հստակ ժամկետ՝ դրույթում նշված պարագայում Հայաստանի Հանրապետությունից հեռանալու համար։ Հակառակ պարագայում ստացվում է, որ կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնող մարմինը սեփական հայեցողությամբ յուրաքանչյուր առանձին դեպքում կարող է որոշել, թե տվյալ օտարերկրացին որքան ժամկետում պետք է լքի երկիրը։ | ||
3 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 10-րդ հոդվածում սահմանվում է, որ «կացության կարգավիճակից զրկված օտարերկրացին, ինչպես նաև այն օտարերկրացին, որի կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում է կայացվել, պարտավոր է կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշման մեջ նշված ժամկետում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, եթե կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, որոշումը չի բողոքարկել դատական կարգով»։ Սահմանված հնգօրյա ժամկետը ոչ միայն անհասկանալի չափանիշների հիման վրա է ընտրված, այլ նաև հակասում է Վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումներին։ Մասնավորապես՝ նշված օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, ըստ որոնց՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել՝ վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից, իսկ պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից։ Կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշման բողոքարկման նպատակով հայց ներկայացնելու համար գործում են նույն՝ Վարչական դատավարության օրենսգրքում առկա ժամկետները, հետևապես «Օտարերկրացիների մասին» օրենքում նշված որոշումների բողոքարկման համար հնգօրյա ժամկետի սահմանումը հակասում է ընդհանուր օրենսդրական կանոնին։ | ||
4 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 10-րդ հոդվածով սահմանված դրույթում մասերի համարակալման հերթականությունը թերի է։ Մասնավորապես՝ 2-րդ մասից հետո կրկնվում է 2-րդ մասը՝ 3-րդ մասի փոխարեն։ | ||
5 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվում է «Օտարերկրացիների մասին» օրենքի հոդված 23-ի մասի «է» կետն ուժը կորցրած ճանաչել։ Դրույթում բացակայում է հոդվածի մասի վերաբերյալ նշումը։ Ենթադրվում է, որ խոսքը 23-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի մասին է, այն է՝ «առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով ժամանող օտարերկրյա մասնագետները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում»։ Անհասկանալի է նշված կետով սահմանված անձանց համար աշխատանքի թույլտվություն ստանալուց բացառություն կազմելու հնարավորության չեղարկումը։ Կարծում ենք՝ առավել նպատակահարմար կլինի դրույթն «Օտարերկրացիների մասին» օրենքից չհեռացնելը՝ այդպիսով նշված անձանց համար չստեղծելով անհարկի բարդություններ, որոնք որևէ կերպ չեն նպաստում միգրացիոն օրենսդրության բարելավմանը։ | ||
6 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ֆորմալ և ոչ ֆորմալ ուսման հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Կառավարությամբ սահմանված կարգով»։ «Կառավարությամբ» արտահայտությունը հարկավոր է փոխարինել «Կառավարության որոշմամբ» արտահայտությամբ։ | ||
7 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հաստատությունները իրավունք ունեն օտարերկրացու հետ կնքել տվյալ հաստատությունում օտարերկրացու ֆորմալ ուսման մասին պայմանագիր իրենց կանոնադրություններին համապատասխան»։ Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ է ենթադրում «իրենց կանոնադրություններին համապատասխան» արտահայտությունը, և ինչ պահանջ է ներկայացվում հաստատությունների կանոնադրություններին օտարերկրացի ուսանողներ ունենալու հարցում։ Առաջարկում ենք կա՛մ հստակեցնել, թե կոնկրետ ինչ պահանջներ պետք է ներառվեն հաստատությունների կանոնադրություններում օտարերկրացի ուսանողների հետ պայմանագիր կնքելու հարցում, կամ ամբողջությամբ հանել «իրենց կանոնադրություններին համապատասխան» արտահայտությունը դրույթից։ Կարծում ենք՝ օտարերկրացի սովորողների հարցում առավել նպատակահարմար կլինի հիմնվել ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքի վրա՝ առանց ավելորդ կարգավորումներ սահմանելու, որոնք կարող են խոչընդոտել այդ հաստատությունների ազատ գործելակերպին։ | ||
