ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը քսաներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«տաղավար՝ առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված բացօթյա թեթև շինություն․»:
Հոդված 2․ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը «տոնավաճառները (վերնիսաժները)» բառերից հետո լրացնել «,տաղավարները» բառերով:
Հոդված 3․ Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15․2-րդ մասերով.
«15.1. Ձմերուկի, սեխի, դդումի և մրգերի վաճառքը իրականացվում է խանութներում, կրպակներում, շուկաներում, տոնավաճառներում, տաղավարներում՝ տակդիրների կամ դարակաշարերի վրա, որոնց նվազագույն բարձրությունը պետք է լինի առնվազն 15-20 սմ։ Տոնավաճառներում, տաղավարներում ձմերուկի, սեխի, դդումի և մրգերի վաճառքի կետերը պետք է ունենան ծածկեր կամ հովանոցներ։ Արգելվում է ձմերուկը, սեխը, դդումը և մրգերը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։
15․2․ Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացումը ապահովելու նպատակով N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը կամ պիտակի պիտակը փակցվում է սպառողներին տեսանելի տեղում։»:
Հոդված 4․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ճաշացուցակ` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի, հացաբուլկեղենի և (կամ) գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` խոհարարական արտադրանքի անվանման (փոխարինիչների օգտագործման դեպքում պարտադիր նշումով), հիմնական բաղադրիչների, պատրաստման եղանակի, սննդային արժեքի (ներառյալ էներգետիկ արժեքը՝ արտահայտված կիլոկալորիաներով), զանգվածի և գնի նշումով.
Հոդված 5․ Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․
«3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին): Ճաշացուցակը կարող է լինել թղթային կամ էլեկտրոնային ցուցատախտակի վրա՝ պարտադիր հայերեն լեզվով (անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզվով)։ Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի անվանումը (փոխարինիչների օգտագործման դեպքում պարտադիր նշումով), հիմնական բաղադրիչները, պատրաստման եղանակը, սննդային արժեքը (ներառյալ էներգետիկ արժեքը՝ արտահայտված կիլոկալորիաներով), զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման։»։
Հոդված 6․ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «9-րդ հոդվածի 3-րդ մասի և 15-րդ մասի «գ» կետի» բառերից հետո լրացնել «15․2,» բառերը:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին և 7․2-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ և 50-րդ մասերով.
«7․1․ Հանրային սննդի օբյեկտներում ճաշացուցակին ներկայացվող պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
7․2․ Սույն հոդվածի 6․1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»։
«47․ Ձմերուկի, սեխի, դդումի և մրգերի վաճառքը՝ առանց տակդիրների կամ դարակաշարերի, կամ եթե դրանց բարձրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափին, կամ տոնավաճառներում կամ տաղավարներում իրականացվում է առանց ծածկերի կամ հովանոցների, ինչպես նաև կտրած կամ մասերի բաժանված՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
48․ Սույն հոդվածի 47-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»։
49․ Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացումը ապահովելու նպատակով N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը կամ պիտակի պիտակը սպառողներին տեսանելի տեղում չփակցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։»։
50․ Սույն հոդվածի 49-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 2. Օրենսգրքի 238 -րդ հոդվածի 1-ին մասի «46-րդ» բառերը փոխարինել «46-րդ, 47-րդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: