ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի 81-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին է վերապահվել Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովումը, այնինչ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կազմակերպումն անմիջականորեն չի առնչվում շրջակա միջավայրի նախարարության գործառույթներին և ՊՈԱԿ-ների միաձուլման մասին Կառավարության որոշումը մշակվել է հիմքում դրված լինելով էկոհամակարգային մոտեցման հիման վրա «շրջակա միջավայրի մոնիթորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը։
Շրջակա միջավայրի նախարության կողմից մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման օրենսդրական գործառույթը կարգավորվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 17-րդ ենթակետով։
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2021 թվականի փետրվարի 23-ին շրջակա միջավայրի նախարարությունում կայացած արտագնա խորհրդակցության արձանագրության 1-ին կետի 11-րդ ենթակետով և 2023 թվականի նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին պատասխանելիս վարչապետի կողմից տրված հանձնարարականների արձանագրության 19-րդ կետով։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով ՊՈԱԿ-ի գործունեության առարկայի շրջանակներից հանել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը, հաշվի առնելով այն հանգամանքն, որ հանրապետության տարածքում շահագործվող Կայանքների միայն 30%-ը՝ 234-ն են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրակցված, իսկ գերակշիռ մասը 70%-ը կամ ավելի քան 540-ը՝ սեփականության իրավունքով պատկանում են համայնքներին, ֆիզիկական ու իրավաբանական անձանց և համայնքներն իրենց ուժերով կամ ոլորտը սպասարկող կազմակերպությունների միջոցով կարող են իրականացնել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ, իսկ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական հիմունքներով համայնքներին կարող է տրամադրել մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների վերաբերյալ տվյալներ։
ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների վրա կատարվող ծախսերը ներկայումս կազմում են 228.7 մլն ՀՀ դրամ։ Նշված գործառույթն ներկայումս իրականացվում է ՊՈԱԿ-ի Հակակարկտային ծառայության միջոցով, որի կազմում ընդգրկված են Լոռու և Արագածոտնի ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոնները, Արմավիրի և Արարատի հակակարկտային կենտրոնները։ Նախագծի ընդունումից հետո Արմավիրի և Արարատի հակակարկտային կենտրոնները ամբողջությամբ կփակվեն, իսկ Լոռու և Արագածոտնի ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոններում կկրճատվեն միայն այն հաստիքները, որոնք զբաղվում են մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներով։ Արդյունքում ՊՈԱԿ-ում կստեղծվի Մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների ծառայություն՝ Լոռու և Արագածոտնի ռադիոլոկացիոն կենտրոններով, 105,0 մլն ՀՀ դրամ տարեկան պահպանման ծախսերով, որի նպատակն է բարելավել վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման ճշտությունը և վաղօրոքությունը, ինչպես նաև զարգացնել Որոշման 5-րդ կետի 5-րդ ենթակետով ՊՈԱԿ-ին թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում։
2025-2027թթ․ ՄԺԾԾ գործընթացի ավարտից հետո միայն հայտում ներառված «Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում» ներդրումային ծրագրի ֆինանսավորման պարագայում, այդ երկու գործող ռադիոլոկացիոն կայանների հետ համատեղ, կստեղծվի «Ռադիոլոկացիոն մոնիթորինգի ծառայություն» նոր ստորաբաժանումը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Նախարարության և ՊՈԱԿ-ի կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում «Հայհիդրոմետ »ՊՈԱԿ-ը մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների իրականացումն այլևս չի իրականացնի։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների իրականացման համար տարեկան ընթացիկ ծախսերի չափը ներկայումս կազմում է 228701,9 հազար դրամ։ Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համար ներկայումս օգտագործվող տարեկան ընթացիկ ծախսերի և մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների իրականացման ընթացիկ ծախսերի տարբերությունը կազմում է 123,7 մլն ՀՀ դրամ, ինչի չափով էլ պետական բյուջեում կառաջանա ընթացիկ ծախսերի նվազեցում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։