8 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «ոչ ֆորմալ ուսման հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում կարող են ներկայացնել կրթական գործունեություն իրականացնող հաստատությունները և (կամ) կազմակերպությունները։ Եթե ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր իրականացվում է կազմակերպության կողմից, որի հիմնական գործունեության ոլորտը կրթական ծրագրեր իրականացնելը չէ, ապա այդ կազմակերպությունը էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետք է ներկայացնի ոչ ֆորմալ ուսուցման հիմքով օտարերկրացուն կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացնելու թույլտվություն ստանալու դիմում։ Դիմումի մասին դրական կամ բացասական եզրակացություն է կայացնում կրթության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմինը»։ Անորոշ է, թե ոչ ֆորմալ ուսուցման հիմքով օտարերկրացուն կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացնելու թույլտվությունը վերաբերում է կոնկրետ օտարերկրացի սովորողին, և ամեն առանձին դեպքի համար հարկավո՞ր է ստանալ նման թույլտվություն, թե՞ խոսքը մեկանգամյա թույլտվության մասին է, որը տրվում է տվյալ ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր իրականացնող կազմակերպությանը։ Եթե դիտարկենք առաջին դեպքը, ապա կազմակերպության կողմից թույլտվությունը պետք է ստացվի յուրաքանչյուր օտարերկրացի սովորողի համար առանձին, ինչը, կարծում ենք, տրամաբանական չէ։ Ստացվում է, որ կազմակերպությունը պետք է ներկայացնի երկու դիմում՝ նախ կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու թույլտվություն, ապա՝ թույլտվություն ստանալուց հետո՝ սովորողի՝ կացության կարգավիճակ ստանալու դիմում։ Նման պարագայում առավել նպատակահարմար կլինի կազմակերպության կողմից միանգամից մեկ դիմում ներկայացնելը՝ սովորողին կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Այս դեպքում, եթե օրենքով սահմանված մերժման հիմքեր առկա չլինեն, ապա դիմումը կբավարարվի, ինչն էլ կկրճատի վարչարարության բեռը և կխթանի գործընթացի արդյունավետությունը։ Իսկ եթե դիտարկենք երկրորդ տարբերակը, ապա կազմակերպությունը պետք է մեկանգամյա թույլտվություն ստանա կրթության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնից՝ այդպիսով «հավատարմագրում» անցնելով։ Այս իրավիճակում տրամաբանական կլինի նման հավատարմագրման գործընթացի չափանիշներն ու ընթացակարգը հստակ ձևով սահմանելը, հակառակ պարագայում կառաջանա այնպիսի իրավիճակ, երբ կրթության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմինն իր բացարձակ հայեցողությամբ կկարողանա կազմակերպությանը տալ կամ չտալ թույլտվություն՝ առանց հստակ հիմնավորումների։ Սա կարող է հանգեցնել իրավական անորոշության և կամայականության։ Ուստի առաջարկում ենք նախագծում հստակեցնել, թե ինչ ընթացակարգով պետք է ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր իրականացնող կազմակերպությունները դիմում ներկայացնեն՝ թույլտվություն ստանալու համար, և թե կոնկրետ ինչ պահանջներին բավարարելու մասին է խոսքը։ | ||
9 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 16-րդ հոդվածում «օտարերկրացուն կարգավիճակի տրամադրման դիմումը ներկայացրած իրավաբանական անձը լուծարվել է կամ ...»» կետի վերաբերյալ առկա է վրիպակ․ նախադասության ավարտը բացակայում է։ | ||
