Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատնային տնտեսության կառուցման նպատակով իրականացված հետազոտությունների (այդ թվում՝ գեոդեզիական) արդյունքների հիման վրա ջերմատնային տնտեսության կառուցման աշխատանքային նախագծում կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման հնարավոր օպտիմալ մակերեսի և կիրառվող տեխնոլոգիայի փոփոխության, ներդրումների չափի վերագնահատման, կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման ֆինանսավորման դադարեցման և դրա վերաբացման կամ այլ աղբյուրներից ֆինանսավորում ստանալու հետ կապված ներդրումային ծրագրի պայմանների և իրականացման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) հիման վրա Երևան համայնքի և Ընկերության միջև 2017 թվականի հուլիսի 18-ին կնքվել է «Հողամասի նվիրաբերության պայմանագիրը» (կցվում է)՝ Նորագավիթ թաղամասին հարող Երևանի Արտաշատի խճուղի 49/2 հասցեում գտնվող 86.8 հա մակերեսով հողամասը նվիրաբերելու վերաբերյալ։
Կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 20-ի N 1069-Ա որոշմամբ Որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի Ծրագրով ջերմոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ 133 մլն ԱՄՆ դոլար ներդրման չափը և շինարարության ավարտի՝ «2018 թվականի ամառ» սահմանված ժամկետը փոփոխվել են և անհրաժեշտ ներդրումների չափը սահմանվել է 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019 թվականի դեկտեմբեր ամիսը։ Նշված փոփոխությունների կատարումը պայմանավորված էր Ծրագրի ֆինանսավորման, ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետներով, ինչպես նաև «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված ներդրումային ծրագրի ինժիներատեխնիական առաջարկում կատարված փոփոխություններով։
Որոշմամբ նախատեսվել է շուրջ 88.0 մլն ԱՄՆ դոլար ներդրման հաշվին կառուցել 60 հա մակերեսով կիսափակ ջերմատնային տնտեսություն, որի առանձին ջերմատները բաժանված կլինեն 5 հեկտարանոց միավորների, որոնք 4 և 6 բլոկներով կմիավորվեն մեկ ընդհանուր տեխնիկական արտադրատարածքով՝ իր տեխնիկական (սառնարանային, տեսակավորման, փաթեթավորման և այլն) և վարչական հատվածով: Նախատեսվել է նաև, որ ջերմատնային համալիրի շահագործման արդյունքում կստեղծվեն ավելի քան 700 մշտական աշխատատեղ:
Ֆինանսավորող կազմակերպությունների կողմից Ծրագրի համաֆինանսավորումը, ինչպես նաև ջերմոցային համալիրի բաղադրամասերի մատակարարումը նախատեսված էր իրականացնել 2018 թվականի ապրիլին, սակայն ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված Ծրագիրը ֆինանսավորող միջազգային գործընկերները, ինչպես նաև ջերմոցային համալիրի հիմնական մատակարար ֆրանսիական Ռիշել ընկերությունը վերանայել են անհրաժեշտ մատակարարումների և ֆինանսավորման ժամանակացույցը:
Ծրագրի իրականացման նպատակով Ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերին Եվրասիական Զարգացման Բանկի (այսուհետև' Բանկ), իսկ 2019 թվականի փետրվարին Ռիշել ընկերության հետ կնքել է համապատասխանաբար վարկային և ջերմոցային կոնստրուկցիաների մատակարարման պայմանագրեր (կցվում են)։ Ընկերությունը 2019 թվականի մարտին կնքել է ջերմոցային համալիրի շինարարության կապալի պայմանագրեր (կցվում են): Բացի այդ, Ընկերությունը այդ ժամանակահատվածում այլ կազմակերպություների հետ կնքել է պայմանագրեր այլ ռեսուրսներով 27 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում ներգրավելու համար:
2019 թվականի մայիսին Բանկը չեղարկել է Ընկերությունը վարկի տրամադրումը՝ Ընկերության տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրման երաշխավորը հանդիսացել է Ընկերությունը, տնօրենը և «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ-ն:
Ծրագրի իրականացման ընթացքն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համաձայնությամբ (կցվում է) Ընկերությանը նվիրաբերված 86.8 հա տարածքից մոտ 11.18 հա օտարվել է «Սպայկա» ՍՊԸ-ին, որը Որոշման համաձայն հարակից տարածքում իրականացրել է շուրջ 50 հա ջերմոցային տնտեսության և պանրի գործարանի կառուցում: Օտարումը պայմանավորված է եղել ջերմոցային տնտեսության շինարարության ժամանակ տեղադիրքով պայմանավորված չնախատեսված նախագծային փոփոխություններով:
Ծրագրի իրականացման նպատակով Ընկերությունը ստացել էր շինարարության թույլտվություն, իրականացրել է մասնակի հողային աշխատանքներ, ներդրել է համալիրում աշխատակիցների ընտրության ու վերապատրաստման համակարգեր, ստացել է խորհրդատվական և հետազոտական եզրակացություններ և լուծել է կոմունիկացիաների միացման խնդիրները: Ստացված խորհրդատվության և իրականացված հետազոտական աշխատանքների (այդ թվում' գեոդեզիայի միջոցով) արդյունքում պարզվել է, որ տվյալ տեղանքում ջերմոցային համալիրի հնարավոր օպտիմալ մեծությունը կարող է լինել 50 հա և ջերմատնային տնտեսությունը բաղկացած է լինելու առանձին ջերմատներից բաժանված 8-ից մինչև 15 բլոկներից և այդ աշխատանքները կարող են իրականացվել ոչ թե 88 այլ 20 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ընդ որում, ջերմոցային համալիրի կառուցման տեխնոլոգիական մի շարք նոր լուծումները առավել օպաիմալացնում են ջերմոցային համալիրի արդյունավետությունը և նվազեցնում են թողարկվող արտադրանքի ինքնարժեքը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որոնցով՝
- Ընկերության կողմից իրականցվող Ծրագրի շրջանակներում կիսափակ ջերմոցային տնտեսության և անհրաժեշտ ենթակառուցվածքների համար նախատեսված 86.8 հա մակերեսը փոխարինվում է 75.6 հա-ով, իսկ կիսափակ ջերմոցային տնտեսության կառուցման համար նախատեսված 60 հա մակերեսը՝ 50 հա-ով,
- կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների 88 մլն ԱՄՆ դոլարը փոխարինվում է 20 մլն ԱՄՆ դոլարով,
- ջերմատնային տնտեսության 4-ից 6 բլոկներից կազմված ջերմատները փոխարինվում 8-ից 15 բլոկներով,
- ազատականցվում է մատակարարի ընտրությունը և ջերմոցային համալիրի տեխնիկական չափանիշները,
- ջերմատնային համալիրի շինարարության ավարտը 2019 թվականի դեկտեմբերի փոխարեն սահմանվում է 2028 թվականի դեկտեմբերը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ընկերության գրությամբ ներկայացված առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
5. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներդրումների հաշվին մինչև 2028 թվականի դեկտեմբեր ամսի ավարտը Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 50 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ և ընդլայնել ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։
6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Նախագիծը բխում է Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026 թթ․ միջոցառումների «Բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը» առաջնահերթության «1․18 Աջակցություն ջերմատնային տնտեսությունների հիմնմանը» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180657 , 7-րդ էջ)։
8. Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Nախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