10 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացին համարվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող, եթե Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է առևտրային ընկերության մասնակից կամ բաժնետեր և դրա կանոնադրական կապիտալում ներդրել է առնվազն տաս միլիոն դրամ կամ ձեռք է բերել տաս միլիոն դրամ արժեքով բաժնետոմսեր, կամ հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ունի անհատ ձեռնարկատիրոջ դրամային հաշիվ առնվազն հինգ միլիոն դրամի չափով կամ վերջին վաթսուն օրվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ունի հինգ միլիոն դրամի դրամաշրջանառություն»։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություններին անվանում է «առևտրային կազմակերպություններ»։ Ըստ նշված օրենսգրքի 51-րդ հոդվածի՝ առևտրային կազմակերպությունները կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների, ընկերությունների և առևտրային կոոպարտիվների ձևով: Մինչդեռ Նախագծով առաջարկվող դրույթում օգտագործվում է «առևտրային ընկերություն» արտահայտությունը, հետևաբար ստացվում է, որ կարգավորումից անարդարացիորեն դուրս են մնում առևտրային ընկերակցությունները և կոոպերատիվները։ Առաջարկում ենք «առևտրային ընկերության մասնակից» արտահայտությունը փոխարինել «առևտրային կազմակերպության մասնակից» արտահայտությամբ՝ այն առավել ընդգրկուն դարձնելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով։ | ||
11 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Հարկավոր է հաշվի առնել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք է տրվում անձանց, որոնք օրենքով սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում և ստացել են արտոնագիր կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր։ Առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածով սահմանված դրույթը վերաձևակերպել այնպես, որպեսզի վերոնշյալ անձինք, որոնք փաստացի հանդիսանում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող, սակայն իրավաբանական անձ չեն կազմավորում կամ որպես անհատ ձեռնարկատեր չեն հաշվառվում, ևս հավասար հնարավորություն ունենան կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու։ | ||
12 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն միայն բաժնետիրական ընկերությունները: Նախագծի 17-րդ հոդվածով սահմանվում է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող են համարվելու միայն այն օտարերկրացիները, որոնք ձեռք են բերել տաս միլիոն դրամ արժեքով բաժնետոմսեր։ Սա բացառում է բաժնետիրական ընկերություններից զատ կազմակերպաիրավական այլ ձև ունեցող առևտրային կազմակերպություններում, օրինակ՝ ՍՊԸ-ներում մասնակցություն ձեռք բերելու հիմքով ձեսռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունը, ինչը խտրական և ոչ արդարացված է։ Առաջարկում ենք դրույթը վերաձևակերպել այնպես, որ կազմակերպաիրավական բոլոր ձևերի առևտրային կազմակերպություններում սահմանված չափով մասնակցության ձեռք բերումը դիտարկվի որպես ձեռնարկատիրական գործունեության իրականացում։ | ||
13 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 17-րդ հոդվածով առևտրային ընկերությունների մասնակիցների կամ բաժնետերերի և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացնելու նվազագույն գումարի չափ է սահմանվում, որի ապահովման պարագայում միայն հնարավոր կլինի օտարերկրացու գործունեությունը «Օտարերկրացիների մասին» օրենքի տեսանկյունից համարել ձեռնարկատիրական։ Մասնավորապես, առևտրային ընկերության մասնակիցները կամ բաժնետերերը այդ ընկերության կանոնադրական կապիտալում պետք է ներդնեն առնվազն տասը միլիոն դրամ կամ ձեռք բերեն տասը միլիոն դրամ արժեքով բաժնետոմսեր, իսկ անհատ ձեռնարկատերը պետք է իր դրամային հաշվին առնվազն հինգ միլիոն դրամի չափով գումար ունենա կամ վերջին վաթսուն օրվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հինգ միլիոն դրամի դրամաշրջանառություն ունենա։ Ստացվում է, որ Նախագիծը խտրական վերաբերմունք է ցուցաբերում տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող ձեռնարկատիրական գործունեությունների նկատմամբ։ Առևտրային կազմակերպությունների համար ներդրման կրկնակի անգամ ավելի չափ սահմանելը, քան անհատ ձեռնարկատերերի համար, արդարացի չէ։ Կախված նրանից, թե ձեռնարկատերերը որ կազմակերպաիրավական ձևն են ընտրել՝ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես առևտրային կազմակերպության մասնակից, նրանց նկատմամբ պետք է կիրառվեն համարժեք պահանջներ։ Ոչ մի ձեռնարկատեր չպետք է ստանա առավելություններ կամ սահմանափակումներ՝ միայն իր գործունեության կազմակերպաիրավական ձևի հիման վրա։ Եթե անհատ ձեռնարկատերերի դեպքում նախատեսվում է սահմանել դրամաշրջանառություն՝ հինգ միլիոն դրամի չափով, ապա արդարացի կլինի առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների չափը ևս նույնքան սահմանել՝ տասը միլիոն դրամից նվազեցնելով մինչև հինգ միլիոն դրամ։ Սա կվերացնի անհամաչափությունն ու չի վնասի գործարարների համար ստեղծված իրավական դաշտին։ Բացի դրանից, ներդրումների չափի սահմանումը պետք է համահունչ լինի Հայաստանի տնտեսության ներկայիս պայմաններին։ 2024 թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 282,879 դրամ, իսկ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 3,205,000 ՀՀ դրամ։ Այս տվյալների համադրության հիման վրա՝ տասը միլիոն դրամի ներդրումը կազմում է միջին ամսական աշխատավարձի մոտ 35-ապատիկը և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մոտ 3-ապատիկը, ինչը չափազանց բարձր է։ Տնտեսության ներկայիս պայմաններում նման բարձր ներդրումային պահանջը կարող է խոչընդոտել փոքր և միջին ձեռնարկատերերին, որոնք չեն ունենա համապատասխան ռեսուրսներ այդ չափով ներդրում կատարելու համար, ինչը, սակայն, չպետք է կապ ունենա նրանց՝ կացության կարգավիճակ ստանալու իրավունքի և Հայաստանում օրինական բնակություն հաստատելու հետ։ Առաջարկում ենք առավել ողջամիտ և արդարացի ներդրման չափ սահմանել՝ հաշվի առնելով մեր երկրի տնտեսական պայմանները։ Մասնավորապես, առաջարկում ենք առևտրային կազմակերպություններում կատարվող ներդրումների չափը նվազեցնել և հավասարեցնել անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող ներդրման չափի պահանջին, ինչպես նաև դիտարկել ընտրված գումարային չափի ընդհանուր նվազեցման հնարավորությունը։ Միաժամանակ, նույն հոդվածով առևտրային ընկերությունների մասնակիցների կամ բաժնետերերի և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացնելու նվազագույն գումարի չափ է սահմանվում, որի ապահովման պարագայում միայն հնարավոր կլինի օտարերկրացու գործունեությունը «Օտարերկրացիների մասին» օրենքի տեսանկյունից համարել ձեռնարկատիրական և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով դիմում ներկայացնել՝ կացության կարգավիճակ ստանալու համար։ Նախագծում որևէ կերպ տարբերակում չի սահմանվում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար ներդրման չափի վերաբերյալ։ Ստացվում է, որ առևտրային ընկերություններում առնվազն տասը միլիոն դրամի չափով ներդրում կատարելիս կամ որպես անհատ ձեռնարկատեր առնվազն հինգ միլիոն դրամի չափով շրջանառություն ունենալու դեպքում օտարերկրացին հավասար հնարավորություններ ունի կա՛մ ժամանակավոր, կա՛մ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու։ Առաջարկում ենք ներդրման չափերի վերաբերյալ տարբերակում սահմանել ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակներ ստանալու համար։ Օրինակ, մշտական կացության կարգավիճակի համար կարելի է սահմանել առավել բարձր ներդրումային պահանջ, ինչը խրախուսական կդառնա ավելի երկարաժամկետ ներդրումներ կատարելու համար։ Նույն տրամաբանությամբ՝ հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար կարելի է էլ ավելի բարձր ներդրման չափ սահմանել՝ որպես, օրինակ, Հայաստանին բացառիկ ծառայության մատուցման ձև։ | ||