  • Discussed

    02.07.2024 - 17.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2267

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

04.07.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Դեմ ենք օրինագծին այն պատճառով, որ, ըստ մեր կարծիքի, ի սկզբանե Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշումը կրել է կոռուպցիոն բնույթ: Այդ որոշմանը կառավարության նիստում հատկապես դեմ է եղել ՀՀ այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանը, ով իրավացիորեն նշել էր, որ Սպայկա ընկերությանը առանց հիմնավորման նվիրաբերվում են 130 մլն դրամի հողեր, դրա դիմաց ստացվող անհասկանալի օգուտների դիմաց: Չգիտես ինչ հիմնավորմամբ և/կամ շահագրգռությամբ այդ որոշման ընդունմանը ակտիվորեն աջակցում էին ՀՀ 1-ին փոխվարչապետ Ա.Միրզոյանը և փոխվարչապետ Տ.Ավինյանը: Այդ որոշման կոռուպցիոն բնույթին է անդրադարձել նաև Հետք թերթը. https://hetq.am/hy/article/93145: Ավելին, սույն օրինագծի հիմնավորման մեջ նույնպես հղում է կատարվում «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի և Սպայկա ընկերությունների կոռուպցիոն գործունեությանը: Մենք գտնում ենք, որ քննարկվող որոշմամբ փորձ է կատարվում կոռուպցիոն գործարքը նշած ընկերությունների հետ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի ընտանիքի հետ, օրինականացնել: Մեր կարծիքով սա նախկկին իշխանությունների հետ կոռուպցիոն համակարգված կոռուպցիայի օրինակ է, ինչը հակասում է 2018 թ. թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արժեքներին և այդ ժամանակ ՀՀ հպարտ քաղաքացիներին տրված խոստումներին: Այս պարագայում առաջարկում ենք առոչինչ համարել ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշումը, դրա արդյունքում իրականացված գործարքները և Երևանի համայնքապատկան հողերը վերադարձնել Երևանին, ՀՀ և Երևանի քաղաքապետարանի կրած վնասների վերաբերյալ իրականացնել հետաքննություն և դատավարություն:

Արտակ Պողոսյան

03.07.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը զուրկ է որևէ հիմնավորումից և նման ձևով որոշման ընդունումը պետք ներկայացված լինի ազդեցության գնահատման առկայության դեպքում։ Մասնավորապես, նվիրաբերության տրված հողատարածքի որևէ փոփոխություն չի կատարվել, իսկ ներդրումների ծավալը կրճատվել է 4 /չորս/ անգամ։ Նախնական ներդրումները կազմում են 88 մլն ԱՄՆ դոլար, առաջարկվող ներդրումները կազմում են 20 մլն ԱՄՆ դոլար։ Լուրջ վերահսկողության կարիք ունի նման ծրագրերը։

See more