14 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվող՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում ավելացվող 29․4 հոդվածի 2-րդ մասում միաժամանակ սահմանվում են պահանջներ և՛ առևտրային ընկերություններում ներդրումներ կատարող անձանց, և՛ անհատ ձեռնարկատերերի համար, որոնց բավարարելու պարագայում միայն օտարերկրացիները կարող են համարվել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող։ Առաջարկում ենք հոդվածը տրոհել երկու մասի, որոնցից յուրաքանչյուրում կսահմանվեն կա՛մ առևտրային ընկերություններում ներդրումներ կատարող անձանց, կա՛մ անհատ ձեռնարկատերերին ուղղված պահանջները։ Բանն այն է, որ հոդվածի նույն մասում՝ մեկ նախադասության մեջ բոլոր պայմանների թվարկումը խառնաշփոթ է առաջացնում ու տարընկալման տեղիք տալիս։ Բազմաթիվ «և» և «կամ» արտահայտությունները թույլ չեն տալիս պարզորեն հասկանալ՝ պայմաններից յուրաքանչյուրը վերաբերում է միայն առևտրային ընկերություններում ներդրումներ կատարող անձա՞նց, միայն անհատ ձեռնարկատերերի՞ն, թե՞ երկուսին միասին։ | ||
15 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը՝ էլեկտրոնային հարթակի միջոցով կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում օտարերկրացին անձամբ՝ գրանցվելով էլեկտրոնային հարթակում»։ Կարծում ենք, որ այն օտարերկրացին, որին պետք է տրվի կացության կարգավիճակը, պետք է հնարավորություն ունենա կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելու։ Բանն այն է, որ նման պարագայում օտարերկրացին չի հանդիսանում ընկերության աշխատակից, որպեսզի նրա՝ կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու հնարավորությունը կախվածության մեջ դրվի ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կամքից և հայեցողությունից։ Առաջարկում ենք նշված դրույթով հնարավորություն ընձեռել հենց օտարերկրացուն՝ իր կացության կարգավիճակի դիմումը ներկայացնելու։ | ||
16 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 17-րդ հոդվածով սահմանվում է, որ անհատ ձեռնարկատերը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող, եթե ունի անհատ ձեռնարկատիրոջ դրամային հաշիվ առնվազն հինգ միլիոն դրամի չափով կամ վերջին վաթսուն օրվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ունի հինգ միլիոն դրամի դրամաշրջանառություն։ Հայաստանում գործող բանկերը գործնականում վարում են հստակ քաղաքականություն, ըստ որի՝ օտարերկրացիների համար բանկային հաշիվ բացելու համար պայման է հանդիսանում Հայաստանում կացության կարգավիճակի առկայությունը։ Հակառակ պարագայում բանկերը, որպես կանոն, մերժում են օտարերկրացիների՝ բանկային հաշիվ բացելու վերաբերյալ դիմումները, քանի որ գտնում են, որ կացության կարգավիճակի առկայությունը ցույց է տալիս օտարերկրացու իրական կապը Հայաստանի հետ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք դրույթում չներառել անհատ ձեռնարկատիրոջ՝ դրամային հաշիվ ունենալու պարտադիր պահանջը։ | ||
17 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացու կացության ժամկետը երկարաձգվում է, եթե առկա է դիմում և Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեության շարունակականությունը հաստատող փաստաթղթեր»։ Դրույթը, սակայն, չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, ինչը ստեղծում է իրավական անորոշություն։ Տրամաբանական է ենթադրել, որ խոսքը այնպիսի փաստաթղթերի մասին է, որոնք պետք է հաստատեն, որ ձեռնարկատիրական գործունեությունը համապատասխանում է որոշակի չափանիշների կամ պահանջների։ Ձեռնարկատիրական գործունեության շարունակականությունը հաստատող պահանջները պետք է սահմանվեն բացառապես օրենքով, այլ ոչ թե Կառավարության որոշմամբ։ Երբ նման պահանջները սահմանվում են Կառավարության որոշմամբ, դա կարող է հանգեցնել փոփոխականության և ոչ բավարար հստակություն իրավական դաշտում, ինչը ձեռնարկատերերին անորոշության կմատնի։ Ձեռնարկատիրական գործունեության շարունակականությունը վերահսկելու չափանիշները և պահանջները կարևոր են գործարար միջավայրի կայունության համար, ուստի դրանք պետք է սահմանվեն օրենքով, այլ ոչ Կառավարության հայեցողությամբ։ | ||
18 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 17-րդ հոդվածը սահմանում է, որ «ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացությունը ճանաչվում է ուժը կորցրած, եթե առևտրային ընկերությունից դուրս է հանել կանոնադրական կապիտալում ներդրած կապիտալը կամ այն պակաս է տաս միլիոն դրամից կամ բաժնետոմսերի արժեքը պակաս է հինգ միլիոն դրամից»։ Հաշվի առնելով, որ Նախագծի նույն հոդվածում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ձեռք բերվող բաժնետոմսերի համար սահմանված չափը նախատեսված է տասը միլիոն դրամը, կարծում ենք՝ նշված հոդվածի երկու մասերում առկա է անհամապատասխանություն։ | ||
19 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 18-րդ հոդվածը սահմանում է, որ «մինչև 16 տարեկան երեխաները կացության կարգավիճակ կարող են ստանալ ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի կացության կարգավիճակի հիման վրա` վերջինիս տրված կացության կարգավիճակի վավերականության ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում կամ փոխանակման ծրագրերով սովորող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող երեխաների»։ Դրույթի տրամաբանությունից հասկանալի չէ՝ դրույթում առկա պայմանները վերաբերելի են բացառապես 16 տարին լրացած երեխաների՞ն, թե՞ 16 տարին լրացած անչափահասները և չափահաս զավակների պարագայում այդ պայմանները ևս կիրառելի են, մասնավորապես, օրինակ, ծնողի կամ օրինական ներկայացուցչի կացության կարգավիճակի վավերականության ժամկետով տրվող կարգավիճակի պայմանը։ Առաջարկում ենք Նախագծի նշված հոդվածում այս կապակցությամբ հստակություն մտցնել։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք հստակեցնել, թե դրույթով սահմանված բացառության դեպքում, երբ օտարերկրացի երեխան ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում կամ սովորում է փոխանակման ծրագրերով, ո՞րն է նշված բացառության հետևանքը և ի՞նչ հատուկ պահանջներ են սահմանվում նման պարագայում։ Նաև առաջարկում ենք նշել, թե դրույթում հիշատակված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկն ինչ չափանիշներով է սահմանվելու։ | ||
20 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 18-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ գործող կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու հիմքով կացության կարգավիճակ տալու դիմումը ներկայացնում է ՀՀ քաղաքացին կամ կացության կարգավիճակ ունեցող ընտանիքի անդամը՝ էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով։ Առաջարկում ենք իրավական հնարավորություն սահմանել յուրաքանչյուր հիմքով կացության կարգավիճակ տալու դիմումը լիազորագրի հիման վրա ներկայացուցչի միջոցով ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Նախագծով նման դրույթի սահմանումը նշանակում է, որ առանց հիմնավոր պատճառների սահմանափակվելու է լիազորված ներկայացուցիչների մասնակցությունը վարչական վարույթին, ինչն էլ ենթադրում է անձանց՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի խախտում։ Բացի դրանից, որ էլեկտրոնային եղանակի միջոցով դիմումի ներկայացումը ոչ բոլորին կարող է հարմար լինել և ոչ բոլորը կկարողանան անխոչընդոտ եղանակով կիրառել հարթակը։ Օրինակ՝ տարեցները կամ անձինք, որոնք չունեն օբյեկտիվ հնարավորություն դիմումներն անձամբ ներկայացնելու, կկանգնեն դժվարությունների առաջ։ Այս պարագայում ներկայացուցչի միջոցով լիազորագրի հիման վրա դիմումի ներկայացման հնարավորությունը կապահովի օտարերկրացիների իրավունքների ապահովում, հատկապես՝ խոցելի խմբերի համար: Մնացած բոլոր դեպքերում էլ հարկավոր է հաշվի առնել, որ ՀՀ օրենսդրության մեջ ներկայացուցչի միջոցով դիմում ներկայացնելու ինստիտուտն ընդունված և գործող պրակտիկա է։ Շատ իրավական գործընթացներում անձը կարող է լիազորագրով ներկայացնել իր շահերը ներկայացուցչի միջոցով: Կարծում ենք՝ Նախագիծը նույնպես պետք է ներառի նման հնարավորություն՝ ավելորդ սահմանափակումներից խուսափելու և անձանց իրենց իրավունքները, այդ թվում՝ սահմանադրական, անխոչընդոտ իրականացնել թույլ տալու համար։ | ||
21 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «օտարերկրացուն էլեկտրոնային միասնական հարթակում դիմումին կից մուտքագրվող փաստաթղթերի հետ միասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, օտարերկրացու վերաբերյալ կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելիս բնագավառում լիազորված պետական մարմնի մոտ առաջանում է առերևույթ ողջամիտ կասկած կամ ենթադրություն, որ ի հայտ են եկել կամ կարող են ի հայտ գալ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը մերժելու, կարգավիճակն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու, արտաքսելու կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու անհնարինության հիմքեր»։ Անհասկանալի է, թե «Հայաստանի Հանրապետությունում գտնվելու անհնարինության հիմքեր» ասելով ինչ է ենթադրվում։ Հոդվածում արդեն իսկ թվարկված են հնարավոր բոլոր իրավական հիմքերը՝ կացության կարգավիճակ տալը մերժել, կարգավիճակն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել, արտաքսել։ Սակայն «Հայաստանի Հանրապետությունում գտնվելու անհնարինության հիմքեր» տերմինը անհասկանալի է և կարող է հանգեցնել կամայականությունների։ Առաջարկում ենք կա՛մ հանել այս արտահայտությունը դրույթի ձևակերպումից, կա՛մ հստակեցնել, թե ինչպիսի հիմքերի մասին է խոսքը՝ դրույթի հստակությունն ու կանխատեսելիությունն ապահովելու համար։ Մասնավորապես, նման ձևակերպումից կարելի է ենթադրել, որ իրավասու պետական մարմինը կարող է անձից պահանջել ցանկացած տեղեկություն կամ փաստաթուղթ՝ իր հայեցողությամբ։ Սակայն հարկավոր է առնվազն հստակեցնել, որ խոսքը գնում է այնպիսի տեղեկությունների մասին, որոնք վերաբերում են բացառապես կացության կարգավիճակ ստանալու հիմքերի առկայությանը կամ կացության կարգավիճակից զրկվելու հիմքերի բացակայությանը։ Բացի դրանից, առաջարկում ենք սահմանված դրույթը տեղափոխել «Օտարերկրացիների մասին» օրենքի 17-րդ հոդված, որով սահմանվում են ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացմանն առնչվող կարգավորումները։ Բանն այն է, որ նշված դրույթի բովանդակությունը չի բխում օրենքի 42․1 հոդվածի վերնագրի տրամաբանությունից, այն է՝ «Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով օտարերկրացիների և դիմումատուների վերաբերյալ հավաքվող անձնական տվյալների պաշտպանությունը»։ | ||
22 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «էլեկտրոնային միասնական հարթակը օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման դիմումների վարույթները իրականացնելիս և սույն օրենքով նախատեսված դեպքերում ստուգումներ իրականացնելիս հարցումներ է կատարում պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների՝ որպես աշխատող գրանցված լինելու հանգամանքը ստուգելու, վճարված հարկերի մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից վճարված հարկերի և շրջանառության վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով»։ Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) (…) հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ (…): Հետևաբար, եթե գործատուն չունի պարտականություն Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրացի աշխատողի համար հարկային գրանցում իրականացնելու, ապա ընդունելի չէ այն մոտեցումը, որ օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման դիմումների վարույթները իրականացնելիս իրավասու պետական մարմինը ստուգումներ է իրականացնում և հարցումներ կատարում պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների՝ որպես աշխատող գրանցված լինելու հանգամանքը ստուգելու, վճարված հարկերի մասին տեղեկատվություն ստանալու։ Գործատուի կողմից օտարերկրացի աշխատողի հարկային գրանցում չիրականացնելու պայմաններում վերջինիս՝ որպես աշխատող գրանցված լինելու և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունները ՊԵԿ շտեմարանում առկա լինել չեն կարող, ինչը, սակայն, որևէ կերպ չպետք է խոչընդոտի օտարերկրացուն կացության կարգավիճակ տրամադրելու գործընթացին։ Առաջարկում ենք վերանայել Նախագծի նշված դրույթը և այն համապատասխանեցնել Հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին։ | ||
23 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | Առաջարկում ենք Նախագծում սահմանել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Սա կխթանի օտարերկրյա ներդրումները և Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացումը՝ միաժամանակ տրամադրելով պարզ իրավական հիմք կացության կարգավիճակ ստանալու համար: Անշարժ գույքի ձեռք բերումը որպես կացության կարգավիճակ ստանալու հիմք կիրառվում է բազմաթիվ երկրներում: Օրինակ՝ Վրաստանի օրենսդրության համաձայն, օտարերկրացիները կարող են կացության կարգավիճակ ստանալ, եթե գույքի ձեռքբերման արժեքը գերազանցում է 100,000 ԱՄՆ դոլարը։ Տասնյակ այլ պետություններ ևս առաջարկում են նման ծրագրեր, այդ թվում՝ Իսպանիան, Հունաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կիպրոսը, Մալթան և այլն։ Այս բոլոր երկրների հաջողված փորձը ցույց է տալիս, որ այսպիսի ծրագիրը խթանել է անշարժ գույքի շուկան, մեծացրել է ներդրումների հոսքը և տնտեսությանը տվել նոր հնարավորություններ։ Օտարերկրացիները, գնելով անշարժ գույք, ոչ միայն ներդրում են կատարում երկրի տնտեսության մեջ, այլև ավելի խորը կապեր են հաստատում երկրի հետ՝ ի հայտ բերելով երկարաժամկետ զարգացման հնարավորություններ։ Հետևաբար, առաջարկում ենք Նախագծում ներառել այնպիսի դրույթ, որը թույլ կտա օտարերկրացիներին, որոնք Հայաստանում ձեռք են բերում անշարժ գույք, ստանալ կացության կարգավիճակ՝ սահմանված նվազագույն արժեքի պայմանով։ Նման փոփոխությունը հնարավորություն կտա Հայաստանը դարձնել ավելի գրավիչ միջազգային ներդրողների համար, միաժամանակ աջակցելով երկրի տնտեսության և անշարժ գույքի շուկայի զարգացմանը։ | ||
24 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում սահմանված է, որ «առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել կանոնադրությամբ կեսից ավելիին ձայնի իրավունք տվող օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող առևտրային կազմակերպությունների հիմնադիրները և գործադիր մարմնի ղեկավարները՝ տվյալ կազմակերպություններում աշխատելու նպատակով»։ Առաջարկում ենք նշված դրույթում «հիմնադիրները» բառը փոխարինել «մասնակիցները» բառով, քանի որ անհասկանալի է կազմակերպության հիմնադիրներին տրվող առավելության տրամաբանությունը՝ հետագայում նույն կազմակերպության մասնակից դարձող անձանց նկատմամբ։ Նաև հատկանշական է, որ, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կազմակերպության հիմնադիրներին և մասնակիցներին, որպես կանոն, նույն իրավունքներն է շնորհում՝ առանց տարբերակման։ Օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը սահմանում են, որ իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ` նրա հիմնադիրները (մասնակիցները) այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ, և այլն։ | ||
25 | Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 | «Օտարերկրացիների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «աշխատանքային պայմանագրում (ծառայությունների մատուցման պայմանագրում) պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը»։ Առաջարկում ենք նշված դրույթից հանել «սոցիալական ապահովության և» արտահայտությունը, քանի որ հասկանալի չէ, թե ինչ է ենթադրում սոցիալական ապահովությունն այս պարագայում։ Միաժամանակ, հարկ է շեշտել, որ օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ չափանիշներ որևէ ակտով սահմանված չեն։ |